Հանրապետության հրապարակ (Բեռլին)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանրապետության հրապարակ (այլ կիրառումներ)

Հանրապետության հրապարակ (գերմ.՝ Platz der Republik), քաղաքային հրապարակ, որը գտնվում է Բեռլինի Միտտե շրջանի Տիրգարտեն թաղամասի կառավարական նոր շրջանում՝ Ռայխստագի դիմաց։ Հրապարակի հարևանությամբ հոսում է Շպրե գետը։ Հրապարակն ունի 36 900 մ² մակերես։ Հրապարակի հարևանությամբ գտնվում Տիրգարտեն այգին։ Հրապարակը պատված է գազոնապատ տարածքներով։

Ռեյխստագի դիմացի այգին կոչվում է Հանրապետության հրապարակ։
Ռաչինսկիի պալատը Քյոնինգպլացում, 1880 թվական։ Տեսարան Հաղթանակի սյունից։
Ռեյխստագը Քյոնինգսպլաց հրապարակում, 1900 թվական։
Ռեյխստագը և Հաղթանակի կամարը Քյոնինգսպլաց հրապարակում, 1900 թվական։

Հրապարակի հարևանությամբ են գտնվում Ռայխստագը, Պաուլ Լյոբեի, Յակոբ Կայզերի տները, Գերմանիայում Շվեյցարիայի դեսպանատան շենքը, Աշխարհի մշակույթների տունը և Գերմանիայի դաշնային կանցլերի գրասենյակը[1]։

Հրապարակը կառուցվել է 1735 թվականին՝ Բեռլինի մաքսային պատի ապամոնտաժումից հետո, որն օգտագործվում էր Ֆրիդրիխ Վիլհելմ I թագավորի օրոք՝ պրուսացի զինվորակաների շարային պատրաստության համար[2]։ Այդ ժամանակ տեղանքը կոչվում էր Բրանդենբուրգյան դարպասների հրապարակ։ 1867 թվականին հրապարակը դարձել է քաղաքային և ստացել Թագավորական անվանումը (Քյոնինգսպլաց, գերմ.՝ Königsplatz)։ Մինչ 1884-1894 թվականներին Ռեյխստագի կառուցումը, տեղանքում եղել է լեհ կոմս և պրուսական դիվանագետ Աթանաս Ռաչինսկիի (լեհ.՝ Atanazy Raczyński) պալատը։

1873 թվականին, ի նշան հաղթական երեք արշավանքների, կանգնեցվել է Հաղթանակի սյունը, որի հանդիսավոր բացումից առաջ հիմնվել է Հաղթանակի ծառուղին։ Ծառուղին տանում էր դեպի հուշարձան։ Հրապարակի արևմտյան հատվածում գտնվել է Կրոլ օպերան, հյուսիսարևմտյան հատվածում՝ Գլխավոր շտաբի շենքը, իսկ հյուսիսայինում՝ Ալզենֆիրտել դեսպանատների թաղամասի պալատները, որոնցից մեկը պահպանվել է մինչ օրս։ Այսօր այդտեղ տեղակայված է Շվեյցարիայի դեսպանատունը։

1901 թվականին Ռայխստագի դիմաց տեղադրվել է Ռեյնհոլդ Բեգասի Բիսմարկին նվիրված ազգային հուշարձանը, որի արդյունքում հրապարակի արտաքին կերպարը նորից փոխվել է։ Հայտնվել է սալարկապատ ճանապարհը և մի քանի անցումներ ունեցող կլոր գազոնապատ տարածք, որոնք տանում էին դեպի կենտրոնում կանգնեցված Հաղթանակի սյունը։ 1904 և 1906 թվականներին հրապարակում կանգնեցված էին նաև ռազմական նախարար Ալբրեխտ ֆոն Ռունի և գեներալ-ֆելդմարշալ Հելմուտ ֆոն Մոլտկե Ավագի մարմարյա հուշարձանները։ Բոլոր երեք հուշարձանները 1938 թվականին, այն ժամանակ դեռ Քյոնինգսպլաց հրապարակից, տեղափոխվել են Մեծ Աստղի հրապարակ, որոնք մինչ օրս էլ գտնվում են այդ հրապարակի հյուսիսային հատվածում՝ արդեն նոր պատվանդանների վրա։

Վայմարյան հանրապետության շրջանում (1926—1933) հրապարակը կրել է իր ներկայիս անվանումը՝ խորհրդանշելով միապետական կարգերի վերացումը Գերմանիայում։ Երկրում ազգայնական-սոցիալիստական իշխանության հաստատումից հետո՝ ֆաշիստները հրապարակին տվել են նախկին՝ Թագավորական հրապարակ անվանումը։ Հրապարակը կրկին վերանվանվել է 1948 թվականին՝ Երրորդ Ռայխի կազմալուծումից հետո։

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին մարտերից հետո Ռեյխստագը և նրան հարակից հրապարակը մեծապես վնասվել էին։ Պատերազմից հետո հրապարակը հայտնվել է Արևմտյան Բեռլինի տարածքում։ Բեռլինի պատը, որը կառուցվել է 1961 թվականին, անցնում էր Ռեյխստագից մի քանի մետր հեռավորության վրա։ Բեռլինի բաժանման ժամանակ Հանրապետության հրապարակը կորցրել է իր կենտրոնական նշանակությունը, դառնալով մարգագետին, որտեղ բնակիչները անց էին կացնում իրենց հանգիստը, իսկ Արևմտյան Բեռլինի թուրքական ծագում ունեցող բնակիչները պատրաստում խորոված։ Հրապարակի մի մասը օգտագործվել է որպես ավտոկայանման և ավտոմեքենա քշել սովորելու համար նախատեսված տարածք։

1990 թվականի հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, ի պատիվ Գերմանիայի վերամիավորման, Հանրապետության հրապարակում բարձրացվել է Միասնության դրոշը, որը, թերևս, Գերմանիայի Դաշնային Հանրապետության ամենամեծ դրոշն էր և 6X10 մետր չափսեր։

1996-1997 թվականներին, Կառավարական թաղամասի վերակառուցման հետ կապված, Բեռլինում երկու փուլով անց է կացվել միջազգային ճարտարապետական մրցույթ, որին մասնակցել են 300 նախագծեր։ Հաղթել են Բեռլինի լանդշաֆտային ճարտարապետական բյուրոյի երկու նախագծեր և Զոլոտուրնից մեկ նախագիծ։ Նախագծերն իրականացվել են 1998-2009 թվականներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. KASSANDRA. «Перед Рейхстагом». Турбина.ру — крупнейшее русскоязычное туристическое сообщество. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  2. «Площадь Республики перед Рейхстагом: описание, фото, контакты, гиды, экскурсии». rutraveller.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.

Գրականություն խմբագրել

  • Wolfgang Ribbe, Jürgen Schmädicke: Kleine Berlin-Geschichte, Stapp-Verlag, Berlin 1994, ISBN 3-87776-222-0
  • Heinz Ohff und Rainer Höynck (Hrsg.): Das BerlinBuch, Stapp-Verlag, Berlin 1987, ISBN 3-87776-231-X
  • Berliner Plätze von Hans-Werner Klünner, Fotografien von Max Missmann, Nicolaische Verlagsbuchhandlung Beuermann GmbH, Seiten 76-79, Berlin 1996; ISBN 3-87584-610-9

Արտաքին հղումներ խմբագրել