ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, 1943 թվականին Երևանում հիմնադրված գիտահետազոտական հիմնարկություն, որը զբաղվում է հայերենագիտության հիմնարար հարցերով, հայոց լեզվի կառուցվածքի և գործառության, հայերենի բարբառների, հայոց լեզվի պատմության և համեմատական քերականության ուսումնասիրությամբ, ստեղծում է ստուգաբանական, երկլեզվյան, բարբառային բառարաններ և տերմինարաններ։

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Տեսակակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված է1943
ՏիպԳիտահետազոտական ինստիտուտ
ՆախագահՏնօրեն` Վիկտոր Կատվալյան
ՀասցեԵրևան 0015, Գրիգոր Լուսավորչի փողոց, 15
Կայքlanguage.sci.am

Գործունեություն խմբագրել

Ինստիտուտում համակարգված աշխատանքներ են ծավալվում լեզվի հետազոտության հիմնարար ուղղություններով, ստեղծվում են գիտական մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ, պատրաստվում են գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող և հմուտ լեզվաբաններ։ Գիտաշխատողները զբաղվել և զբաղվում են հայոց լեզվի կառուցվածքի և գործառության, պատմության և համեմատական քերականության ուսումնասիրությամբ, գրական արևելահայերենի և արևմտահայերենի քննությամբ, գրական լեզվի կանոնարկման, տերմինաբանության մշակման, ուսուցողական լեզվաբանության հարցերով, կարևորվում է ստուգաբանական, երկլեզվյան, բարբառային բառարանների և տերմինարանների ստեղծումը։

Աշխատանքներ են ընթանում հայերենագիտական ուսումնասիրությունների մեջ նոր և նորագույն տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ, մասնավորապես՝ ԳԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ համատեղ մշակվել է հայոց լեզվի համակարգչային հիմնօրինակը։ Ստեղծվել է ժամանակակից հայերենի (արևելահայ և արևմտահայ տարբերակներ) բառապաշարի, այլև գրաբարի՝ ձևաբանական բնութագրիչներով համակարգչային շտեմարան, որն օգտագործվում է գրաբար և աշխարհաբար տեքստեր խմբագրելու և սրբագրելու համար Abbyy ‎‎‎‎ֆիրմայի FineReader համակարգում։ Մշակվել է ժամանակակից հայերենի բայերի շտեմարան Access միջավայրում. բոլոր բայերի համար նշվում են խոնարհման հարացույցը, ձևային բառակազմական կաղապարը, բառարանային բնութագրերը։ Համակարգը հնարավորություն է ընձեռում ավտոմատ կերպով առանձնացնել ցանկացած ձևույթ պարունակող, ցանկացած կաղապար կամ բնութագիր ունեցող բառերի ամբողջությունը։

Բաժիններ խմբագրել

Ինստիտուտն ունի հետևյալ բաժինները՝

  • Արդի հայերենի բաժին - ուսումնասիրվում են արդի հայերենի բառապաշարի և քերականական իրողությունների, ժամանակակից խոսակցական հայերենի կառուցվածքի և գործառության հիմնահարցերը
  • Արևմտահայերենի բաժին - արևմտահայերենի նորագույն շրջանի բառապաշարի քարտագրում (շուրջ 20000 բառ-միավոր) աշխատանքների արդյունքների ամփոփում, գրական արևմտահայերենի համակարգչային տերմինաբանության զուգաձևությունների քննություն, պոլսահայ գրական լեզվի հանրալեզվաբանական քննության շարունակություն, օտարաբանությունների գործածությունը նորագույն շրջանի մամուլի լեզվում
  • Բառարանագրության բաժին - կատարվում են նոր բառարանների կազմման աշխատանքներ
  • Բարբառագիտության բաժին - կազմվում են հայ բարբառների բառիմաստային և բառային զուգաբանությունների շտեմարաններ
  • Ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժին - ուսումնասիրություններն ընթանում են համեմատական-ստուգաբանական ուղղություններով. ստուգաբանական լրացումներ և ճշգրտումներ են կատարվում հայերեն ստուգաբանական բառարանի ցանկում
  • Կիրառական լեզվաբանության բաժին - կատարվում են ինքնուրույն և թարգմանական գրականության (9-11-րդ դարերի մատենագիրներ) համաբարբառների էլեկտրոնային տարբերակների կազմման աշխատանքներ։ Ավարտվել են հետևյալ էլեկտրոնային համաբարբառները՝
    • Մովսես Կաղանկատուացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի»
    • Ուխտանէս Եպիսկոպոսի «Պատմու­թիւն Հայոց»
    • Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց»
    • Խոսրովիկ թարգմանչի «Պատ­մական մատենագրական ուսումնասիրություն»
    • Արիստակես Լաստիվերտցու «Պատ­մութիւն ...»
    • Ստեփանոս Սյունեցու «Մեկնութիւն չորից աւենտարանչաց»
  • Հայոց լեզվի պատմության բաժին - ուսումնասիրություններ են ընթանում պատմական-նկարագրական ուղղություններով (քննվում են գրաբարի բառիմաստային խմբերը, կատարվում է գրաբարյան և միջին հայերենյան սկզբնաղբյուրների լեզվական քննություն)

Միջոցառումներ խմբագրել

Լեզվի ինստիտուտը կազմակերպել է միջազգային հայերենագիտական գիտաժողովներ, 2006 թվականից կազմակերպում է «Ջահուկյանական ընթեր­ցումներ», նաև երիտասարդ լեզվաբանների հանրապետական ամենամյա գիտական նստաշրջաններ՝ Հայաստանի բուհերի, Արցախի ներկայացուցիչների, այլև արտերկրի հայագետների մասնակցությամբ։

Ինստիտուտում ավանդաբար կազմակերպվել են գիտական սեմինարներ, բանավեճեր, քննարկումներ։ Հիշարժան է արդի հայերենի հոլովական համակարգին նվիրված բանավեճը, որն անցկացվել է 1966 թվականի նոյեմբերին և շարունակվել է 20 օր»[1]

2003 թվականից ինստիտուտը հրատարակում է «Լեզու և լեզվաբանություն» պարբերականը, որի նպատակն էր անդրադառնալ առհասարակ լեզվի և լեզվաբանության առանցքային և զարգացման հեռանկարի տեսանկյունից առավել ուշագրավ խնդիրների և հարցերի լուսաբանմանը (լույս է տեսել տասնմեկ համար)։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել