Հիմնադրամ, քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ։

Հիմնադիրների՝ հիմնադրամին հանձնած գույքը հիմնադրամի սեփականությունն է։ Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով։

Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հաշվետվություն հրապարակել իր գույքի օգտագործման մասին։ Հիմնադիրները պատասխանատու չեն իրենց ստեղծած հիմնադրամի պարտավորությունների, իսկ հիմնադրամը՝ իր հիմնադիրների պարտավորությունների համար։ Հիմնադրամի կառավարման և նրա մարմինների ձևավորման կարգը սահմանվում է հիմնադիրների հաստատած կանոնադրությամբ։