Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիություն

Ֆինանսների վերահսկողության ֆունկցիայի օբյեկտիվ հիմքը արտադրության ու իրացման, ծառայությունների մատուցման ծախսերի, դրամական եկամուտների ու ֆոնդերի արժեքային հաշվառումն է։ Այս ֆունկցիայի կատարումը կապված է տարբեր խթանների և սանկցիաների, ինչպես նաև ցուցանիշների կիրառման հետ։ Երբ ձեռնարկությունը ժամանակին լուծում է բյուջեի, բանկերի, մատակարարների հանդեպ պարտավորությունները, դրանով իսկ բարելավում է իր վերջնական արդյունքը, բարձրացնում արտադրության ու միջոցների օգտագործման արդյունավետությունը։ Հակառակ դեպքում չի կարող խուսափել տույժ-տուգանքներից, ֆինանսական վիճակի լարվածությունից։ Ֆինանսական վերահսկողության ձևերից մեկը տարբեր ֆինանսական ցուցանիշների օգտագործումն է, որոնցից գլխավորը ձեռնարկությունում միջոցների առկայության կայունությունն է։ Հենց դրանում է արտահայտվում վերահսկողության և բաշխման ֆունկցիաների փոխկապվածությունը, դա էլ ըստ էության դրամով վերահսկողություն է։ Մյուս ֆինանսական ցուցանիշներին վերաբերում են՝ մատակարարներին, բանկին, բյուջեին, աշխատողներին պարտքը, շրջանառու կապիտալով ապահովվածությունը, շահույթը, վնասը, իրացվելիությունը, վճարունակությունը և այլն։

  • Ֆինանսների ֆունկցիաները ցանկացած-կազմակերպություն-ձեռնարկությունում պետք է ծառայեն ֆինանսական ռազմավարության երեք կարևորագույն խնդիրների կատարմանը՝
  1. ձեռնարկությանը ապահովել անհրաժեշտ դրամական միջոցներով և դրա հիման վրա կայունություն և իրացվելիություն.
  2. շահութաբերության ապահովում և առավելագույն շահույթի ստացում.
  3. իր աշխատողների ու սեփականատերերի նյութական և սոցիալական պահանջների բավարարում։

Արտադրության ոլորտի առևտրային ձեռնարկությունների ֆինանսական հարաբերությունները կառուցվում են որոշակի սկզբունքների պահպանմամբ։ Այդ սկզբունքները առավելապես կապված են հիմնական տնտեսական գործունեության հետ և կիրառվում են ֆինանսական հետևանքների բարելավման նպատակով։ Դրանք գլխավորապես վերաբերում են տնտեսական ինքնուրույնությանը, ինքնաֆինանսավորմանը, նյութական շահագրգռվածությանը, նյութական պատասխանատվությանը։ Այս առումով, թեման չափազանց արդիական է, և պահանջում է համակողմանի վերլուծություն և’ միկրոմակարդակում, այսինքն գնահատելով ձեռնարկության ‎‎ֆինանսական առողջացման քաղաքականությունը և սնանկացման նախադրյալները, և մակրոմակարդակում, հիմք ունենալով պետության ռազմավարությունը խնդրո առարկա հարցի կարգավորման ուղղությամբ։ Կազմակերպության ֆինանսական առողջության հիմքում դրված է շահութաբեր գործունեությունը (հաշվեկշռային շահույթի առկայությունը բացարձակ և հարաբերական չափերով)։ Այդ դեպքում կազմակերպությունը հնարավորություն է ունենում սահմանված ժամկետներում մարել իր պարտավորությունները հումքի, նյութի մատակարարների, կրեդիտորների նկատմամբ, վճարել հարկերը, լրացնել շրջանառու միջոցները։ Հաշվետու ժամանակահատվածի վերջում յուրաքանչյուր ղեկավար հաշվապահությունից ստանում է փաստաթղթերը՝ ձեռնարկության գործունեության տվյալներով։ Դրանց ճշգրիտ վերլուծությունը թույլ կտա ճիշտ կառավարական որոշումներ ընդունել։ Այդ առումով կարևորվում Է ֆինանսական ցուցանիշների (նաև գործակիցների) համակարգի և դրանց, որպես այդպիսիք, ուսումնասիրությունն ու վերլուծությունը։ Ֆինանսական գործակիցների ընդհանուր քանակը, որը կարող է օգտագործվել կազմակերպության ֆինանսական վիճակի գնահատման համար, մոտ քսան տասնյակ է։ Սովորաբար օգտագործվում են ֆինանսական ցուցանիշների ու գործակիցների և դրանց հետ կապված եզրակացությունների ոչ մեծ քանակ։ Կանոնավոր ուսումնասիրության և վերլուծության նպատակով ավելի հարմար է ֆինանսական ցուցանիշները բաժանել խմբերի, որոնք կարտահայտեն շահագրգիռ կողմերի շահերը։

  • Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության վերլուծություն Կազմակերպության ֆինանսական դրությունը բնութագրող ցուցանիշներից է նրա վճարունակությունը, այսինքն՝ վճարային պարտավորությունները դրամական միջոցներով ժամանակին մարելու կարողությունը։ Վճարունակության վերլուծությունը անհրաժեշտ է ոչ միայն կազմակերպությանը՝ ֆինանսական գործունեությունը գնահատելու և կանխատեսումներ անելու համար, այլ նաև արտաքին ներդրողներին (բանկերին). նախքան վարկ տրամադրելը բանկը պետք է համոզվի, որ հաճախորդը վարկունակ է։ Նույն կերպ պետք է վարվեն նաև տվյալ կազմակերպության հետ տնտեսական հարաբերություններ հաստատել ցանկացող մյուս կազմակերպութունները։ Արտաքին ներդրողների կողմից վճարունակության գնահատումը կատարվոմ է ընթացիկ ակտիվերի իրացվելիության բնութագրության հիման վրա, որը որոշվում է այն ժամանակով, որն անհրաժեշտ է դրանք դրամական միջոցների վերածելու համար։ Որքան քիչ ժամանակ է պահանջվում տվյալ ակտիվները դրամական միջոցների վերածելու համար, այնքան բարձր է դրանց իրացվելիությունը։

Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիությունը բնութագրում է կազմակերպության ունակությունը՝ իր ակտիվներով մարելու առկա պարտավորությունները, այլ կերպ ասած՝ դրամական միջոցների վերածման ժամկետների և պարտավորությունների մարման ժամանակամիջոցի համապատասխանությունը։ Կազմակերպության իրացվելիությունը ավելի ընդհանրական հասկացություն է, քան հաշվեկշռի իրացվելիությունը, քանի որ վերջինս ենթադրում է վճարային միջոցների հայթայթում միայն ներքին աղբյուրների հաշվին (ակտիվների իրացում)։ Բայց կազմակերպությունը կարող է այլ աղբյուրներից ներգրավել փոխառու միջոցներ, եթե գործարար աշխարհում ունի համապատասխան հեղինակություն և ներդրումային գրավչության բարձր մակարդակ։ Փաստորեն, վճարունակության և իրացվելիության հասկացությունները շատ մոտ են, բայց երկրորդն ավելի ընդգրկուն է. Հաշվեկշռի իրացվելիության մակարդակից է կախված վճարունակությունը։ Իրացվելիությունը բնութագրում է հաշվարկների ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային վիճակը։ Կազմակերպությունը կարող է մի որևէ ժամանակամիջոցում լինել վճարունակ, սակայն մոտակա ժամանակներում ունենալ անբարենպաստ ֆինանսական դրություն։ Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության վերլուծությունը նպատակահարմար է սկսել կազմակերպության ակտիվների և պասիվների հետևյալ վերախմբավորմամբ՝ ակտիվները ըստ իրացվելիության անկման, իսկ պասիվները՝ ըստ պարտավորությունների մարման հրատապության ժամկետների աճի հատկանիշի3։ Կազմակերպության ակտիվները ըստ իրացվելիության անկման հատկանիշի ստորաբաժանվում են հետևյալ խմբերի.

ԱI – առավել իրացվելի ակտիվներ՝ դրամական միջոցներ և համարժեքներ,
ԱII – արագ իրացվելի ակտիներ՝ դեբիտորական պարտքեր,
ԱIII – դանդաղ իրացվելի ակտիվներ՝ պաշարներ,
ԱIV – դժվար իրացվելի ակտիվներ՝ ոչ ընթացիկ ակտիվներ։

Հաշվապահական հաշվեկշռի պասիվային մասը խմբավորվում է ըստ պարտավորությունների մարման ժամկետների աճի հատկանիշի.

ՊI – առավել հրատապ պարտավորություններ՝ կրեդիտորական պարտքեր,
ՊII – կարճաժամկետ պասիվներ՝ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ,
ՊIII – երկարաժամկետ պասիվներ՝ ոչ ընթացիկ պարտավորություններ,
ՊIV – մշտական պասիվներ՝ սեփական կապիտալ։
ԱI ≥ ՊI

Հաշվապահական հաշվեկշռը համարվում է բացարձակ իրացվելի, եթե վերը նշված խմբերի միջև գոյություն ունի հետևյալ համամասնությունը.

ԱVI ≤ ՊVI ԱII ≥ ՊII ԱIII ≥ ՊIII

Այս խմբերի միջև հարաբերակցությունների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս գնահատել հաշվապահական հաշվեկշռի կառուցվածքի և իրացվելիության առկա միտումները։ Առաջին երեք հարաբերակցությունները վկայում են իրացվելիության հիմնական սկզբունքի մասին՝ ակտիվների գերազանցումը պարտավորությունների նկատմամբ։ Չորրորդ հարաբերակցության պահպանումը վկայում է կազմակերպության մոտ սեփական ընթացիկ ակտիվների առկայության մասին, որը նրա ֆինանսական կայունությունն ապահովող անհրաժեշտ պայմանն է։ ԱI և ԱII խմբերը համադրելով ՊI և ՊII խմբերի հետ՝ որոշվում է ընթացիկ իրացվելիության մակարդակը, իսկ ԱIII և ՊIII խմբերի համեմատության արդյունքում պատկերացում է կազմվում հեռանկարային իրացվելիության մասին։ Հաշվապահական հաշվեկշռը համարվում է նորմալ իրացվելի, եթե վերը նշված խմբերի միջև գոյություն ունի հետևյալ համամասնությունը.

(ԱI+ԱII +ԱIII) ≥ (ՊI+ՊII+ՊIII) 
ԱIV ≤ ՊVI 

Հաշվապահական հաշվեկշռը համարվում է չիրացվելի, եթե վերը նշված խմբերի միջև գոյություն ունի հետևյալ համամասնությունը.

(ԱI+ԱII +ԱIII) ≤ (ՊI+ՊII+ՊIII) 
ԱIV ≥ ՊVI 

Ակտիվների իրացվելիության մակարդակը բնութագրում է կազմակերպության վճարունակության աստիճանը։ Այն որոշվում է ընթացիկ ակտիվների իրացվելիությամբ և վկայում է կազմակերպության ֆինանսական հնարավորության մասին՝ ամբողջովին մարելու իր ընթացիկ պարտավորությունները։ Ակտիվների իրացվելիության վերլուծական գործընթացն իրականացվում է հետևյալ գործակիցներով.

o բացարձակ իրացվելիության, o արագ իրացվելիության, o ընթացիկ իրացվելիության։

Բացարձակ իրացվելիության գործակիցը (Գիբ) ցույց է տալիս կազմակերպության առավել իրացվելի ակտիվներով ընթացիկ պարտավորությունների մարման աստիճանը։ Բացարձակ իրացվելիության գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով.

Դմ - դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, Ըպ – ընթացիկ պարտավորություններ։

Այս գործակցի նորմատիվային արժեքը Գիբ 0.2-0.5։ Սակայն եթե կազմակերպությունում այս գործակիցը գերազանցի սահմանված նորմատիվային արժեքը, դա դեռ չի կարելի ընդունել որպես վճարունակության պայման։ Այդ մակարդակի գնահատման ժամանակ պետք է հաշվի առնել ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորությունների շրջանառելիության արագությունը։ Եթե ակտիվների շրջանառելիության արագությունը գերազանցում է պարտավորությունների շրջանառելիությունը, ապա կազմակերպության վճարունակությունը գնահատվում է բավարար, և հակառակը։ Արագ կամ կրիտիկական իրացվելիության (ծածկման միջանկյալ) գործակիցը (Գիա) ցույց է տալիս, թե ընթացիկ պարտավորություների որ մասն է կարող կազմակերպությունը մարել իր դրամական միջոցների, դրանց համարժեքների և դեբիտորական պարտքերի հաշվին։ Արագ իրացվելիության գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով։ Դմ – դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, Դպ – դեբիտորական պարտքեր, Ըպ – ընթացիկ պարտավորություններ։ Այս գործակցի նորմատիվային արժեքը Գիա ≥ 1։ Ընթացիկ իրացվելիության գործակիցը (Գիը) ցույց է տալիս ընթացիկ ակտիվներով կազմակերպության ընթացիկ պարտավորությունների ծածկման աստիճանը։ Որքան բարձր է այդ աստիճանը, այնքան մեծ է կրեդիտորների վստահության մակարդակը տվյալ կազմակերպության տնտեսական գործունեության նկատմամբ։ Այդ գործակիցն արտահայտվում է հետևյալ բանաձևով. Ըա – ընթացիկ ակտիվներ, Ըպ – ընթացիկ պարտավորություններ։ Այս գործակցի նորմատիվային մեծությունն է Գիը ≥ 2։ Եթե այս գործակիցը փոքր է նորմատիվից, ակնհայտ է կազմակերպության անվճարունակությունը, իսկ նորմատիվի զգալի գերազանցումը վկայում է կազմակերպության կողմից իր ակտիվների անարդյունավետ օգտագործման մասին։ Ակտիվների իրացվելիության գործակիցները հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն կազմակերպության կառավարիչներին, այլ նաև շուկայի բոլոր մասնակիցների համար։ Այսպես, բացարձակ իրացվելիության գործակիցն առաջին հերթին հետաքրքրում է մատակարարներին, արագ իրացվելիության գործակիցը՝ բանկերին, իսկ ընթացիկ իրացվելիության գործակիցը՝ ներդրողներին։ Կազմակերպությունների վճարունակությունը գնահատվում է նաև դրամական միջոցների հոսքերի միջոցով։ Արտադրանքի իրացումից ստացվող միջոցների և դեբիտորական պարտքերի ստացման ու պարտավորությունների մարման վրա վերահսկողության ապահովման նպատակով անհրաժեշտ է կազմել վճարային օրացույց, որտեղ մի կողմում ներկայացվում է վճարային միջոցների, մյուս կողմում՝ վճարային պարտավորությունների գումարը։ Վճարունակության գործակիցը որոշվում է վճարային միջոցների և պարտավորությունների հարաբերակցությամբ. ցանկալի է, որ այդ գործակիցը լինի մեկից բարձր։ Վան Խորնը կարևորել է վճարունակության հետևյալ գործակիցները՝

  1. Գ1 = պարտավորությունների գումար/ ակտիվների գումար, որն էլ ցույց է տալիս “ուրիշի փողերի” տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվների մեջ։ Որքան բարձր է այս գործակիցը, այնքան մեծ է բանկի ռիսկը։
  2. Գ2 = պարտավորությունների գումար / սեփական կապիտալ, Եթե կազմակերպության ոչ նյութական ակտիվների արժեքը բավականին մեծ գումար է, ապա գործակցի հաշվարկման ժամանակ սեփական կապիտալից հանում են այդ արժեքը, որպեսզի որոշեն նրա նյութական մասի արժեքը։
  3. Գ3 = երկարաժամկետ պարտավորություններ / (երկարաժամկետ պարտավորություններ + սեփական կապիտալ), որը ցույց է տալիս պարտավորությունների տեսակարար կշիռը կապիտալի կառուցվածքում։ Այս գործակցին ուշադրություն է դարձվում, քանի որ վարկային պայմանագրում ներառվում են պայմաններ, որոնք կարգավորում են փոխառու կապիտալի առավելագույն չափը՝ արտահայտված պարտավորությունների և կապիտալիզացիայի հարաբերությամբ։
  4. Գ4 = դրամական հոսքեր / պարտավորությունների գումար, Համարիչում տնտեսական գործունեության արդյունքում ստացված դրամական միջոցներն են, իսկ շահութաբեր կազմակերպության դեպքում այն բաղկացած է շահույթից և ամորտիզացիոն հատկացումներից։

Գրականություն խմբագրել

  • Ա. Մաթևոսյան, Արտադրական կազմակերպությունների ֆինանսական վիճակի գնահատման և կայունացման հիմնահարցերը ՀՀ-ում, Երևան,2009 թ.
  • Ա. Սարգսյան, Կ. Առաքելյան «Տնտեսական գործունեության վերլուծություն», Ե., Տնտեսագետ 2005 թ.,
  • Бороненкова С. А., Маслова Л. И., Крылов С. И., Финансовый анализ предприятий. Екатеринбург. УГУ, 1997г.,
  • Артеменко В. Г., Беллендир М. В., Финансовый анализ, Учебное пособие, М., 1997
  • Հայաստանի ազգային հաշիվները 1990-1997, Աղյուսակներ. Մեթոդաբանություն. Վերլուծություն. վիճակագրական ժողովածու, Եր., 2000