Կռում, ճնշմամբ մետաղի մշակման եղանակներից. կատարվում է ունիվերսալ գործիքներով և մեքենաներով։ Որպես կանոն կռման ժամանակ մետաղը տաքացվում է մինչև որոշակի ջերմաստիճան (պլաստիկությունը մեծացնելու և դեֆորմացիայի նկատմամբ դիմադրությունը փոքրացնելու նպատակով)։ Կռման ջերմաստիճանային միջակայքը կախված է մշակվող մետաղի քիմիական բաղադրությունից և կառուցվածքից, ինչպես նաև գործողության կամ անցումի ձևից։ Պողպատի համար այդ միջակայքը 800—1100 °C է, ալյումինի համաձուլվածքների համար՝ 420—480 °C։ Կռում կատարում են դրոշմոցներով և առանց դրոշմոցների (ազատ կռում)։ Առաջին դեպքում մետաղը բոլոր կողմերից սահմանափակվում է դրոշմոցի աշխատանքային խոռոչի պատերով և դեֆորմացիայի ընթացքում ստանում խոռոչի ձևը։ Ազատ կռման (ձեռքով կամ մեքենայով) դեպքում մետաղը չի սահմանափակվում կամ էլ սահմանափակվում է մեկ կողմից։ Լիակռման դեպքում մետաղն ամրանում է, վերանում են անհամասեռությունները, մանրանում բյուրեղները, որի շնորհիվ կառուցվածքը դառնում է մանրահատիկ։ Կռման ժամանակ օգտագործում են դարբնոցային գործիքների հավաքածու, որի օգնությամբ նախապատրաստուկներին տալիս են անհրաժեշտ ձև ու չափեր։ Կռման հիմնական գործողություններն են՝ նստեցումը, կռաձգումը, անցքակռալայնումը, շրջագլումը ևն։ Կռումը դետալների նախապատրաստուկների ստացման տնտեսողաբեր եղանակներից է։ Զանգվածային և խոշոր սերիական արտադրություններում ավելի շատ կիրառում են դրոշմոցներով, իսկ մանր սերիական արտադրությունում՝ ազատ կռում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 667