Հակաթույներ, անտիդոտներ (հունարեն՝ άντιζοτος-ընդդեմ տրվող), թունավորումները բուժող դեղամիջոցներ, վնասազերծում են թույները և օրգանիզմում կանխարգելում դրանց ազդեցությունը։

Հակաթույներ

Լինում են տեղական և ռեզորբցիոն ազդեցության հակաթույներ։ Տեղական ազդեցության հակաթույները (ակտիվ ածուխ, հիմքեր) տրվում են նախքան թույնի ներծծվելը և օրգաններն ու հյուսվածքներն անցնելը. վնասազերծում են թույները ստամոքսում, մաշկի և լորձաթաղանթների վրա։ Հակաթունային արդյունքն այդ խմբի նյութերի և թույների ֆիզիկա-քիմական (ադսորբցում) ու քիմական (օքսիդացում, չեզոքացում, չլուծվող աղերի առաջացում) փոխազդեցության հետևանք է։ Ռևզորբցիոն ազդեցության հակաթույնները տրվում են թույներն արյուն, այնուհետև՝ հյուսվածքներ ու օրգաններ անցնելուց հետո։ Հակաթունային արդյունքն ստացվում է հակաթույնի և արյան մեջ շրջանառվող թույնի փոխազդեցության շնորհիվ կամ հյուսվածքներից թույնի անմիջական դուրս մղումով։ Այդպիսի հակաթույներ են՝ ունիթիոլը, բրիտանական անտիլյուիզիտը (ԲԱԼ), հունգարական դիկապտոլը, չեխական դիմեկապտոլը և գերմանական (ԳԴՀ) դիթիոգլիցերինը, որոնք վնասազերծում են սնդիկի, քրոմի, զառիկի և այլ մետաղների (բացի կապարից) միացությունները։

Ռեգորբցիոն հակաթույների ազդեցությունը պայմանավորված է դրանց մոլեկուլում սուլֆհիդրիլ (SH) խմբերի առկայությամբ։ Օքսիմները վերակտիվացնում են խոլին-էսթերազ ֆերմենտը (վերջինս մեկուսանում է ֆոսֆորօրգանական թույներով թունավորվելիս)։ Էթիլենդիամինքառքացախաթթվի պատրաստուկները, որոնք ծանր մետաղների աղերի հետ գոյացնում են կոմպլեքսներ և համեմատաբար արագ հեռանում մեզի միջոցով։ Կարևոր դեր են խաղում նաև համապատասխան թույնի հանդեպ, ֆունկցիոնալ տեսանկյունով, հակառակ ազդող հակաթույները, օրինակ, մուսկարինի, ֆիզիոսսփգմինի և խոլինէրգիկ համակարգերը խիստ դրդող այլ նյութերի համար հակաթույն է ատրոպինը, որն ընկճում է այդ համակարգերը։ Հակաթույների հետ մեկտեղ օգտագործում են նաև բազմաթիվ միջոցներ (փսխեցնող, լուծողական, միզամուղ), որոնք վերացնում են թունավորման առանձին ախտանշանները կամ նպաստում օրգանիզմից թույնի հեռացմանը։ Հակաթույները պետք է օգտագործել թույնը օրգանիզմ թափանցելուց հետո հնարավորին չափ շուտ։ Կարելի է կիրառել նաև մի շարք ընղհանուր միջոցառումներ՝ ստամոքսի լվացում, արյան փոխներարկում, արհեստական շնչառություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 59