Հայցային վաղեմություն, իրավաբանական տերմին, քաղաքացիական իրավունքի ինստիտուտ, օրենքով սահմանված ժամանակահատված, որի ընթացքում անձն իր խախտված իրավունքի պաշտպանության համար իրավունք ունի դիմելու դատարան։ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում հայցային վաղեմությունն իր ամրագրումն է գտել 21-րդ գլխում՝ 331-344-րդ հոդվածներում։ Հայաստանի քաղաքացիական իրավունքում հայցային վաղեմությունը համարվում է իմպերատիվ ժամկետ, այսինքն՝ կողմերը պայմանագրով այս ժամկետը չեն կարող փոփոխել։

Հայցային վաղեմության ծագումը խմբագրել

Հայցային վաղեմության ժամկետը (անգլերեն՝ laches) ծագում է ֆրանսերեն laschesse բառից, որ նշանակում է անփութություն և զգոնություն բառի հականիշն է[1][2]։ ԱՄՆ Գերագույն դատարարանի կողմից 1961 թվականին «Կոստելլոն ընդդեմ ԱՄՆ»-ի գործով կայացրած որոշումը հաճախ համարվում է հայցային վաղեմության առաջին պաշտոնական մեկնաբանումը[3]։ Հայցային վաղեմության ժամկետը պաշտպանության կողմի համար յուրահատուկ երաշխիք է։ Եթե հայցվորը հայց է հարուցում դատարան, բայց անցել է հայցային վաղեմության ժամկետը, պաշտպանության կողմը կարող է հանդես գալ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությամբ, և այս դեպքում դատարանը պարտավոր է մերժել հայցը՝ անկախ պահանջի հիմնավորվածությունից։

Հայցային վաղեմության ժամկետը կարևոր է այնքանով, որ ժամանակի ընթացքում ապացույցները կարող են կորչել կամ վնասվել, կամ վկաների հիշողությունը կարող է խամրել, հանգամանքները՝ փոխվել, ինչը էական վնաս կպատճառի գործի քննությանը։

Հայցային վաղեմության ժամկետի տեսակները խմբագրել

Սովորաբար առանձնացնում են հայցային վաղեմության երկու տեսակ․

  • ընդհանուր ժամկետ, այն ժամկետներն են, որոնք տարածվում են բոլոր տեսակի իրավահարաբերությունների վրա, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է․
  • հատուկ ժամկետ, որոնք սահմանվում են պահանջների որոշակի տեսակների համար, և որոնց տևողությունը պակաս կամ ավելին է ընդհանուր ժամկետից (օրինակ՝ վիճարկելի գործարքների անվավերության համար սահմանված է մեկ տարվա հայցային վաղեմության ժամկետ)։

Հայցային վաղեմության ինստիտուտի կարևորությունը հաշվի առնելով՝ օրենսդիրը այս ինստիտուտին տվել է իմպերատիվ, այսինքն՝ հրամայական բնույթ։ Սա նշանակում է, որ կողմերի համաձայնությամբ չի թույլատրվում փոխել հայցային վաղեմության ժամկետը կամ դրա հաշվարկման կարգը։

Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը խմբագրել

Իրավունքում ժամկետների ընդհանուր հասկացության համաձայն՝ ժամկետ է համարվում այն որոշակի ժամանակահատվածը՝ տարի, ամիս, եռամսյակ, կամ ժամանակի պահը՝ օր, ժամ, որի անցնելու հետ օրենքը կապում է որոշակի իրավական հետևանքներ։ Հայցային վաղեմությունը ժամկետի տեսակ է, որը դրսևորվում է քաղաքացիական իրավունքում, և այդ ժամկետի անցման հետ օրենքը կապում է կողմի՝ դատարան դիմեկու հնարավորությունը։ Հայցային վաղեմությունը սկսում ենք հաշվել այն պահից, երբ անձը իմացել է կամ պարտավոր էր իմանալ, որ իր իրավունքը խախտվել է։ Եթե սահմանված է ժամանակի կոնկրետ պահ, օրինակ՝ սեպտեմբերի 8, ապա հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել այդ օրվան հաջորդող օրվանից։ Կարող են լինել իրավիճակներ, երբ հայցային վաղեմության ժամկետը կասեցվի։ Կասեցման էությունն այն է, որ ժամկետի մեջ չի հաշվվում այն ժամանակահատվածը, երբ անձը զրկված է եղել իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու հնարավորությունից։ Հայցային վաղեմության հիմքերը նախատեսվում են օրենքով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածում։ Հայցային վաղեմության ժամկետը կասեցվում է, եթե .

  1. հայցի ներկայացմանը արգելք է հանդիսացել արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք (անհաղթահարելի ուժ). իրավունքում անհաղթահարելի ուժ (vis major) է կոչվում այն իրավիճակը, օրինակ՝ երկրաշարժը, տարերային այն աղետները, որ տեղի է ունենում անձի կամքից անկախ և անձն ի զորու չէ կանխել այն,
  2. հայցվորը կամ պատասխանողը գտնվում է ռազմական դրության փոխադրված զինված ուժերի կազմում.
  3. օրենքի հիման վրա Հայաստանի կառավարության կողմից սահմանվել է պարտավորությունների կատարման հետաձգում (մորատորիում). պարտավորությունների տարաժամկետում կամ մորատորիում է կոչվում այն իրավիճակը, երբ պարտապանին, օրենսդրության պահանջներից անկախ, պարտքի մարման տարաժամկետում, հետաձգում է տրվում[4],
  4. անգործունակ անձն օրինական ներկայացուցիչ չունի.
  5. կասեցվել է համապատասխան հարաբերությունը կարգավորող օրենքի կամ այլ իրավական ակտի գործողությունը։

Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է միայն այն դեպքում, երբ սույն հոդվածում նշված հանգամանքները ծագել են կամ շարունակել են գոյություն ունենալ վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում։ Եթե հայցային վաղեմության հատուկ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից, ապա հայցային վաղեմության ժամկետը կասեցվում է, եթե վերոնշյալ հիմքերը ծագել են հայցային վաղեմության ժամկետի ընթացքում։ Վաղեմության ժամկետի կասեցման համար հիմք ծառայած հանգամանքը դադարելու օրվանից շարունակվում է ժամկետի ընթացքը։ Ժամկետի մնացած մասը երկարաձգվում է մինչև վեց ամիս, իսկ եթե հայցային վաղեմության ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից՝ մինչև վաղեմության ժամկետը։

Հայցային վաղեմության ժամկետը կարող է նաև ընդհատվել։ Իրավունքում ժամկետի ընդհատում ասելով հասկանում ենք այն իրավիճակը, երբ ժամկետի հաշվարկը դադարեցվում է, և այն սկսում են հաշվել նորից։ Հայցային վաղեմության ընդհատման դեպքում մինչև ընդհատման պահը անցած ժամանակահատվածը հաշվի չի առնվում, և հայցային վաղեմությունը սկսում է հոսել նորից։ Հայցային վաղեմության ընդհատման հիմքերը ևս սահմանված են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով։ Օրենսգրքի 340-րդ հոդվածը սահմանում է այդպիսի երկու հիմք․

  1. եթե սահմանված կարգով հայց է հարուցվում դատարան,
  2. եթե պարտավոր անձը կատարում է այնպիսի գործողություններ, որոնք վկայում են պարտքի ճանաչման մասին։

Եթե դատարան հայց է հարուցվում, այն քննվում է, բավարարվում կամ մերժվում։ Սակայն կարող են լինել նաև այնպիսի դեպքեր, երբ դատարանը հայցը չքննի։ Այդպիսի դեպքերում դատարանը կասեցնում է գործի վարույթը, այսինքն՝ գործի դատաքննությունը, իսկ հայցային վաղեմության ժամկետը ընդհատվում է և սկսում է նորից հոսել սկզբից։ Սա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ դատարանը ընդունել է հայցադիմումը։ Եթե դատարանը հայցադիմումը չի ընդունում, ապա հայցային վաղեմության ժամկետը չի ընդհատվում և շարունակում է հաշվարկվել ընդհանուր կարգով։ Պարտքի ընդունումը պարտապանի կողմից կարող է արտահայտվել տարբեր գործողություններով։ Այդպիսի գործողություն կարող է հանդիսանալ պարտքի մի մասի վճարումը, կամ օրինակ՝ պարտքը հավաստող նամակ, գրություն ուղարկելը, նման հայտարարությամբ հանդես գալը։ Անկախ նրանից, թե ինչ ձևով է պարտապանն ընդունում իր պարտքը, հայցային վաղեմության ժամկետը ընդհատվում է։ Քաղաքացիական իրավունքում հայցային վաղեմության ինստիտուտի առկայությունը թույլ է տալիս խուսափել դատարանին ուշացած ներկայացված դիմումներից, ինչն էլ իր հերթին ապահովում է քաղաքացիական իրավունքի շրջանառության կայունությունը։

Պահանջներ, որոնց վրա հայցային վաղեմություն չի տարածվում խմբագրել

Թեև հայցային վաղեմությունն անչափ կարևոր ինստիտուտ է, կան պահանջներ, որոնց վրա հայցային վաղեմություն չի տարածվում։ Այսինքն՝ կան քաղաքացիական այնպիսի իրավունքներ, որոնց պաշտպանության համար անձը կարող է դատարան դիմել ցանկացած ժամանակ։ Այսպիսի բացառություններ սահմանելը կապված է այդ իրավունքների կարևորության ու բնույթի հետ։ Այս պահանջների ոչ լրիվ ցանկը սահմանում է ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը։ Մասնավորապես, այդպիսի պահանջներ են․

  1. անձնական ոչ գույքային իրավունքների և այլ ոչ նյութական բարիքների պաշտպանությանն ուղղված պահանջների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.քաղաքացիական իրավունքում անձնական ոչ գույքային իրավունքներ են համարվում անհատի կամ խմբի ոչ նյութական բարիքների (օրինակ՝ պատիվ, արժանապատվություն) և բարոյաքաղաքական գնահատականի (օրինակ՝ գործարար համբավ) կապակցությամբ առաջացող հասարակական հարաբերություններ են։ Անձնական ոչ գույքային իրավունքների շարքն են դասվում նաև հեղինակային իրավունքը, անվան իրավունքը և այլն։
  2. ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա։ Սա շատ բնական է, քանի որ քաղաքացին ավանդ չի ներդնի, եթե իմանա, որ որոշ ժամանակ անց կարող է չստանալ իր ավանդը։
  3. քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների վրա։ Սակայն եթե պահանջը ներկայացվել է կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման իրավունքի ձեռքբերումից 10 տարի և ավելի ժամանակ անց, ապա պահանջը բավարարվում է ոչ ավելի, քան ներկայացմանը նախորդած երեք տարիների համար։
  4. սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277).
  5. սեփականատիրոջ կողմից պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի այն ակտը անվավեր ճանաչելու մասին պահանջների վրա, որով խախտվել են սեփականությունը տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու իր իրավունքները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Garner, Bryan A., ed. (2009). «Laches [Definition of 'laches' by Black's]». Black's Law Dictionary (9th ed.). ISBN 0314199497. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  2. «Laches [Definition of 'laches' by Merriam-Webster]». merriam-webster.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  3. Fort, Kathryn E. (2009). «The New Laches: Creating Title Where None Existed». George Mason Law Review. 16: 357. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  4. [1] Արխիվացված 2017-03-23 Wayback Machine Մորատորիումի մասին

Գրականություն խմբագրել

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք/ Տ․Բարսեղյան; Երևանի պետական համալսարան-չորրորդ հրատարակություն/ Երևան։ «Տիգրան Մեծ» հրատ․,2014, Առաջին մաս
  • Иен Айвори, Антон Рогоза. Использование английского права в российских сделках = / Use of English law in Russian Transactions. — М.: «Альпина Паблишер», 2011. — 136 с. — (Библиотека компании «Goltsblat BLP»). — ISBN 978-5-9614-1518-6.
  • Давность / Ринг М. П. // Гоголь — Дебит. — М. : Советская энциклопедия, 1972. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 7).

Արտաքին հղումներ խմբագրել