Հայերը Չինաստանում առաջին անգամ պատմական աղբյուրներում հիշատակվում են 2-րդ դարից[1]։ Նրանք եղել են մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ։ Դարերի ընթացքում հայերը գերազանցապես զբաղվել են վաճառականությամբ և բնակվել խոշոր քաղաքներում։ 21-րդ դարի առաջին քառորդում Չինաստանում բնակվող հայերի թիվը հասնում է 500[2]-1000[3] մարդու։

Չինահայեր
Չինաստանի դրոշը
Ընդհանուր քանակ

1000

Բնակեցում
Լեզու(ներ)
Հայերեն, Անգլերեն, Չինարեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի

Պատմություն խմբագրել

Հնադարում և միջնադարում գործող «Մետաքսի ճանապարհի» որոշ ուղիներ անցնում էին նաև Հայկական լեռնաշխարհով։ Մեծ Հայքի մայրաքաղաքներ Արտաշատը, Տիգրանակերտը, Դվինը, Անին և այլ քաղաքներ՝ Վանը, Կարսը և այլն, նույնպես մասնակցում էր միջազգային առևտրին, թեև ճանապարհի հիմնական հատվածը Հայաստանով չէր անցնում։ Վաղ միջնադարում հայ առևտրականներն ասորի-նեստորականների հետ 6-րդ դարից հետո հայտնվել էին Չինաստանում և, որոշ հեղինակների համաձայն, փորձել են տարածել նեստորականությունը Չինաստանում[4]։ Հայ-չինական կապերի մասին առաջին տեղեկությունները հայ պատմագրության մեջ հանդիպում են Մովսես Խորենացու մոտ, ըստ որի՝ Մամիկոնյանների և Օրբելյանների հայ նախարարական տոհմերն ունեին չինական ծագում[5]։ Իրենց աշխատություններում Չինաստանի մասին են գրել հայ պատմիչներ Սեբեոսը, Փավստոս Բուզանդը և Անանիա Շիրակացին։

Հայերը Չինաստանից ներմուծում էին մետաքս, ճենապակյա իրեր, նեֆրիտ և այլ ապրանքներ, իսկ արտահանում գորգեր և որդան կարմիրից պատրաստված ներկեր։ Առևտրի ապացույց են հանդիսանում Գառնիում, Տիգրանակերտում, Դվին և Անի քաղաքներում ու Ամբերդ ամրոցի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված չինական ճենապակին և այլ ապրանքներ։ Հայկական պատմական աղբյուներում, լեգենդներում և հեքիաթներում Չինաստանը հայտնի է որպես «Չինումաչին», «Ճենաց աշխարհ», «Չենաստան», իսկ չինացիներին՝ «ճենազն», «ազգ սինեացվոց»։

 
Գրեգորի Փոլ Ջորդան

Զարգացած միջնադարում հայկական փոքր գաղութներ հիմնվել են մոնղոլական արշավանքներից հետո (13-րդ դար), երբ Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսում։ Հայերը Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթումի հետ 1254 թվականին այցելում են Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորում[6]։ Հայերը, որոնք հաստատվում են Չինաստանում 14-րդ դարում, ընդունում են կաթոլիկություն[7][8]։ Հայերն անցնում են ֆրանցիսկյան կաթոլիկությանը[9]։ Դրա պատճառն այն էր, որ հայերը բնակվում էին պատմական հայրենիքից հեռու, և այստեղ հայկական առաքելական եկեղեցին չէր հաստատել իր հայրապետական աթոռները։ Մյուս կողմից՝ աշխուժորեն քրիստոնեություն էին տարածում իտալացի վաճառականների կողմից հովանավորվող, ինչպես նաև Պորտուգալիայի և Իսպանիայի շնորհիվ Չինաստանում առավել հիմնովին հաստատված կաթոլիկները, մասնավորապես՝ ֆրանցիսկյան և դոմինիկյան միաբանությունները։ Այնուհետև հայերը թափանցել են Չինաստանի խորքը և բնակվել ծովային շրջաններում։ Չինաստանի Կանտոն (Գուանչժոու) քաղաքում մինչև 1307 թվականը կառուցվել է եկեղեցի՝ հարակից շինություններով։

17-րդ դարում Կանտոնում բնակվում էր 30 հայ, որոնք կապ էին պահպանում Ֆիլիպինների, Մալայզիայի, Սինգապուրի և Ինդոնեզիայի հայ համայնքների հետ։ Փոքրաթիվ հայկական համայնք է հաստատվում նաև Տիբեթում[2]։ 18-րդ դարում ոչ մեծ առևտրավաններ են եղել Շանհայում։ 1765 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կազմած հայկական գաղթօջախների ցուցակում հիշատակվում է «Չինու երկիրը»՝ Կանտոնը, Մակավը (Մակաո)՝ որպես Էջմիածնին ենթակա գաղթօջախներ։ Հայտնի է, որ 18-րդ դարում չինահայեր Մնացական Ղասապյանը, Հովհաննես Մաթևոսյանը և ուրիշներ մեծ գումարներ են կտակել Հայաստանին, Նոր Նախիջևանին։ Ժամանակի մտավորական Մեսրոպ Թաղիադյանի տեղեկությամբ Չինաստանում հայ առևտրականները, ի հեճուկս հնդկահայ գաղութի, գործում էին իրարից անկախ և անմիաբան[10]։ Ըստ Հրաչյա Աճառյանի՝ քրիստոնյա եվրոպացիների առաջ փակ Չինաստանում ճիզվիտ քարոզիչները, երկրում ազատ ելումուտ ունենալու նպատակով, հագնում էին հայ վաճառականի հագուստ։

19-րդ դարում հայերի հոսք եղավ Հնդկաստանի գաղութից ու հարևան երկրներից։ Նրանք բնակվեցին Մուկդենում, Խարբինում, Չանչունում, Շանհայում։ Չինաստանի հարավում բնակվում էին գլխավորապես նորջուղայեցիներ, արևելքում՝ արցախցիներ ու զանգեզուրցիներ։ 19-րդ դարի վերջին հնդկահայ Գրեգորի Փոլ Ջորդանը տեղափոխվում է Հոնգկոնգ, որտեղ աշխատում է որպես բժիշկ և դասախոս[11]։ Դարավերջին հնդկահայերի հոսքը Չինաստան կապված էր Բրիտանական Հոնգկոնգի զարգացման հետ[12]։

Գաղութն այսօր խմբագրել

 
Դիանա Աբգար

Հայերի հայտնվելը Չինաստանի հյուսիսում՝ Մանջուրիայում պամանավորված էր արևելան երկաթուղու կառուցմամբ։ 20-րդ դարի սկզբին Հարբինում հանգրվանած մի շարք հայ (նաև ռուս) արվեստագետների ուժերով ձևավորվել է տեղի թատերական կյանքը։ Հայ ազգային կազմակերպությունը հիմնադրվել է 1917 թվականին, որի կանոնադրությունը հաստատվել է տեղական իշխանությունների կողմից 1919 թվականին։ 1918 թվականին Թիֆլիսի հայկական թատրոնի դերասանուհի Վարվառա Մելիքյանն իր դստեր (դերասանուհի) և փեսայի (ռեժիսոր)՝ Վ. և Ս. Բուդաղյանների հետ տեղափոխվել է Հարբին։ 1919-22 թվականներին տեղի թատերասերների հետ Վ. Մելիքյանը կազմակերպել է ներկայացումներ, որոնցից ուշագրավ էր Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն»։ Գլխավոր դերակատարումներով մասնակցել են Վ. Մելիքյանը, Բուդաղյան ամուսինները, Վ. Նազարյանը, Օ. Տեր-Հակոբյանը, Ս. Հովհաննիսյանը։ 1923 թվականին հայերը կառուցում են սեփական եկեղեցին և դրան կից փողոցում գտնվող հանդիսությունների սրահը։ Մանջուրիայի, Չինաստանի և Ճապոնիայի համայն հայության հոգևոր առաջնորդ ընտրվեց Եղիշե Ռոստոմյանցը։ Հայ օգնության միություն 1920 թվականին հիմնել է իր մասնաճուղը մեկ այլ քաղաքում՝ Շանհայում[13]։ Դրա նպատակները երկուսն էին. նախ՝ այն օգնեց փախստականներին տեղավորվել իրենց նոր միջավայրում, իսկ այնուհետև այն ծառայեց որպես հանդիպման վայր համախոհների համար՝ հավաքվելու և պատմություններ փոխանակելու համար[14]։ «Ծարագույն Արևելքում» է հաստատվում Հայաստանի առաջին Հանրապետության դեսպանությունը՝ աշխարհում առաջին կին դեսպան տիկին Դիանա Աբգարի դեսպանությամբ, որի առաքելությունը ոչ միայն նստավայր Ճապոնիայում էր, այլև Չինաստանի հյուսիսում և Ռուսաստանի արևելքում։ 1919 թվականին Դիանա Աբգարը մասնակցել է Հարբինում կայացած Սիբիրի և Ծայրագույն Արևելքի հայերի համաժողովին, որտեղ նրան ընտրել են պատվավոր նախագահ[15]։ 1937 թվականից մինչև 1950 թվականը հայերի հոգևոր առաջնորդության նպատակով Երուսաղեմից այստեղ է ժամանում Ասողիկ արքեպիսկոպոս Ղազարյանը[16]։

1930-ական թվականներին ամենահայաշատ քաղաքը Հարբինն էր (500 անձ), որն ուներ եկեղեցի, ներքին սահմանադրություն։ Այստեղ 1930 թվականին հիմնվեց «Արծիվ» միությունը, Հայ երիտասարդական ակումբը, Հայ տիկնանց միությունը։ Ի տարբերություն Կանտոնի՝ այստեղ հաստատվել էին ոչ թե կաթոլիկ, այլ առաքելական հայեր՝ որպես Աստրախանի թեմի հեռավոր համայնք։

 
Փոլ Չաթեր

1937 թվականին Շանհայում կար 200 հայ (հետագայում նրանց թիվը հասավ 600-ի)։ Չինաստանում կային հայ բժիշկներ, ինժեներներ, փաստաբաններ։ Առևտրում հայերը ունեին անգլիացիներին հավասար իրավունքներ, իրենց սեփական նավերը, գործարաններ (Կանտոնում)։ Կանտոնաբնակ չինարենի ուսուցիչ Հովհաննես Ղազարյանը առաջինն է հայերենից չինարեն է թարգմանել Աստվածաշունչը։ Հարբինի առողջապահական գործը ղեկավարել է Ստեփան Մուղդեսյանը։ 20-րդ դարի սկզբին Պողոս Խաչիկ Աստվածատրյանը (Փոլ Չաթեր) ղեկավարել է Հոնգկոնգի հաշտարար դատարանը, եղել է գեներալ-նահանգապետի խորհրդականը, գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամ, քաղաքի բոլոր բանկերի միջնորդը և ֆրանկ-մասոնական ժողովի նախագահը։ Նրա ծրագրով ու միջոցներով են կառուցվել Հոնգկոնգի նավահանգիստը` 11 մթերանոցներով, տեղի համալսարանի ժամացույցի աշտարակը, այլ շենքեր։ Հոնգկոնգում նրա անունով երկու կենտրոնական փողոց կա` Աստվածատրյան և Սըր Փ. Չաթեր, նաև իր անունով կենտրոնական այգի։ Փոլ Չաթերի մահից հետո նրա մարմարե պալատը վերածվել է թանգարանի[17]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Չինաստանի հայերը տուժել են ճապոնական ներխուժումից։ Նրանք դիտվել են իբրև Ճապոնական կայսրության թշնամիներ և մեկուսացվել։ Ավելի ուշ շրջանում չինացի կոմունիստների կողմից վերացվում է Հարբինի հայկական եկեղեցին։ Նրանց մեծ մասը գաղթել է Ավստրալիա, ԱՄՆ և Ֆիլիպիններ։ 2003 թվականին Չինաստանում բնակվում էր մոտ Հայաստանի 60 քաղաքացի՝ աշխատանքային միգրանտ։ 2013 թվականին նրանց թիվը հասնում էր 500-ի։ Դա կապված էր ոչ միայն Չինաստանի հետ կատարվող առևտրի, այլև անգլերենի դասավանդման հետ։ 21-րդ դարի սկզբին քաղաքաշինութան լայն թափով պայմանավորված՝ չինացիների զգալի հատված տեղափոխվում է քաղաքներ. կարճ ժամանակում ուրբանիզացիայի մակարդակը 30 տոկոսից հասնում է 65-ի։ Ավելի քան կես միլիարդ բնակչության տեղափոխումը քաղաքներ ուղեկցվում է նաև դպրոցների կառուցմամբ, որոնցում դասավանդվում է անգլերենը։ Ըստ այդմ, Չինաստանում մեծ պահանջարկ են վայելում անգլերենի ուսուցիչները[18]։

2013 թվականի նոյեմբերին Չի­նաս­տան է այ­ցե­լել Ամե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կոս Գարեգին Բ-ն Չինաստանում Հա­յաս­տա­նի դես­պա­նու­թյունը և կատարեց տեղի հայկական խաչքարի բացումը։ Նույն ժամանակ՝ նոյեմբերի 9-ին, Հոնգկոնգում հիմնադրվել է «Ճէք և Ճու­լի Մաքս­եան» հայ­կա­կան կենտրոնը[19]։ Այ­նու­հե­տև տե­ղի ու­նե­ցավ տա­րա­ծաշր­ջա­նի առա­ջին հայ հա­մայն­քա­յին կա­ռույ­ցի` «Չի­նաս­տա­նի հայ հա­մայն­քի» անդ­րա­նիկ նիս­տը, ընտրվե­ցին ղե­կա­վար մար­մին­նե­րը` նա­խա­ձեռ­նու­թյան հե­ղի­նակ­ Հեն­րի Արս­լան­յա­նի գլխա­վո­րու­թյամբ[20]։ 2014 թվականին Հոնկոնգում պաշտոնապես գրանցվեց նաև «Հոնկոնգի և Չինաստանի հայկական համայնք» կազմակերպությունը։ Մհեր Սահակյանը հեղինակել է «Չինաստանում հայ հետազոտողների և ուսանողների I-ին առցանց գիտաժողովը» (2014-2017), տեղի է ունեցել շախմատի առցանց առաջնություն (2017), Հոնկոնգի հայկական կենտրոնում Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ քոլեջի կողմից ստեղծվել է հայերենի առցանց դասընթացի հնարավորությունը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Հայ-չինական առևտրական կապերի շնորհիվ հայերենում առաջացել է «չնաշխարհիկ» բառը, որը բնութագրում էր Չինաստանի գեղեցկությունը, ինչպես նաև «ճենապակի» բառը, որը նշանակում է «չինական ապակի»[21]։ Իր հերթին՝ հայկական որոշ բառեր մետաքսի ճանապարհով վաճառվելիս չեն թարգմանվել այլ լեզուներով, որոնցից առավել հայտնի է «կարպետը»։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Herbert George Wells, The Outline of History (անգլերեն), London, 1895, էջ 475։
  2. 2,0 2,1 «Armenian Community of China». www.chinahay.com. Armenian Community of China. Արխիվացված է օրիգինալից 2019 թվականի 16 օգոստոսի-ին. «There is currently around five hundred Armenians living in the country...»
  3. «Armenian Community Center Opens in Hong Kong». Asbarez. 2013 թվականի նոյեմբերի 14. Վերցված է 2014 թվականի հունվարի 30-ին.
  4. Հռիփսիմե Մարտիրոսյան «Հայաստանը մետաքսի ճանապարհի խաչուղիներում», Երևան, 1985, էջ 88
  5. Տաթևիկ Լազարյան (2020 թվականի հունվարի 30). «Հայ-չինական պատմություն. Վարդան Մամիկոնյանից մինչև «աղջիկների խոպան»». Ազատութուն Ռադիոկայան.
  6. Morris Rossabi (2014 թվականի նոյեմբերի 28). From Yuan to Modern China and Mongolia: The Writings of Morris Rossabi. BRILL. էջեր 670–. ISBN 978-90-04-28529-3.
  7. Daniel H. Bays (2011 թ․ հունիսի 9). A New History of Christianity in China. John Wiley & Sons. էջեր 20–. ISBN 978-1-4443-4284-0.
  8. Heup Young Kim (2011). Asian and Oceanic Christianities in Conversation: Exploring Theological Identities at Home and in Diaspora. Rodopi. էջեր 60–. ISBN 978-90-420-3299-6.
  9. Jeremy Clarke (2013 թ․ օգոստոսի 1). The Virgin Mary and Catholic Identities in Chinese History. Hong Kong University Press. էջեր 17–. ISBN 978-988-8139-99-6.
  10. Մեսրոպ Թաղիադյան, Ազգասեր Արարատեան, հ. 2 (Կալկաթայի հայկական տպագրություն), 1848-1852, էջ 390։
  11. «Dr. Gregory Paul Jordan». The British Medical Journal. 2 (3182): 1097. 1921. ISSN 0007-1447. JSTOR 20429499. Վերցված է 2020 թվականի նոյեմբերի 6-ին.
  12. Արծվի Բախչինյան Հայերը Չինաստանում 1900-1950ականնրին (հայերեն) // Հայկազեան հայագիտական հանդէս.
  13. «Fundação Calouste Gulbenkian». gulbenkian.pt. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թվականի ապրիլի 6-ին.
  14. «Review: Tales of the 'Two-Percenters' Depict Armenian Community in China». The Armenian Mirror-Spectator. 2012 թվականի մարտի 30.
  15. Գրիգոր Երիցյան Դիանա Աբգար. 1920-ին Հայաստանի դեսպանը Ճապոնիայում (հայերեն) // aniarc.am.
  16. Арсен Алексанян (2017 թվականի նոյեմբերի 13). «Армяне в Китае: прошлое и настоящее». www.armmuseum.ru. Армянский музей Москвы и культуры наций.
  17. Նաիրա Մկտրտչյան ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ. ԲԱԶՄԱԴԱՐՅԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ (հայերեն) // hayzinvor.am.
  18. Հայերը մեկնում են Չինաստան՝ տեղացիներին անգլերեն սովորեցնելու
  19. «Opening of Jack & Julie Maxian Hong Kong Armenian Center». youtube.com. 2013 թվականի նոյեմբերի 30.
  20. «ՀԱՅ ԿԵԴՐՈՆ և ԽԱՉՔԱՐ` ՉԻ­ՆԱՍ­ՏԱ­ՆԻ ՄԷՋ». 2013 թվականի նոյեմբերի 21. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 24 (օգնություն)
  21. Ստեփան Մալխասյանց, Հայերէն բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն», 1944, էջ 207։