Հայաստանի օգնության կոմիտե

Հայաստանի օգնության կոմիտե (ՀՕԿ), հասարակական կազմակերպություն։

Հայաստանի օգնության կոմիտե
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայկական ԽՍՀ
Հիմնադրվածսեպտեմբերի 13, 1921
Լուծարվածդեկտեմբեր 1937
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1921 թվականի սեպտեմբերի 13-18-ին, Երևանում։ Խնդիրն էր օգնել երկրի սովյալ բնակչությանը, օժանդակել շինարարությանը, սերտ կապեր հաստատել աշխարհով մեկ սփռված հայ տարագիրների հետ, նրանց համախմբել հայրենիքի շուրջը։ Ստատուտը հաստատվել է ՀԽՍՀ ժողկոմխորհի 1918 թվականի սեպտեմբերի 15 (28)-ի դեկրետով։ Հիմնադիր ժողովում քննարկվել են ՀՕԿ-ի նպատակը, խնդիրները, կանոնադրությունը, կազմակերպչական և այլ հարցեր։ Ընտրվել է ՀՕԿ-ի բարձրագույն գործադիր մարմին՝ նախագահություն (9 հոգի), նախագահ՝ Հովհաննես Թումանյան, անդամներ՝ Ա. Երզնկյան, Ե. Թաղիանոսյան, Դ. Տեր-Սիմոնյան, Ա. Պապովյան, Հ. Մելիքյան, Գ. Վարդանյան, Կ. Տեր-Օհանյան, Լեո։ Հիմնադրումից հետո անմիջապես ստեղծվել են ՀՕԿ-ի տեղական մասնաճյուղերը՝ Թիֆլիսում, Բաթումում, Մոսկվայում, Բաքվում, Կիևում, Խարկովում, Օդեսայում, Ցարիցինում, Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի, ԽՍՀՄ գրեթե բոլոր հայաշատ քաղաքներում, 1924-1925 թվականներին՝ Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, Ամերիկայում, Պարսկաստանում, Եգիպտոսում, Ալժիրում և այլուր։ ՀՕԿ-ի 200 մասնաճյուղերում ընդգրկված էր շուրջ 10 հազար անդամ։

ՀՕԿ-ի գործունեությունն ընթացել է երեք փուլով։

  • 1-ին փուլում (1921-1923) աշխատանք էր տարվել հիմնականում կարիքավոր բնակչության համար պարեն, հագուստ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ձեռք բերելու և բաշխելու համար։ Այս շրջանում մեծ նշանակություն ունեցավ Հովհաննես Թումանյանի գլխավորած պատվիրակության այցը Կոստանդնուպոլիս (1921 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր), որը վստահություն ներշնչեց սփյուռքահայ լայն զանգվածներին, կազմակերպվեց նյութական մեծ օգնություն հանրապետության սովյալ բնակչությանը, գաղթականությանը։
  • 2- րդ փուլում (1923-1931) ՀՕԿ-ի գործունեությունը ծավալվեց սփյուռքի և հայրենիքի միջև կապերը ամրապնդելու, Խորհրդային Հայաստանում շինարարական ու մշակութային ձեռնարկումներ իրականացնելու ուղղությամբ։
  • 3- րդ փուլում (սկսած 1931 թվականից) հնարավորություններ ստեղծվեցին հայրենադարձության կազմակերպման, հայրենադարձների համար հայրենիքում նոր ավանների ու բնակավայրերի շինարարության ուղղությամբ։ 1930-ական թվականներին ստեղծվեց համագաղութային մասշտաբով գործող «ներգաղթի և բնակարանային ֆոնդ» (կենտրոնական մարմնի նախագահն էր Ավետիք Իսահակյանը), որտեղ հավաքված ամբողջ գումարը հատկացվեց ներգաղթի կազմակերպմանը։ ՀՕԿ-ի եկամուտները գոյանում էին անդամավճարներից, հրատարակումներից, նվիրատվություններից. կտակներից և այլ աղբյուրներից։ Հայրենիքի շուրջը սփյուռքահայությանը համախմբելու գործում կարևոր դեր կատարեցին ՀՕԿ-ի պարբերականները և այլ հրատարակություններ («Հրավիրակ». Երևան, 1925-1926 թվականներին, «Օգնիր Հայաստանին», «Հայրենաշեն», Թիֆլիս, «Հայաստանի օգնության կոմիտեի լրաբեր», Մոսկվա, ռուս, և այլն)։ 1928 թվականին հրատարակվել է «ՀՕԿ-ի տեղեկատու» ամսագիրը։ ՀՕԿ-ի Ամերիկայի կենտրոնական վարչությունը հրատարակել է «Շինարար» հանդեսը, Եգիպտոսի մասնաճյուղը՝ «ՀՕԿ» ամսագիրը, Ֆրանսիայինը՝ «ՀՕԿ» ամսագիրը, 1925-1930 թվականներին՝ «Երևան» թերթը։

1925 թվականին հիմնադրվել է ՀՕԿ-ի գեղարվեստական գրականության բաժինը (հրատարակել է գրքեր, քարտեզներ, նկարներ, ալբոմներ և այլն)։

1937 թվականին ՀՕԿ-ը լուծարվեց՝ որակվելով որպես օտարերկրյա գործակալների ու լրտեսների կազմակերպություն, իսկ նրա ղեկավարները որպես «ժողովրդի թշնամիներ» բռնադատվեցին։ ՀԽՍՀ ժողկոմխորհի 1937 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումով ՀՕԿ-ի գործունեությունը դադարեցվեց։

Գրականություն խմբագրել

  • Վարդապետյան Ա. Վ, Հայաստանի օգնության կոմիտե (1921-1937), Ե., 1966։
  • Մելիքսեթյան Հ. Ու., Արևմտահայերի բռնագաղթը և սփյուոքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան, (1915-1940), Ե., 1975։
  • Նույնի, Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980), ե., 1985։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 152