Հայաստանի սփյուռքի նախարարություն

Հայաստանի սփյուռքի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող համահայկական նպատակային ծրագրեր, նպաստում համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, Սփյուռքի հայկական դպրոցների հանրակրթական և մեկօրյա դպրոցների զարգացմանը, աջակցում է հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը և տարածմանը, այլալեզու և այլադավան հայերի շրջանում հայկական ազգային ինքնության հաստատմանն ու արմատավորմանը, նրանց «հայադարձությանը», աջակցում աշխարհասփյուռ հայերի հայրենադարձությանը և Սփյուռքի հայ երիտասարդների ուխտագնացությանը Հայաստան։

Նախարարության ենթակայության ներքո է գործում «Հայերն այսօր» եռալեզու (արևելահայերեն-արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն) էլեկտրոնային պարբերականը[1]։

2009 թվականից սփյուռքահայ երիտասարդներին Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին ծանոթացնելու նպատակով նախարարությունն իրականացնում է «Արի տուն» ծրագիրը[2], իրականացնում է «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը[3]։ Նախատեսվում է Կառավարության օպտիմալացման արդյունքում լուծարել 2019 թվականին։ Գործառույթները կատարելու է Վարչապետի հատուկ հանձնարարությունների դեսպանը։

Կառուցվածք խմբագրել

Գործառույթները փոխանցված են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին։

Հայաստանի սփյուռքի նախարարության մեդալներ խմբագրել

Հայաստանի սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման տարբեր բնագավառներում անհատներին ու կազմակերպություններին խրախուսելու նպատակով շնորհում է հետևյալ մեդալները՝

  • Ոսկե մեդալ
  • «Վիլյամ Սարոյան»
  • «Նուբար Փաշա»
  • «Կոմիտաս»
  • «Արշիլ Գորկի»
  • «Մայրենիի դեսպան»
  • «Հակոբ Մեղապարտ»

Քննադատություն խմբագրել

Դիվանագետ Արա Պապյանի կարծիքով, Սփյուռքի նախարարության գոյությունը արդարացված կլիներ միայն այն պարագայում, երբ այն իրականում ներգաղթ կազմակերպեր.

Եթե նախարարության բուն նպատակը լիներ ներգաղթ կազմակերպելը դեպի Հայաստան և նախարարությունը կոչվեր Ներգաղթի նախարարություն, ինչպես Իսրայելում, երբ նույն նախարարությունը ամեն տարի տասնյակ հազարավոր ներգաղթյալներ է բերում, ապա դրա գոյությունն արդարացված կլիներ։ Բայց եթե մենք այսօր գտնում ենք, որ հնարավոր չէ ներգաղթ կազմակերպել տնտեսական, քաղաքական և այլ պատճառներով, ուրեմն պետք չէր շտապել Սփյուռքի նախարարություն ստեղծելու հարցում[4]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի կայք». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  2. ««Արի տուն» ծրագիր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  3. «Արի տուն» «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիր
  4. Աղքատ երկրի ճոխ ծախսերը. «Արի տուն» ծրագրի համար հարկատուները վճարում են 92 միլիոն դրամ

Տես նաև խմբագրել