Հացենի սպիտակ

բույսերի տեսակ

Հացենի սպիտակ (լատին․՝ Fraxinus ornus), ձիթազգիների ընտանիքի, հացենի ցեղի բույս։

Հացենի սպիտակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Ձիթազգիներ
Ցեղ Հացենի
Տեսակ Հացենի սպիտակ
Լատիներեն անվանում
Fraxinus ornus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ ծառեր են' 10-15, երբեմն' 20 մ բարձրությամբ, 20—30 (երբեմն` 60) սմ բնի տրամագծով։ Բունը կարճ է, սաղարթը` ցածրադիր, կլորավուն կամ վրանաձև։ Ընձյուղները կանաչամոխրավուն են։ Բողբոջները սև են, գորշամազապատ։ Տերևները կազմված են 7-9 (հազվադեպ` 5-11) տերևիկներից, որոնք ունեն 5-8 (հազվադեպ` 3-10) սմ երկարություն և 2-4 սմ լայնություն, ձվաձև են, էլիպսաձև, նշտարաձև կամ հակառակ ձվաձև, կարճ, սրածայր, անհավասար մանր-սղոցաեզր, լայն սեպաձև կամ կլորավուն, հաճախ անհավասար հիմքով, վերևի կողմից` կապտականաչ, ներքևի կողմից` ավելի բաց գույնի։ Տերևակոթունները կարճ են, կիսակլոր, անկյունավոր, փողրակավոր, գորշաթաղիքանման աղվամազապատ։ Ընդհանուր կոթունի երկարությունը կազմում է 4-13 սմ։ Ծաղկաբույլերը ծայրային են, խիտ, հուրանաձև 7-12 սմ երկարությամբ, բազմածաղիկ։ Ծաղիկները բուրումնավետ են, ավելի հաճախ` երկսեռ։ Բաժակը կանաչ է, քառամաս։ Պսակաթերթիկները 4-ն են, սպիտակ, նեղ նշտարաձև, բաժակից մի քանի անգամ երկար։ Վարսանդն ունի երկար սռնակ և երկբաժան սպի։ Սևապտուղները նշտարաձև են կամ երկարավուն հակառակ-ձվաձև, 2-0 սմ երկարությամբ և 0,5 սմ լայնությամբ։ Ծաղկում է տերևները բացվելուց հետո կամ միաժամանակ՝ ապրիլի վերջին, մայիսի սկզբին, պտուղները հասունանում են հուլիս օգոստոս ամիսներին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է արևելյան Հարավային Կովկասում, հարավային և միջին Եվրոպայում, Միջերկրական ծովի շրջանում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում։

Լուսասեր է, սակայն աճում է նաև կիսաստվերում, ընդ որում այս դեպքում վատ է ծաղկում։ Ջերմասեր է և երաշտադիմացկուն։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։

Հայաստանի պայմաններում հաջողությամբ է աճում միայն ցածրադիր, տաք շրջաններում, ծ. մ. մինչև 1000—1200 մ բարձրության վրա։ Նույնիսկ Երևանում արտակարգ ցուրտ և երկարատև ձմեռների դեպքում միամյա, երբեմն' նաև երկամյա շիվերը ցրտահարվում են։ 1400 մ բարձրության վրա աճում է թփանման։ Ավելի մեծ բարձրություններում լրիվ ցրտահարվում է։ Արարատյան դաշտում առատորեն ծաղկում և պտղաբերում է։

Կիրառություն խմբագրել

Որպես դեկորատիվ տեսակ բարձր է գնահատվում գեղեցիկ սաղարթի, հրաշալի ծաղկաբույլերի, հաճելի բուրմունքի և տերևների աշնանային գեղեցիկ դեղնանարնջագույն գունավորման շնորհիվ։ [1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 233։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի սպիտակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի սպիտակ» հոդվածին։