Հայդարաբադ (պետություն)

հնդկական իշխանական պետություն

Հայդարաբադ պետություն (անգլ.՝ Hyderabad State, Hyderabad Deccan (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), հայտնի է նաև որպես Հայդարաբադ Դեկան[1], Բրիտանական Հնդկաստանի կազմում եղած ամենամեծ (212 հազ. կմ²) և ամենահեղինակավոր իշխանական պետություն (21 համազարկ), 18 մլն-ից ավել բնակչությամբ (1951), որը գտնվել է Հնդկաստանի հարավ-կենտրոնական մասում՝ Դեկանի սարահարթի կենտրոնական մասում՝ Հայդարաբադ մայրաքաղաքով։ Պետության տարածքն այժմ բաժանված է Թելանգանա նահանգի, Հայդարաբադ-Կառնատակա տարածաշրջանը՝ Կառնատակա և Մարաթվահա մարզը Մահարաշթրա նահանգների միջև։

Հայդարաբադ իշխանական պետություն
անգլ.՝ State of Hyderabad
թելուգու` హైదరాబాద్ రాష్ట్రం
ուրդու՝ حیدرآباد کی ریاست
պարս.՝ ریاست حیدرآباد
Դրոշ Զինանշան


ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան
Կարգավիճակ
Մտնում էՀնդկաստան Հնդկաստանի
Թելանգանա
Կառնատակա
Մահարաշթրա
Ներառում էԴեկանի սարահարթի կենտրոնական մաս
ՎարչկենտրոնԱուրանգաբադ (1724–1763)
Հայդարաբադ(1763–1948)
Նիզամ
Վարչապետ
  • 1724-1730 Իվազ Խան (առաջինը)
  • 1952-1956 Բուրգուլա Ռամակրիշնա Ռաո (վերջինը)
Պաշտոնական լեզուներՈւրդու, տելուգու, պարսկերեն, մարաթհի և կաննադա
Բնակչություն (1941)16.600.000
Կրոնական կազմհինդուիզմ (85 %)
իսլամ (10 %)
Տարածք214.187
Հիմնադրված է1724 թ.
ՆախորդՄեծ Մողոլների կայսրություն
Մարատհական կայսրություն
Հեռախոսային կոդ040

Հայդարաբադ իշխանական պետությունը ձևավորվել է Մեծ Մողոլների կայսրության անկման ընթացքում, 1724 թվականին։ Այն ղեկավարել է իսլամադավան Նիզամը, որն ի սկզբանե՝ նախքան պետության անկախանալը եղել է Դեկանի Մողոլական մարզպետը[2]։ Նիզամի իշխանությունը փոխանցվել է ժառանգաբար (1724-1948 թվականներին) և պատկանել է Ասաֆ Ջահ դինաստիային։

Հայդարաբադն աստիճանաբար դարձել է Բրիտանական գերակայության առաջին իշխանական պետությունը, որն առաջինն էր, որ Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության հետ կնքեց սուբսիդար դաշինք համաձայնագիր։ Հնդկաստանի անկախությունից հետո Հայդարաբադ պետությունը նոր Հնդկաստանի միության հետ ստորագրել է համաձայնագիր (standstill agreement), շարունակելով նախորդ բոլոր պայմանավորվածությունները, բացառությամբ հնդկական զորքերի տեղաշարժման և իրավունք չունենալով արտաքին քաղաքականություն վարել և ինքնապաշտանություն իրականացնել։ 

1857 թվականին Սիպայների ապստամբության ժամանակ Հայդարաբադը չի աջակցել ապստամբներին, որի համար Բրիտանական կառավարության կողմից արժանացել է «Հավատարիմ դաշնակից» պատվավոր կարգավիճակի։

Ռազմատենչ ռազակարների աճին զուգընթաց, 1948 թվականի սեպտեմբերին Հնդկական Միությունն անհրաժեշտ համարեց Հնդկական զորքերով ներխուժել պետություն՝ իրականացնելով «Պոլո օպերացիան» և Նիզամին ստիպեց հրաժարական տալ[3]։ Հետագայում Հայդարաբադի նիզամը ստորագրեց Հնդկաստանին միանալու փաստաթուղթ[4]։

Պատմություն խմբագրել

Վաղ պատմություն խմբագրել

Հայդարաբադ պետությունը հիմնել է Միր Քամար ադ դին Խան, Ասաֆ Ջահ I-ը, որը Մեծ Մողոլների իշխանության տակ գտնվող Դեկանի նահանգապետն էր 1713 թվականից մինչև 1721 թվականը։ 1724 թվականին նա վերսկսել է իր ղեկավարելը Ասաֆ Ջահ տիտղոսով։ Նրա մեկ այլ անունը՝ Նիզամ ալ Մուլք (թագավորելու կարգ), «Հայդարաբադի Նիզամ» պաշտոնում դարձել է նրա անունը։ Իր կառավարման ավարտին Նիզամը Մողոլներից անկախ է դարձել, և հիմնադրել է Ասաֆ Ջահի դինաստիան[5]։

Մողոլների տերության անկումից հետո Դեկանի տարածաշրջանում աճեց Մարատհաների իշխանությունը։ Նիզամը բազում անգամներ տուժել է նրանց 1720-ական թվականների ասպատակություններից, ինչի հետևանքով Նիզամը Մարաթհաներին սկսել է կանոնավոր հարկ (չաուտ - Chauth) վճարել։ Մարատհաների և Նիզամի միջև խոշոր մարտեր են եղել Փալկհեդում, Ռակշասբհուվանում և Կհարդայում, որոնք բոլորն էլ Նիզամը պարտվել է[6][7]։ Բաջիրո I-ի կողմից Դեկանը նվաճելուց և նրա կողմից չոուտի կիրառումից հետո Նիզամը Մարատհաների հարկատուն դարձավ բոլոր առումներով[8]։

1778 թվականից հետո բրիտանական բնակիչները և զինվորները հաստատվեցին նրա դոմինիոնում։ 1795 թվականին Նիզամը իր տարածքի մի մասը զիջեց Մարատհաներին։ Մայսուրի տարածքային նվաճումները Նիզամը զիջեց դաշնակից Մեծ Բրիտանիային բրիտանացի զինվորների ծախսերը ծածկելու համար։

Բրիտանական իշխանության խմբագրել

 
Հայդարաբադի Գլխավոր փողոցը Չարմինարի հետ միասին, 1890

1798 թվականին Նիզամը (Ասաֆ Ջահ II, իշխել է 1762-1803 թվականներին) ստիպված էր պայմանագիր կնքել, որով Հայդարաբադը դրեց Մեծ Բրիտանիայի ենթակայության տակ։ Նա առաջին հնդկական իշխանն էր, որպես այդպիսին։ Հաջորդ Նիզամների (Ասաֆ Ջահ III, իշխել է 1803-1829 թվականներին) ղեկավարությամբ Հայդարաբադը եղել է Բրիտանիայի դաշնակիցը երկրորդ և երրորդ Մարաթհական պատերազմների ընթացքում (1803-1805, 1817-1819) և հավատարիմ է մնացել բրիտանացիներին Հնդկական ապստամբության ժամանակ (1857-1858)։

1918 թվականին Նիզամ Միր Օսման Ալին (Ասաֆ Ջահ VII, իշխել է 1911-1948) ստացել է անգլիական տիտղոսներ, բայց Թագը իրեն իրավունք է վերապահել միջամտել վատ կառավարման դեպքում։ Այդ ժամանակ Հայդարաբադը համարվում էր հետամնաց, բայց խաղաղ։ Հայդարաբադի մուսուլման նիզամները իշխում էին առավելապես հինդու բնակչությանը։

Բրիտանական Հնդկաստանի Համազարկային պետության (salute state) ժամանակաշրջանում ամենամեծ (23-համազարկ) պետությունը Հայդարաբադն էր, որը զբաղեցնում էր 82 000 քառակուսի մղոն (212,000 կմ²) տարածք Դեկանում, ղեկավարում էր Ասիֆ Ջահի տոհմի գլխավորը, որն ուներ Նիզամ տիտղոսը և ում անգլիացիներն արժանացրել էին «Ձերդ Գերազանց Մեծություն» տիտղոսին։ Վերջին Նիզամը եղել է Օսման Ալի Խանը (Ասաֆ Ջահ VII, իշխել է 1911-1948  թվականներին), ով 1930-ական թվականներին աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էր[9]։

Անկախության հռչակումից հետո (1947-1948) խմբագրել

1947 թվականին Հնդկաստանն անկախություն ձեռք բերեց և ձևավորվեց Հնդկաստանի և Պակիստանի դոմինիոնները։ Անգլիացիները Իշխանական պետության տեղական կառավարիչներին ընտրություն կատարելու հնարավորություն տվեցին՝ կամ միանալ ձևավորված այս կամ այն դոմինիոնին, կամ մնալ անկախ։ 1947 թվականի հունիսի 11-ին Նիզամը հայտարարություն տարածեց այն մասին, որ նա որոշում է կայացրել չմասնակցել ո՛չ Պակիստանի, ո՛չ էլ Հնդկաստանի Սահմանադիր ժողովին։ Հնդկաստանը պնդում էր, որ Հայդարաբադի բնակիչների ճնշող մեծամասնությունը ցանկանում է միանալ Հնդկաստանին[10]։

Նիզամի դիրքերը թույլ էին, քանի որ նրա բանակը բաղկացած էր ընդամենը 24 000 մարդուց, որոնցից ընդամենը 6 000-ն էին ամբողջությամբ պատրաստված և զինված[11]։

1948 թվականի օգոստոսի 21-ին Հայդարաբադի արտաքին գործերի նախարարությունը դիմեց Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի Գլխավոր քարտուղարին, որ Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության 35 (2)-րդ հոդվածին համապատասխան քննարկման դրվի «մեծ վեճը, որը, եթե ըստ միջազգային իրավունքի և արդարության չկարգավորվի, կարող է սպառնալ միջազգային խաղաղությանը և անվտանգության պահպանմանը»[12]։

Սեպտեմբերի 4-ին Հայդարաբադի վարչապետ Միր Լաիք Ալին (Mir Laiq Ali) Հայդարաբադի Վեհաժողովում հայտարարեց այն մասին, որ պատվիրակությունը մտադիր է գնալ Սաքսես լիճ (ԱՄՆ) Նավազ Ջունգի գլխավորությամբ[13]։ Նիզամը նաև վճռաբեկ բողոքով դիմել էր (առանց հաջողության) բրիտանական Լեյբորիստական կառավարությանը և թագավորի օգնությանը, որպեսզի կատարեն իրենց պարտավորությունները և Հայդարաբադին տված «անհապաղ միջամտություն ցույց տալու» խոստումները։ Հայդարաբադն աջակցություն ստացավ միայն Չերչիլից և բրիտանական պահպանողականներից[14]։

 
Գեներալ Էլ Էդրոսը (աջից) Հայդարաբադ պետության զինված ուժերը հանձնում է գեներալ-մայոր (հետագայում բանակի գեներալ և Գլխավոր հրամանատար) Ջոյանտո Նաթ Չաուդհուրիին Սեկունդերաբադում.

Պոլո օպետրացիա խմբագրել

1948 թվականի սեպտեմբերի 13-ի առավոտյան ժամը 4-ին Հնդկական բանակը Հայդարաբադի նկատմամբ սկսեց «Պոլո օպերացիա» անվամբ կոդավորված գործողությունը։ Հնդկական զորքերը երկրի բոլոր կողմերից ներխուժեցին Հայդարաբադ։ 1948 թվականի սեպտեմբերի 13-ին Հայդարաբադի Արտաքին գործերի Նախարարության Գլխավոր քարտուղարը հեռագրով տեղեկացրեց Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին, որ Հայդարաբադը գրավել են հնդկական զորքերը, և որ ռազմական գործողություններ բռնկվելու վտանգ կա։ Անվտանգության խորհուրդը դրան անրադարձավ սեպտեմբերի 16-ին, Փարիզում։ Հայդարաբադի ներկայացուցիչը Անվտանգության Խորհրդին կոչ էր անում անհապաղ գործողություններ սկսել Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության VII գլխի հիման վրա։ Հայդարաբադի ներկայացուցիչը արձագանքեց Հնդկաստանի ներխուժմանը արդարացնելով միջամտության անհրաժեշտությունը, մատնանշելով, որ այնուամենայնիվ, երկու երկրների միջև Համաձայնագիրը նախատեսում էր, որ Հնդկաստանին ոչինչ իրավունք չի տալիս ներքին կարգի պահպանումն աջակցող զորքեր ուղարկել[15]։

Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամը 5-ին Նիզամը հանձնվեց։ Դրանից հետո Հայդարաբադ պետությունն ընդգրկվեց Հնդկաստանի միության կազմի մեջ և ավարտվեց Նիզամների կառավարումը[16]։

1948 թվականի հոկտեմբերի 6-ին Պակիստանի արտաքին գործերի նախարար պարոն Մուհամմադ Զաֆֆարուլլա Խանը նամակով դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, որ Պակիստանին թույլատրվի մասնակցել Հայդարաբադի հարցի քննարկմանը՝ համապատասխան ՄԱԿ-ի Կանոնադրության 31-րդ հոդվածի[17]։

1948-1956 խմբագրել

Հայդարաբադ պետությունը Հնդկաստանի միության կազմում ընդգրկվելուց հետո 1950 թվականի հունվարի 26-ին վարչապետ նշանակվեց Մ. Կ. Վելլոդին։ Նա Հնդկաստանի կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյա էր։ Նա պետությունը ղեկավարում էր Մադրաս և Բոմբեյ նահանգների չինովնիկների օգնությամբ[18]։

1952 թվականի Սահմանադրական Ժողովի ընտրություններում Հայդարաբադ նահանգի գլխավոր նախարար ընտրվեց դոկտոր Բուրգուլ Ռամակրիշնա Ռաոն։ Այդ ընթացքում ուժեղ հուզումներ տեղի ունեցան։ Թելանգանա նահանգի որոշ կողմնակիցները պահանջում էին հետ ուղարկել Մադրասի չինովնիկին և խստորեն կատարել «Մուլքի կանոնները» (տեղական աշխատատեղեր միայն տեղի բնակիչների համար), որը 1919 թվականից Հայդարաբադի պետական օրենքի մի մասն էր[19]։

Լուծարում խմբագրել

1956 թվականին, Հնդկական նահանգներն ըստ լեզվական պատկանելության բաժանելու վերակազմավորման ակտի, Հայդարաբադ նահանգը բաժանվեց Անդհրա-Պրադեշ, Բոմբեյ (հետագայում՝ 1960 թվականին բաժանվեց Մահարաշտրա և Հուջարաթ նահանգների Հայդարաբադի օրիգինալ մասերի հետ միասին դառնալով Մահարաշտրա նահանգի մաս) և Կառնատակա նահանգների[20]։

Կառավարություն ու քաղաքականություն խմբագրել

Կառավարություն խմբագրել

 
TIME պարբերականը Հայդարաբադի նիզամՕսման Ալի Խան, Ասաֆ Ջահ VII-ին անվանել է աշխարհի ամենահարուստ մարդը և 1937 թվականի փետրվարի 22-ի այդ համարի կազմի վրա տպել է նրա նկարը, որի հիմնական նպատակը Հայդարաբադի ադամանդների գովազդն էր[21]

Ուլֆրեդ Քանթվել Սմիթը պնդում է, որ Հայդարաբադը եղել է շրջան, որտեղ միջնադարյան իսլամական ղեկավարման քաղաքական և սոցիալական կառույցներն ավելի կամ պակաս անձեռնմխելիորեն պահպանվել են մինչև մեր օրերը[22]։ Հասարակական կարգը գլխավորել է Նիզամը, որին պատկանել է պետության 5 միլիոն ակր (10%) տարածքը, որը նրան բերել է տարեկան 25 միլիոն ռուփի։ Մնացած 5 մլն ռուփին նրան տրամադրվել է պետական գանձարանից։ Նա ճանաչվել է ամենահարուստ մարդը աշխարհում[23]։ Նա ստացել է 1 100 ազնվական ֆեոդալների աջակցությունը, որոնց պատկանել են հողերի ևս 30% -ը, նաև շուրջ 4 մլն վարձակալ-ֆերմերների աջակցությունը։ Պետությանն է պատկանել նաև բոլոր խոշոր ձեռնարկությունների կապիտալի 50% -ից ավելին, որը Նիզամին թույլ էր տալիս լրացուցիչ շահույթ ստանալ և վերահսկել նրանց գործունեությունը։ Նրանք գրեթե բոլորը եղել են 100% մուսուլմաններ[24]։

Վարչական ու ծառայողական դասի սոցիալական կառուցվածքը ներառել է շուրջ 1500 պաշտոնյաների, որոնք նույնպես հիմնականում մուսուլման էին։ Նրանցից ոմանք հավաքագրված են եղել պետության սահմաններից դուրս։ Կառավարության ստորին մակարդակի աշխատակիցները նույնպես առավելապես եղել են մուսուլման։ Փաստորեն, Հայդարաբադի մուսուլմանները ներկայացրել են սոցիալական կառույցի կաստայի «վերին շերտը»։ Նրանք գերիշխել են առավելապես հինդու բնակչությամբ պետության մեջ, ովքեր վրդովվում էին նրանց գերակայությամբ[25]։

Ամբողջ իշխանությունը պատկանել է Նիզամին։ Նա ղեկավարում էր գործադիր խորհրդի կամ Կառավարության օգնությամբ, որը ստեղծվել է 1893 թվականին, որի անդամներին նա իրավունք ուներ ազատորեն նշանակել և հեռացրել։ Վարչապետը միշտ եղել է մուսուլման, հաճախ արտասահմանից ընտրված։ Եղել է նաև Համաժողով, որի դերը հիմնականում խորհրդատվական էր։ Անդամների կեսից ավելին նշանակվել են Նիզամի կողմից և մնացածը ընտրվել է սահմանափակ ձայնի իրավունքներով։ Ասամբլեայում ընդգրկված են եղել նաև հնդիկներ, պարսեր, քրիստոնյաներ և ճնշված դասերի ներկայացուցիչներ։ Նրանց ազդեցությունը, սակայն, սահմանափակ է եղել՝ պայմանավորված նրանց ոչ մեծ թվով[26][27]։

Նահանգի կառավարությունում նաև մեծ քանակությամբ օտարերկրացիներ են եղել (որոնց կոչվում էին ոչ-մուլք) - 1933 թվականին 46 800 աշխատակից, ներառյալ Նիզամի Գործադիր խորհրդի բոլոր անդամները։ 

Հնդիկները և մուսուլմանները միավորվեցին՝ ի նշան բողոքի, որ տեղաբնիկների ձեռքից խլվել էին վարչական պաշտոնները։ Շարժումը սակայն տապալվեց, երբ շարժման հնդիկ անդամները բարձրացրեցին «կառավարության պատասխանատվության» հարցը, որը մուսուլման անդամների համար հետաքրքրություն չէր ներկայացնում և հանգեցրեց շարժումից նրանց հրաժարվելուն[28]։

Քաղաքական շարժում խմբագրել

Մինչև 1920 թվականը Հայդրաբադում ոչ մի քաղաքական կազմակերպություն չի եղել։ Այդ թվականին Մեծ Բրիտանիայի ճնշման ազդեցությամբ Նիզամը «ֆարման» (պարս.՝ فرمان farmân - հրաման) հրատարակեց՝ սահմանադրական բարեփոխումները հետաքննելու համար հատուկ պաշտոնատար անձ նշանակելու մասին։ Դա խանդավառությամբ ընդունվեց բնակչության մի մասի կողմից, որոնք ձևավորեցին Հայդարաբադի պետական բարեփոխումների Ասոցիացիա։ Սակայն Նիզամը և հատուկ պաշտոնյան անտեսեցին խորհրդատվությունների համար նրանց բոլոր պահանջները։ Միևնույն ժամանակ Նիզամը արգելեց Խալիֆայական շարժումը երկրում, ինչպես նաև քաղաքական ժողովները և «քաղաքական արտասահմանցիների» մուտքը պետություն։ Այնուամենայնիվ, որոշ քաղաքական շարժում սկսվեց և հնդիկների ու մուսուլմանների միջև համագործակցության դեպքեր եղան։ Թուրքիայում Սուլթանության վերացումից և Բրիտանական Հնդկաստանին չմիանալու Գանդիի ղեկավարած՝ չհամագործակցելու շարժման (Non-co-operation movement) կասեցումից հետո միայն ավարտվեց համագործակցության այդ շրջանը[27]։

«Անդհրա Ջահա Սանգհամ» կոչվող կազմակերպությունը (հետագայում վերանվանվեց Անդհրա Մահասաբհա), որը ձևավորվեց 1921 թվականի նոյեմբերին, կենտրոնացավ Թելանգանայի ժողովրդին քաղաքապես իրազեկված դարձնելու վրա։ Առաջատար անդամները, ինչպիսիք էին Մադափաթի Հանումանթա Ռաոն, Բուրգուլա Ռամակրիշնա Ռաոն և Մ. Նարսինգ Ռաոն, գործունեություն էին ծավալում՝ առևտրականներին կոչ անելով, որ ընդդիմանան պաշտոնյաներին անվճար ծառայություններ տրամադրելուն և աշխատողներին քաջալերելով, որ դիմադրեն բեգարի համակարգին (ազատ աշխատանք պետության կամքով)։ Անհանգստանալով իր գործունեությամբ, 1929 թվականին Նիզամը խիստ կարգ սահմանեց՝ պահանջելով հանրային բոլոր հավաքույթների համար նախնական թույլտվություն ձեռք բերել։ Բայց կազմակերպությունը շարունակում էր մոբիլիզացնել սոցիալական խնդիրները, ինչպիսիք են հողագործների (ryots), կանանց իրավունքների պաշտպանությունը, դևադասի (devadasi) համակարգի և փարդա (purdah) կրելու վերացման, «անձեռնմխելիներ» կաստայի (dalit) վիճակը բարելավելու դրույթները և այլն։ 1937 թվականին նա կրկին դիմել է քաղաքական գործիչներին, փոխանցելով բանաձև, որով կառավարության պատասխանատվության կոչ էր անում։ Շուտով այն բաժանվեց չափավոր ծայրահեղական ուղղությունների։ Անդհրա Մահասաբհայի քաղաքական շարժումը 1937 թվականին համանման շարժումների ոգեշնչման աղբյուր եղավ նաև Մարաթվադայում և Կառնատակայում, որոնք էլ տեղի տվեցին Մահարաշտրա Փարիշադին և Կառնատակա Փարիշադին համապատասխանաբար[27]։

«Արիա Սամաջ» (Arya Samaj-Արիաների հասարակություն) պան-հնդկական հինդուիստական բարեփոխիչ շարժումը, որը մասնակցել էր ուժային Շուդդի (Shuddhi) կրոնական վերափոխման ծրագրին, պետությունում հաստատվել էր 1890-ական թվականներին, սկզբում Բհիր և Բիդար շրջաններում։ 1923 թվականին նա մասնաճյուղ բացեց Հայդարաբադ քաղաքում։ Նրա զանգվածային դարձի ծրագիրը 1924 թվականին լարվածության տեղիք տվեց, հինդուիստների և իսլամադավանների միջև տեղի ունեցան առաջին բախումները[27]։ Արիա Սամաջը կապված էր Հինդու Մահասաբհա կուսակցության հետ, սա մեկ այլ հինդուիստական համայնքային  կազմակերպություն էր, որը նույնպես մասնաճյուղեր ուներ պետության մեջ։ Հակամուսուլմանական տրամադրությունները, որոնք ներկայացնում էին այդ երկու կազմակերպությունները, հատկապես ուժեղ էին Մարաթհվադայում[29]։

1927 թվականին ձևավորվեց առաջին իսլամական քաղաքական կազմակերպությունը՝ Մուսուլմանների միասնության խորհուրդը (All India Majlis-e-Ittehadul Muslimeen, կրճատ՝ Ittehad )։ Նրա քաղաքական գործունեության առաջին տասնամյակը աղքատիկ էր, ոչ ավել, քան ՝ մատնանշելով մուսուլմանների միավորման նպատակները և կառավարության նկատմամբ հավատարմությունը։ Այնուամենայնիվ, նա գործել է որպես մուսուլմանների շահերի «պահակային շուն» և պաշտպանել է կառավարությունում և աշխատակազմում մուսուլմանների արտոնյալ վիճակը[27]։

1938 Սատյագրահա խմբագրել

1937 թվականը բեկումնային տարի էր Հնդկաստանի անկախության շարժման մեջ։ 1935 թվականի «Հնդկաստանի կառավարության օրենքում»[30] ներառվեց սահմանադրական խոշոր բարեփոխումներ՝ Հնդկաստանի ազատ Դաշնային կառույցի և նահանգային ինքնավարության հետ միասին[31]։ 1937 թվականի փետրվարին կայացած Հնդկաստանի նահանգային ընտրություններում Հնդկական Ազգային Կոնգրեսը Բրիտանական Հնդկաստանի շատ մարզերում ձայների բացահայտ մեծամասնություն ստացավ և ձևավորեց նահանգների կառավարությունը։

Մյուս կողմից, սահմանադրական ոչ մի բարեփոխում չէր կատարվել Հայդարաբադում, չնայած 1920 թվականի նախնական հայտարարությանը։ Անդհրա Մահասաբհան ընդունել էր մի բանաձև, որը պատասխանատու կառավարության օգտին էր. ձևավորվել էր Մահարաշտրա Փարիշադ և Կառնատակա Փարիշադ զուգահեռ կազմակերպություններ համապատասխան մարզերում։ 1937 թվականի սեպտեմբերին Նիզամը կրկին ստեղծել էր Սահմանադրական բարեփոխումների Կոմիտե։ Սակայն այնուամենայնիվ, 1920-ական թվականների լռեցնելու կարգադրությունները շարունակում էին սահմանափակել մամուլի ազատությունները և հրապարակային ելույթներն ու հանդիպումները։ Ի պատասխան ստեղծվեց «Հայդարաբադի ժողովրդական կոնվենցիա», որի աշխատանքային կոմիտեն կազմված էր 23 առաջատար հնդիկներից և 5 մուսուլմաններից։ Կոնվենցիան վավերացրեց մի զեկույց, որը ներկայացվեց Սահմանադրական բարեփոխումների կոմիտեի 1938 թվականի հունվարի քննարկմանը։ Սակայն աշխատանքային կոմիտեի հինգ մուսուլման անդամներից չորսը հրաժարվեց ստորագրել արձանագրությունը, նվազեցնելով դրա պոտենցիալ ազդեցությունը[32]։

1938 թվականի փետրվարին Հնդկական ազգային կոնգրեսն ընդունեց Հարիփուրա բանաձևը (Haripura գյուղում), որն հայտարարում էր, որ իշխանական պետությունները «Հնդկաստանի անբաժանելի մասն են», և որ դա նշանակում է, որ «Նահանգներն ունեն նույն քաղաքական, սոցիալական և տնտեսական ազատությունները, ինչ գործում է ամբողջ Հնդկաստանում»։ Դրանից ոգևորվելով, Ժողովրդական Կոնվենցիայի մշտական կոմիտեն առաջարկեց ձևավորել Հայդարաբադի Պետական կոնգրես, և սկսվեց մասնակիցների գրանցման խանդավառ շարժում։ Կոմիտեն վստահեցնելով, որ մինչև 1938 թվականի հուլիս ամիսը գրանցվել են 1200 առաջնային անդամներ, հայտարարեց, որ շուտով տեղի կունենան ղեկավար մարմինների ընտրություններ։ Նա կոչ արեց պետության ինչպես հինդուներին, այնպես էլ մուսուլմաններին «թոթափել փոխադարձ անվստահությունը» և միանալ «Ասաֆ Ջահի դինաստիայի հովանու պատասխանատու կառավարություն ստեղծելու գործին»։ Նիզամը Պետական կոնգրեսի ընտրություններին արձագանքեց նախատեսված ընտրություններից երեք օր առաջ՝ 1938 թվականի սեպտեմբերի 6-ին, Հասարակական անվտանգության մասին նոր օրենք ընդունելու միջոցով և հրաման արձակեց, որ Հայդարաբադի Պետական կոնգրեսը ճանաչվում է անօրինական[32]։

Արգելքը հանելու մասին բոլոր բանակցություններն անհաջողությամբ ավարտվեցին։ Հայդարաբադյան հարցը լայնորեն քննարկվում էր Բրիտանական Հնդկաստանի թերթերում։ Պունայի Հնդկական ազգային կոնգրեսի ղեկավար Սենապատի Բարաթը հայտարարել էր, որ նոյեմբերի 1-ից ցանկանում է սատյագրահա սկսել (քաղաքացիական անհնազանդության շարժում) Հայդարաբադում։ Արիա Սամաջը և Հինդուական Մահաշաբհան նույնպես նախատեսում էին հինդուների քաղաքացիական իրավունքների հարցի վերաբերյալ սատյագրահա իրականացնել։ Ամբողջ հինդուական համայնքը բորբոքված էր սկսած 1938 թվականի սկզբից, երբ Օսմանաբադ շրջանում Արիա Սամաջի անդամներից մեկը սպանվել էր, քանի որ հրաժարվել էր Իսլամ ընդունել։ Ապրիլին Հայդարաբադում հինդուների և մուսուլմանների միջհամայնքային խռովություն սկսվեց, ինչը Բրիտանական Հնդկաստանի մամուլը լուսաբանեց՝ պնդելով «հինդուների ճնշման» մասին։ Արիա Սամաջի առաջնորդները հույս ունեին օգտագործել այդ հակասությունները։

Հնարավոր է, ետ չմնալու նպատակով, Հայդարաբադի Պետական Կոնգրեսի ակտիվիստները «Գործողությունների կոմիտե» ձևավորեցին և 1938 թվականի հոկտեմբերի 24-ին սատյագրահա նախաձեռնեցին։ Առաջադրվեցին Կազմակերպության անդամներ, որոնք բացահայտ հայտարարեցին, որ իրենք Հայդարաբադի Պետական Կոնգրեսի անդամներ են և ձերբակալության արժանացան։ Նույն օրն իր սատյագրահան սկսեց Արիա Սամաջ Հինդու Մահաշաբհան[32]։

Հնդկական Ազգային կոնգրեսը հրաժարվեց աջակցել Պետական կոնգրեսի սատյագրահային։ «Հարիպուրայի բանաձևը» ըստ էության փոխզիջումային տարբերակ էր օպորտունիստների  և ռադիկալների միջև։ Գանդին զգուշանում էր պետության ուղղակի միջամտությունից, քանի որ ագիտացիան կարող էր բռնության վերաճել։ Կոնգրեսի գլխավոր ղեկավարները նաև ձգտում էին հինդուների և մուսուլմանների առավել սերտ համագործակցության, ինչը չհաջողվեց Պետական կոնգրեսին։ Փաթմաջա Նաիդուն (Սարոջինի Նաիդուի դուստրը) գրել է Գանդիի երկար հաշվետվությունը, որտեղ նա խիստ քննադատության է ենթարկել Կոնգրեսում միասնության ու համախմբվածության բացակայությունը, և «համայնքային [նրա] բառի իմաստով»։ Դեկտեմբերի 24-ին Պետական Կոնգրեսը դադարեցրեց քարոզչությունը՝ 300 ակտիվիստների նկատմամբ կալանք կիրառելուց հետո։ Այդ ակտիվիստները բանտում մնացին մինչև 1946 թվականը[32][33]։

Արիա Սամաջ Հինդու Մահաշաբհա կազմակերպությունը շարունակեց իր քարոզչությունը և ուժեղացրեց այն 1949 թվականի մարտին։ Սակայն, պետության հինդու բնակչության արձագանքը բավականին թույլ էր։ 8000 ակտիվիստները, որոնք կալանավորվել էին հունիսին, պետության բնակիչների գրեթե 20% -ն էր կազմում։ Մյուսները մոբիլիզացվել էին Բրիտանական Հնդկաստանից։ Բրիտանական Հնդկաստանի հարակից Բոմբեի և Կենտրոնական գավառներ և Բերար նահանգները, սահմանափակ չափով, Մադրասը, բոլորը, որոնք ղեկավարվում էին Հնդկաստանի Ազգային կոնգրեսի կողմից, զորահավաքին նպաստում էին այնպիսի քաղաքներից, ինչպիսիք են Ահմեդնագարը, Սոլապուրը, Վիջայավադան, Պուսադեն և Մանմադը՝ օգտագործելով որպես անցումային կետ։ Բրիտանական Հնդկաստանը ավելի կտրուկ սկսեց վարել Հակահայդարաբադյան քարոզչությունը։ Հուլիս-օգոստոսին, լարվածությունը թուլացավ։ Հինդու Մահաշաբհան Ջոշիմաթի Շանկարաչարյայի (Shankaracharya - վանական ղեկավարի տիտղոս) մոտ խաղաղապահ առաքելություն էր ուղարկել, որը վկայում է, որ նահանգում հինդուների նկատմամբ կրոնական հետապնդումներ չկային։ Նիզամի կառավարությունը ստեղծեց Կրոնի հարցերով կոմիտե և հայտարարեց մինչև հուլիսի 20-ը կայանալիք սահմանադրական բարեփոխումների մասին։ Հետագայում, հուլիսի 30-ին իր քարոզարշավը դադարեցրեց Հինդու Մահաշաբհան, իսկ օգոստոսի 8-ին՝ Արիա Սամաջը։ Երկու կազմակերպությունների բոլոր ձերբակալված ակտիվիստներն ազատ արձակվեցին[32]։

Միջհամայնքային բռնություն խմբագրել

1936-1937 թվականներին Հնդկաստանի ընտրություններում Մուսուլմանական լիգան ղեկավարող Մուհամմեդ Ալի Ջիննան ձգտում էր իսլամական նկրտումներից օգտվելով շահել ՄԻՄ (Majlis-e-Ittehadul Muslimeen, կրճատ՝ MIM) առաջնորդ Նավաբ Բահադուր Յար Ջունգի հավատարմությունը, որը պայքարում էր հանուն Նիզամի վրա հենված իսլամական պետության, որը որպես Սուլթան, մերժում էր բոլոր ժողովրդավարության պահանջները։ Հինդուական Արիա Սամաջ վերածնունդային շարժումը, որը 1930-ական թվականների վերջից պահանջում էր իշխանության ավելի մեծ հասանելիություն հնդկական մեծամասնության համար, 1938 թվականին սանձվեց Նիզամի կողմից։ Հայդարաբադի Պետական Կոնգրեսը միավորեց ուժերը Արիա Սամաջի, ինչպես նաև Հինդու Մահասաբհայի հետ[34]։

 
Հայդարաբադ պետությունը Հնդկաստանի Կասերական թերթից, 1909

Նուրանին ՄԻՄ-ը տեսնում էր Նավաբ Բահադուր Յար Ջունգի ղեկավարությամբ, որը ձգտում էր կրոնական և լեզվական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։ Սակայն այս ամենը փոխվեց, երբ 1944 թվականին Նավաբիի մահից հետո ղեկավարությունն անցավ Քասիմ Ռազվին[35]։

Նույնիսկ, երբ Հնդկաստանի և Հայդարաբադի միջև բանակցություններ էին գնում, հնդ-մուսուլմանական միջհամայնքային խռովությունների հետևանքով ենթամայրցամաքի մեծ մասը քաոսի մեջ էր հայտնվել։ Զգուշանալով հնդուների քաղաքացիական ընդվզումից, Նիզամը Ռազվիին թույլատրեց ստեղծել «ռազակարներ» կոչվող մուսուլմանների կամավորական ջոկատ։ Ռազակարները, որոնք թվով մոտ 200 000 -ն էին, հակամարտության բռնկման ժամանակ, երդում տվեցին աջակցել իսլամական գերակայությանը Հայդարաբադում և Դեկանի բարձրավանդակում[36]՝ Հեյդերաբադը Հնդկական միությանը միանալու հինդու բնակչության մեծամասնության շրջանում աճող հասարակական կարծիքի առջև։

Համաձայն Օսմանաբադի շրջանի քաղծառայող Մոհամմեդ Հայդերի հաշվետվության, տարբեր զինյալ խմբավորումներ, այդ թվում Ռազակարները և Դեենդարները, նաև աֆղվան և արաբ ազգային աշխարահզորայինները պնդում էին, որ պաշտպանում են իսլամական հավատքը և հող էին պահանջում։ «1948 թվականին սկզբին Ռազակարներն իրենց գործողությունները Հեյդերաբադ քաղաքից ծավալեցին դեպի այլ քաղաքներ և գյուղական տարածքներ՝ սպանելով հնդուսներին, առևանգելով նրանց կանանց, թալանեցին ոչ մուսուլմանների տներն ու դաշտերը, լայնածավալ տեռորի ենթարկելով ոչ մուսուլմանների ունեցվածքը»[37][38]։ «Որոշ կանայք ռազակարների կողմից բռնաբարվեցին և առևանգվեցին, հազարավորներ բանտարկվեցին և դաժանորեն ճնշվեցին վարչակազմի կողմից»[39]։ Հազարավոր հինդուսներ ստիպված էին փախչել պետությունից և ապաստան փնտրել։ Ճշգրիտ թվերը հայտնի չեն, սակայն Կենտրոնական պրովինցիաներ (անգլ.՝ Central Provinces) 40 000 փախստականներ եկան[36]։ Սա հանգեցրեց հինդու համայնքի ահաբեկմանը, որոնցից ոմանք անկախ Հնդկաստանի սահմանը հատեցին և Նիզամի տարածքներում բռնություններ գործադրեցին բռնության ենթարկելու համար։ Այս հանցագործներից շատերը Հնդկաստանի Կոնգրեսի ղեկավարության հսկողության տակ էին և կապեր ունեին հինդութվա (հինդույականություն) ծայրահեղական կրոնական տարրերի հետ[40]։ Ընդհանուր առմամբ 150 գյուղեր (որոնցից 70-ը Հայդարաբադ պետությունից դուրս էին գտնվում) բռնության ենթարկվեցին։

Հայդարաբադը միջնորդեց որոշ ջանքեր գործադրելով, որ նվազեցնի ռազակարների ազդեցությունը։ Ռազվին վետո դրեց նրանց զինաթափման տարբերակի վրա, ասելով, որ Հայդարաբադի պետական բանակն անարդյունավետ է, իսկ ռազակարներն ինքնապաշտպանության միակ միջոցն են։ 1948 թվականի օգոստոսի վերջին, Հնդկաստանի ներխուժումն անխուսափելի էր[40]։

Ներուն չէր ցանկանում ներխուժել, վախենալով Պակիստանի կողմից ռազմական գործողություններից։ Հնդկաստանը չգիտեր, որ Պակիստանը Հայդարաբադում զենք օգտագործելու մտադրություն չուներ, ի տարբերություն Քաշմիրի, որտեղ նա ընդունել էր, որ իր զորքերն այնտեղ են[36]։ Time ամսագիրը նշում է, որ եթե Հնդկաստանը Հայդարաբադ ներխուժի, ապա ռազակարները կկոտորեն հինդուներին, ինչը կհանգեցնի Հնդկաստանի մուսուլմանների պատասխան կոտորածին[41]։

Պոլո օպերացիայից առաջ խմբագրել

Հայդարաբադի հինդուսների և հնդկական բանակի զինվորների կողմից բռնարարքների ժամանակ մուսուլմաններին թալանելու, զանգվածային սպանությունների և բռնաբարության մասին հաղորդումներ եղան[37][42]։ Իրավիճակն ուսումնասիրելու համար Ջավահարլալ Ներուն խառը հավատքային հանձնաժողով նշանակեց, որը ղեկավարում էր Պունդիթ Սունդեր Լալը։ Զեկույցի եզրակացությունները (Pundit Sundar Lal Committee Report) մինչև 2013 թվականը չէին հրապարակվել, երբ գիտնականներին թույլատրվեց օգտվել Նյու Դելիում գտնվող Ներուի գրադարան-թանգարանից (անգլ.՝ The Nehru Memorial Museum & Library (NMML)[43][44]։ Զեկույցը հասանելի է նաև առցանց[45]։

Հանձնաժողովը եզրակացրեց, որ Հնդկաստանի բանակի կողմից մուսուլման գյուղացիները զինաթափվել են, իսկ հնդիկները հիմնականում զինված են մնացել[42]։ Բռնությունները կատարվել են հինդու բնակիչների կողմից, բանակը երբեմն անտարբեր է մնացել և երբեմն էլ մասնակցել է վայրագություններին[36]։ 11 Կոմիտեն հայտարարել է, որ մուսուլմանների նկատմամբ լայնամասշտաբ բռնությունները տեղի են ունեցել Մարաթվադա և Թելանգանա շրջաններում։ Նա նաև եզրակացրել է. «Մի շարք տեղերում զինված ուժերի անդամները չափահաս մուսուլման տղամարդկանց դուրս են բերել գյուղերից և քաղաքներից և սառնասրտորեն կոտորել են նրանց»[42]։ Հանձնաժողովը, ընդհանուր առմամբ, զինվորականների լավ վարք դրսևորելու մասին է նշել, սակայն հայտարարել է, որ զինվորների շարժառիթը մոլեռանդությունն է եղել[36]։ Պաշտոնական «շատ պահպանողական գնահատականն» այն էր, որ 27 000-ից մինչև 40 000 մահացել են «ոստիկանության գործողությունների ժամանակ և հետո»[44]։ Այլ գիտնականները մատնանշել են 200 000 կամ ավելի բարձր զոհ[46]։ Մուսուլմանների շրջանում որոշ գնահատականներ ավելի բարձր էին, և Սմիթը ասում է, որ ռազմական կառավարության գնահատականները [մուսուլման զոհերի] առնվազն տասն անգամ ավելի են եղել, որոնցում պաշտոնապես մեղադրվում էին ռազակարները[47] Ուիլյամ Դալրիմփլիի խոսքերով սպանությունների սանդղակը սարսափելի էր։ Թեև Ներուի կողմից էին այս բռնությունները գործադրվել, բայց նա մասնավորապես անհանգստացած էր հակամուսուլմանական բռնությունների ծավալով[48]։

Փաթելը կտրականապես դեմ է եղել նման եզրակացությունների հետ, ասելով, որ ուսումնասիրությունը թերի է կատարվել, քանի որ դրանք կատարվել են Պոլո օպերացիայի ժամանակ։ Նա նաև թերագնահատելով անվստահություն է հայտնել հանձնաժողովի շարժառիթների վերաբերյալ։ Այս առարկությունները Նուրանին ազնիվ չի համարել, քանի որ հանձնաժողովը կազմված էր տարբեր կրոնի ներկայացուցիչներից, այն պաշտոնական էր և քննադատաբար էր վերաբերվում ռազակարների գործունեությանը[40][46]։

Սանդարայան մատնանշել է, որ հինդուական գյուղերի բնակիչները փրկել են հազարավոր մուսուլմանական ընտանիքների նման վայրագություններից[49]։

Բնակչության կազմ և լեզուներ խմբագրել

Հայդարաբադի բնակչությունը խոսում է հետևյալ լեզուներով.

Վարչակազմ խմբագրել

Հայդարաբադի նահանգի շրջաններ խմբագրել

Հայդարաբադը վարչականորեն կազմված է եղել տասնվեց մարզերից ՝խմբավորվելով չորս վարչատարածքային միավորների մեջ.

  • Աուրանգաբադ վարչատարածքային միավոր, որն ընդգրկում է Աուրանգաբադ, Բիդ, Նանդեդ և Պարբհանի մարզերը (դիսթրիք)
  • Գուլբարգա վարչատարածքային միավոր, որն ընդգրկում է Բիդիր, Գուլբարգա, Օսմանաբադ, Ռաիչուր մարզերը
  • Գուլշանաբադ կամ Մեդակ վարչատարածքային միավորը, որն ընդգրկում է Ալթրաֆ ի Բալդա (Հայդարաբադ), Մահբուբնագար, Մեդակ, Նալգոնդա (Նալգունդահ), Նիզամաբադ գավառները
  • Վարանգալ վարչատարածքային միավոր, որն ընդգրկում է Ադիլբադ, Կարիմնագար, Վարանգալ (ներկային Քամամ շրջանը Վարանգալի մի մասն է) մարզերը։

Հայդարաբադ պետության վարչապետներ խմբագրել

Հայդարաբադի վերջին Նիզամը՝ Ասաֆ Ջահ VII-ը (1886-1967) կառավարել է 1911-1948 թվականներին և 1950 թվականի հունվարի 26-ից մինչև 1956 թվականի հոկտեմբերի 31-ը կառավարել է որպես ռաջպրամուկխ[1]։ Նոր պետությունը (Հնդկական Միության մասը) ներառել է Թելուգու 9 մարզեր Թելանգանա նահանգից, չորս Կաննադա մարզեր Գուլբարգա գավառից, և չորս Մարաթհի մարզեր Աուրանգաբադ նահանգից։

No Անուն Պաշտոնավարման ժամկետ Կուսակցություն[52] Ղեկավարման օրեր
1 Մ. Կ. Վելոդի 1950 հունվարի 26 1952 մարտի 6 Հնդկական ազգային կոնգրես 770
2 Բուրգուլա Ռամակրիշնա Ռաո 1952 մարտի 6 1956 հոկտեմբերի 31 1701

Հայդարաբադ նահանգի արդյունաբերություն խմբագրել

 
Karkhana Zinda Tilismath (դեղագործական ֆաբրիկա)


 
Nissan Cabstar հրշեջ մեքենա, որը կառուցվել է Hyderabad Allwyn Nissan Ltd Հնդ-ճապոնական համատեղ ձեռնարկությունը
 
Հայդարաբադի վերջին նիզամ, աշխարհի ամենահարուստ հնդիկ Միր Օսման Ալի Խան, Ասաֆ Ջահ VII-ը ռաջպրամուխ նշանակվելուց հետո մի քանի մտերիմ օգնականների հետ Դակոտայում պատրաստվում է Deccan Airways -ի օդանավով կատարել առաջին՝ փորձնական թռիչքը։ 1951 հունվարի 1, Բեգումպետ, Հայդարաբադ

Հատկապես 20-րդ դարի առաջին կեսին՝ Հայդարաբադի վերջին Նիզամ Ասաֆ Ջահ VII-ի ժամանակ, նախքան Հնդկական միության մեջ հայտնվելը, Հայդարաբադի տարբեր շրջաններում ստեղծվել են բազմաթիվ խոշոր արդյունաբերական ձեռնակություններ։ Նիզամի ղեկավարած 37 տարիների ընթացքում Հայդարաբադում կառուցվեց էլեկտրակայան, երկաթուղային կայարաններ և ավիաուղիներ և այլ խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ։ Հայդարաբադից 144 կմ հեռավորության վրա գտնվող Մանջիրա գետի վրա կառուցվեց Նիզամ Սագար ջրամբարը, իսկ Տունգաբհադրա գետի միջոցով՝ ոռոգման համակարգը։ Նիզամն արդյունաբերության զարգացումը հիմնականում կենտրոնացրեց Սանատհնագարի շրջանում, որտեղ տեղակայված էին մի շարք ոլորտներ, որոնք ունեին ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտային միջոցներ[53]։

Հայդարաբադի արդյունաբերական ոլորտները մինչև անկախանալը[53]
Կազմակերպություն Թվական Ծանոթագրություն
Karkhana Zinda Tilismat
Կառտխանա զինդա թիլիշմատ
1920
Zinda Tilismat (ուրդու՝ կենդանի մոգություն) դեղամիջոց արտադրող դողագործական ընկերություն[54]
Singareni Collieries Company
Սինգարենիի ածխարդյունաբերական ընկերություն
1921 Ածխի արդյունաբերական պետական ձեռնարկություն, որը գտնվում է Սինգարենի գյուղում (ներկայումս Թելանգանա նահանգում)[55]
VST Industries
ՎՍՏ արդյունաբերական ընկերություն
1930 VST (Վեզիր սուլթան տոբակո) Չարմինար ծխախոտի գործարան, ներկայումս լայնորեն համագործակցում է Բրիտանիայում գտնվող British American Tobacco ընկերության հետ։ Այն որպես արդյունաբերական անկախ ընկերություն գրանցվել է (VST Industries Ltd) 1983 թվականին[56][57]
Azam Jahi Mills Warangal
Ասամ Ջահի մանածագործական ֆաբրիկա
1934 Վարանգալիի մանածագործական ֆաբրիկա, հայտնի է եղել որպես A.J. Mill, որը էլեկտրաէներգիայով ապահովում էր ամբողջ Վարանգալը, այնտեղ աշխատել են 10 000-ից ավելի մարդ, որը փակվել է 1990-ական թվականներին[58][59][60]
Nizam Sugar Factory
Նիզամի շաքարի գործարան
1937 Հայտնի է որպես Nizam Deccan Sugars Limited (NDSL) Նիզամաբադից 25 կմ հեռավորության վրա է գտնվում և հանդիսանում է Ասիայի շաքարի ամենախոշոր գործարանը[61]։ Ի սկզբանե կոչվել է Շաքար Նագար։ 2001 թվականից գործարանի 15 000 ակր տարածքը մաս-մաս սեփականաշնորհվել է։ Ներկայումս սեզոնային է գործարկվում։
Hyderabad Allwyn
Հայդարաբադի Ալվին մետաղաշինական գործարան
1942 Մետաղական կենցաղային տեխնիկայի պետական մետաղաշինական գործարան Հայդարաբադում։ Արտադրել է ավտոմեքենաներ, բեռնատարներ, ավտոբուսներ, սառնարաններ և ձեռքի ժամացույցներ։ 1970-1980 թվականներին Allwyn սառնարանները և Allwyn ժամացույցները Հնդկաստանի առաջատար ապրանքանիշներից են եղել։ 1983 թվականին ավտոմոբիլաշինական հատվածը պայմանագիր է կնքել Ճապոնական Nissan Motor Company ընկերության հետ Nissan Cabstar բեռնատարներ արտադրելու համար։ Գործարանի այդ մասը կառուցվել է Հայդարաբադ քաղաքի մոտ գտնվող Զահիրաբադ քաղաքում և ստացել է Hyderabad Allwyn Nissan Ltd։ Ներկայումս այն կոչվում է Mahindra and Mahindra (M&M) սեփականատիրոջ անունով[62][63]։
Praga Tools
1943 Հաստցաշիական գործարան։ 1963 թվականից պաշտպանության նախարարության է փոխանցվել։ 2015 թվականից լիկվիդացման գործընթաց է սկսվել[64][65]։
Deccan Airways Limited
Դեկան ավիաուղիներ
1945 Հայդարաբադում տեղակայված առևտրային ավիաընկերություն։ Հնդկաստանի անկախության շրջանում գործող ինը ավիաընկերություններից մեկը։ 1953 թվականին, երբ Հնդկական ավիուղիների հետ միավորվեց, ընկերությունն ուներ տասներեք Douglas DC-3 ինքնաթիռ։ Կանոնավոր չվերթներ է իրականացրել Կվետտա և Ռանգուն, ինչպես նաև Մադրաս-Հայդարաբադ-Նագպուր-Բհոպալ-Գվալիոր-Դելլի, Հայդարաբադ-Բոմբեյ և Հայդարաբադ-Բանգալոր[66]
Hyderabad Asbestos
Հայդարաբադ ազբեստ
1946 Ներկայումս կոչվում է HIL Limited, արտադրում է շին-մոնտաժային նյութեր, արդյունաբերական նյութեր։ Ներգրավված է բնակելի, առևտրային և ենթակառուցվածքային նախագծերում։ CK Birla Group -ի առաջատար խումբն է։ բնակելի, առևտրային և ենթակառուցվածքային նախագծերում[67]։
Sirsilk
1946 Տեքստիլ ֆաբրիկա[68]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.britannica.com/biography/Osman-Ali
  2. «Хайдарабад - государство низамов. История почти современной нам страны, которая не смогла уцелеть; Древняя Голконда и Хайдарабад». Портал о странах и народах мира.
  3. Taylor C. Sherman. «The integration of the princely state of Hyderabad and the making of the postcolonial state in India, 1948–56». Indian Economic and Social History Association.
  4. «Instrument of Accession executed by Maharajah Hari Singh on October 26, 1947». jammu-kashmir կայքում. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 17-ին.
  5. «Hyderabad». Encyclopædia Britannica. Britannica. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. «Dictionary of Battles and Sieges: P-Z». google.com.pk.
  7. «The State at War in South Asia». google.com.pk.
  8. Nath Sen, Sailendra. «Anglo-Maratha Relations, 1785–96, Volume 2». google.co.in.
  9. Time dated 22 February 1937, cover story
  10. Purushotham, Sunil (2015). «Internal Violence: The "Police Action" in Hyderabad». Comparative Studies in Society and History. 57 (2): 435–466. doi:10.1017/s0010417515000092.
  11. Benichou, Autocracy to Integration, 2000, էջ 229
  12. «The Hyderabad Question» (PDF). United Nations. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  13. Benichou, Autocracy to Integration, 2000, էջ 230
  14. Benichou, Autocracy to Integration, 2000, էջ 231
  15. United Nations Document S/986
  16. Benichou, Autocracy to Integration, 2000, էջ 232
  17. United Nations Security Council Document S/1031
  18. «APonline - History and Culture - History-Post-Independence Era». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  19. «Mulki agitation in Hyderabad state». Hinduonnet.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
  20. «SRC submits report». The Hindu. Chennai, India. 2005 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
  21. «The Nizam of Hyderabad | Feb. 22, 1937». Time Inc. Time պարբերականի կազմը Նիզամի նկարով. փետրվարի 22, 1937 | Vol. XXIX No. 8.{{cite web}}: CS1 սպաս․ այլ (link)
  22. Smith, 1950, էջ 28
  23. Guha, 2008, էջ 51
  24. Smith, 1950, էջ 29
  25. Smith, 1950, էջեր 29–30
  26. Smith, 1950, էջեր 30–31
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 Benichou, Autocracy to Integration, 2000, Chapter 2
  28. Benichou, Autocracy to Integration, 2000, էջեր 39–40
  29. Smith, 1950, էջ 32
  30. «Օրենքի սկզբնական տեքստը 1935 թվականին» (PDF).
  31. «1943 թվականի օգոստոսի 15-ին փոփոխված օրենքը» (PDF). Indian Law Ministry. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 26-ին.
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 Benichou, Autocracy to Integration, 2000, Chapter 3
  33. Smith, 1950, էջեր 32, 42
  34. Noorani, A. G. (2014). «The Destruction of Hyderabad». Hurst & Co, ISBN 978-1-84904-439-4.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) էջ 51-61
  35. Sukumar Muralidharan (2014). «Alternate Histories Hyderabad 1948 Compels a Fresh Evaluation of the Theology of India's Independence and Partition». History and Sociology of South Asia. 8 (2): 119–138. doi:10.1177/2230807514524091.
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 Taylor C. Sherman (2007). «The integration of the princely state of Hyderabad and the making of the postcolonial state in India, 1948-56» (PDF). Indian economic & social history review. 44 (4): 489–516. doi:10.1177/001946460704400404. http://journals.sagepub.com/doi/10.1177/001946460704400404. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  37. 37,0 37,1 Kate, P. V. Marathwada Under the Nizams, 1724–1948. Delhi: Mittal Publications, 1987, p.84.
  38. Frank Moraes (2007). «Jawaharlal Nehru-A Biography». Mumbai: Jaico, էջ 394.
  39. «RAZAKARS (HYDERABAD)». World Heritage Encyclopedia.
  40. 40,0 40,1 40,2 Sukumar Muralidharan (2014). «Alternate Histories. Hyderabad 1948 Compels a Fresh Evaluation of the Theology of India's Independence and Partition». History and Sociology of South Asia. 8 (2): 119–138. doi:10.1177/2230807514524091.
  41. «"HYDERABAD: The Holdout"». Time. 30 August 1948. Retrieved 20 May 2010.
  42. 42,0 42,1 42,2 Mike Thomson (2013 թ․ սեպտեմբերի 24). «Hyderabad 1948: India's hidden massacre». BBC.
  43. Mir Ayoob Ali Khan (2013). «Lessons to learn from Hyderabad's past». TNN. The Times of India.
  44. 44,0 44,1 Mike Thomson (2013). «Hyderabad 1948: India's hidden massacre». BBC.
  45. «Exclusive Sundar Lal report on Hyderabad police action. DC has access to confidential and secret report on the 1948 massacre in Hyderabad». Deccan Chronicle, Nov 30, 2013.
  46. 46,0 46,1 A. G. NOORANI (3–16 March 2001). «Of a massacre untold. A revealing account surfaces of happenings in Hyderabad state in the wake of the Indian Army's 'Police Action' there in 1948».
  47. Benichou, Lucien. «From Autocracy to Integration։ Political Developments in Hyderabad State, 1938-1948». p. 238.
  48. Dalrymple, William. «The Age of Kali: Indian Travels and Encounters. p. 210».
  49. Sundarayya, Puccalapalli (1972). «Telangana People's Struggle and Its Lessons». Foundation Books. p. 14.
  50. Beverley, Eric Lewis (2015). Hyderabad, British India, and the World. Cambridge University Press, ISBN 978-1-107-09119-1 (անգլ.)
  51. Benichou, Lucien D. (2000). From Autocracy to Integration: Political Developments in Hyderabad State, 1938–1948. Orient Blackswan, ISBN 978-81-250-1847-6 (անգլ.)
  52. Այս սյունակում նշված է միայն վարչապետի կուսակցությունը։ Նրա կողմից ղեկավարվող կառավարությունը կարող էր լինել մի քանի կուսակցությունների եւ անկուսակցականների բարդ կոալիցիա։ Դրանք նշված չեն այստեղ։
  53. 53,0 53,1 «Kaleidoscopic view of Deccan». The Hindu. Chennai, India. 2009 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  54. J.S. Ifthekhar Wonder drug still going strong The Hindu. Online edition of India's National Newspaper Thursday, December 28, 2000 (անգլ.)
  55. John Law Modern Hyderabad (Deccan). Ch. XIII: The Singareni Collieries Calcutta 1914, (Volltext)
  56. Cover Story - Tobacco Industry Analysis. TUESDAY, MARCH 25, 2008
  57. VST Industries
  58. Gollapudi Srinivasa Ra Azam Jahi Mills remains history. The Hind կայքում WARANGAL:, JULY 01, 2014 (անգլ.)
  59. [1]
  60. Sircilla & Warangal To Get Textile Parks; Azam Jahi Mills Land To Be Utilized Again. Արխիվացված 2016-08-25 Wayback Machine June 23, 2014, TelanganaTalkies.com կայքում (անգլ.)
  61. Telangana government takes over Nizam Sugar Factory. Business Standard. April 29, 2015 անգլ.՝
  62. Vijay Mahindra's Farm Equipment Sector gets Japan Quality Medal. Արխիվացված 2009-06-08 Wayback Machine Saturday, 17 November 2007, machinist.in կայքում
  63. «Mahindra and Mahindra» Պաշտոնական կայք
  64. «Praga Tools Limited». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  65. Koride Mahesh. Praga Tools lands Rs 87-cr riches. TNN | Apr 25, 2007, 03.36 AM IST
  66. Rahul V Pisharody Hyderabad, The City Of Wings As Well. New Indian Express. March 2014
  67. Պաշտոնական կայք
  68. S. Harpal Singh. Memories of Sirsilk haunt Kagaznagar. The Hindu. ISSN 0971-751X

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայդարաբադ (պետություն)» հոդվածին։