Հայկական կինո, կինոարվեստն ու կինոարտադրությունը Հայաստանում։ Հայկական կինոարվեստն սկզբնավորվել է ռուս և եվրոպացի կինոօպերատորների նկարահանած փաստավավերագրական ֆիլմերով։ Հայկական կինեմատոգրաֆի առաջին կադրերն ստեղծել է Ալեքսանդր Դիգմելյովը 1911 թվականին Սբ․ Էջմիածնում՝ նկարահանելով Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու թաղման արարողությունը։ Այդ կադրերը հետագայում համարվել են կորած, սակայն գտնվել են 2013 թվականին կինովավերագիրներ Ս. և Տ. Մաթոսյանների կողմից։

«Մոսկվա» կինոթատրոնը Երևանում

1912 թվականին եգիպտահայ հրատարակիչ Վահան Զարդարյանը ստեղծել է հայկական թեմայով առաջին հայկական կինոնկարը, որ կոչվել է պարզապես «Հայկական սինեմա»։ Ֆիլմի շնորհանդեսը կայացել է 1913 մարտի 13-ին Կահիրեում[1]։

1913 թվականին Իվան Պերեստիանին Ալեքսանդր Խանժոնկովի ստուդիայում էկրանավորել է Շիրվանզադեի «Նամուս» վիպակը (ֆիլմը՝ «Երդումով կապվածները», սցենարիստ և զլխավոր դերակատար՝ Վահրամ Փափազյան)։

Պատմություն խմբագրել

Հայկական կինոյի սկզբնավորումը։ Համր կինո խմբագրել

Հայկական կինոարվեստն սկզբնավորվել է ռուս և եվրոպացի կինոօպերատորների նկարահանած փաստավավերագրական ֆիլմերով։ Առաջին կինոկադրերն ստեղծվել են 1907-1914 թվականներին. 1907 թվականին նկարահանվել է Մկրտիչ Ա Վանեցի (ցուցադրվել է Թիֆլիսում և Բաքվում), 1910 թվականին՝ Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի (օպերատորներ՝ Ալեքսանդր Դիգմելյով և Ա. Միներվին) կաթողիկոսների թաղումները։

1913 թվականին Իվան Պերեստիանին Ալեքսանդր Խանժոնկովի ստուդիայում էկրանավորել է Շիրվանզադեի «Նամուս» վիպակը (ֆիլմը՝ «Երդումով կապվածները», սցենարիստ և գլխավոր դերակատար՝ Վահրամ Փափազյան)։ Նախահեղափոխական շրջանի ռուսական կինոյում նկարահանվել են դերասաններ Արշավիր Շահխաթունին, Արուս Ոսկանյանը, Արշակ Բուրջալյանը, Օլգա Մայսուրյանը, թուրքական կինոյում՝ Վահրամ Փափազյանը և Հրաչյա Ներսիսյանը։ 1915 թվականին Ա. Միներվինը Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար) մի խումբ հայ սիրող դերասանների մասնակցությամբ նկարահանել է «Թուրքահայերի ողբերգությունը» կինոնկարը։ Մինչև հեղափոխությունը ռուսական կինոյի ճանաչված դերասան էր հետագայում հայկական գեղարվեստական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանը։

Ռուս կինոօպերատորներն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) Կովկասյան ռազմաճակատում փաստագրական բազմաթիվ նկարահանումներ են կատարել, որոնց մեծ մասը նվիրված է հայ ժողովրդի կյանքին։ Կինոնյութեր են ստեղծվել նաև 1918-1920 թվականներին։ 1920 թվականին կինոօպերատոր Ալեքսանդր Լեմբերգը նկարահանել է վավերագրական կինոակնարկ՝ նվիրված Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։

ՀԽՍՀ ժողկոմխորհը 1923 թվականին (համարվում է հայկական կինոյի ծննդյան տարեթիվը) որոշում է ընդունել մասնավոր կինոթատրոններն ազգայնացնելու և Պետկինո հիմնելու մասին։ 1923 թվականի աշնանը Պետկինոյի հիման վրա ստեղծվել է Պետֆոտոկինո բաժնետիրական ընկերությունը, որը մինչև 1928 թվականը կոչվել է Կինոֆաբրիկա, ապա՝ Հայկինո, 1938 թվականից՝ Երևանի կինոստուդիա, 1957 թվականից՝ Հայֆիլմ (1966 թվականից՝ Հ. Բեկնազարյանի անվան)։

1924 թվականից կինոթատրոններ են բացվել Երևանում, Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր), Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ), Ստեփանավանում։ Նույն թվականին օպերատոր Իգոր Կրասլավսկու ղեկավարությամբ նկարահանվել է «Խորհրդային Հայաստան» 6-մասանոց վավերագրական ֆիլմը (սցենարը՝ Եղիա Չուբարի, Դանիել Դզնունու, Պ. Ֆոլյանի)։ Հայտարարվել է լավագույն սցենարի մրցույթ առաջին գեղարվեստական ֆիլմի համար, սակայն գեղխորհդի որոշմամբ էկրանավորվել է Շիրվանզադեի «Նամուսը»։ Նկարահանել է Համո Բեկնազարյանը, որը 1921 թվականից աշխատում էր վրացական կինոստուդիայում (Հայաստանում հաստատվել է 1926 թվականին)։ «Նամուս» ֆիլմում նկարահանվել են դերասաններ Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Համբարձում Խաչանյանը, Օլգա Մայսուրյանը, Ավետ Ավետիսյանը, Հրաչյա Ներսիսյանը, Նինա Մանուչարյանը։ Ֆիլմն աչքի է ընկնում արտահայտիչ կինոլեզվով, ժողովրդի բարքերն ու կենցաղի մանրամասերը պատկերելու հավաստիությամբ։

Համո Բեկնազարյանի այդ և հաջորդ կինոնկարները հաստատել են նրա վարպետությունն ու ինքնատիպությունը։ Մեծակտավ, էպիկական «Զարե» (1926, քրդերի մասին) և «Խասփուշ» (1927, Իրանում գյուղացիների ապստամբության մասին) ֆիլմերում հայ կինոգործիչներն անդրադարձել են նաև այլ ժողովուրդների հոգսերին։ Այդ կինոնկարներում Արևելքն արտացոլված է հակասությունների իրական համատեքստում։

Հայկական կինոյի համր շրջանը հարուստ է կատակերգական կինոնկարներով՝ «Շոր և Շորշոր» (1926, ռեժ.՝ Հ. Բեկնազարյան), «Մեքսիկական դիպլոմատները» (1931, ռեժիսոր՝ Ամասի Մարտիրոսյան), «Կիկոս» (1931, ռեժիսոր՝ Պատվական Բարխուդարյան)։ Այլ կինոնկարներից են՝ «Չար ոգի» (1927, ռեժ.՝ Պ. Բարխուդարյան), «Խորտակված վիշապներ» (1932, ռեժ.՝ Լևոն Քալանթար), «Անուշ» (1933, ռեժ.՝ Ի. Պերեստիանի), «Երբ ծաղկում են այգիները» (1934, ռեժ.՝ Ջերգիզ Ժամհարյան) և այլն։

Համր կինոյի վերջին ֆիլմը «Գիքորն» է (ըստ Հովհաննես Թումանյանի, 1934, ռեժ.՝ Ա. Մարտիրոսյան), որը հուզիչ և նուրբ հոգեբանական պատմություն է գեղջուկ տղայի մասին։

Հնչուն կինո խմբագրել

1935 թվականին նկարահանվել է հայկական առաջին հնչուն ֆիլմը՝ «Պեպոն» (ռեժ.՝ Համո Բեկնազարյան), որն ամփոփել է համր կինոյի նվաճումները և արժանացել միջազգային ճանաչման։ Ֆիլմն իր պարզությամբ, փայլուն դերակատարումներով, պատկերաշարի գունեղությամբ իրավամբ դարձել է ժողովրդական։

Հայկական կինոյի ազգային դպրոցի ձևավորման և կայացման շրջանը 1920-1930-ական թվականներն են։ 1930-ական թվականների վերջերին կինոյում նկատվել է ճգնաժամ, որը պայմանավորված էր տիրող վարչակարգի գաղափարախոսությամբ. գեղարվեստական ստեղծագործությունն արհեստականորեն պարփակել են որոշակի սխեմաների և կաղապարների մեջ։ Այդ տարիներին առավել կարևորվել է պատմահայրենասիրական թեման։ Ուշագրավ է «Զանգեզուր» (1938, ռեժ.՝ Հ. Բեկնազարյան) ֆիլմը, որն աչքի է ընկնում ժողովրդական գունեղ կերպարներով։ Արտաշես Հայ-Արտյանի «Կարո» ֆիլմը (1937) Հայաստանում քաղաքացիական կռիվների մասին է։ Պատմահեղափոխական թեմայով ֆիլմեր են նկարահանել Գուրգեն Մարինոսյանը («Սևանի ձկնորսները», 1938) և Ստեփան Կևորկովը («Լեռնային արշավ», 1939)։ Այդ ֆիլմերում նկատելի են մոտիվների և իրավիճակների նմանությունն ու կաղապարայնությունը, որոնք առավել ցայտունորեն են արտացոլվել ժամանակակից թեմայով կինոնկարներում («Լեռնային հեղեղ», ռեժ.՝ Պ. Բարխուդարյան, «Մեր կոլխոզի մարդիկ», ռեժ.՝ Ա. Հայ-Արտյան, երկուսն էլ՝ 1939)։

Հայրենական մեծ պատերազմը (1941-1945) նոր խնդիրներ է առաջադրել հայ կինեմատոգրաֆիստներին. բազմաթիվ կինոօպերատորներ մեկնել են ռազմաճակատ, երկրի կինոստուդիաների մեծ մասը թողարկել է պատերազմի մասին կարճամետրաժ ֆիլմեր։ Այդ շրջանի գեղարվեստական կինոնկարներն ստեղծվել են առավելապես հայրենասիրական թեմայով՝ «Գվարդիականի կինը» (1942, ռեժ.՝ Պ. Բարխուդարյան), «Դուստրը» (1943, ռեժ.՝ Հ. Բեկնազարյան) և այլն։ 1944 թվականին Համո Բեկնազարյանը նկարահանել է «Դավիթ Բեկ» ֆիլմը, որը նվիրված է XVIII դարի 1-ին կեսի հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարին։ Դավիթ Բեկի կերպարը Հրաչյա Ներսիսյանի անձնավորմամբ խորհրդային կինոյում համալրել է «Ալեքսանդր Նևսկի» (1938), «Բոգդան Խմելնիցկի», «Սուվորով» (երկուսն էլ՝ 1941) կինոնկարների պատմական հերոսների շարքը։

1946-1980-ական թվականների կինոն խմբագրել

Հետպատերազմյան առաջին տարիներին հայկական կինոյում առաջընթաց չի նկատվել. 1945-1954-ին Երևանի կինոստուդիայում նկարահանվել են 3 գեղարվեստական ֆիլմեր՝ «Անահիտ» (1947), «Արարատյան դաշտի աղջիկը» (1949, երկուսն էլ՝ ռեժ.՝ Համո Բեկնազարյան), «Լեռնային լճի գաղտնիքը» (1954, ռեժ.՝ Ա. Ռոու)։ 1950-ական թվականներին հայկական կինոյի պրոֆեսիոնալիզմի վերականգնման և գեղարվեստական որոնումների սկզբնավորման ժամանակաշրջանն է։ Կինոյի փորձված վարպետների շարքը համալրել են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները՝ Արտաշես Հայ-Արտյան, Ստեփան Կևորկով, Էրազմ Քարամյան, Լևոն Իսահակյան, Լաերտ Վաղարշյան, Գրիգոր Մելիք-Ավագյան, Յուրի Երզնկյան, ավելի ուշ՝ Հենրիկ Մալյան, Արման Մանարյան, Ֆրունզե Դովլաթյան, Արկադի Հայրապետյան, Հենրիկ Մարգարյան և ուրիշներ։ Այդ շրջանում են ստեղծվել «Ոսկե ցլիկ» (1955, ռեժ.՝ Մոկո Հակոբյան), «Պատվի համար» (1956, ռեժ.՝ Արտաշես Հայ-Արտյան), «Անձամբ ճանաչում եմ» (1957, ռեժ.՝ Ս. Կևորկով), «01-99» (1959, ռեժ.՝ Ա. Մարտիրոսյան) և այլ կինոնկարներ։ Արդի կյանքի կարևորագույն առանձնահատկություններն առավել արտահայտվել են դրամայի և երաժշտական մելոդրամայի ժանրերի ֆիլմերում՝ «Սիրտն է երգում» (1956, ռեժիսորներ՝ Գ. Մելիք-Ավագյան, Յ. Երզնկյան), «Մոր սիրտը» (1958, ռեժ.՝ Գ. Մելիք-Ավագյան), «Առաջին սիրո երգը» (1958, ռեժիսորներ՝ Յ. Երզնկյան, Լաերտ Վաղարշյան)։

1960-ական թվականներին կինոն նոր արտահայտչամիջոցներով է արտացոլել ազգային խառնվածքի և ինքնագիտակցության ժամանակակից մակարդակը։ «Նվագախմբի տղաները» (1960, ռեժիսորներ՝ Հ. Մալյան, Հ. Մարգարյան), «Տժվժիկ» (1961, ռեժ.՝ Ա. Մանարյան), «Տերտերին ուխտը» (1966, ռեժ.՝ Հ. Մարգարյան) և այլ ֆիլմերում ստեղծվել են մի շարք տպավորիչ կերպարներ, ավանդական ժանրերը հարստացվել են նոր գեղարվեստական արտահայտչամիջոցներով։ Այդ շրջանում վերահաստատվել և ամրապնդվել է հայկական կինոյի և թատրոնի կապը։ Կինոյում շարունակել են նկարահանվել թատրոնի անվանի դերասաններ Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը, աստիճանաբար կինոյի առանձնահատկությունները յուրացրել են Մետաքսյա Սիմոնյանը, Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը և ուրիշներ։ Այդ տարիներին են ստեղծագործել կինոօպերատորներ Գարուշ Բեկնազարյանը, Սարգիս Գևորգյանը, Դմիտրի Ֆելդմանը, Իվան Դիլդարյանը, Ժիրայր Վարդանյանը, Արտաշես Ջալալյանը, նկարիչներ Սերգեյ Արուտչյանը, Սուրեն Սաֆարյանը, Ստեփան Անդրանիկյանը, կինոերաժշտություն են գրել Արտեմի Այվազյանը, Առնո Բաբաջանյանը, Էդգար Հովհաննիսյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը և ուրիշներ։

Հայկական կինոյի նոր փուլն սկզբնավորվել է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965) ֆիլմով, որտեղ ռեժիսորը հետևել է համաշխարհային առաջադեմ կինոարվեստի ոճաբանական ուղղություններին։ Այնուհետև էկրան են բարձրացել «Եռանկյունի» (1967), «Մենք ենք, մեր սարերը» (1969, երկուսն էլ՝ ռեժ.՝ Հենրիկ Մալյան), «Սարոյան եղբայրներ» (1968, ռեժիսորներ՝ Խորեն Աբրահամյան, Արկադի Հայրապետյան), «Նռան գույնը» (1969, ռեժ.՝ Սերգեյ Փարաջանով) կինոնկարները, որոնք արժանացել են միութենական և միջազգային կինոփառատոների մրցանակների և ներկայացնում են հայկական կինոյի «նոր ալիքը»։

«Նոր ալիքի» ձևավորմանը նպաստել են դրամատուրգներ Առնոլդ Աղաբաբովի, Աղասի Այվազյանի, Հրանտ Մաթևոսյանի, Մանուկ Մնացականյանի, օպերատորներ Սերգեյ Իսրայելյանի, Ալբերտ Յավուրյանի, կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Տիգրան Մանսուրյանի և ուրիշների ստեղծագործությունները։ 1970-ական թվականներին սկսվել է հայկական կինոյի կայունության շրջանը, ընդլայնվել է կինոարտադրությունը։ Կինոռեժիսորներն անդրադարձել են և՛ ժամանակակից թեմաներին («Այստեղ, այս խաչմերուկում», 1974, ռեժ.՝ Կարեն Գևորգյան, «Սպիտակ ափեր», 1975, ռեժ.՝ Արման Մանարյան), և՛ ազգային դասական երկերին («Ժայռ»՝ ըստ Վրթանես Փափազյանի, 1973, ռեժ.՝ Վարդան Աճեմյան, Ա. Հայրապետյան, «Քաոս»՝ ըստ Շիրվանզադեի, 1975, ռեժ.՝ Լաերտ Վաղարշյան, և այլն)։

Այդ շրջանի հաջողված կատակերգություններից են «Տղամարդիկ» (1972, ռեժ.՝ Էդմոնդ Քեոսայան), «Հարսնացու հյուսիսից» (1975, ռեժ.՝ Ներսես Հովհաննիսյան) և այլն։ Հայկական կինոյում առավել ուշագրավ են «Երկունք» (ռեժ.՝ Ֆ. Դովլաթյան) և «Նահապետ» (ռեժ.՝ Հենրիկ Մալյան, երկուսն էլ՝ 1977) կինոնկարները, առաջինն անդրադարձել է 1920-ական թվականներին հայկական նորաստեղծ հանրապետության կայացմանը, իսկ երկրորդը՝ հայոց Մեծ եղեռնին։ Սոցիալ-բարոյական խնդիրներ են շոշափում «Կյանքի լավագույն կեսը» (1979), «Հին օրերի երգը» (1982) և «Մեր մանկության տանգոն» (1984, երեքն էլ՝ ռեժ.՝ Ալբերտ Մկրտչյան) ֆիլմերը, որտեղ ձևավորվել են նոր կինոհնչերանգներ և հերոսներ։ 1970-1980-ական թվականներին ազգային վառ ինքնատիպությամբ օժտված, ճշմարտացի կերպարներ են ստեղծել Խորեն Աբրահամյանը, Արման Կոթիկյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Շահում Ղազարյանը, Գուժ Մանուկյանը, Գալյա Նովենցը, Ազատ Գասպարյանը, Ազատ Շերենցը և ուրիշներ։

Հայ կինոյի հասունության շրջանը 1980-ական թվականներն են, երբ ստեղծված էին բոլոր գեղարվեստական միջոցները՝ լուծելու բարդ և համապարփակ խնդիրներ. «Կտոր մը երկինք» (ըստ Վահան Թոթովենցի, 1980, ռեժ.՝ Հ. Մալյան), «Երջանկության մեխանիկա» (1982, ռեժ.՝ Ն. Հովհաննիսյան), «Խնձորի այգին» (ըստ Ստեփան Զորյանի, 1985, ռեժ.՝ Գ. Մելիք-Ավագյան), «Մենավոր ընկուզենի» (ըստ Վարդգես Պետրոսյանի, 1986, ռեժ.՝ Ֆ. Դովլաթյան), «Գաղտնի խորհրդականը» (1987, ռեժ.՝ Աղասի Այվազյան), «Շնչառություն» (1988, ռեժ.՝ Ա. Մկրտչյան), «Դեմքով դեպի պատը» (ըստ Հովհաննես Մելքոնյանի, 1989, ռեժ.՝ Միքայել Դովլաթյան), «Քամին ունայնության» (1989, ռեժ.՝ Հարություն Խաչատրյան) և այլն։

Նորագույն շրջանի կինո խմբագրել

Խորհրդային կարգերի փլուզումից հետո կինոն հայտնվել է նոր որոնումների բեկումնային փուլում։ Անկախության առաջին տասնամյակում ՀՀ-ում նկարահանվել են 30-ից ավելի լիամետրաժ ու կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր։ Հիմնվել են մի շարք անկախ կինոստուդիաներ, որոնց մի մասը տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով փակվել է։ Հայկական կինոյի ավանդական հիմքի վրա ստեղծվել են Դավիթ Սաֆարյանի «Կորսված դրախտ» (1991), Սերգեյ Իսրայելյանի «Պատանդներ» (1991), Առնոլդ Աղաբաբյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (1992), Արման Մանարյանի «Ընկեր Փանջունի» (1992), Դմիտրի Կեսայանցի «Անիծվածները» (1991) և «Աղետ» (1993), Ալեքսանդր Քաջվորյանի «Հին աստվածներ» (1993), Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» (2000) և այլ ֆիլմեր։

Ա. Աղաբաբյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (ըստ Զորայր Խալափյանի, 5 սերիա) ֆիլմ-վիպերգությունը հայկական առաջին բազմասերիանոց կինոնկարն է, որն ընդգրկում է հայ ժողովրդի դրամատիկ․ շրջադարձերով հագեցած կյանքի մի ողջ ժամանակահատված՝ խորհրդային կարգերի հաստատումից մինչև 1970-1980-ական թվականները։ Երվանդ Օտյանի «Ընկ. Փանջունի» երգիծական վեպի էկրանավորումով Արման Մանարյանն ստեղծել է արևմտահայ դասականների երկերը կինոլեզվով ներկայացնելու ուշագրավ օրինակ։ Նոր ժամանակների պատմական, սոցիալ-հոգեբանական հակասական փոփոխություններին յուրովի են արձագանքել թե՛ ավագ, թե՛ միջին, թե՛ երիտասարդ սերնդի ռեժիսորները։ Սերգեյ Իսրայելյանի «Պատանդներ» ֆիլմի՝ իշխանություն և բարձր հասարակական դիրք ունեցող հերոսը, գործելով «նպատակն արդարացնում է միջոցները» նշանաբանով, կործանվում է։ Ալբերտ Մկրտչյանը «Ուրախ ավտոբուս» կինոնկարով եզրափակել է Գյումրիին նվիրված իր եռերգությունը. երկրաշարժից ավերված քաղաքի փողոցներով ամեն օր երթևեկող «ուրախ» ավտոբուսը ծիծաղելու ունակությունը երբեք չկորցնող մարդանց հավաքական խորհրդանիշն է։

Նոր կենսամտածողությունն առավելապես արտահայտվել է դեռևս 1980-ական թվականներից ստեղծագործող ռեժիսորների ֆիլմերում. Սուրեն Բաբայանի «Արյուն» (1991), Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» (1991), Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ...» (1991), «Տէր ողորմեա» (1997), Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս» (1995) և այլն։ 1990-ական թվականների կինոնկարներից ուշագրավ են Էդգար Բաղդասարյանի «Խաղերը» (1990), «Սև պատը» (1997), Տիգրան Խզմալյանի «Սև-սպիտակ» (1996), «Պիեռլեկինո կամ Օդից թեթև» (2000) և այլն։ Ժամանակի ոգին ցայտուն կերպով է դրսևորվել Է. Բաղդասարյանի «Սև պատը» կինոնկարում։ Անցյալի ու ներկայի փոխհարաբերություններն են պատկերված Տ. Խզմալյանի «Պիեռլեկինո կամ Օդից թեթև» ֆիլմում, որի առանցքը խորհրդային ռեժիմի օրոք ծեր ծաղրածուի փշրված ճակատագիրն է, նրա կյանքի ու սիրո տխուր պատմությունը։

Ստեղծագործական բարդ ուղի է անցել նաև հայկական վավերագրական կինոն, որն առավել անմիջականորեն է արձագանքել կյանքի փոփոխություններին և երկրում կատարվող իրադարձություններին։

Տնտեսական ճգնաժամը համեմատաբար քիչ է ազդել հայկական մուլտկինոյի զարգացման վրա։

Անկախության 2-րդ տասնամյակում ՀՀ-ում նկարահանվել են մոտ 60 լիամետրաժ և կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր։

Նոր ժամանակների իրականությունն են արտացոլել Ս. Բաբայանի «Խենթ հրեշտակ» (2001), «Ժանո» (2004), «Մի նայիր հայելուն» (2009), Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան» (2001), «Մաեստրոն» (2009), Հ. Խաչատրյանի «Վավերագրողը» (2003), «Պոետի վերադարձը» (2006), «Սահման» (2008) և այլ կինոնկարներ։

Սուրեն Բաբայանի «Խենթ հրեշտակ» ֆիլմում արծարծված են արդի կեցության արատավոր կողմերը, նոր ժամանակներին բնորոշ անկայուն արժեհամակարգը, ջնջված սահմանները չարի և բարու, աստվածայինի և դիվայինի միջև։ Խորհրդային ռեժիմի ճնշմամբ անհատի «ձևախեղման» խնդիրն է արտահայտված Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան» կինոնկարում։

Հ. Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը նվիրված է աշուղ և բանաստեղծ Ջիվանուն։ Վավերագրական ոճով նկարահանված այս ֆիլմի հերոսը, ըստ էության, պոետի արձանն է, որ ճամփորդում է երկրռւմ՝ ուղևորվելով իր ծննդավայր՝ Ջավախք։ Թեև նրան ամենուր դիմավորում են դհոլ-զուռնայով ու ազգային ծիսակարգերով, սակայն նա տեղ չի հասնում, այլ մնում է ճանապարհին՝ իբրև «հավերժական ուխտավոր»։ «Սահման» ֆիլմում ռեժիսորը վերացրել է վավերագրականի և գեղարվեստականի սահմանները՝ ստեղծելով պատկերի վրա հիմնված, առանց երկխոսությունների կինոպատում։

Պատկերվող կինոնյութի թարմությամբ առանձնանում են Է. Բաղդասարյանի «Մարիամը» (2005), Վ. Չալդրանյանի «Քրմուհին» (2007), Մ. Դովլաթյանի «Սողանքը» (ըստ Վ. Մարտիրոսյանի) և Հ. Գալստյանի «Խճճված զուգահեռները» (երկուսն էլ՝ 2009) ֆիլմերը։ Վերջին շրջանի բազմաթիվ ֆիլմեր ներկայացվել են միջազգային կինոփառատոների։ Երևանում հիմնադրվել է «Ոսկե ծիրան» (2004) ամենամյա միջազգային կինոփառատոնը։

Հեռուստատեսային կինո խմբագրել

Հայկական հեռուստաֆիլմերի առաջին նկարահանումները կատարվել են Հայաստանի հեռուստաստուդիայի ստեղծման (1956) առաջին օրերից, դրանք վավերագրական սյուժեներ և ակնարկներ էին։ Միաժամանակ արվել են գեղարվեստական հեռուստաֆիլմերի նկարահանման փորձեր։ 1957 թվականին հեռուստաստուդիայում բեմադրվել է Միխայիլ Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» (ռեժ.՝ Մարատ Մարինոսյան) պատմվածքը. ներկայացման նախաբանն ու վերջաբանը նկարահանվել են, որոնք գեղարվեստական հեռուստաֆիլմի ստեղծման առաջին կադրերն են։ «Դեպի բարձունքներ» (1958, ռեժ.՝ Ժիրայր Ավետիսյան) առաջին գեղարվեստական ֆիլմը դպրոցականների մասին է։ Նույն թվականին նկարահանվել է «Խղճի ձայնը» (ռեժ.՝ Վիլեն Զաքարյան) կինոնկարը։ 1960-ին ստեղծվել են «Քայլեր» (ըստ Ա. Լիյվեսի, ռեժ.՝ Ժ. Ավետիսյան) առաջին լիամետրաժ (գլխավոր դերում՝ Արմեն Ջիգարխանյան), ապա՝ «Սայաթ-Նովա» (ռեժ.՝ Կիմ Արզումանյան) ֆիլմերը։

1968 թվականին հեռուստաստուդիայում կազմակերպվել է հեռուստաֆիլմերի կինոմիավորում, որի հիման վրա 1970 թվականին ստեղծվել է «Երևան» ստուդիան։ Հեռուստաֆիլմերի մեծ մասը գրական երկերի էկրանավորումներ են՝ «Ձախորդ Փանոսը» (ըստ Հովհաննես Թումանյանի, 1969), «Մորգանի խնամին» (ըստ Շիրվանզադեի, 1970), «Լենինն ու Ալին» (ըստ Եղիշե Չարենցի, 1970), «Հույսի խրճիթներ» (ըստ Երուխանի, 1971), «Ճանապարհին» (ըստ Յուրի Նագիբինի, 1976), «Ձորի Միրոն» (ըստ Մուշեղ Գալշոյանի, 1979), «Կիսակայարան» (ըստ Մանուկ Սնացականյանի, 1988) և այլն։ Ֆիլմեր են նկարահանվել նաև գրողներ Ժորա Հարությունյանի, Վահագն Դավթյանի, Շահեն Թաթիկյանի, Հովհաննես Մելքոնյանի, Մուշեղ Գալշոյանի, կինոռեժիսորներ Վ. Զաքարյանի, Մարատ Վարժապետյանի, Ալբերտ Մկրտչյանի և ուրիշների սցենարներով։ Ուշագրավ են «Շրթներկ № 4» (1964, ռեժ.՝ Ժ. Ավետիսյան), «Հարսնացու հյուսիսից» (1975, ռեժ.՝ Ներսես Հովհաննիսյան) կատակերգությունները, «Համր վկան» (1980, ռեժ.՝ Ա. Մոկացյան) դետեկտիվ, «Արշակ» (1973, ռեժ.՝ Ժ. Ավետիսյան), «Կրկին ամառ է եկել» (1975, ռեժ.՝ Ռեմ Սարգսյան) մանկական ֆիլմերը, «Անուշ» (1982, ռեժ.՝ Մ. Վարժապետյան) կինոնկար-օպերան և այլն։ Պատերազմի թեման է արտացոլված «Վերջին նետում» (1966, ռեժ.՝ Վ. Զաքարյան), «Ջրհորի մոտ» (1970, ռեժ.՝ Ժ. Ավետիսյան), «Լուսանկարը» (1970, ռեժ.՝ Ա. Մկրտչյան), ժամանակակից կյանքը՝ «Սերոբի ծառը» (1978, ռեժ.՝ Հովիկ Հախվերդյան), «Մասնավոր կյանք» (1985, ռեժ.՝ Վ. Զաքարյան) կինոնկարներում։

1968 թվականից ստեղծվել են նաև վավերագրական ֆիլմ-դիմանկարներ աշխատավոր մարդկանց, գիտնականների և մշակութային գործիչների մասին։ Հեռուստատեսության պատվերով ֆիլմեր է նկարահանել «Հայֆիլմ» ստուդիան. «Մրցույթի են եկել խոհարարները» (1977), «Թռիչքն սկսվում է գետնից» (1980, երկուսն էլ՝ ռեժ.՝ Ն. Հովհաննիսյան), «Անուշ մայրիկը» (1983, ռեժ.՝ Արա Վահունի) և այլն։ Էկրանավորվել են «Իմ սիրտը լեռներում է» (ըստ Վիլյամ Սարոյանի, 1975, ռեժ.՝ Լևոն Գրիգորյան), «Օգոստոս» (ըստ Հրանտ Մաթևոսյանի, 1976, ռեժ.՝ Կարեն Գևորգյան), «Սգավոր ձյունը» (ըստ Անրի Թրուայայի, 1978, ռեժ.՝ Յուրի Երզնկյան), «Ատամնաբույժն արևելյան» (ըստ Հակոբ Պարոնյանի, 1981, ռեժ.՝ Էռնեստ Մարտիրոսյան) և այլ գրական երկեր։

Վերջին շրջանում նկարահանվել են «Սպանված աղավնի» (ըստ Նար-Դոսի, 2008), «Խաչագողի հիշատակարանը» (ըստ Րաֆֆու, 2010, երկուսն էլ՝ ռեժ.՝ Հրաչ Քեշիշյան) և այլ գեղարվեստական կինոնկարներ, նաև մի շարք հեռուստասերիալներ, որոնք թեպետ արտացոլում են լուծում պահանջող ժամանակակից խնդիրներ, սակայն մեծ մասը դեռևս չի ապահովում պրոֆեսիոնալ կինոարվեստի գեղարվեստական պահանջները։

Ֆիլմեր դուդուկի ներքո խմբագրել

2005 թվականին, երբ հայկական ֆիլմերում սկսեց օգտագործվել դուդուկը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դա համարեց «լավագույն գաղափար»[2]։

Այս պահի դրությամբ դուդուկը օգտագործվում է տարբեր ֆիլմերում։ Այն դարձավ սիրված և յուրահատուկ երաժշտական գործիք։ Դուդուկը օգտագործվել է նաև հոլիվուդյան տարբեր ֆիլմերում։

«Ոսկե ծիրան» ամենամյա փառատոն խմբագրել

Ոսկե ծիրան, Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվող ամենամյա ամենամեծ կինոփառատոնը, որը հիմնադրվել է 2004 թվականին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից և անցկացվում է հուլիսին։ Փառատոնն ամեն տարի ներկայացնում է 120-150 ֆիլմեր մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։ Վերջին տարիներին փառատոնը նաև Հայաստանում ամենաակտիվ լուսաբանվող իրադարձություններից է։ Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք։

Հայկական կինոյի հայտնի դերասաններ և դերասանուհիներ խմբագրել

 
Պեպոյի արձանը Երևանում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Armenian Cinema 100, by Artsvi Bakhchinyan, Yerevan, 2012, pp. 111-112
  2. Duduk and its music - intangible heritage - Culture Sector - UNESCO

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։