Տակավին 14-15-րդ դարերում Լեհաստանում ապաստան են գտել մեծ թվով հայ գաղթականներ, որոնք դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրել են տեղի բնակչության հետ։ Լեհաստանի հայ գաղութը ստվարացել է հատկապես Բագրատունյաց մայրաքաղաք Անիի կործանումից հետո։ Նրանց մեջ եղել են հմուտ արհեստավորներ, երկրագործներ, առևտրականներ, որոնք ըստ ամենայնի նպաստել են լեհական պետության զարգացմանը, հարկ եղած դեպքում զենքով պաշտպանել երկրի անվտանգությունը։ Արևելքում Լեհական դիվանագիտության ռահվիրաններն էին Յան Սոբեսկին, Սեֆեր Մուրատովիչը, Շիմոն Պետրովիչը, Ռոմաշկևիչը և ուրիշներ։ Դրա շնորհիվ էլ լեհ թագավորները հովանավորել են հայերին՝ նրանց ընձեռելով զանազան արտոնություններ, շնորհել ազգային սովորույթների և կրոնի պահպանության իրավունք։

Լեհահայեր
Լեհաստանի դրոշը
Ընդհանուր քանակ

150.000

Բնակեցում
Լեհաստան Լեհաստան 95.000
Ռուսաստան Ռուսաստան
Բելառուս Բելառուս
Լիտվա Լիտվա
Ուկրաինա Ուկրաինա
Հունգարիա Հունգարիա
Գերմանիա Գերմանիա
Եվրոպա Եվրոպա
Հայաստան Հայաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ռումինիա Ռումինիա
Լեզու(ներ)
Հայերեն, լեհերեն, ռուսերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթոլիկ եկեղեցի
Լվովի հայկական Մայր Տաճարը
Լվովի հայկական Մայր Տաճարը

Լեհահայերը կառուցել են եկեղեցիներ (կաթոլիկ), հիմնել դպրոցներ, հիվանդանոցներ։ 17-րդ դարում նրանք ունեին տպարան և թատրոն։ Լեհահայերը տվել են նշանավոր գիտնականներ (Մելխիոր Ստեֆանովիչ, Սահակովիչ Կասյան, Շիմոն Պետրոսովիչ, Յակոբ Առաքելովիչ, Ստեփանոս Ռոշքա, Գոգոժ Փիրամովիչ և ուրիշներ), պատմիչներ (Հովհաննես Կամենեցացի, Սիմեոն Լեհացի, Յան Տոմաշ Յուզեֆովիչ), բանաստեղծներ ու երաժիշտներ (Շիմոն Շիմոնովիչ, Տոմաչ Նարգիլևիչ, Յոզեֆ Դիոնեզի Մինասովիչ, Կայեթան Աբգարովիչ, Ադոլֆ Աբրահամովիչ, Յուզեֆ Նիկորովիչ, Կարոլ Միկուլին և ուրիշներ)։ Նրանք հիմնականում ապրել են Լվովում, Կամենեց-Պոդոլսկում, Լուցկում, Վոլինում, Ռաշկովում, Կրակովում, Պոզնանում, Վրոցլավում, Լյուբլինում և Վարշավայում։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին մասնատված լեհական հողերում մնացել են փոքրաթիվ, հիմնականում կաթոլիկ հայեր, որոնք աստիճանաբար ձուլվել են։ Ներկայումս Լեհաստանում բնակվում է 40.000 հայ, որոնց մեծ մասը Հայաստանից արտագաղթել են վերջին 10-15 տարիների ընթացքում։ Նրանց մի մասը լեհ հասարակության մեջ որոշակի դիրքի է հասել. զբաղված են պետական կառույցներում, գիտության ու մշակույթի բնագավառներում։ 1980 թ.-ից Կրակովում գործում են Հայ մշակույթի համակիրների շրջանակը (ընկերություն), 1985 թ.-ից՝ Հայ մշակութային ընկերությունը և «ԼԵՀԱՀԱՅԵՐ» հասարակական կազմակերպությունը, որոնց նպատակն է համախմբել լեհահայությանը, վերականգնել նրանց մշակութային ավանդություններն ու կապեր հաստատել Հայաստանի հետ։ Գործում է Սուրբ Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցին Գլիվիցում, միակ առաքելական Սուրբ Վասիլ եկեղեցին Վարշավայում։

Հայերը որպես ազգային փոքրամասնություն խմբագրել

Լեհաստանաբնակ հայերը, ովքեր տարբեր ժամանակներում ստացել են Լեհաստանի քաղաքացիություն, ինչպես նաև հին լեհահայերը ըստ լեհական օրենքների համարվում են Լեհաստանի 7 ազգային փոքրամասնություններից մեկը։ Ըստ այդմ նրանց իրավունքները (կրոնի, լեզվի, ավանդույթների) պահպանվում են ազգային փոքրամասնություների մասին լեհական օրենքի համաձայն։

Լեհաստանի հայկական հուշարձանները խմբագրել

Հայկական ճարտարապետության կոթողների մեծ մասը գտնվում է Լվովում, այսինքն Լեհաստանի Հանրապետության ներկայիս սահմաններից դուրս, սակայն այսօրվա Լեհաստանում էլ կարելի է գտնել հայկական հուշարձանների որոշ նմուշներ.

  1. ք. Կլեբարկ Վելկի - խաչքար՝ Սուրբ Խաչ սրբավայրում
  2. ք. Ժեշով - 1-ին և 2-րդ աշխարհամարտերի ժամանակ զոհված հայերին նվիրված հուշատախտակ
  3. ք. Զամոշչ - հայկական դղյակներ (Զաշմոշչի թանգարան) քաղաքի կենտրոնական հրապարակում
  4. ք. Կրակով - խաչքար սբ. Նիկողայոս եկեղեցու բակում
  5. ք. Էլբլոնգ - խաչքար Աստծո ողորմածության եկեղեցու դիմաց
  6. ք. Գդանսկ - խաչքար սբ. Պողոս և Պետրոս եկեղեցու դիմաց
  7. ք. Պիոտրկով Տրիբունալսկի - Ավգուստինովիչների հայկական դղյակը քաղաքի կենտրոնական հրապարակում
  8. ք. Վրոցլավ - խաչքար «Հայկական պուրակ» կոչվող վայրում
  9. ք. Վարշավա - խաչքար «Հայկական պուրակ» կոչվող այգում
  10. ք. Շչեցինեկ - խաչքար Ամենասուրբ Մարիամի ծննդյան եկեղեցու դիմաց

Հայոց լեզվի ուսուցումը Լեհաստանում խմբագրել

Մինչև 2017 թ. Լեհաստանի հայ համայնքի երեխաները հայերեն կարող էին սովորել կամ շաբաթօրյա հայկական դպրանոցներում, կամ մասնավոր։ Սկսած 2017 թվականից «ԼԵՀԱՀԱՅԵՐ» հասարակական կազմակերպության[1] նախագահ դոկտոր Հայկ Հովհաննիսյանի ջանքերի շնորհիվ Կրակով քաղաքի թիվ 50 լեհական դպրոցում (հասցեն՝ փող. Կատովիցկա 28) հայերենը դասավանդվում է որպես լիարժեք դպրոցական առարկա։ «Հայոց լեզու» առարկայից ստացած գնահատականը հաշվվում է աշակերտի ընդհանուր տարեկան գնահատականը ամփոփելիս և գրանցվում է աշակերտի ավարտական վկայականում։ Որպես հայոց լեզվի ուսուցչուհի աշխատանքի է ընդունվել կրթությամբ մանկավարժ Ռուզաննա Ղարդաշյանը։ Կրակով քաղաքի թիվ 50 հիմնական դպրոցը Լեհաստանի միակ հանրակրթական ուսումնական հաստատությունն է, որտեղ հայոց լեզու առարկան դասավանդվում է շաբաթական 3 անգամ[2]։

Վարշավայի հայկական դպրոցը խմբագրել

Առաջին անգամ Վարշավայում հայկական դպրոց հիմնվել է 1994 թ., որի հիմնադիրը և ղեկավարը Մարինե Ռեստեվանյանն էր։ Այն գործել է 1994-1997 թթ. և կոչվել է «Մեսրոպ Մաշտոցի անվ. հայկական դպրոց»։ 2002 թ. Պավել Կորչևսկու շնորհիվ Վարշավայում վերաբացվել է հայկական շաբաթօրյա դպրոցը, որտեղ որպես հայոց լեզվի ուսուցչուհիներ աշխատանքի են անցել Անահիտ Երեմյանը և Մարգարիտա Երեմյան-Վոժնյակովսկան[3]։

Կրակովի հայկական դպրոցը խմբագրել

Կրակովի շաբաթօրյա հայկական դպրոցը հիմնվել է 2004 թ. Ռուզաննա Մուրադյանի և Ադամ Տերլեցկու համագործակցության արդյունքում և գործել է Հայ մշակութային ընկերության հովանավորության տակ։ Հետագայում այն սկսել է ղեկավարել դ-ր Գոհար Խաչատրյանը, ով նաև վարում է հայերենի դասը՝ նախատեսված բոլոր տարիքի երեխաների համար։ Բացի հայոց լեզվից երեխաները այստեղ սովորում են հայկական պար (պարուսույց՝ Պերճուհի Կույումճյան), երգ-երաժշտություն (Էլա Մկրտչյան) և հայոց պատմություն (Վերոնիկա Հովհաննիսյան)[4]։ Ներկայումս այն հովանավորվում է Հայկական հիմնադրամի կողմից[5]։

Վրոցլավի հայկական դպրոցը խմբագրել

Վրոցլավում գործող «Հայերի միության» շնորհիվ 2019 թվականից Վրոցլավի հայ համայնքի երեխաներն հնարավորություն ունեն սովորելու կիրակնօրյա հայկական դպրոցում։ Սաները ծանոթանում են հայ ժողովրդի պատմությանը,  լեզվի իմացությունը խորացնում, սովորում շախմատ խաղալ[6]։

Գդանսկի հայկական դպրոցը խմբագրել

Գդանսկի կիրակնօրյա հայկական դպրոցը հիմնվել է 2011 թ. և գործում է թիվ 58 հիմնական դպրոցին կից։ Հայոց լեզվի ուսուցչուհիներն են Գայանե Հակոբյանը և Աշխեն Սիմոնյանը։

Վուլկա Զատոցկայի հայկական դպրոցը խմբագրել

Վուլկա Զատոցկա քաղաքի հայ երեխաները հայոց լեզու կարող են սովորել արդեն իրենց քաղաքում՝ Վարշավայի շաբաթօրյա հայկական դպրոցի ուսուցչուհու բարի կամքի շնորհիվ։

Լեհաստանում լույս տեսնող և հայերին առնչվող պարբերականներ խմբագրել

Առաջին պարբերականը, որի մասին արժե նշել, դա Հայ մշակութային ընկերության կողմից հրատարակվող ՀՄԸ Տեղեկագիրն է, որի գլխավոր խմբագիրը հայագետ, լեզվաբան պրոֆ. Անդժեյ Պիսովիչն է։ Այն լույս է տեսնում Կրակովում, սկսած՝ 1993 թվականից։ Տեղեկագրում հրապարակվում են նորություններ, հիշողություններ, կարծիքներ, գիտական աշխատանքներ և ցանկացած այլ նյութեր, որոնք առնչվում են Հայաստանի և հայերի պատմության ու մշակույթի հետ հիմնականում լեհերենով, հազվադեպ՝ հայերենով։ Տեղեկագրի հիմնադիրներից և երկարամյա խմբագիրն էր երջանկահիշատակ պրոֆ. Աննա Քշիշտոֆովիչը[7]։

Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի ղեկավարության շնորհիվ սկսած 2009 թվականից Լեհաստանում լույս է տեսնում «ԱՎԵՏԻՍ» պարբերականը՝ տարեկան 4 անգամ։ Պարբերականը երկլեզու է՝ հայերեն և լեհերեն։ Առաջին գլխավոր խմբագիրը Արմեն Արտվիխն էր։ 2012 թ. սկսած գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնում է Յակուբ (Հակոբ) Կոպչինսկին։ Պարբերականը մշտապես համագործակցում է Մոնիկա Ագոպսովիչի, Վլադիսլավ Դենցայի, Բոգդան Կասպրովիչի, Մարիա Օհանովիչ-Տարասյուկի, Ռոմանա Օբրոցկայի, Գագիկ Պարսամյանի, պրոֆ. Անջեյ Պիսովիչի, պրոֆ. Արա Սայեղի և Գագիկ Սարգսյանի հետ։ Ավետիսի տեքստերի լեհերենից հայերեն թարգմանությունների հեղինակն ու խմբագիրը դ-ր Հայկ Հովհաննիսյանն է։ Պարբերականը լույս է տեսնում 1400 օրինակով։

Հայկական ռադիոհաղորդում լեհական ռադիոյում խմբագրել

Վրոցլավում գործող «Լեհաստանի Հայեր» հասարակական կազմակերպության ջանքերով՝ ի դեմս Արարատ Քոչարյանի, Ռադիո Վրոցլավի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվար ամսից պարբերաբար եթեր հեռարձակել հայկական ռադիոհաղորդում։

Լեհաստանում գործող հայկական գրադարանները խմբագրել

Լեհաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ ստեղծել են հայկական գրադարաններ, որոնցից հիշատակման են արժանի հետևյալները՝

  1. Վարշավայի Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի հովանու տակ գործող գրադարանը, որն ամենամեծն է[8]
  2. Կրակովի Հայ մշակութային ընկերության գրադարանը
  3. Զաբժե քաղաքի Հայ-լեհական հասարակական կոմիտեի ստեղծած գրադարանը, որը 2017 թ. անվանակոչվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի անունով[9]
  4. Վարշավայի Լեհ-հայկական հիմնադրամի հարկի տակ գործող գրադարանը[10]

Ծանոթագրությունների ցանկ խմբագրել

  1. «Związek Ormian w Polsce LEHAHAYER». www.lehahayer.pl.
  2. «Czasopismo ormiańskie "Awedis"». www.awedis.ormianie.pl.
  3. «Szkoła Ormiańska w Warszawie». www.facebook.com.
  4. «Szkoła Ormiańska w Krakowie». Facebook.
  5. «Armenian Foundation». fundacjaormianska.pl (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «Առավոտ օրաթերթ www.aravot.am».
  7. «ՀՄԸ Տեղեկագիր - otk.org.pl». otk.org.pl (լեհերեն).
  8. «Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամ».
  9. «Հայ-լեհական հասարակական կոմիտեի ֆեյսբության էջը».
  10. «Լեհ-հայկական հիմնադրամի պաշտոնական կայքը».

Արտաքին հղումներ խմբագրել