Հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի պատվաստանյութ

Հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի պատվաստանյութ կամ ՀԻԲ պատվաստանյութ, պատվաստանյութ, որն օգտագործվում է հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի վարակի կանխարգելման համար[1]։ Այն երկրներում, որտեղ այս պատվաստանյութը համատարած կերպով կիրառվում է, ՀԻԲ ինֆեկցիայի ծանր դեպքերի հանդիպման հաճախականութունը նվազել է ավելի քան 90%-ով[1]։ Ու սրա արդյունքում նվազել է նաև մենինգիտի, թոքաբորբի և էպիգլոտիտի (մակկոկորդի բորբոքում) հանդիպման հաճախականությունը[1]։

Հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի պատվաստանյութ

Այն խորհուրդ է տրվում Համաշխարհային առողջապահական կազմակերպության և Հիվանդությունների վերահսկման և կանխագելման կենտրոնի կողմից[1][2]։ Մինչև 6 ամսական հասակը պետք է պատվաստել երկու կամ երեք դեղաչափ[1]։ Միացյալ Նահանգներում չորրորդ դեղաչափը խորհուրդ է տրվում 12-15 ամսական հասակում[3]։ Պատվաստանյութի առաջին դեղաչափը խորհուրդ է տրվում մոտ 6 շաբաթական հասակում, իսկ 2 պատվաստումների միջև պետք է լինի նվազագույնը 4 շաբաթ ինտերվալ[1]։ Եթե օգտագործվում է 2 դեղաչափ, ապա 2-րդը խորհուրդ է տրվում ավելի ուշ հասակում[1]։ Պատվաստանյութը ներարկում են միջմկանային[1]։

Լուրջ կողմնակի էֆֆեկտներ հազվադեպ են հանդիպում[1]։ Մարդկանց մոտավորապես 20-25%-ը ունենում են ցավ ներարկման տեղում, իսկ 2%-ի մոտ դիտվում է ջերմության բարձրացում[1]։ Չկա հստակ կապ ծանր ալերգիկ ռեակցիաների հետ[1]։ ՀԻԲ պատվաստանյութը հասանելի է ինչպես առանձին ձևով, այնպես էլ կոմբինացված՝ դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի հետ կամ հեպատիտ B-ի պատվաստանյութի հետ[1]։ Ներկայումս կիրառվող բոլոր ՀԻԲ պատվաստանյութերը կոնյուգացված պատվաստանյութեր են[1]։

ՀԻԲ պատվաստանյութի առաջնային տարբերակը մշակվել է 1977 թվականին, որը 1990-ականներին փոխարինվել է առավել արդյունավետ նոր տարբերակով[1]։ 2013 թվականի դրությամբ 184 երկիր այն ընգրկել է իր պլանային պատվաստումներում[1]։ Այն ընդգրկված է Համաշխարհային առողջապահական կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, այն ամենաարդյունավետ, անվտանգ և անհրաժեշտ դեղամիջոցներից է առողջապահական համակարգում[4]։ 2014 թվականի դրությամբ զարգացող երկրներում պենտավալենտ պատվաստանյութի, որի կազմում ընդգրկված է նաև ՀԻԲ պատվաստանյութը մեծածախ գինը կազմում է 15,40 դոլար 1 դեղաչափի համար[5]։ Միացյալ նահանգներում 1 դեղաչափն արժի 25-50 դոլար[6]։

Բժշկական կիրառում խմբագրել

Ապացուցված է, որ ՀԻԲ կոնյուգացված պատվաստանյութը արդյունավետ է ՀԻԲ վարակի բոլոր դրսևորումների դեպքում, իսկ կլինիկական արդյունավետությունը պատվաստված բոլոր երեխաների մոտ գնահատվում է 95-100%։ Ապացուցված է նաև, որ պատավաստանյութը իմունոգեն է այն հիվանդների համար, ովքեր ունեն ինվազիվ հիվանդությունների բարձր ռիսկ։ ՀԻԲ պատվաստանյութը արդյունավետ չէ հեմոֆիլուս ինֆլուենզայի մնացած տիպերի համար։ Սակայն մնացած տիպերը շատ հազվադեպ են հանդիպում[7]։

Ակտիվություն խմբագրել

Մինչև կոնյուգացված պատվաստանյութի ներդրումը ՀԻԲ-ը Միացյակ Նահանգներում համարվում էր մենինգիտի, թոքաբորբի և էպիգլոտիտի առաջատար պատճառ, 1980-ականներին գնահատվել է 20000 տարեկան դեպք, հիմնականում մինչև 5 տարեկան երեխաների մոտ։ Պլանային պատվաստումից հետո, ՀԻԲ-ով հիվանդացությունը նվազեց ավելի քան 99%-ով, և այն դադարեց լինել հանրային առողջության խնդիր։ Հիվանդացության նմանատիպ նվազում տեղի ունեցավ Արևմտյան Եվրոպայում և զարգացող երկրներում պատվաստանյութի կիրառումից հետո։

Միացյալ Նահանգներում 1980-1990թվականներին պատվաստանյութի պլանային օգտագործումից հետո հիվադացությունը 100,000 երեխաների շրջանում 40-100 դեպքից նվազել է մինչև 1 դեպք[8]։

Առաջարկություններ խմբագրել

ԱՀԿ-ն առաջարկում է պատվաստել բոլոր նորածիններին պոլիսախարիդ-սպիտակուց կոնյուգացված ՀԻԲ պատվաստանյութով՝ սկսած 6 շաբաթականից։

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ ՀԻԲ-ի դեմ պատվաստանյութը անվտանգ է։ Հիմնականում, կողմնակի զդեցությունները շատ թույլ են արտահայտված։ Ամենատարածված ռեակցիաներն են ջերմաստիճանի թեթև բարձրացումը, ախորժակի կորուստը և ներարկման տեղում անցողիկ կարմրություն, այտուց կամ ցավ։ Այս ռեակցիաները դիտվում են պատվաստում ստացած մարդկանց 5-30%-ի մոտ։ Ավելի ծանր ռեակցիաներ հանդիպում են չափազանց հազվադեպ[7]։

Ազդեցության մեխանիզմներ խմբագրել

Պոլիսախարիդային պատվաստանյութ խմբագրել

Հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպը բակտերիա է պոլիսախարիդային պատիճով, որի հիմնական բաղադրիչը պոլիռիբոզիլ ռիբիտոլ ֆոսֆատն(ՊՌՖ) է։

Հակա-ՊՌՖ հակամարմինները ունեն պաշպանական ազդեցություն ՀԻԲ վարակի դեմ։ Այսպիսով մաքուր ՊՌՖ-ը համարվեց լավ թեկնածու պատվաստանյութի համար։ Սակայն հակամարմինների պատասխանը ՊՌՖ-ի հանդեպ արագ նվազեց ներմուծումից հետո։ Այս խնդիրը պայմանավորված էր ՊՌՖ անտիգենի ճանաչումով B բջիջների, բայց ոչ T բջիջների կողմից։ Այլ կերպ ասած, չնայած նրան, որ B բջիջների կողմից դրանք ճանաչվել են, իսկ T բջիջների խմբի կողմից (ՀՀԱ II դասի միջոցով)՝ ոչ, դա վտանգի տակ է դնում իմուն պատասխանը։ Այս փոխազդեցությունը միայն B բջիջների հետ անվանում են T անկախ։ Այս պրոցեսը ևս ընկճում է B հիշողության բջիջների ձևավորումը, այսպիսով խոչընդոտելով երկարատև իմուն հիշողության ձևավորմանը[9][10]։

Կոնյուգացված պատվաստանյութ խմբագրել

Հայտնաբերվել է, որ ՊՌՖ-ը կովալենտ կապված կրող սպիտակուցի հետ առաջացնում է ավելի մեծ իմուն պատասխան, քան պատվաստանյութի պոլիսախարիդային ձևը։ Դա պայմանավորված է սպիտակուցի բարձր իմունոգեն հատկությամբ։ Հիշողության բջիջների ազդեցության էֆֆեկտը (իմուն համակարգի պատասխանը ՀԻԲ-ի կրկնակի գրոհի դեպքում) ևս նկատելի է ներմուծումից հետո, որը ցույց է տալիս, որ հիշողության B բջիջների ձևավորումը ևս բարելավվում է՝ պոլիսախարիդային ձևի համեմատ։ Քանի որ հակամարմինների առավելագույն արտադրման համար անհրաժեշտ է B և T բջիջների օպտիմալ շփում, հիմնավորվում է, որ կոնյուգացված պատվաստանյութը հնարավորություն է տալիս B բջիջներին պատշաճ կերպով ներգրավել T բջիջները, ի տարբերություն պոլիսախարիդային ձևի, որտեղ B բջիջները օպտիմալ չեն փոխազդում T բջիջների հետ, որն էլ բերում է TI հետ փոխազդոցությանը[9][10]։

Զարգացող աշխարհ խմբագրել

ՀԻԲ պատվաստանյութի կիրառումը զարգացող երկրներում հետ է մնում զարգացած երկրներից մի քանի պատճառներով։ Պատվաստանյութի հետ կապված ծախսերն ավելի շատ էին ստանդարտ պատվաստանյութերի նկատմամբ։ Հիվանդության հսկողության վատ համակարգերը և հիվանդանոցների ոչ ադեկվատ լաբարատորիաները չեն կարողանում հայտնաբերել հիվանդությունը, ինչի պատճառով էլ շատ փորձագետներ հավատոււմ են, որ իրենց երկրում ՀԻԲ վարակ գոյություն չունի։ Իսկ շատ երկրներում առողջապահական համակարգերը պայքարում են ներկայիս պատվաստանյութերի համար, որոնք փորձում են մատուցել։

ԳԱՎԻ-ն և ՀԻԲ նախաձեռնություն խմբագրել

Այս խնդիրները լուծելու համար ԳԱՎԻ դաշինքը ակտիվորեն հետաքրքվեց պատվաստանյութով։ ԳԱՎԻ-ն առաջարկում է ՀԻԲ պատվաստանյութի զգալի սուբսիդավորում այն երկրների համար, որոնք շահագրգռված են պատվաստանյութի օգտագործմամբ, ինչպես նաև ֆինանսական աջակցություն պատվաստանյութերի և ապահով ներարկումների համար։ Բացի այդ ԳԱՎԻ-ն ստեղծեց ՀԻԲ նախաձեռնությունը պատվաստանյութի ընդունումը խթանելու համար։ ՀԻԲ նախաձեռնությունը հավաքում և տարածում է պատվաստանյութի օգտագործման, արդյունավետության մասին տվյալները, ուսումնասիրությունները և օգնում է մի շարք երկրներին պատվաստանյութի օգտագործման վերաբերյալ որոշմումը կայացնելու գործում։ Ներկայումս 72 ցածր եկամուտ ունեցող երկրներից 61-ը պլանավորում են 2009 թվականի վերջին ներդնել պատվաստանյութը օգտագործման[11]։

Պատմություն խմբագրել

Պոլիսախարիդային պատվաստանյութ խմբագրել

Առաջին լիցենզավորված ՀԻԲ պատվաստանյութը մաքուր պոլիսախարիդային պատվաստանյութ էր, որն առաջին անգամ մտավ ԱՄՆ-ի շուկա 1985 թվականին։ Այլ պոլիսախարիդային պատվաստանյութերի նման, պատվաստանյութի նկատմամբ իմունային պատասխանը մեծապես կախված էր տարիքից։ 18 ամսականից փոքր տարիքի երեխաների մոտ այս պատվաստանյութի նկատմամբ դրական պատասխան չէր դիտվում։ Արդյունքում, ՀԻԲ-ով ամենաբարձր վարակելության հակված տարիքային խումբը մնում էր անպաշտպան, ինչը սահմանափակեց պատվաստանյութի օգտակարությունը։ 1988 թվականին պատվաստանյութը հանվեց շուկայից։

Կոնյուգացված պատվաստանյութ խմբագրել

Պոլիսախարիդային պատվաստանյութի թերությունները բերեցին ՀԻԲ պոլիսախարիդ-սպիտակուց կոնյուգացված պատվաստանյութի արտադրմանը[12]։ ՀԻԲ պատվաստանյութի միացումը կրող-սպիտակուցին, զգալիորեն բարձրացրեց փոքր տարիքի երեխաների իմուն համակարգի ունակությունը՝ ճանաչելու պոլիսախարիդը և զարգացնել իմունիտետ։ Ներկայումս կա 3 տիպի կոնյուգացված պատվաստանյութ, կոնյուգացիայի համար օգտագործվում են տարբեր կրող սպիտակուցներ՝ ինակտիվ տետանոսպազմին, դիֆթերիայի մուտանտ սպիտակուց և Բ խմբի մենինգոկոկի արտաքին թաղանթի սպիտակուց։

Կոմբինացված պատվաստանյութ խմբագրել

ՀԻԲ-ի և այլ պատվաստանյութերի բազմաթիվ կոմբինացիաներ լիցենզավորված են եղել Միացյալ Նահանգներում՝ նվազեցնելով պատվաստվող երեխաներին արվող ներարկումների թիվը։ ՀԻԲ-ի դեմ պատվաստանյութը համակցված դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի, պոլիոմիելիտի և հեպատիտ Բ-ի պատվաստանյութերի հետ հասանելի են Միացյալ Նահանգներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավաստագրել է ՀԻԲ-ի դեմ պատվաստանյութի մի քանի կոմբինացիաներ, այդ թվում հնգավալենտը՝ դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, հեպատիտ B-ՀԻԲ զարգացող երկրների համար։ Դեռ չկան բավարար ապացույցներ այն մասին, թե որքան արդյունավետ է այս կոմբինացված հնգավալենտ պատվաստանյութը՝ առանձին պատվաստանյութերի համեմատ[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 «Haemophilus influenzae type b (Hib) Vaccination Position Paper – July 2013» (PDF). Wkly Epidemiol Rec. 88 (39): 413–26. 2013 թ․ սեպտեմբերի 27. PMID 24143842. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. «Haemophilus b conjugate vaccines for prevention of Haemophilus influenzae type b disease among infants and children two months of age and older. Recommendations of the immunization practices advisory committee (ACIP)». MMWR Recomm Rep. 40 (RR-1): 1–7. 1991 թ․ հունվարի 11. PMID 1899280.
  3. «Hib (Haemophilus Influenzae Type B)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Vaccine, Pentavalent». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 313. ISBN 9781284057560.
  7. 7,0 7,1 «Recommendation of the Immunization Practices Advisory Committee (ACIP) Polysaccharide Vaccine for Prevention of Haemophilus influenzae Type b Disease». MMWR Weekly. 34 (15): 201–5. 1985 թ․ ապրիլի 19. ISSN 0149-2195. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. «Haemophilus influenzae Disease (Including Hib)». Disease Listing. Centers for Disease Control and Prevention. 2012 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  9. 9,0 9,1 Kelly, Dominic F.; Moxon, E. Richard; Pollard, Andrew J. (2004 թ․ հոկտեմբերի 1). «Haemophilus influenzae type b conjugate vaccines». Immunology (անգլերեն). 113 (2): 163–174. doi:10.1111/j.1365-2567.2004.01971.x. ISSN 1365-2567. PMC 1782565. PMID 15379976.
  10. 10,0 10,1 Finn, Adam (2004 թ․ հունվարի 1). «Bacterial polysaccharide–protein conjugate vaccines». British Medical Bulletin (անգլերեն). 70 (1): 1–14. doi:10.1093/bmb/ldh021. ISSN 0007-1420. PMID 15339854.
  11. «Hib Initiative». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. «61 of 72 GAVI countries have introduced or will introduce Hib vaccine into their routine immunization program [sic] by 2009»
  12. Centers for Disease Control and Prevention (2006). Atkinson W, Hamborsky J, McIntyre L, Wolfe S (eds.). Epidemiology and Prevention of Vaccine-Preventable Diseases (9th ed.). Washington, D.C.: Public Health Foundation.
  13. Bar-On, ES; Goldberg, E; Hellmann, S; Leibovici, L (2012 թ․ ապրիլի 18). «Combined DTP-HBV-HIB vaccine versus separately administered DTP-HBV and HIB vaccines for primary prevention of diphtheria, tetanus, pertussis, hepatitis B and Haemophilus influenzae B (HIB)». The Cochrane Database of Systematic Reviews. 4 (4): CD005530. doi:10.1002/14651858.CD005530.pub3. PMID 22513932.

Արտաքին հղումներ խմբագրել