Հին հունական իրավունք (հին հունարեն՝ Αρχαίο ελληνικό δίκαιο), սոցիալական շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում, Հին Հունաստանում առաջացած հասարակական հարաբերությունների կարգավորիչներ, որոնք կարևոր նշանակություն են ունեցել հինաշխարհյան իրավական մտքի ձևավորման և զարգացման գործում՝ հանդիսանալով բացառիկ օրինակ։

Հետազոտությունների արդյունքում հայտնաբերված աթենացիների սահմանադրությունը, որը ներկայումս պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում։

Հունաստանում գործող քաղաքական մասնատվածությունը անհնարին էր դարձնում համահունական օրենսդրության գործելու հնարավորությունները, թեպետ ներկայումս «հին հունական իրավունք» ընդհանրական եզրի գիտական կիրառությունը հավաստում է այն մասին, որ տարբերություններով հանդերձ հունական քաղաք-պետությունների իրավական կարգավորումներն ունեցել են միևնույն տեսակարար հիմքը, որն էլ հետագայում հող է նախապատրաստել համընդհանուր առևտրային և պայմանագրային օրենքների առաջացման համար։ Ազգային օրենքներից բացի (ինչպիսին էր օրինակ Աթենացիների սահմանադրությունը) հին հույները ունեցել են նաև համընդհանուր իրավական նորմեր, օրինակ՝ պատերազմի ժամանակ թունավոր նետերի կիրառության բացառումը՝ «պատերազմում են թուրով, այլ ոչ թույով» վերտառությամբ։

Հին հունական իրավական միտքն իր գոյության ժամանակահատվածում ձգտել է կատարելության։ Մեզ են հասել Հին Աթենքի և Սպարտայի օրենքների նմուշներ՝ որոնք գրառված են եղել եգիպտական պապիրուսների վրա։ Հին հունական իրավունքի հիման վրա հետագայում ձևավորվել է հռոմեական մասնավոր իրավունքը, որը կարևոր դերակատարություն ունի պետության և իրավունքի տեսությունում։

Տեսություն խմբագրել

 
Պլատոնի «Պետություն» աշխատությունը համարվում է ժամանակակից արդարադատության և իրավունքի տեսության հիմքը։

Հին Հունաստանում են ձևավորվել բնական իրավունքի մասին առաջին պատկերացումները[1]։ Բնական իրավունքն իբրև քաղաքական և իրավական մտքի հասկացություն, սոցիալական հնչեղություն է ստանում հատկապես ժողովրդավարության ծաղկման դարաշրջանում[1], երբ մարդկանց վերապահվում է կյանքի, արժանապատվության, սեփականության, ընտանիք կազմելու և անձնական անձեռնմխելիության իրավունքները[2]։ Ընտրական բացառիկ իրավունքով օժտված էին ազնվականական ծագմամբ արական սեռի ներկայացուցիչները։ Նրանք ընտրում էին ծերակույտի անդամներին, որոնք էլ հանդիսանում էին երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը[2]։ Հին Հունաստանի տարբեր պոլիսներում մարդու իրավունքների հանդեպ վերաբերմունքը բավականին տարբեր էր։ Հին Աթենքը համարվում է ժողովրդավարության հայրենիքը։ Պատահական չէ, որ հենց աթենացի նշանավոր մտածող Արիստոտելն է ասել, որ «օրենքը պետք է ղեկավարի»[3]։ Աթենքի տարածքում խտրականապես արգելում էր պարտքի դիմաց ստրկությունը, իսկ նույն օրենքի երկրորդ մասով հանվում էին հարկերը։ Կային նաև օրենքներ, որոնք արգելում էին ձիթապտղի, հացահատկի և այլ բարիքների արտահանումը հարակից պոլիսներ։ Բոլորովին այլ էր մարդու իրավունքների և օրենքների մասին ընկալումները Սպարտայում։ Բոլոր սպարտացիները մեծապես կախված էին բարձրագույն ղեկավարությունից և որպես կանոն ունեին սահմանափակ իրավունքներ։ Հին Հունաստանում գոյություն են ունեցել միջպոլիսային հարաբերությունները կարգավորող իրավական նախանորմեր։ Դեռևս մ․թ․ա․ 12-11-րդ դարերում հակամառտող ուժերի միջև կար պատերազմների ժամանակ որոշ զինատեսակների կիրառումը սահմանափակող օրենքներ[4]։ Հին հույն օրենսգիրները ամրապնդեցին այն համոզմունքը, որ «պատերազմում են զենքով, այլ ոչ թե թույնով»։

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ պարտված պետության բոլոր քաղաքացիների սպանությունը համարվում էր իրավաչափ։ Հենց այս երկրամասում է ձևավորվել չեզոքության առաջին նախադեպերը։ Համահունական խոշոր պատերազմների ժամանակ որոշ պոլիսներ հայտարարում էին չեզոքություն և դա դիտարկվում էր որպես անքակտելի ու անմիջամտելի դիրքորոշում[4]։ Դեռևս հին հունական վաղ պետական կազմավորումներն ունեին իրենց իրավական համակարգերը։ Կրետեի ծովապետությունում Մինոս արքան իր երկրի բնակչության շրջանում կարգուկանոն հաստատելու նպատակով ստեղծում է որոշակի վարքագծի կանոններ։ Սկզբնական շրջանում օրենքները գրավոր չէին և ժողովրդին հաղորդվում էին բանավոր խոսքի միջոցով։ Հին Հունաստանում իրավական միտքը զարթոնք է ապրում պոլիսային համակարգի ծաղկմանը զուգընթաց[5]։ Մ․թ․ա․ 9-րդ դարում Հունաստանի ավերված քաղաքների տարածքում ստեղծվում են պետական կազմավորումներ, որոնցից յուրաքանչյուրը ձեռք է բերում լրիվ կամ մասնակի ինքնավարություն՝ կառավարվելով առանձին արքայի կողմից։ Դրանցից յուրաքանչյուրը ձեռք է բերում իր իրավական համակարգի առանձնահատկությունները։ Մարդու իրավունքների առումով հատկապես աչքի էր ընկնում Աթենքը, որտեղ ստրկատիրական հասարակարգի ու տոհմական կարգերի քայքայումից հետո հաստատվել էր ժողովրդավարություն։ Ժողովրդավարությունը ենթադրում էր մարդու իրավունքների գերակայություն, սակայն Հին Հունաստանում՝ անգամ Աթենքում, մարդը լիիրավորեն բարձրագույն արժեք չէր։

Արդարադատություն և դատական համակարգ խմբագրել

Հին Հունաստանում դատարանը մշտական մարմին չէր և ձևավորվում էր հանգամանքների բերումով։ Այն իրականացնում էր արդարադատություն և նմանակաուղղված էր միջանձնային խնդիրների, վեճերի իրավաչափ լուծմանը։ Դասական դատավարությունը Հին Հունաստանում կազմված էր լինում երկու կողմերից՝ մեղադրող և ամբաստանյալ։ Վերջիններս հանդես էին գալիս պնդումներով, նախադեպերի վերլուծությամբ, էական նշանակություն ունեցող փաստական հանգանքների մեջբերմամբ, ինչպես նաև հակակշիռ փաստարկներով, որի արդյունքում արդադարադատություն իրականացնող հանձնախմբի անդամները որոշում էին խնդրի լուծամն ճանապարհներն ու տրամաբանական հնարավորությունները։

Հին Աթենքի իրավական համակարգում դատարանները համարվում էին վեճերի լուծման և փաստերի վերլուծության հարթակ, և որևէ կերպ չէին առնչվում սահմանադրական կարգի պահպանման կամ քաղաքացիների նկատմամբ հարկադրանքի միջոցների կիրառման հետ։ Բացառություն էր կազմում միայն այն հանգամանքը, երբ ամբաստանյալը մեղադրվում էր մարդու սպանության մեջ։

Աթենքի դատակահն համակարգը կազմված էր բացառապես տղամարդկանցից։ Կանայք մասնակցություն չէին ունենում դատական գործընթացներին, նույնիսկ այն պարագայում, եթե ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանդիսանում էին քննարկվող խնդրի հետ առնչվող անձ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Բնական իրավունքի մասին պատկերացումները հին հունական փիլիսոփայության մեջ». www.google.am. Մավրիս դե Բել. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  2. 2,0 2,1 «Հին Հունաստանի իրավական համակարգ». www.crystalinks.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
  3. Միլլեր, Ֆրեդ Դ․ (2010). Օրենքի գերակայությունը համեմատական տեսանկյունից (անգլերեն). էջեր 11–18.
  4. 4,0 4,1 «Միջազգային իրավունք՝ ուսումնական ձեռնարկ», խմբագրված է՝ իրավագիտական գիտությունների թեկնածու Վ․ Հովհաննիսյան, գրախոսներ՝ Ա. Հարությունյան, Ա․ Զալինյան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն
  5. «Հունական իրավունք». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.