Հայաստանի աշխարհագրություն

Հայաստանի աշխարհագրություն, Հայաստանի Հանրապետության աշխարհագրություն։ Հայաստանը ծով ելք չունեցող երկիր է Հարավային Կովկասում և Հարավարևմտյան Ասիայում։ Գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում (որը նաև անվանում են Պատմական Հայաստան), Սև և Կասպից ծովի մեջտեղը, հյուսիսից և արևելքից շրջապատված է Փոքր Կովկասի լեռնաշղթաներով։ Սահմանակցում է Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և չճանաչված Արցախի հետ։

Հայաստանի աշխարհագրություն
Տեսակաշխարհագրական դիրքի աշխարհագրություն
Երկիր Հայաստան

Հայաստանի կլիման խմբագրել

Հայաստանն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք։ Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան (ռադիացիան) բավականին մեծ է։ Մեծ է նաև արևափայլի տևողությունը, որը Արարատյան դաշտում և Սևանի ավազանում տարեկան հասնում է 2700 ժամի (այսինքն՝ մի փոքր միայն պակաս Եգիպտոսում գտնվող Ալեքսանդրիայից)։

Շնորհիվ բարձրության մեծ տարբերությունների և լեռնային ռելիեֆի բազմազանության, Հայաստանում առկա են կլիմայական համարյա այն բոլոր տիպերը, որոնք հատուկ են նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքին, սկսած ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձայինը։

Հայաստանը գտնվում է ծովերից ու օվկիանոսներից բավական հեռու, ուստի և փոքր է նրանց բարերար ազդեցությունը։ Սակայն նա գտնվում է աշխարհագրական այն լայնությունների տակ, որտեղ տիրապետում են արևմտյան օդային զանգվածները։ Դրանք անցնելով Ատլանտյան օվկիանոսով և Միջերկրական ծովով, իրենց հետ բերում են մեծ քանակությամբ խոնավություն։ Բայց մինչև Հայաստան ներթափանցելը, այդ խոնավության մի մասը թափվում է հանդիպակաց լեռներին, գերազանցապես արևմտյան լանջերին, և մեծ մասամբ բեռնաթափված մուտք գործում Հայաստան։ Այդ պատճառով տարեկան տեղումների քանակը Հայաստանում ընդհանրապես քիչ է։

Հայաստանի կլիմայի վրա մասամբ դրական ազդեցություն են թողնում նաև Սև և Կասպից ծովերը, հյուսիսային շրջանները հիմնականում գտնվում են Սև ծովի, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Կասպից ծովի ազդեցության ներքո։ Բայց այդ ազդեցությունը ևս երկրի ներքին ընդարձակ գոգավորություններում մեծ չէ, քանի որ նրանք սահմանափակված են բարձր լեռներով, որոնք խանգարում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը։

Հանրապետության կլիմայի վրա որոշ ազդեցություն է թողնում նաև Իրանական սարահարթը։ Այստեղից Հայաստան ներթափանցող չոր օդային զանգվածների ազդեցությամբ մեծանում է Մեղրու գոգահովտի, ինչպես նաև Արարատյան դաշտի կլիմայի ցամաքայնությունը։

Մեծ Կովկասյան լեռնաշղթան Անդրկովկասը, այդ թվում և Հայաստանի Հանրապետությունը, պաշտպանում է հյուսիսային ցուրտ քամիների ներխուժումից։ Բայց երբեմն բևեռային սառն օդային զանգվածները արևելքից ու արևմուտքից շրջանցելով Մեծ Կովկասի լեռները կամ անցնելով լեռնանցքներով, ներթափանցում են Անդրկովկաս, հասնում մինչև Հայաստանի տարածք և ձմռանը ցրտեցնում, իսկ ամռանը զովացնում եղանակը։

Հանրապետությունում ամենատաք վայրերը Արաքսի, Դեբեդի և Աղստևի ցածրադիր հովիտներն են։ Տաք է համեմատաբար նաև Արարատյան դաշտը։ Սակայն ձմեռն այստեղ բավականին ցուրտ է, իսկ ամառը՝ շատ շոգ։ Այդ իսկ պատճառով հանրապետությունում ամենատաք և ամենացուրտ ամիսների միջին ջերմաստիճանների ամենամեծ տատանումները լինում են Արարատյան դաշտում։ Այստեղ նկատվել է օդի ամենաբարձր ջերմաստիճանը (42 աստիճան)։

Ամենացածր տարեկան միջին ջերմաստիճանները նկատվում են Ախուրյան գետի վերին հոսանքում։ Շուրաբադում (Ամասիայի շրջան), օրինակ, դիտվել է հանրապետության ամենացածր ջերմաստիճանը (-46)։

Հայաստանում մակերևույթի հետ կապված առանձին վայրերում երբեմն ձմռանը լեռներից սառը օդը իջնում է բարձրություններով շրջապատված գոգավորությունները, որի հետևանքով ցածրադիր մասում հաճախ օդի ջերմաստիճանը լինում է ավելի ցածր, քան լեռնալանջերում։ Այս երևույթը կոչվում է ջերմաստիճանի ինվերսիա։ Ինվերսիան մեզ մոտ շատ լավ նկատվում է Շիրակի դաշտում։

Հանրապետությունում օդի խոնավությունը բաշխված է բավականին անհավասար։ Հայաստանում ամենից շատ տեղումները թափվում են Արագածի, Ջավախքի, Գեղամա, Զանգեզուրի և բարձրադիր մյուս լեռների գագաթամերձ գոտիներում (800-900 մմ)։ Ամենից քիչ տեղումները լինում են գոգահովիտներում և ցածրադիր հարթավայրերում, առանձնապես չորային է Արարատյան դաշտը (Արազդայանում թափվում են ընդամենը 230 մմ տեղումներ)։

Հայաստանում տեղումների մեծագույն մասը բաժին է ընկնում գարնան ամիսներին, մասամբ նաև աշնանը։ Արաքսի ավազանի ցածրադիր հովիտներում ամենից քիչ տեղումներ լինում են ամռան ամիսներին։ Հյուսիսային շրջաններում տեղումները մեծ մասամբ թափվում են ամռանը։ Դա բացատրվում է Սև ծովի գոլորշիներով, որոնք այստեղ են թափանցում գերազանցապես տարվա տաք ամիսներին։

Գարնանային, մասամբ նաև ամառային անձրևները հաճախ կրում են տեղատարափ բնույթ, որի հետևանքով, ինչպես նաև ձնհալի պատճառով, երբեմն տեղի են ունենում գետերի մակարդակի արտասովոր բարձրացումներ և ուժեղ հեղեղումներ։

Ձմռանը տեղումները թափվում են հիմնականում ձյան ձևով։ Ցածրադիր շրջաններում, Արարատյան դաշտում, Մեղրիում և Դեբեդի ստորին ավազանում ձյան ծածկույթ կամ համարյա չի առաջանում, կամ շատ կարճ է տևում, սակայն լեռներում այն պահպանվում է մինչև ամռան երկրորդ կեսը, իսկ Արագածի և մասամբ Կապուտջուղի գագաթներին՝ երբեմն նույնիսկ ամբողջ տարին։ Ձնածածկույթի ամենամեծ հաստությունը լինում է հանրապետության հյուսիսային շրջաններում (երբեմն հասնում է 1-1,5 մետրի)։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանի աշխարհագրություն» հոդվածին։