Հինգ ինչու (անգլ.՝ Five whys), որևէ խնդրի հիմքում ընկած պատճառահետևանքային կապերն ուսումնասիրելու տեխնիկա։ Տեխնիկայի հիմնական խնդիրն է թերության կամ խնդրի սկզբնապատճառի որոնումը միևնույն հարցը կրկնելու եղանակով՝ ինչու՞[1]: Հաջորդող ամեն հարց տրվում է նախորդ հարցի պատասխանին։ Հինգ թիվն ընտրված է էմպիրիկ եղանակով և բավարար է համարվում տիպային խնդիրների լուծման համար։

Ոչ բոլոր խնդիրներն են ունենում միևնույն սկզբնապատճառը։ Եթե ցանկանում եք գտնել մի քանի պատճառ, անհրաժեշտ է կրկնել տեխնիկան տարբեր հարցերի ընտրությամբ։

Մեթոդը չի ենթադրում խիստ կանոններ և սահմանափակումներ, թե ինչ հարցեր կարելի է տալ կամ ինչքան պետք է շարունակվեն հարցադրումները լրացուցիչ պատճառները բացահայտելու համար։ Այսպիսով, եթե նույնիսկ հետևենք մեթոդին, արդյունքը կախված կլինի գիտելիքներից և մարդկանց համառությունից։

Օրինակ խմբագրել

Շարժիչը չի աշխատում (խնդիր).

  1. Ինչու՞: - Մարտկոցը նստել է։
  2. Ինչու՞: - Գեներատորը չի աշխատում։
  3. Ինչու՞: - Խնդիրներ կան գեներատորի փոկի հետ։
  4. Ինչու՞: - Փոկը կարգին է եղել մինչև այդ պահը, սակայն ոչ մի անգամ չի փոխվել։
  5. Ինչու՞: - Փոկի շահագործման ժամանակը սպառվել է, անհրաժեշտ է փոխել այն։

Նմանատիպ հարցերը կարելի է շարունակել, սակայն հինգ հարցերը, որպես կանոն, թույլ են տալիս վերհանել խնդրի սկզբնապատճառը։ Անհրաժեշտ է պատասխանողին պարտադրել զերծ մնալ ենթադրություններից և տրամաբանական ծուղակներից՝ դրա փոխարեն հետևելով պատճառահետևանքային կապերի շղթային՝ խնդրի աճմանը զուգընթաց, և բացահայտել վերացական մակարդակից մինչև սկզբնապատճառը։ Ուշադրություն դարձնենք այն բանին, որ այս օրինակում 5-րդ ինչու-ն խախտում է գործընթացը կամ դրսևոում է վարքագծի փոփոխում, ինչը վկայում է սկզբնապատճառի հայտնաբերման մասին։

Վերջին պատասխանը ցույց է տալիս գործընթացը։ Սա հինգ ինչուների մեթոդի կարևոր հատկանիշներից է. իրական սկզբնապատճառը պետք է ցույց տա այն գործընթացը, որն այնքան էլ լավ չի աշխատում կամ բացակայում է[2]։ Ոչ փորձառու անձը հաճախ կարող է նկատել, որ պատասխանները մատնանշում են դասական պատճառները՝ ոչ բավարար ժամանակ, ֆինանսների սղություն, աշխատուժի պակաս և այլն։ Դրանք իրականում կարող են լինել, սակայն այս խնդիրները չեն գտնվում անձնական վերահսկողության տիրույթում։ Նման դեպքերում ինչու՞ հարցի փոխարեն նախընտրելի է կիրառել ինչու՞ չստացվեց գործընթացը հարցը։

Օգտագործելով հինգ ինչուների մեթոդը՝ պետք է հիշել մեկ պարզ դիտարկում. «Չեն կոտրվում մարդիկ, կոտրվում են գործընթացները»։

Պատմություն խմբագրել

Հինգ ինչուների տեխնիկան մշակել է Սակիչի Տոյոդան։ Մեթոդը կիրառվել է «Տոյոտա» ընկերությունում արտադրության մեթոդաբանության զարգացման ընթացքում։ Այս եղանակը խնդիրների լուծման քննարկումներում եղել է հիմնական բաղադրիչը, որն իրականացվել է որպես «Տոյոտայի» արտադրողականության համակարգի մաս։ «Տոյոտայի» արտադրական համակարգի ստեղծող Սակիչի Տոյոդան հինգ ինչուների մեթոդը համարել է «Տոյոտայի գիտական մոտեցման հիմք։ Հինգ անգամ տալով ինչու՞ հարցը, տարորոշվում է խնդրի բնույթը, լուծումը դառնում է հասկանալի»[3]։ Ուրիշ ընկերություններում մոտեցումն այլ կերպ է դրսևորվում։ Ռիկարդո Սիմլերի ղեկավարությամբ «Semco» ընկերությունում կիրառել են երեք ինչուների տեխնիկան նպատակներն ընտրելու և որոշում կայացնելու նպատակով[4]։ Հետագայում մեթոդը ճանաչում է ձեռք բերել «Տոյոտա» ընկերության սահմաններից դուրս և ներկայումս կիրառվում է կայձենում, վեց սիգմաներում։

Մեթոդներ խմբագրել

Երկու հիմնական մեթոդ է կիրառվում հինգ ինչուների օգնությամբ վերլուծություն կատարելու համար։

  • Իսիկավայի աղյուսակ
  • Աղյուսակային ձև։

Այս գործիքները թույլ են տալիս, որ վերլուծությունը լինի ճյուղավորված, որպեսզի ի հայտ բերվեն հիմնական մի քանի պատճառներ։

Քննադատություն խմբագրել

Չնայած հինգ ինչուների մեթոդը հզոր գործիք է ինժեներների և տեխնիկապես կոփված մարդկանց ձեռքին, որ օգնում է բացահայտել խնդիրների իրական պատճառները, այն քննադատության է արժանացրել Տերուկի Մինորան (Teruyuki Minoura)՝ «Տոյոտայի» գնումների բաժնի նախկին ղեկավարը։ Մեթոդը պարզունակ է սկզբնապատճառի խոր վերլուծության համար[5]։ Այսպիսի քննադատության պատճառներ են հանդիսացել.

  • Հետազոտողների շրջանում խնդիրները մակերեսորեն բացահայտելու միտումը, ոչ թե խնդրի սկզբնապատճառների բացահայտումը։
  • Իրենց գիտելիքներից դուրս գալու ունակ չլինելը հետազոտողների ոլորտում. մարդն ուղղակի չի կարող գտնել պատճառը, որոնց մասին գիտելիք չունի։
  • Հետազոտողներին սատարումը ավելի ճիշտ ինչու՞ հարցի ձևակերպմամբ։
  • Տարբեր մարդիկ, կիրառելով նույն տեխնիկան, ի հայտ են հանում նույն խնդրի տարբեր սկզբնապատճառներ։
  • Հակվածություն է առաջանում մեկ պատճառ վերհանելու, մինչդեռ մի հարցը կարող է ունենալ տարբեր պատճառներ։

Կարող է առաջանալ լուրջ խնդիր, եթե մեթոդը կիրառվի միայն դեդուկցիայի համար։ Պետք է խուսափել սրանից մինչև հաջորդ քայլին անցնելը։ Բացի այդ, ամեն փուլում ստուգելով անհրաժեշտ և բավարար պայմանները` հնարավոր է զերծ մնալ պատճառի կեղծ ընտրությունից և նպաստել մի քանի պատճառների դիտարկմանը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Five Whys Technique». adb.org. Asian Development Bank. 2009-02. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  2. Ivan Fantin (2014). Applied Problem Solving. Method, Applications, Root Causes, Countermeasures, Poka-Yoke and A3. How to make things happen to solve problems. Milan, Italy: Createspace, an Amazon company. ISBN 978-1499122282
  3. Оно, Тайити Производственная система Тойоты. Уходя от массового производства. — Институт комплексных стратегических исследований, 2008. — ISBN 978-5-902677-04-1
  4. Semler, Ricardo[en] The Seven-Day Weekend. — Penguin, 2004. — ISBN 9781101216200. — «"Ask why. Ask it all the time, ask it any day, and always ask it three times in a row."».
  5. «The "Thinking" Production System: TPS as a winning strategy for developing people in the global manufacturing environment». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  6. Wilson, Bill. «Five-by-Five Whys». www.bill-wilson.net. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.