Համազասպ Դանիելյան

հայ քաղաքագետ

Համազասպ Գրիգորի Դանիելյան (նոյեմբերի 15, 1984(1984-11-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական և հասարակական գործիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1], «Իմ քայլը» խմբակցության անդամ։

Համազասպ Դանիելյան
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ քաղաքական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 15, 1984(1984-11-15) (39 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում։ 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել է Գյումրի, որտեղ և 1990 թվականին սկսել է հաճախել դպրոց։ 2000 թվականին գերազանցությամբ ավարտել Երևանի թիվ 170 դպրոցը։

2005 թվականին ճանաչվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի լավագույն ուսանող, իսկ 2006 թվականին, դարձյալ գերազանցությամբ, ավարտել նույն ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը։ 2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Արտաքին քաղաքական գործոնների ազդեցությունը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի վրա» թեմայով։

Հայաստանում և Արցախում տարբեր թեմաների շուրջ նախաձեռնել և ղեկավարել է հետազոտություններ, այդ թվում նաև ժողովրդավարության վերաբերյալ հայկական հասարակության վերաբերմունքի վերաբերյալ[2]։

Հեղինակել կամ համահեղինակ է նաև հանրային քաղաքականության փոփոխություններ նախատեսող հոդվածներ՝  Արցախի ընտրական համակարգի, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, երկրից դուրս քվերակության և այլ թեմաների շուրջ։

2009-2017 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Սկզբնական շրջանում դասախոսել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության և հանրային կառավարման բաժիններում, այնուհետև՝ պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության բաժնում և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոսական բաժիններում։ 2011-2012 և 2014-2015 ուսումնական տարիներին «Այբ» ավագ դպրոցում դասավանդել է հասարակագիտություն։

Մեկ տասնյակ գիտական հրապարակումների հեղինակ է[3]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Աշխատանքային կենսագրությունը սկսել է ուսանողական տարիներից։ 2001-2004 թվականներին կամավորական գործունեություն է ծավալել «Երկիր և մշակույթ» կազմակերպությունում՝ սփյուռքահայ կամավորների հետ համատեղ ներգրավվելով սահմանամերձ գյուղերում համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գործում։

2005-2006 թվականներին համաղեկավարել է «ՎիվաՍել» ընկերության զանգերի կենտրոնի հաճախորդների սպասարկման բաժինը։ 2006-2007 թվականներին «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ի շրջանակներում ղեկավարել է «Երիտասարդական խորհրդարան» ծրագիրը։

2007-2012 թվականներին աշխատել է ընտրական հարցերում մասնագիտացած միջազգային ամենամեծ IFES (International Foundation of Electoral Systems) կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում՝ համակարգելով ընտրողների ցուցակների բարելավման, ընտրողների կրթության և երիտասարդների ներգրավման հետ կապված մի շարք նախաձեռնություններ։

2011 թվականին համահիմնադրել է «Հայկական բարձրագույն կրթության նախաձեռնությունը», որի շրջանակներում մինչև 2017 թվականն իրականացրել է թեմատիկ ամառային դպրոցներ՝ հասարակական գիտությունների տարբեր ուղղություններով։ 2012-2015 թվականներին աշխատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին» ծրագրում՝ նախ որպես մոնիտորինգի և գնահատման մասնագետ, ապա ղեկավարել օրենսդիր մարմնի վերահսկողական կարողությունների բարելավման բաղադրիչը։

2015–2017 թվականներին աշխատել է Սմիթսոնյան ինստիտուտի (Smithsonian Institution) «Իմ Հայաստան» ծրագրում՝ որպես հետազոտական բաղադրիչի ղեկավար, ինչպես նաև մոնիտորինգի և գնահատման պատասխանատու։ 2018 թվականի ամռանը Վաշինգտոնում մասնակցել է «Հայաստան․ արարելով տուն» ֆոլքլայֆ փառատոնի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին։

2017-2018 թվականներին ղեկավարել է «Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստան» (YES Armenia) ծրագիրը, որի շրջանակներում համակարգել է շուրջ 20 փորձագետների աշխատանքը ՀՀ կառավարության 13 տարբեր գերատեսչություններում։

2016-2018 թվականներին համատեղության կարգով եղել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության ներկայացուցիչը Հայաստանում։

Գիտահետազոտական գործունեություն խմբագրել

Աշխատանքային և դասախոսական գործունեությանը զուգահեռ՝ ներգրավված է եղել գիտական և հետազոտական աշխատանքներում։

2008-2016 թվականներին հասարակական հիմունքներով ներգրավված է եղել Policy Forum Armenia կազմակերպությունում՝ նախ որպես հետազոտող, ապա գործադիր խորհրդի անդամ։ Կազմակերպության անդամությունը դադարեցրել է դրա քաղաքականացման և հանրային դիրքորոշման հետ կապված տարաձայնությունների պատճառով։

Վերապատրաստվել է Բերկլիի, Միչիգանի, Կենտրոնական եվրոպական համալսարաններում, Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտում։ Եղել է Հարավային կովկասի ակադեմիական ցանցի շվեյցարական նախաձեռնության, Բաց հասարակության ինստիտուտի հետազոտական կրթաթոշակների շահառու։

Շուրջ երկու տասնյակ միջազգային գիտական կոնֆերանսների և աշխատաժողովների մասնակից է։ Համազասպ Դանիելյանը հեղինակել է մի քանի գիտական հրապարակումներ, այդ թվում նաև միջազգային գրախոսվող ամսագրերում։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակում են Հայաստանի պետականաշինության և կառավարման խնդիրները, մասնավորապես ընտրությունները և կուսակցական համակարգի հետ կապված հարցերը[4]։

2014 թվականից Քաղաքագետների միջազգային ասոցիացիայի անդամ է[3], իսկ 2019 թվականից՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ[5]։

Խորհրդարանական գործունեություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, ընտրվել է պատգամավոր։

Համազասպ Դանիելյանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ 2019 թվականի սեպտեմբերից համակարգում է «Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների գործընթացում ներգրավված աշխատանքային խումբը[6]։ Հանդիսանում է Հայաստանի Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ[7], ինչպես նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) փոխարինող անդամ[8]։

Ղեկավարում է Հայաստան-Սլովակիա բարեկամական խումբը։ Անդամակցում է Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Իտալիա, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Հայաստան-Մեծ Բրիտանիա, Հայաստան-Պորտուգալիա, Հայաստան-Սերբիա բարեկամական խմբերին[9]։

Ըստ ParliamentMonitoring.am կայքի՝ 2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ պատգամավորը քվեարկություններին մասնակցել է 272 անգամ, որոնցից կողմ է քվեարկել 165 անգամ, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 14, իսկ հարցերով և ելույթներով հանդես է եկել համապատասխանաբար 12 և 9 անգամ[10]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Կինը՝ Գայանե Վարդանյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  2. «Hamazasp Danielyan». www.evnreport.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. 3,0 3,1 «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. «Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ». archumanities.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 20-ին.
  6. «Խորհրդարանն սկսում է Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների գործընթաց». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  8. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  10. «Parliament Monitoring - Դանիելյան Համազասպ Գրիգորի». parliamentmonitoring.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. «yerevan.am | Պաշտոնական կայք | Խմբակցություններ». www.yerevan.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.