Կույրերի միջազգային օր, համաշխարհային ամսաթիվ, որը կոչված է ուշադրությունը հրավիրել այն մարդկանց վրա, որոնք ընդմիշտ կորցրել են իրենց տեսողությունը և գտնվում են կյանքի դժվար իրավիճակում։ Օրը նշվում է ամեն տարի նոյեմբերի 13-ին[1]։

Վալենտին Հաույի և նրա առաջին աշակերտ Ֆրանսուա դը Լեզյուերի հուշարձանը

Պատմություն խմբագրել

1784 թվականին Փարիզում հայտնի մանկավարժ Վալենտին Հաույը, առանց կառավարության և ոչ պետական բարեգործական կազմակերպությունների օգնության, բացառապես միայն անձնական միջոցներով և իր սեփական տանը բացեց աշխարհում առաջին դպրոցը կույր երեխաների համար «Աշխատավոր կույրերի արհեստանոց» անունով։ Արհեստանոցի առաջին աշակերտը դարձավ եկեղեցու գավթի մոտից գտնված Ֆրանսուա դը Լեզյուեր անունով տղան։ Հետո դպրոց ընդունվեցին նաև Ֆրանսուայի տարեկից ևս տասնմեկ անապաստան երեխա։ Մինչ դա աշխարհում հայտնի չէր որևէ ուսումնական հաստատություն կույրերի համար։ Հաույը կույրերին ուսուցանելու համար կիրառում էր իր մեթոդը՝ կույրերի համար մտածված «ունցիալ» տառատեսակի միջոցով։

Չնայած ֆինանսական մեծ դժվարություններին՝ Հաույը կարողացավ ստեղծել դպրոցին կից տպարան և այնտեղ հրատարակեց ուռուցիկ-գծային «ունցիալ» տառատեսակով տպագրված մի քանի գիրք կույրերի համար։ Դրանք աշխարհում կույրերի համար առաջին գրքերն էին։ Այդ գրքերով էին տեսողություն չունեցող մարդիկ սովորում՝ մինչև Բրայլի վեցակետ տառատեսակի ի հայտ գալը։

Վալենտին Հաույի գործունեությունը ուշադրություն գրավեց նաև Ռուսական կայսրության արքունիքում։ Ռուսական կայսր Ալեքսանդր I1803 թվականին Վալենտինին առաջարկություն ուղարկեց՝ այդ ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում ստեղծել ուսումնական հաստատություն տեսողության մասնակի կամ լրիվ կորուստ ունեցող մարդկանց համար, որը մանկավարժն ընդունեց և 1806 թվականին ժամանեց Պետերբուրգ։ Հաույը գտավ նվիրյալ ուսուցիչներ, և երբ դպրոցը պատրաստ էր բացվել, Ռուսական կայսրության լուսավորության նախարարության գրասենյակից եկավ պատասխան. «Ռուսաստանում կույր երեխաներ չկան»։ Այդ ժամանակ Վալենտինն սկսեց ինքը փնտրել աշակերտներ, որն առանձնապես դժվար չէր. նրանց մեծ մասին նա հանդիպեց Սմոլնի անկելանոցի մոտակայքում։ Վալենտին Հաույը պատրաստ էր ոչ միայն սովորեցնել կույր աշակերտներին, այլև կերակրել երեխաներին իր հաշվին։ Ալեքսանդր I-ի հրավերից չորս տարի անց՝ 1807 թվականին, կայսրը հաստատեց Սանկտ Պետերբուրգի աշխատավոր կույրերի ինստիտուտի համար հաստիքը, կանոնադրությունը և բյուջեն։ Այս ամսաթիվը հետագայում համարվեց Ռուսաստանում կույրերի համար առաջին ուսումնադաստիարակչական հաստատության հիմնադրումը։

Ծանոթագրություններ խմբագրել