Հավակատար պոչավոր

բույսերի տեսակ
Հավակատար պոչավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Հավակատարազգիներ
Ցեղ Հավակատար
Տեսակ Հավակատար պոչավոր
Լատիներեն անվանում
Amaranthus caudatus


Հավակատար պոչավոր, հավակատարազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս, որն ունի 75-150 սմ բարձրություն։

Նկարագրություն խմբագրել

Բույս ունի հաստ, մսալի, կարմրավում ցողուն, ուղղաձիգ կամ խոնարհված ծաղկաբույլերում հավաքված ծիրանակարմիր կամ դեղնականաչավուն ծաղիկներ։ Տերևները վառ կանաչ են, երբեմն՝ գորշակարմրավուն։ Ունի բազմաթիվ պարտիզային այլատեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են ծաղկաբույլերի ձևով և տերևների գույնով։ Չափազանց ջերմասեր, լուսասեր, խոնավության և հողի նկատմամբ պահանջկոտ բույս է, գերադասում է բաց, արևոտ հողամասերը։ Սերմերը ցանում են ջերմոցներում մարտ ամսին։ Ուշ գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո սածիլները բաց գրունտ են տեղափոխում։ Աճում է հզոր, սննդանյութերով հարուստ, ավազակավային, ստրուկտուրային հողերում։ Մշակվում է ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։

Տարածված է Միջին և Հարավային Ասիայում։

Օգտագործվում է ծաղկադեկորատիվ ձևավորումներում և կտրած ծաղիկ ստանալու համար[1]։Որպես դեկորատիվ բույս գործածվում է նաև Ռուսաստանի միջին գոտիներում, որտեղ հավակատարը սովորաբար չի հասցնում հասունանալ։

Կարևոր հացահատիկային մշակաբույս է, որի շատ մասեր ուտվում են՝ ներառյալ տերևները և սերմերը։ Հնդկաստանում, Հարավային Ամերիկայում, որտեղ բույսը հայտնի կիվիչա անվամբ, օգտագործում են սննդի մեջ։ Բույսի մեջ սոսնձանյութի բացակայությունը և սպիտակուցների բարձր քանակությունը այն դարձնում են արժեքավոր բուսակերների համար։

Անգլախոս երկրներում հայտնի է «սեր-սուտ-արնահոսություն» (անգլ.՝ love-lies-bleeding) անվամբ։ Վիկտորյական ծաղիկների լեզվում գործածվել է որպես անհույս սրիրո խորհրդանիշ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
  2. Love Lies Bleeding: A Memorable Name for a Striking Plant / Angela Carson, February 14, 2011(անգլ.)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավակատար պոչավոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավակատար պոչավոր» հոդվածին։