Կրիպտոմերիա ճապոնական

բույսերի տեսակ

Կրիպտոմերիա ճապոնական (լատին․՝ Cryptomeria japօոicadon), գետնանոճազգիների ընտանիքի, կրիպտոմերիա ցեղի բույս։

Կրիպտոմերիա ճապոնական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Մերկասերմեր
Կարգ Ասեղնատերևավորներ
Ընտանիք Գետնանոճազգրիներ
Ցեղ Կրիպտոմերիա
Տեսակ Կրիպտոմերիա ճապոնական
Լատիներեն անվանում
Cryptomeria japօոicadon
Հատուկ պահպանություն

Նկարագրություն խմբագրել

Մշտադալար ծառեր են, մինչև 45 մ բարձրությամբ և 1 -2 մ բնի տրամագծով։ Սաղարթը նեղբրգաձև է, սլացիկ, գլանաձև բնով։ Կեղևը կարմրադարչնագույն է և անջատվում է շերտերով։

Փշատերևները 3 - 4-անկյունանի են, բզանման, մանգաղաձև կորացած, 6 - 25 մմ երկարությամբ, ընձյուղների վրա դասավորված են պարուրաձև։ Ձմռանը սովորաբար դեղնում են, իսկ վաղ գարնանը ստանում են մուգ կանաչ գունավորում։

Կոները մեկական են, գնդաձև, 1 - 3 սմ տրամագծով, փայտացած։ Հասունանում են առաջին տարում։ Սերմերը թափվելուց հետո մնում են ծառի վրա։

Ստվերատար, արագաաճ, խոնավասեր բույս է, ընդորում պահանջկոտ է ինչպես օդի, այնպես էլ հողի խոնավության նկատմամբ։ Սակայն վատ դրենաժի ենթարկվող գերխոնավ հողերում վատ է աճում։ Հատկապես լավ է զգում հզոր, սննդանյութերով հարուստ, խոնավ հողերում։ Վատ է տանում հորում կրային միացությունների առկայությունը։

Ջերմասեր է. -15 -18 °C սառնամանիքները կրիպտոմերիայի համար վտանգավոր են։

Բազմանում է սերմերով, կտրոններով, անդալիսով, տալիս է բնային մացառներ։ Ունի պարկային հրաշալի ձևեր, որոնցից հատկապես աչքի է ընկնում էլեգանտը (C. japonica f. elegans Masters), որն ունի չափազանց խիտ ու գեղեցիկ սաղարթ։ Ավելի երաշտադիմացկուն է, ստվերատար ու ցրտադիմացկուն, քան տիպիկ ձևը։ Հարմարվում է հողի մեջ պարունակվող կրային միացություններին։ Բազմանում է պատվաստման միջոցով, ինչպես նաև կտրոններով։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է ճապոնիայում' Հոնսյու, Սիկոկու և Կյուսյու կղզիներում, որտեղ սովորաբար հանդիպում է ծովի մակերևույթից 200-300 մ բարձրության վրա։ Չինաստանում աճում է Շեկիանգ և Ֆոկիան կղզիներում։

Կիրառություն խմբագրել

Էկոլոգիական խումբը II։ Մշակության հեռանկարային շրջանը 9,32[1]։

Հայաստանում խմբագրել

Բազմիցս Երևան է ներմուծված, սակայն մեծ մասամբ ոչնչացել է առաջին իսկ ուժեղ սառնամանիքներից։ Վերջին անգամ ներմուծված է 1953 թվականին։

Հայաստանում հանդիպում է «Ջեյթուն» սովխոզում, որտեղ խոշոր ծառերը հասնում են 22 մ բարձրության, 30-35 սմ բնի տրամագծով։ Ծաղկում և պտղաբերում է։

Իջևան է ներմուծված 1965 թվականին Բաթումի բուսաբանական այգուց։ 10 տարեկան նմուշները այստեղ հասնում են 6,0 մ բարձրության' 12 սմ բնի տրամագծով։ Տարեկան միջին աճը 60 սմ է, իսկ ընթացիկը՝ 90 սմ։ Աչքի է ընկնում գեղեցիկ, ձվաձև սաղարթով։ Առատորեն ծաղկում և պտղաբերում է, տալով ծլունակ սերմեր։ Ցրտերից չեն վնասվում։ Բաց գրունտում սերմերով բազմացնելու փորձերը ապարդյուն են անցել։ Հաջող են ստացվել բաց դաշտում կտրոններով բազմացման փորձերը (արմատակալումը կազմել է 60 %) ։ խորհուրդ է տրվում կտրոնները մթերել գարնանը՝ հյութաշարժի ժամանակ, երբ հողի ջերմաստիճանը 10 °C է։ Կտրոնները խորհուրդ է տրվում տնկել ավազակավային հողերում, որտեղ յուրաքանչյուր քառակուսի մետրը պետք է պարարտացնել երկու դույլ տորֆով։ Ոռոգումը հաճախակի պետք է կատարել այն հաշվով, որ հողը միշտ խոնավ լինի։ Մոլախոտերը խորհուրդ չի տրվում հեռացնել, քանի դեռ չենք համոզվել, որ կտրոնները արմատակալել են։ Արմատակալած կտրոնները դպրոց պետք է տեղափոխել միայն հողագնդով։

Իջևանի պայմաններում կրիպտոմերիան լավ է դիմանում ինչպես հողի չորությանը, այնպես էլ օդի հարաբերական խոնավության պակասին։ Կրիպտոմերիան առանձնապես դեկորատիվ է բողբոջների բացման և աճի սկսման ժամանակ։

Հեռանկարային էր Հայաստանում մերձարևադարձային շրջաններում մշակելու համար։ Կարելի է օգտագործել մասսիվներում, խմբերում, ծառուղիներում և որպես սոլիտեր։ Հիվանդություններով և վնասատուներով վարակվելու դեպքեր չեն նկատվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 72։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիպտոմերիա ճապոնական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիպտոմերիա ճապոնական» հոդվածին։