Հազրեվարդ բուժիչ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Լամիածաղկավորներ
Ընտանիք Շրթնածաղիկներ
Ցեղ Հազրեվարդ
Տեսակ Հազրեվարդ բուժիչ
Լատիներեն անվանում
Rosmarinus officiռaIis
Lineus

Հազրեվարդ բուժիչ (լատին․՝ Rosmarinus officiռaIis), շրթնածաղիկներ ընտանիքի, հազրեվարդ ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Մշտադալար, խիտ ճյուղավորված, քսերոմորֆ թուփ է՝ 0,5-2 մ բարձրությամբ։ Ճյուղերը խեժաբուրումնավետ են, սկզբում քառանկյուն, մոխրավուն կամ սպիտակ աղվամազապատ, 1,5-3 սմ երկարությամբ, կարճ, տերևակալած ընձյուղներով, հետագայում կեղևը ստանում է մոխրագորշավուն գունավորում, տարիքը ավելանալու հետ ճաքճքվում է և շերտերով անջատվում։ Տերևները գծանման են, 1,5-3,5 սմ երկարությամբ, 1,5-4 մմ լայնությամբ, բութ ծայրով, հիմքում սեղմված, համարյա նստադիր, դեպի ցած ոլորված եզրերով, վերևի կողմից՝ մուգ կանաչ, հատ ու կենտ մանր, աստղաձև մազմզուկներով պատված, ներքևի կողմից՝ ծածկված արծաթաթաղիքանման խիտ մազմզուկներով, որոնց մեջ ցրված են եթերայուղատու գեղձիկներ։ Ծաղիկները 5-10-ական գտնվում են հակադիր տերևների ծոցերում, ընձյուղների գագաթին, շատ կարճ ծաղկակոթուններով և կարճ ծաղկակիցներով։ Բաժակը ձվաձև զանգականման է, մերկ երախով, երկշուրթ, ծածկված գեղձային մազիկներով, որի հետևանքով մոխրավուն տեսք ունի։ Պսակը երկշուրթ է, կապտավուն, կապտամանուշակագույն (հազվադեպ՝ սպիտակ), բաժակից հազիվ դուրս եկող խողովակով և լայնացած երախով։ Վերին շուրթը ուղիղ է, 2 բլթականի, ներքին շուրթը վերևից ավելի երկար է, խոշոր, միջին բլթակի վրա կետային նախշերով։ Առէջները 2-ն են, միաբուն, փոշանոթներով։ Սռնակը և առէջները պսակից դուրս են գալիս։ Սպին երկբաժան է։ Ընկուզիկները 1,5-2 մմ երկարություն ունեն, կլորաձվաձև են, գորշավուն, հարթ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, երբեմն բարենպաստ պայմանների առկայության դեպքում համարյա ամբողջ տարվա ընթացքում։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Միջերկրածովյան ավազանում Ֆրանսիայի հարավում, Ալժիրում և Թունիսում, մինչև Փոքր Ասիա։ Աճում է չոր, կրային լեռնալանջերում։ Երաշտադիմացկուն է, սակայն անբավարար ցրտադիմացկուն։ Լավ է աճում կրով հարուստ, լավ ջրաթափանց հողերում։ Տերևներից և ծաղկող ընձյուղներից եթերային յուղեր են ստանում, որը հայտնի է եղել դեռևս հին հույներին և հռոմեացիներին։ Եթերային յուղի քանակությունը կազմում է տերևների բացարձակ չոր քաշի 0,1 4-ից մինչև 2,8 տոկոսը։ Անգույն է^կամ թեթևակի դեղնավուն, թարմացնող բուրմունքով։ Օգտագործվում է օծանելիքի արտադրության և բժշկության մեջ, ինչպես նաև' որպես անվտանգ ինսեկտիցիդ։ Հայաստանում մշակվում է միայն Իջևանի դենդրարիում, որպես դեկորատիվ բույս։

Էկոլոգիական խումբը՝ III: Մշակության հավանական շրջանները՝ 9, 20ա, 32[1]։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 320-321։