Հարվահանագեղձեր (glandulae parathyreoideae), մարդու և ողնաշարավոր կենդանիների (բացառությամբ ձկների), ներզատական (ներքին սեկրեցիայի) օրգաններ։ Արտադրում են պարաթիրեոիդին հորմոն (պարաթհորմոն, պարաթիրին), որն օրգանիզմում մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի փոխանակության կարգավորմանը։ Հարվահանագեղձերի գերֆունկցիայի (հիպերպարաթիրեոզ) դեպքում ոսկրերը կակղում են, դառնում փխրուն և աննշան հարվածից կոտրվում։ Թերֆունկցիայի (հիպոպարաթիրեոզ) դեպքում նկատվում է ատամների զարգացման դանդաղում։ Հարվահանագեղձերի հեռացումը առաջ է բերում ջղաձգության երևույթներ (տետանիա), որը պայմանավորված է արյան մեջ կալցիումի կոնցենտրացիայի կտրուկ նվազմամբ։

Հարվահանագեղձեր (կանաչով)

Պատմական ակնարկ խմբագրել

Հարվահանագեղձերն առաջին անգամ հայտնաբերել է Ռիչարդ Օուենը՝ 1852 թվականին, հնդկական ռնգեղջյուրի մոտ։ Մարդու մոտ առաջին անգամ նկարագրվել են Շվեդիայի Ուպսալա համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող Իվար Վիկտոր Սանդստրյոմի կողմից 1880 թվականին։

Հարվահանագեղձի պարաթիրին հորմոնը հայտնագործել է Ադոլֆ Հանսոնը 1923 թվականին։ Այդ հորմոնի ուսումնասիրությունների շնորհիվ Գիլեմինը, Շալլին և Սուսման-Յալոուն մշակեցին օրգանիզմի տարբեր նյութերի հայտնաբերման իմունաբանական եղանակ և 1977 թվականին արժանացան Նոբելյան մրցանակի։

Տեղակայումը և կառուցվածքը խմբագրել

Ինչպես հուշում է անվանումը, հարվահանագեղձերը գտնվում են պարանոցի շրջանում՝ վահանագեղձի աջ և ձախ բլթերի հետին մակերեսին կպած, երբեմն նաև դրանց մեջ։ Հետևաբար, պարանոցը շոշափելով դրանք անհնար է հայտնաբերել։

Հարվահանագեղձերը փոքր, դեղնա-դարչնավուն, ոսպաձև ներզատիչ օրգաններ են։ Հիմնականում թվով 4-ն են՝ 2-ական վերին և ստորին հարվահանագեղձեր, յուրաքանչյուրն ունի մոտ 6մմ երկարություն, 3-4մմ լայնություն և 1-2մմ հաստություն։ Տղամարդկանց մոտ դրանք կշռում են 30-ական միլիգրամ (մգ), իսկ կանանց մոտ մի փոքր ավելի ծանր են՝ 35-ական մգ։

Յուրաքանչյուր հարվահանագեղձ շրջապատված է բարակ շարակցահյուս­վածքային թաղանթով։ Պարենքիման կազմում են հարվահանաբջիջները՝ պարաթիրոցիտները, որոնք փուխր շարակցական հյուսվածքի բարակ միջնաշերտերով բաժանվում են խտրոցների՝ էպիթելային ձգանների։ Պարաթիրոցիտները հարուստ են ընկալիչներով, որոնք ընկալում են կալցիումի մակարդակն արյան մեջ։

Ֆունկցիան՝ դերն օրգանիզմում խմբագրել

Հարվահանագեղձի բջիջները՝ պարաթիրոցիտները, արտադրում են պարաթիրեոիդին (պարաթիրին, պարաթհորմոն) հորմոնը։ Դրանք իրենց վերոնշյալ ընկալիչների միջոցով հակադարձ կապի սկզբունքով արագ պատասխանում են արյան մեջ կալցիումի մակարդակի փոքրագույն տատանմանը։ Այսպես, արյան մեջ կալցիումի քանակի անկման՝ հիպոկալցիեմիայի դեպքում պարաթիրոցիտների կողմից պարաթիրինի ներզատումն ուժեղանում է։ Հիպոկալցեմիայի դեպքում պարաթիրինը ոսկրերի կալցիումը վեր է ածում կալցիումական իոնների, որոնք անցնում են արյան մեջ, և զարգանում է հիպերկալցիեմիա, իսկ ոսկրերում տեղի է ունենում կալցիումի քանակի նվազում (դեմիներալացում՝ ապահանքայնացում)։ Բացի այդ, պարաթիրինը մեծացնում է աղիներից կալցիումի ներծծումը, ակտիվացնելով վիտամին D-ն, ինչպես նաև նպաստում է երիկամներում կալցիումի հետներծծմանը։ Այսինքն, պարաթիրինը թողնում է հիպերկալցիեմիկ ազդեցություն։

Այսպիսով, պարաթիրինը և վահանագեղձի մեկ այլ հորմոն՝ կալցիտոնինը, որն ունի հակառակ՝ հիպոկալցիեմիկ ազդեցություն, հակազդող հորմոններ են, և դրանց փոխազդեցությունն ապահովում է կալցիումի հաստատուն մակարդակն արյան մեջ (կալցիումական հոմեոստազ), ինչը շատ կարևոր է նյարդային և մկանային համակարգերի բնականոն աշխատանքի, ինչպես նաև ոսկրերի ու ատամների համար։ 

Կալցիումի նյութափոխանակությունից (մետաբոլիզմից) բացի պարաթիրինը կարգավորում  է նաև ֆոսֆորի նյութափոխանակությունը. երիկամներում արգելակում է (ընկճում է) ֆոսֆորի հետներծծումը, իսկ աղիներում վիտամին D-ի միջոցով մեծացնում է ֆոսֆորի ներծծումը։

Այսպիսով, հարվահանագեղձերը կարգավորում են կալցիումի և ֆոսֆորի մետաբոլիզմը։

Հիվանդությունները խմբագրել

Հարվահանագեղձի ախտահարման ժամանակ, կախված նրանից, թե որքան պարաթիրին է արտադրվում, հնարավոր է զարգանա հիպերպարաթիրեոզ կամ հիպոպարաթիրեոզ։

Հիպերպարաթիրեոզ (պարաթիրինի գերարտադրություն) կարող է դիտվել հարվահանագեղձ(եր)ի բարորակ ուռուցքների ժամանակ։  Դրա ժամանակ զարգանում է հիպերկալցիեմիա, ոսկրերը դառնում են փխրուն, բեկուն ու ցավոտ։

Հիպոպարաթիրեոզ (պարաթիրինի թերարտադրություն) կարող է դիտվել հարվահանագեղձ(եր)ի վիրահատական վնասումից կամ հեռացումից հետո։  Այդ դեպքում զարգանում է հիպոկալցիեմիա, որը բուժվում է վիտամին D-ի անալոգների միջոցով:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 314