Հայկական որոր (լատին․՝ Larus armenicus), հայտնի է նաև որպես սևանյան արծաթափայլ որոր, որորների ցեղին պատկանող խոշոր ջրային թռչուն, որը համարվում է Հայկական լեռնաշխարհի էնդեմիկ կենդանատեսակ։ Համարվում է որորանմանների ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը։

Հայկական որոր
Հայկական որորը Սևանի թերակղզում։
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Ընտանիք Որորանմաններ
Ցեղ Որորներ
Տեսակ Հայկական որոր
Լատիներեն անվանում
Larus armenicus
Buturlin, 1934
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
տաքսոնի տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Նախկինում հայկական որորը դասակարգվում էր որպես եվրոպական արծաթափայլ որորի ենթատեսակ, սակայն միտոքոնդրիալ ԴՆԹ-ի, վարքի և թռչնի փետուրների մանրազնին ուսումնասիրության արդյունքում 1990-ական թվականների վերջին այն ստանում է առանձին տաքսոնի կարգավիճակ։ Այնուամենայնիվ, որոշ գիտնականներ, ինչպես նաև «BirdLife International» կազմակերպությունը մինչ օրս հայկական որորին համարում են միջերկրածովյան որորի (Larus michahellis) ենթատեսակ։

Տարածված է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։ Հայկական որորը միակ թռչնատեսակն է, որը Հայաստանում կազմում է աշխարհի ամենախոշոր բնադրագաղութը և ներկայացված է բնաշխարհիկ տեսակի կարգավիճակով։ Հայաստանում են գտնվում թռչնատեսակի ամենամեծ պոպուլյացիաները՝ «Արփի լիճ» և «Սևան» ազգային պարկերի տարածքում։ Սևանա լճի վրա գտնվող և «Նորաշեն» արգելոցի պաշտպանության ներքո գտնվող կղզիներից մեկը ստացել է «Որորների կղզի» անվանումը։

Հայկական որորը ունի վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակի կարգավիճակ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Դասակարգում խմբագրել

Հայկական որորն առաջին անգամ նկարագրվել է 1934 թվականին ռուս անվանի թռչնաբան Սերգեյ Ալեքսանդրովիչ Բուտուրլինի կողմից որպես «Larus taymirensis»-ի ենթատեսակ[1]։ Հայկական որորի՝ որպես առանձին տաքսոնի, դասակարգման վերաբերյալ առաջին տեսակետները ի հայտ են գալիս 1960-ական թվականներին՝ «Larus» ցեղի ներքո սպիտակագլուխ որորների ենթացեղի ստեղծման վերաբերյալ քննարկումների շրջանակներում[2]։

Չնայած նրան, որ Հայկական լեռնաշխարհում հանդիպող որորներին որպես առանձին կենսաբանական միավոր դասակարգելու գաղափարի շուրջ հիմնականում այդ փուլում հնչեցվում են դրական կարծիքներ, այնուամենայնիվ, այն միջազգային գիտական շրջանակների կողմից քննարկման առարկա է դառնում միայն 1999 թվականին՝ գերմանացի թռչնաբաններ Դորիթ Լիբերսի և Անդրեաս Հելբիգի նախաձեռնությամբ։ Հետազոտությունների արդյունքները փաստում են, որ ուսումնասիրված աշխարհագրական գոտում բնակվող թռչունների գերակշիռ մասը ունեն նույնանման, ինքնատիպ ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական կառուցվածք, ինչը վերջիններիս հստակորեն տարբերակում է միջերկրածովյան որորներից։ Բայց և այնպես, թիրախավորված բնական արեալում գտնվել են նաև միջանկյալ տիպի թռչուններ, որոնց ֆենոտիպը խրթին է դարձնում դրանց տեսակային դասակարգման հարցը։ Միջերկրածովյան որորին բնորոշ միտոքոնդրիալ հապլոտիպերը տարածված են արևմտյան Թուրքիայում, բայց և Փոքրասիական բարձրավանդակից արևելք ընկած տարածություններում չեն հանդիպում։

Հայկական լեռնաշխարհում հանդիպող որորների ուսումնասիրության արդյունքները խոսում են մի կողմից առանձնյակների վերարտադրողական մեկուսացման, մյուս կողմից՝ միջերկրածովյան որորից հայկական որոր գեների ներհոսքի մասին, ինչն էլ վերահաստատում է «larus armenicus» առանձին տաքսոնոմիական միավորի ստեղծման նպատակահարմարությունը[3]։ Ներկայումս հայկական որորը որպես «Larus michahellis»-ի քույր տաքսոն, գտնվում է տեսակային զարգացման պարբերափուլում, որի արդյունքում կարող են ի հայտ գալ նաև այս թռչնի այլ ենթատեսակներ։

Հայկական որորը երբեմն դասակարգվում է նաև որպես արծաթափայլ որորի (Larus argentatus) ենթատեսակ։

Մորֆոլոգիա խմբագրել

 

Ֆիլոգենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ գենետիկական մակարդակում հայկական որորն առավել սերտ առնչություններ ունի միջերկրածովյան կամ դեղնաոտ որորի հետ (larus taymirensis, larus barabensis, larus cachinnans տեսակների չդիտարկման պարագայում)։ Հայկական որորն ու միջերկրածովյան որորը միտոքոնդրիալ հապլոտի ֆիլոգենիայում ներկայացված են երկու հստակ կլաստերներով (տե՛ս աջ մասում ներկայացված գծապատկերը), սակայն ակնհայտ է նաև տեսակների գենային հոսքը (միջերկրածովյան որորից՝ հայկական որոր) համատեղ պոպուլյացիոն գոյակցության պայմաններում[4]։

 
Միջերկրածովյան (դեղնաոտ) որորներ (Larus michahellis) Գրան Կանարիա կղզում, Լաս Պալմաս։

Գենետիկական հոսքը նկատելի է առավելապես Փոքրասիական բարձրավանդակում (արևելյան Թուրքիա) բնակվող առանձնյակների շրջանում։ Սա հավաստում է տարբեր աշխարհագրական տարածաշրջաններում (կենտրոնական Անատոլիա, Սևանա լիճ և այլն) հիբրիդացման գործընթացի շարունակականության մասին, ինչն էլ, որպես հետևանք, կարող է առաջացնել «larus armenicus» տեսակի նոր ենթատեսակներ։ Չնայած զանգվածային բնույթ կրող արտատեսակային վերարտադրողական գործընթացներին, Թուզ և Վանա լճերի շրջակայքում հանդիպող ֆենոտիպորեն «մաքուր» հայկական որորները գենետիկ մակարդակում զգալի կերպով տարվերվում են միջերկրածովյան որորներից։ Երկու հապլոտիպային խմբերի գենետիկ շեղումը (միջինում՝ 2,05% ՝ 1-ին տիրույթի 420 նուկլեոտիդներում, տե՛ս գծապատկերում) ցույց է տալիս երկու քույր թռչնատեսակների միջև համեմատաբար երկարաժամկետ տեսակային տարանջատում և միմյանցից անկախ էվոլյուցիա, որը, այնուամենայնիվ, դեռևս չի հանգել լիարժեք վերարտադրողական մեկուսացման։ Սրա մասին հավաստում է այն հանգամանքը, որ համեմատաբար գենետիկորեն մեկուսի հայկական որորների պոպուլյացիա ունեցող Վանա լճի շրջակայքում հետազոտված թռչունների 14%-ի մոտ դեռևս առկա են միջերկրածովյան որորի տեսակային հապլոտիպեր։ Բեհյեհիրի ֆենոտիպորեն խառը թռչնագաղութում ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են 62% Larus michahellis տեսակի հապլոիդ բջիջներ[4]։

Փոքրասիական բարձրավանդակի երեք թռչնագաղութներում կատարված թվով 97 հայկական որորների ուսումնասիրության (10՝ սեռահասուն, 87՝ երիտասարդ) արդյունքում հայտնաբերվել է 12 տարբեր հապլոտիպեր (հաջորդականություններ, որոնք տարբերվում էին մյուսներից առնվազն մեկ նուկլեոտիդում)։ Հայտնաբերված հապլոտիպերը ներկայացված են գծապատկերում։ Այդ 12 հապլոտիպերից երեքը նույնական էին Միջերկրական ծովի կղզիներում բնակվող Larus michahellis-իհապլոտիպերին, բայց մնացյալը՝ նույնականացվել են միայն Թուրքիայի ներքին գաղութներ բնակվող թռչունների գեների հետ[4]։

Նկարագրություն խմբագրել

Արտաքին տեսք խմբագրել

Հայկական որորին բնորոշ թևերի փետուրների գունավորում։
տարբերակ 1՝ թևի ծայրի մասի փետուրները խիստ սև են (զբաղեցնում են թևի կեսը), միջանկյալ հատվածում դրանա ավելի բացանում են՝ պահպանելով գորշ գունավորումը և ուսի հատվածում միայն նշմարվում է ճերմակ փետրածածկ։
տարբերակ 2՝ թևի ծայրամասի վառ սև փետրածածը համեմատաբար զբաղեցնում է ավելի քիչ տարածություն, իսկ միջանկյալ հատվածը արծաթափայլ ճերմակ է՝ հատուկենտ գորշ փետուրներով։ Սպիտակագորշավուն փետրածածկ հայտնվում է միայն ուսագլխի հատվածում։
 
Դեռահասության տարիքի հայկական որոր Ադանայում՝ թռիչքի վիճակում։ Տեսանելի են թռչնի երիտասարդ տարիքը բնորոշող շագանակագույն փետուրները։

«Lupus armenicus»-ը բավականին խոշորամարմին որոր է, չնայած, մեծ հաշվով, ամենափոքրն է, ասյպես կոչված «արծաթափայլ որորների» խմբում։ Չափերը միջինում տատանվում են 52-ից մինչև 62 սմ, թևերի բացվածքը՝ 120-ից 145 սմ, իսկ քաշը՝ 600-960 գրամ[5]։ Որպես համեմատական օրինակ՝ արծաթափայլ որորն ունի 54-60 սմ երկարություն, թևերի բացվածքը 123-148 սմ է[5], իսկ քաշը՝ 720-1500 գրամ[5]։ Սեռական դիմորֆիզմը այս թռչնատեսակների շրջանում բացակայում է, ինչը նշանակում է, որ արտաքին տեսքի տարբերակման չափանիշ կարող է հանդիսանալ ոչ թե սեռը, այլ որորի տարիքը։

Երիտասարդ թռչուններն ակնհայտորեն տարբերվում են առավել հասուն առանձնյակներից, իսկ բաց գունավորում ստանում են միայն կյանքի երրորդ-չորրորդ տարում[6]։ Փետուրները բազմերանգ են։ Ճակատի, ծնոտի, գլխի և կողքի փետուրները կեղտոտ սպիտակ գույն ունեն՝ բազմաթիվ ուղղահայաց մուգ գծերով և պուտերով։ Գլխի հետին մասը, վզի կողային հատվածները ևս սպիտակ են։ Մեջքի փետուրները շագանակագույն են, երբեմն նաև դարչնագույն։ Կյանքի երկրորդ տարում մարմնի գույնը աստիճանաբար սկսում է բացվել, շագանակագույն փետուրները փետրաթափ են լինում՝ մարմնին հաղորդելով առավել բաց երանգավորում[6]։ Կյանքի երկրորդ տարում հայկական որորներին մեջքին հայտնվում է բաց մոխրագույն ծածկույթ, իսկ արդեն երրորդ-չորրորդ տարում դրանք արդեն գերակշռում են մարմնի վերին հատվածներում։

 
Հայկական որորը Սևանավանքի շրջակայքում։ Փետուրների գունավորումից դատելով՝ միջին տարիքի որոր։

Չնայած նրան, որ հայկական որորը առանձին ենթատեսակներ չունի, այնուամենայնիվ, թռչունների արտաքին նկարագրությունը մեծապես պայմանավորված է վերջիններիս բնակության արեալով։ Սա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ հայկական որորի տեսակային էվոլյուցիան դեռ չի հանգել որորների ցեղի այլ պոպուլյացիաներից լիակատար վերարտադրողական մեկուսացման, ինչն էլ տարբեր արեալներում դառնում է հիբրիդացման պատճառ՝ նոր սերնդի շրջանում ապահովելով երկակի գեներ։ Օրինակ՝ Փոքրասիական բարձրավանդակի Բեհյեշեհիր լճի շրջակայքում բնակվող հայկական որորները (այս տարածքում տարածված են նաև միջերկրածովյան որորներ) արտաքին տվյալներով որոշակիորեն տարբերվում են «Նորաշեն» արգելոցի տարածքում (մեկուսի թռչնագաղութ) հանդիպող հայկական որորներից[7]։

Որորի արտաքին տվյալները մեծապես պայմանավորված են նաև եղանակային պայմաններով։ Օրինակ՝ հայկական որորն աչքի է ընկնում կտուցի ծայրի հատվածում առկա կարմրավուն բծով, որը ձմռան ամիսներին կարող է ձեռք դառնալ սև։ Դեռահաս տարիքում հայկական որորներին չափազանց դժվար է տարբերակել միջերկրածովյան դեղնաոտ որորից[8], սակայն ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս «larus armenicus» տեսակին բնորոշ հատկանիշներ։ Հայկական որորն իր կյանքի առաջին ձմեռն անցկացնում է տեղ-տեղ շագանակագույն, տեղ-տեղ սպիտակ երանգավորում ունեցող փետրածածկույթով։ Երկրորդ ձմռան ժամանակ մեջքի շրջանում հայտնվում են մոխրագույն փետուրներ, աստիճանաբան փետուրները սկսում են սպիտակել և արդեն փետրվարին, որպես կանոն, շագանակագույն կամ դարչնագույն փետուրները գրեթե իսպառ բացակայում են[8]։ Երրորդ ձմռանը թևի ծայրին գտնվող սև փետուրներն ընդարձակվում են՝ հաճախ նույնիսկ ավելի, քան սեռահասուն տարիքով ավելի հասուն առանձնյակների մոտ․ այս տարիքում դեռևս կարելի է տեսնել մուգ պոչի որոշ մնացորդներ, որոնք գլխավորապես բնորոշ են դեռահաս առանձնյակներին։ Չորրորդ ձմռան ընթացքում թռչյուններն արտաքույս այլևս չեն տարբերվում մեծահասակներից[8]։ Թռչելիս երևում են արտաքին թևի խոշոր սև հատվածը և առաջնային թափափետուրների առաջին փետուրի սպիտակ բիծը։

Հայկական որորի տքերը դեղին են, կտուցը՝ մուգ շերտով։ Բնադրման շրջանում ոտքերը վառ նարնջագույն են, կտուցը՝դեղին՝ ենթակտուցի ծայրին մոտ կարմիր պտով[6]։ Աչքի ծիածանաթաղանթի գույնը հասունացմանը զուգընթաց գունափոխվում է՝ շագանակագույնից դառնալով մուգ սև[6]։ Արտաքին սեռական օրգանները գունային տարբերությամբ աչքի չեն ընկնում։

Տարբերակումն այլ տեսակներից խմբագրել

Ի տարբերություն սեռականորեն չհասունացած թռչունների, հասուն առանձնյակները համեմատաբար հեշությամբ են տարբերակվում այլ որորներից։ Իր որոշ ցեղակիցների համեմատ, արծաթափայլ որորները մարմնով ակնհայտորեն առավել մեծ են, նաև բնութագրվում են յուրահատուկ մորֆոլոգիական հատկանիշներով։ Հայկական որորի (Larus armenicus) թևերի շրջանում սև երանգավորումը ավելի լայն է՝ համեմատաբար ավելի քիչ սպիտակ բծերով։ Կարևոր տարբերակիշ հատկանիշ է նաև աչքի ծիածանաթաղանթի վառ սև գունավորումը։ Օդուենի որորը (Larus audouinii) ավելի նրբամարմին է և ունի մուգ կարմիր կտուց ու մոխրագույն ոտքեր։ Ծովային որորների վերին հատվածների փետուրները շատ ավելի մուգ են՝ կապարամոխրագույն կամ սև։ Կտուցը կարճ է։ Larus ichthyaetus տեսակի որորների գլուխը մուգ գույն ունի, ոչ թե բաց, ինչպես արծաթափայլ որորինը։ Մոխրագույնաթև որորների (Larus glaucescens) և Larus hyperboreus որորների մոտ թևերի վերջավորությունները ավելի սպիտակ են, այլ ոչ թե՝ սև։

Ձայն խմբագրել

Հայկական որորի կչկչոցը։

Հայկական որորի կչկչոցը նման է միջերկրածովյան որորին[9]։ Այն բավականին սուր է և խռպոտ, և ոչ այնքան մեղեդային, որքան, օրինակ, արծաթափայլ որորի ձայնը։ Հայկական որորի ձայնի սոնոգրամի ուսումնասիրության արդյունքում կարելի է գալ այն եզրահանգման, որ դրա հարմոնիկական կառուցվածքը զգալի նմանություններ ունի նաև կասպիական կամ քրքջան ճայերի ձայնային ելևէջների հետ։ Գլխավոր նմանությունը արձակած ձայների հաճախակիությունն է[10]։

Տարածվածություն խմբագրել

Տարածվածության արեալ խմբագրել

Բնական միջավայր խմբագրել

Միգրացիա խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. S. A. Buturlin: Larus taimyrensis armenicus, subsp. nov. in Short notes [1934] Ibis ser. 13 (4): 171-172., s. Weblinks
  2. Jürgen Haffer: Systematik und Taxonomie der Larus argentatus-Artengruppe in Urs N. Glutz von Blotzheim, K. M. Bauer: Handbuch der Vögel Mitteleuropas, Band 8/I, Charadriiformes (3. Teil), Schnepfen-, Möwen- und Alkenvögel, AULA-Verlag, ISBN 3-923527-00-4
  3. Liebers (2000), S. 64f sowie Collins (2008), S. 352, s. Literatur
  4. 4,0 4,1 4,2 Դորիթ Լիբերս, Անդրեաս Ջ․ Հելբիգ. «Armenicus-ի և michahellis-ի կարգաբանական ծառի վերականգնում». www.gull-research.org. Limicola. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  5. 5,0 5,1 5,2 Gulls of North America, Europe, and Asia by Klaus Malling Olsen & Hans Larsson. Princeton University Press (2004). 978-0691119977.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Armenian Gull - A Field Guide to Birds of Armenia ::Acopian Center for the Environment». www.acopiancenter.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  7. A. V. Filchagov. The Armenian Gull in Armenia (PDF).(չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 8,2 Olson / Larsson (2003), S. 300–307, s. Literatur
  9. «Armenian Gull - Larus armenicus». Bird Watchers Guide (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  10. «Larus armenicus - ձայն». www.gull-research.org. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական որոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական որոր» հոդվածին։