Կոքս (գերմաներեն՝ Koks, անգլերեն՝ coke), բարձր ամրությամբ արհեստական պինդ վառելանյութ. ստանում են իներտ միջավայրում (առանց օդի մուտքի) բնական վառելանյութերը կամ դրանց մշակման արգասիքները բարձր ջերմաստիճաններում (950-1050 °C) տաքացնելիս։ Ըստ հումքի տեսակի, տարբերում են՝ քարածխակոքս, էլեկտրոդային կպրակոքս և նավթակոքս։ Քարածխակոքսի իրական հարաբերական խտությունը 1800-1950 կգ/մ3 է, միջին ծակոտկենությունը՝ 49-53%, այրման ջերմությունը՝ մոտ 7000 կկալ/կգ, վառվող զանգվածինը՝ 8000 կկալ/կգ։ Վառվող զանգվածում ածխածնի պարունակությունը 96% ից բարձր է, ցնդող նյութերի ելքը 0, 8-1, 0%։ Քարածխակոքսը հիմնականում կիրառում են դոմնային պրոցեսում (դոմնային կոքս)՝ թուջ ձուլելու համար, որտեղ այն միաժամանակ վառելանյութ է և երկաթահանքի վերականգնիչ։ Քիչ քանակությամբ քարածխակոքս օգտագործում են ձուլարաններում, քիմիական արդյունաբերության մեջ, գունավոր մետալուրգիայում և այլուր։ էլեկտրոդային կպրակոքսը և նավթակոքսը, ի տարբերություն քարածխակոքսի, ունեն ածխածնի մեծ պարունակություն և հետևաբար ավելի փոքր մոխրայնություն (մինչև 0, 3%, նավթակոքսում՝ 0, 8%)։ էլեկտրոդային կրակոքսն ստանում են քարածխի բարձրահալ կուպրը կոքսացնելով, նավթակոքսը՝ հեղուկ նավթամնացորդները և կուպրը կոքսացնելով։ Նավթակոքսն ստացվում է նաև նավթի թորման նյութերի կրեկինգից կամ ջերմային մշակմամբ։ Կիրառվում են էլեկտրոդների արտադրության մեջ։

Կոքս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 665
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոքս» հոդվածին։