Կրկնագիր կամ պալիմփսեստ (հունարեն՝ παλίμψηστον, πάλιν — նորից և ψηστός — քերված, լատին․՝ Codex rescriptus), մագաղաթի կամ, առավել հազվադեպ, պապիրուսի ձեռագիր, որը գրված է այլ՝ լվացվելու կամ քերելու միջոցով ջնջված ավելի հին տեքստի վրա։ Կրկնագիր ձեռագրերի ի հայտ գալը հետևանք է հնում մագաղաթի թանկության։ Հնագույն կրկնագրերից է այսպես կոչված «Եփրեմյան կոդեքսը» (V դար), որի հին շերտը պարունակում է հատվածներ Հին և Նոր Կտակարանի մի քանի գրքերից։ 1926 թ. ի հայտ եկավ այսպես կոչված «Լեյդենի կրկնագիրը», որը պարունակում է Սոփոկլեսի ողբերգությունների տեքստերը։ Լեյդենի կրկնագրի վերականգնված տեքստը համարվում է մեզ հայտնի Սոփոկլեսի երկերի հնագույն ամբողջական ձեռագիրը։

«Եփրեմի կոդեքս» կրկնագրի էջերից մեկը

Կրկնագրերը արժեքավոր աղբյուր են ինչպես կորսված համարվող պատմական և գրական երկերի հայտնագործման, այնպես էլ հայտնի երկերի առավել հին, այսինքն սկզբնական բնագրին առավել մոտիկ տարբերակների բացահայտման համար։

Կրկնագրերի նկատմամբ գիտական հետաքրքրությունն առաջացել է 19-րդ դարի սկզբներին, երբ Վատիկանի գրադարանի տնօրեն, կարդինալ Անջելո Մայեին հաջողվեց քիմիական նյութերի օգտագործմամբ ընթեռնելի դարձնել և հրատարակել Կիկերոնի «De republica» երկը։

Ներկայումս կրկնագրերն ընթերցվում են տեխնիկական միջոցների օգնությամբ (ուլտրամանուշակագույն լուսանկարում և լուսածրում, ռենտգենյան ճառագայթում, տոմոգրաֆիա և այլն)։

Հայտնի կրկնագրեր խմբագրել

 
Codex Guelferbytanus A
  • Իրավունքի բնագավառի տեքստ պարունակող ամենահայտնի կրկնագիրը հայտնաբերվել է պատմաբան Բարտոլդ Գեորգ Նիբուրի կողմից 1816 թ. Վերոնայի տաճարի գրադարանում։ Հիերոնիմոսի նամակների տեքստի տակ պահպանվել է հռոմեացի իրավաբան Գայոսի Institutiones աշխատությունը[1]։
  • Եփրեմի կոդեքս ( Codex Ephraemi Rescriptus), Ֆրանսիայի ազգային գրադարան, Փարիզ. պարունակում է 5-րդ դարում գրված հունարեն Հին և Նոր Կտակարանի մի քանի գրքերի տեքստերը, որոնց վրա 12-րդ դարում գրվել են Եփրեմ Ասորու ճառերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Institutes of Gaius, ed W.M. Gordon and O.F. Robinson, 1988