Հայաստանի սահմանադրական հանրաքվե (2020)

2020 թվականի սահմանադրական հանրաքվե, սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի ապրիլի 5-ին[1][2][3][4][5], սակայն նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրության մասին որոշում կայացնելուց հետո հանրաքվեն անժամկետ հետաձգվել է։ Հանրաքվեի պետք է դրվեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

Նախապատմություն խմբագրել

2020 թվականի փետրվարի 6-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը դաշինքը» շրջանառության մեջ էր դրել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը», որն առաջին ընթերցմամբ չընդունվեց[6]։ Դրան հետևել է հարցը հանրաքվեի դնելու քվեարկությունը, որն ընդունվել է «Իմ քայլի» 88 պատգամավորի կողմ, «Լուսավոր Հայաստանի» 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը[2]։

Փետրվարի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը, որի համաձայն այն կկայանար ապրիլի 5-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվեց կամ չեղարկվեց[1]։

Ժամկետ խմբագրել

Հանրաքվեն պետք է անցկացվեր հանրաքվե անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո[5]։ Քարոզարշավի ժամկետներն էին փետրվարի 17-ից մինչև ապրիլի 3-ը[7]։

Քարոզչական կողմեր խմբագրել

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի[8]՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբարում։ «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը[9]։ 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը[7], որի կազմում կար ավելի քան 60 իրավաբաններ։

Քննադատություն, արձագանք խմբագրել

Հանրաքվեն և հանրաքվեի նախագիծը խորհրդարան բերելու նախաձեռնությունը քննադատել են Ազգային Ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցությունները, արտախորհրդարանական Հայաստանի հանրապետական կուսակցությունը[10]։

  Իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը և ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստները սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը՝ փոփոխելով Սահմանադրության անցումային դրույթները։
- ՀՀԿ-ի դատապարտող հայտարարությունից մի հատված[10]
 

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը՝ պատգամավորներին կոչ անելով հետ կանգնել նախաձեռնությունից, իսկ ՀՀ նախագահին՝ իրականացնել Սահմանադրության պահպանման պարտականությունը[11]։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն, ըստ հայտարարության, կպահպանի ակտիվ չեզոքություն[12]։ ՀՅԴ-ն նույնպես հրաժարվել է մասնակցել հանարքվեին և կոչ արել անտեսել հանրաքվեն[13]։

Խախտումներ խմբագրել

2020 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հարցուուպատասխանի ժամանակ Սուրեն Պապիկյանը կատարեց «Այո»-ի քարոզչությունը[14]՝ խախտելով Հանրաքվեի մասին օրենքը, որի պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացում ներկայացրեց[15]։

Այլ իրադարձություններ խմբագրել

«Այո» քարոզչական կողմն հայտարարել էր «ԱՅՈ»-ի լոգոյի մրցույթ 3 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով։ Որի հաղթող ճանաչվեց «Գարուն» ընկերության առաջարկած լոգոն՝ Երեկոյան Երևան ամսագրի 1991 թվականի սեպտեբերի 23-ի համարից[16], իսկ 3 միլիոն դրամանոց մրցանակը բաշխվեց թերթի խմբագիրների և նկարազարդողի ժառանգների միջև։

Ակտիվիստ Միհրան Մխիթարյանի վերլուծությամբ հայտնաբերվել է, որ ընրական հանձնաժողովների կազմում «Այո» քարոզչական կողմից ներկայացվցներից ավելի քանի 500-ը նախկինում եղել են ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ[17]։

Որոշ քաղաքացինեի կողմից ահազանգ է ստացվել, որ «ՈՉ» քարոզչական կողմից ընտրակաշառք է բաժոնվում ընտրությանը չմասնակցելու դիմաց, որը ուղարկվել է դատախազություն, «ԱՅՈ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը նշել է, որ լուրջ չի վերաբերվում այս փաստին[17]։

2020 թվականի մարտի 7-ին Նիկոլ Փաշինյանը այցելել է Լոռու մարզի Կուրթան գյուղ, որտեղ նրան խնդրանքով մոտեցավ մի երիտասարդ՝ խնդրելով իրեն տրամադրել բնակարան, վարչապետը սաստեց՝ պնդելով, որ երիտասարը առողջ է և կարող է աշխատել տունը ստեղծել։ Մարտի 10-ի NEWS.am-ի պատրաստած տեսանյութից[18] հետո պարզվեց, որ երիտասարդը առողջական խնդիրներ ունի, իսկ տուն չունեն, քանի որ երկրաշարժի ժամանակ իրենց տունը կառուցվում էր և դեռ պատրաստ չէր։ Մարտի 11-ին Նիկոլ Փաշինյանը Սիսիանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ներողություն խնդրեց երիտասարդից[19]։

Հանրաքվեի քարոզչության է մասնակցում նաև «Բոյկոտ» նախաձեռնությունը, որի ղեկավարն է Վահագն Չախալյանը[20]։ Նախաձեռնությունը համագործակցում է «ՈՉ» քարոզչական կողմի հետ[21]։

Մարտի 12-ից հետո «ԱՅՈ» քարոզչական կողմը դադարեցրեց իր քարոզարշավը կապված Հայաստանում Նոր կորոնավիրուսի տարածման հետ։

Մարտի 16-ին ՀՀ-ում հայտարարվեց մեկամսյա Արտակարգ դրություն, որի պատճառով հանրաքվեն հետաձգվեց։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հանրաքվեն տեղի չունեցավ, սակայն ազգային ժողովում ընդունված որոշման համաձայն կասեցվել է ՍԴ 3 անդամությունը՝ այդ թվում Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ[22]։ Այս որոշման մասին ՍԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ․

  Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։ Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը».
  2. 2,0 2,1 «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի».
  3. «ՍԴ անդամների հարցը կորոշի ժողովուրդը. ԱԺ–ն ընդունեց հանրաքվեի մասին նախագիծը Read more: https://armeniasputnik.am/armenia/20200206/21966730/sd-andamneri-harcy-koroshi-joxovurdy-aj-n-yndunec-hanraqvei-masin-naxagicy.html». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  4. «Խորհրդարանն ընդունեց հանրաքվե անցկացնելու որոշումը».
  5. 5,0 5,1 «Ե՞րբ կանցկացվի հանրաքվեն. օրենքը ժամկետներ է սահմանում».
  6. «Խորհրդարանն ընդունել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը».
  7. 7,0 7,1 «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». www.elections.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
  8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
  9. «ԱՅՈ»-ի շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը, աշխատանքները Երևանում կհամակարգի Սիփան Փաշինյանը, մարզերում՝ Հակոբ Սիմիդյանը
  10. 10,0 10,1 «ՀՀԿ-ն դատապարտում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը».
  11. «Փաստաբանների պալատը կոչ է անում պատգամավորներին հետ կանգնել նախաձեռնությունից, իսկ ՀՀ նախագահին՝ իրականացնել Սահմանադրության պահպանման պարտականությունը».
  12. «Հանրաքվեի գործընթացում Հայաստանի կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն».
  13. ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն կոչ է անում անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն
  14. «Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը՝ ԱԺ ամբիոնից իրականացնելով «Այո»-ի քարոզչություն. Ռուբեն Մելիքյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  15. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է...(չաշխատող հղում)
  16. Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը հիշեց նկարչին
  17. 17,0 17,1 ԿԸՀ-ի հրապարակած ցուցակը մտահոգություններ է առաջացրել քաղաքացիների շրջանում
  18. «Պապանձվեցի, խոսքերս դուրս չեկան. կուրթանցին, որին հանդիմանել էր վարչապետ Փաշինյանը». news.am. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  19. «Ամաչեցի, չէի ուզի, որ վարչապետն ինձնից ներողություն խնդրեր. կուրթանցի տղա (տեսանյութ)». lurer.com. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  20. LLC, Helix Consulting. ««Բոյկոտ»՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և անօրինականությանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  21. «Ուրախ ենք արձանագրել, որ մեր հայտարարած ձեւաչափը շարունակում է արդյունավետ աշխատել. Ռուբեն Մելիքյան». news.am. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  22. «Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ ինչ է այն նշանակում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել