Հանքային ներկեր, բնական պիգմենտներ, գունավոր կավեր, օքսիդացած երկաթային հանքաքարեր, պիրոլյուգիտ, ազուրիտ, մալաքիտ, լազուրիտ, կինովար, բազմերանգ տուֆեր, թերթաքարեր, բարիտ և այլ ապարներ ու միներալներ, որոնք օժտված են ներկող հատկությամբ։ Ըստ ծագման առանձնացվում են հետևյալ հանքավայրերը՝ բուստալճակա-ծովային, դելյուվիալ-էլյուվիալ, ալյուվիալ, լճա-ճահճային և երակային։ Կախված միներալային հատկանիշներից, քիմական բաղադրությունից և տեխնոլոգիական հատկություններից՝ տարբերում են հանքային ներկերի հետևյալ տիպերը. երկաթ-օքսիդային և մանգան-երկաթ-օքսիդային (վառ կարմիր մումիա, շագանակագույն սիենա, մուգ կարմիր երկաթային սուսր, կավային (դեղին օխրա, սպիտակ կավ), կարբոնատային (սպիտակ կավիճ, սպիտակ դոլոմիտ), սուլֆատային (սպիտակ, անգույն կամ դեղին անհիդրիտ) և այլն։ Հանքային ներկերը լույսի և մթնոլորտի ազդեցության նկատմամբ իրենց կայունությամբ գերազանցում են սինթետիկ ներկերին։ Հանքային ներկերի բնական ելքեր ՀԽՍՀ տարածքում հայտնի են վաղուց, դրանց մի մասը մշակվել է տեղական բնակչության կողմից և օգտագործվել գեղանկարչության մեջ (մ.թ.ա. 7-րդ դար, Էրեբունի) ու կենցաղում որպես ներկող նյութեր։ Հանքավայրերի գիտական հետազոտությունը սկսվել է միայն 1935 թվականից հետո։ 1947 թվականին Երևանում հիմնադրվել է լաքերի և ներկերի գործարան, որն աշխատում է Արզականի (դեղին օխրա, կարմիր մատիտ) և ներկող տուֆերի (մումիա), Մեծավանի հանքավայրերի բազայի վրա։

Հայաստանում հայտնաբերված և ուսումնասիրված են հանքային ներկերի նաև մի շարք այլ (Դիլիջանի խմբի, Թումանյանի, Եղեգնաձորի, Ագարակաձորի) հանքավայրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 233