Հարություն Խաչատրյան (բժիշկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հարություն Խաչատրյան Ռուբենի (ռուս.՝ Арутюн Рубенович Хачатрян, ապրիլի 5, 1915(1915-04-05), Կարախանբեկլու, Բաբեկի շրջան, Ադրբեջան - նոյեմբերի 23, 1985(1985-11-23)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագում ունեցող խորհրդային բժիշկ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, գերության մեջ լինելու ժամանակ գործած հերոսության համար արժանացել է «Աշխարհի արդարակյացներ» կոչմանը։

Հարություն Խաչատրյան
Ծնվել էապրիլի 5, 1915(1915-04-05)
ԾննդավայրԿարախանբեկլու, Բաբեկի շրջան, Ադրբեջան
Մահացել էնոյեմբերի 23, 1985(1985-11-23)[1] (70 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1915 թվականի ապրիլի 5-ին[3][Նշում 1], Կարախան-բեկլու գյուղում։ Ուսանել է տեղական գյուղական դպրոցում։ 1934 թվականին տեղափոխվել է Երևան և ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան։ Ուսումն ավարտելուց հետո ծառայել է Բանվորագյուղացիական Կարմիր բանակում[3]։ 1940 թվականին մասնակցել է խորհրդա-ֆինլանդական պատերազմին[4]։

1941 թվականի հունիսին Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկսվելու ժամանակ Հարություն Խաչատրյանը Մոսկվայում ռազմաճակատ ուղևորվելուց երկաթուղային կայարանում ծանոթանում է Ստարոկոնստանտինով քաղաքից հրեական ծագում ունեցող սպա Իոսիֆ Կոգանի հետ։ Հետագայում այդ ծանոթությունը կարևոր դեր է խաղում երկուսի կյանքում[5]։

Վելիկիե Լուկի քաղաքում, որտեղ Հարություն Խաչատրյանը աշխատել է ռազմական հոսպիտալում, 1941 թվականի օգոստոսին նա գերի է ընկել և անհետ կորած էր համարվում[6]։ Ռազմագերիների ճամբարում նա կրկին հանդիպում է վիրավոր Իոսիֆ Կոգանին։ Խաչատրյանը Կոգանին օգնում է թաքցնել իր ազգությունը[3]։ Կոգանի վերքերը մշակելուց հետո Խաչատրյանը վերցնում է նրանից բոլոր փաստաթղթերը, նամակները, նկարը և ասում, որ Կոգանը պետք է իրեն անվանի որպես հայազգի Միքայել Մարկոսյան։ Իսկ նրա համար, որպեսզի Կոգանը չմոռանա իր նոր ազգանունը, Խաչատրյանը քիմիական մատիտով այն գրում է ընկերոջ աջ ափին։ Հետագայում Խաչատրյանը Կոգանին հայերեն լեզու էր սովորեցնում և Կոգանի փոխարեն այլ մարդու ուղարկում է բուժզննման, որպեսզի թաքցնի թլպատման փաստը[7]։ Իոսիֆ Կոգանին հաջողվում է կենդանի մնալ Խաչատրյանի և այլ հայազգի ռազմագերիների օգնության շնորհիվ[3]։ Հետագայում Խաչատրյանը բժիշկ էր աշխատում ռազմագերիների այլ ճամբարներում արևելյան լեգիոնների կազմում[4]։

1946 թվականին նա վերադառնում է Հայաստան, որտեղ 1946-1949 թվականներին շրջանային հիվանդանոցներից մեկում աշխատել է որպես գլխավոր բժիշկ։ 1949 թվականին նա մեղադրվել է դավաճանության մեջ և դատապարտվել մահապատժի, որը հետագայում փոխարինել են 25 տարվա ազատազրկման[4]։ Իր պատիժը կրել է Նորիլսկում[8]։ 1956 թվականին Խաչատրյանին ազատ են արձակել, նա վերադարձել է Երևան, ամուսնացել[7]։

Խաչատրյանին վերականգնել են 1960-ական թվականներին[7]։ 1956-1984 թվականներին նա որպես բժիշկ աշխատել է Երևանի №17 պոլիկլինիկայում[3][8]։ Հարություն Խաչատրյանի դստեր՝ Ռուբինայի տեղեկություններով, նա 53 տարեկան հասակում գիտական ատենախոսություն է պաշտպանել[7]։

Պատերազմից հետո առաջին անգամ Կոգանը և Խաչատրյանը հանդիպեցին Երևանում 1983 թվականին, մինչ այդ նրանք միայն նամակագրվում էին[7]։

Հարություն Խաչատրյանը մահացել է 1985 թվականին, Երևանում։ Իոսիֆ Կոգանը արտագաղթել է Իսրայել[Նշում 2]։

2013 թվականի սեպտեմբերին իսրայելական Յադ վա-Շեմ Աղետի ու հերոսության Ինստիտուտի կողմից Իոսիֆ Կոգանի փրկության համար Հարություն Խաչատրյանին «Աշխարհի արդարակյացներ» պատվավոր կոչում է շնորհվել[9]։ Ըստ հայկական Լուրեր.com տեղեկատվական կայքի, Հարություն Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության միակ քաղաքացին է, ով արժանացել է այդ կոչմանը[10]։ 2014 թվականի փետրվարի 4-ին Երևանում կայացած պարգևատրման արարողության ժամանակ Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուեյլ Մեյրոմը շքանշան և հավաստագիր է հանձնել Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ հայազգի երգչուհի Աննա Խաչատրյանին[5][10]։ Ռաուլ Վալլենբերգ միջազգային հիմնադրամը Հարություն Խաչատրյանին պարգևատրել է Ռաուլ Վալլենբերգի շքանշանով[11]։

Նշումներ խմբագրել

  1. ԶԼՄ-ների այլ տեղեկություններով Հարություն Խաչատրյանը ծնվել է ապրիլի 10-ին։
  2. Իոսիֆ Կոգանը մահացել է 1999 թվականին (79 տարեկան հասակում) Իսրայելի Կիրյատ Յամ քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 The Righteous Among the Nations Database
  2. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_yubileinaya_kartoteka1521764421
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Wallenberg Foundation bestows Wallenberg Medal to an Armenian Rescuer» (անգլերեն). The International Raoul Wallenberg Foundation. 2013 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Միքայել Մարկոսյան-Կոգանն ու հայ փրկիչները». am.friends-of-armenia.org — Майкл Маркосян-Коган и спасители. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  5. 5,0 5,1 «Арутюн Хачатрян». Армяне-Праведники народов мира. Яд ва-Шем. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Информация из документов, уточняющих потери». ОБД Мемориал. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Евгений Коган «Да, это был мой спаситель…» // Букник. — Фонд Ави Хай, 15 ноября 2013.
  8. 8,0 8,1 «Վալլենբերգ Հիմնադրամը հայ փրկչին պարգևատրում է Վալլենբերգի մեդալով». Friends of Armenia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  9. «Khachatryan Harutyun (1915 - 1985)». Яд ва-Шем. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  10. 10,0 10,1 «Հայտնի է ՀՀ այն միակ քաղաքացու անունը, ով արժանացել է «Ազգերի առաքյալ» կոչմանը. նա, վտանգելով իր կյանքը, փրկել է հրեաներին». lurer.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  11. Artiom Chernamorian. (2013 թ․ հոկտեմբերի 16). «Harutyun Khachatryan as a Righteous among Nations» (անգլերեն). Friends of Armenia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել