Հալշտատյան մշակույթ, վաղ երկաթիդարի (մ.թ.ա. մոտ 900—400) հնագիտական մշակույթ Միջին Եվրոպայի հարավում։ Անվանումն ստացել է Ավստրիայի Հալշտատ (Hallstatt) քաղաքի մոտակա դամբարանադաշտից։ Պայմանականորեն բաժանվում է տարածման արևելյան (Ավստրիա, Հարավսլավիա, Ալբանիա, մասամբ՝ Չեխոսլովակիա) և արևմտյան (ԳԴՀ, ԳՖՀ հվ. շրջանները, Ֆրանսիայի մերձհռենոսյան դեպարտամենտները) շրջանների, նաև Պո գետի (Իտալիա) արևելյան հովտում։ Օդեր և Վիսլա գետերի ավազաններում Հալշտատյան մշակույթին է պատկանում ուշ շրջանի լուժեցյան ցեղերի մշակույթը։ Հալշտատյան մշակույթի տարածման սկզբնական շրջանում բրոնզի փոխարեն աստիճանաբար տիրապետող է դառնում երկաթը, տնտեսության մեջ գերակշռում է հողագործությունը, քայքայվում են տոհմատիրական կարգերը, և ձևավորվում դասակարգային հարաբերությունները։ Հալշտատյան մշակույթին բնորոշ են զանգակաձև կամ աղեղնաձև բռնակներով բրոնզե ու երկաթե սրերը, բրոնզե կոնաձև սաղավարտները, դաշույնները, կացնակները, դանակները, նիզակների երկաթե և պղնձեսայրերը, բրոնզե թիթեղներից (կաշվի վրա կարված) զրահները, անթափանց ապակուց դեղին ուլունքները՝ կապույտ ակներով, բրոնզե, ոսկե, ապակե, ոսկրե տարատեսակ զարդերը, գազանների պատկերներով ճարմանդները, բազմագույն, դեղին և կարմիր, փորագիր ու չավածո նախշերով խեցեղենը ևն։ Կավամանների, բրոնզե գոտիների երիզների վրա պատկերված են խնջույքների, տոնակատարությունների, որսի, կրոնական ծիսակատարությունների և այլ տեսարաններ։ Արևմտյան շրջաններում Հալշտատյան մշակույթին աստիճանաբար փոխարինել է լատենյան մշակույթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 50
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալշտատյան մշակույթ» հոդվածին։