Հետմահու լուսանկար

լուսանկարչության ժանր

Հետմահու լուսանկար (անգլ.՝ Post-mortem photography, լատին․՝ post mortem - հետմահու), 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում ձևավորված պրակտիկա ամերիկյան և եվրոպական երկրներում, որի ժամանակ լուսանկարվում էին նոր մահացած անձինք։ Լուսանկարները հիմնականում արվում էին հանգուցյալի մահվանից անմիջապես հետո, ինչի պատճառով էլ լուսանկարված հանգուցյալները երբեմն կենդանի մարդու տպավորություն էին թողնում[1]։ Լուսանկարի պատվերը տրվում էր հանգուցյալի հարազատների կողմից, քանի որ դրանք ոչ միայն տվյալ անձի կորուստը սգալու համար էին, այլ նաև շատ հաճախ վերջինիս երբեմնի գոյության միակ տեսողական հիշատակումը։ Մարդկանց՝ հետմահու արված լուսանկարները համարվել են հարազատների թանկագին ունեցվածքներից[2]։

Միջին տարիքի տղամարդու հետմահու լուսանկար (մոտ 1860 թ.), մարմինը հարմարեցված է՝ հնարավորինս կենդանի մարդու տպավորություն թողնելու համար

Պատմություն խմբագրել

 
Ծնողները՝ մահացած դստեր հետ

Լուսանկարչության առաջին տեխնիկապես մշակված եղանակի՝ դագերոտիպիայի հայտնագործմամբ (1839 թվական) պատկերահանությունն առավել հասանելի է դառնում հասարակության լայն շերտերին։ Լուսանկարահանումն անհամեմատ ավելի մատչելի է դառնում, քան գեղանկարչի մոտ դիմապատկեր պատվիրելը։ Լուսանկարչության մատչելիության և արագության շնորհիվ միջին խավին հնարավորություն էր ընձեռվում հավերժացնելու իրենց մահացած հարազատների հիշատակը։

Հետմահու լուսանկարչությունը լայն տարածում է գտնում 19-րդ դարում։ Տվյալ ժամանակաշրջանում մեծ էր մահացությունը ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների[1] շրջանում։ Դագերոտիպիայի մատչելիության շնորհիվ շատ մարդկանց (այդ թվում՝ նորածինների և մանուկների) հետմահու արված լուսանկարները եղել են նրանց առաջին, և հեգնորեն՝ վերջին լուսանկարները։ Սիրաքյուսի համալսարանի պատմաբան Մերի Ուորներ Մերիենի խոսքերով, լուսանկարչության հայտնագործման վաղ տարիներին հետմահու լուսանկարչությունը ծաղկում ապրեց այն հաճախորդների շրջանում, ովքեր ցանկանում էին իրենց սիրելի հանգուցյալին հիշեցնող գոնե մեկ լուսանկար ունենալ[3]։

Հատկապես տարածված են եղել մահացած երեխաների լուսանկարահանումը, քանի որ «Վիկտորիական դարաշրջանում» մանկական մահացությունը խիստ բարձր մակարդակի վրա է եղել[1]։ Հետագայում՝ կարտե դե վիզիտե (carte de visite) ձևաչափի հայտնագործմամբ, որը հնարավորություն էր տալիս մի նեգատիվից մի քանի կրկնօրինակ ստանալ, արված լուսանկարներն ուղարկվում էին նաև բարեկամներին։ 20-րդ դարի նախաշեմին տեսախցիկներն էլ ավելի են հասանելի դառնում հասարակությանը, ինչի շնորհիվ բազմաթիվ ընտանիքներ իրենց հարազատի հետմահու լուսանկարահանումն իրականացնում էին սեփական տեսախցիկներով։

Հետմահու լուսանկարչության պրակտիկան զանգվածայնության գագաթնակետին է հասնում 19-րդ դարի վերջնամասում, ինչից հետո դիրքերն է զիջում այսպես կոչված «վայրկենական» լուսանկարչությանը, չնայած հայտնի են 20-րդ դարի ընթացքում արված որոշ մահանկարներ։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ՄԱՄՈՒԼ․ամ (2016 թ․ փետրվարի 9). «Հետմահու լուսանկարներ 19-րդ դարից». Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  2. «Burnsarchive.com». Burns Archive. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  3. Մերիեն, Մերի Ուրներ (2002). Լուսանկարչություն։ Մշակույթի պատմություն. New York: Հարի Ն. Աբրամս.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել