Կովկասյան պատերազմ (1817-1864)

Կովկասյան պատերազմ 1817—1864 թվականներ, պատերազմական գործողություններ ՝ կապված Չեչենիայի, Լեռնային Դաղստանի և Հյուսիս-Արևմտյան Կովկասի՝ Ռուսաստանին միացման հետ։ Ռազմասեր լեռնականները Կովկասյան ամրացված գծի վրա իրենց հարձակումներով խանգարում էին Ռուսաստանի ՝ Անդրկովկասի հետ կապերին (Վրաստանը 1801 —1810 թվականներին) և Ադրբեջանը (1803—1813 թվականներին) միացել էին Ռուսաստանին]։ Նապոլեոնյան Ֆրանսիայի հետ պատերազմից հետո ցարիզմը աշխուժացրեց ռազմական գործողություններն այդ շրջանում։ Կովկասում գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսեյ Երմոլովը (1816 թվականից) պարբերական պատժիչ արշավանքներից անցավ ծրագրված առաջխաղացման Չեչենիայի և Լեռնային Դաղստանի խորքերը։ 1817 թվականի հոկտեմբերից Կովկասյան գծի ձախ թևը Թերեքից տեղափոխվեց Սունջա գետի վրա, որի միջին հոսանքում Պրեգրադնի Ստան ամրության հիմնադրումով փաստորեն սկսվեց Կովկասյան պատերազմը։ Դաղստանյան մի շարք ֆեոդալ ցեղապետներ միավորվելով՝ 1819 թվականին ձեռնարկեցին արշավանքներ Սունջայի գծի ուղղությամբ։ 1822-26 թվականներին Անդրկուբանի չերքեզների դեմ ձեռնարկվեցին մի քանի պատժիչ արշավանքներ։ Երմոլովի գործողությունների հետևանքով ամբողջ Դաղստանը, Չեչենիան և Անդրկուբանը հնազանդվեցին։ Նրան փոխարինած գեներալ Իվան Պասկևիչը (1827 թվականից) կառուցեց Լեզգիական գիծը (1830 թվականին) և Սուխումի ռազմական ճանապարհի շինարարության կապակցությամբ միացրեց Կարաչաևյան մարզը։ Հյուսիսային Կովկասում ցարիզմի նվաճողական քաղաքականությունը առաջ բերեց լեռնականների տարերային զանգվածային ելույթներ։ 1820-ական թվականների վերջին Չեչենիայում և Դաղստանում առաջացավ հակագաղութային և հակաֆեոդալական մյուրիդական շարժումը (Մյուրիդականություն), որի հետադիմական կողմը իսլամական հոգևորականության պայքարն էր իմամության ստեղծման համար։ Շարժումը խթան հանդիսացավ Կովկասյան պատերազմի ծավալմանը, չնայած Հյուսիսային Կովկասի և Դաղստանի մի շարք ժողովուրդներ չհարեցին դրան։ 1828 թվականին իմամ հռչակված Ղազի Մուհամմեդը ղազավաթ հայտարարեց, 1831 թվականին գրավեց Թարքին և Ղզլարը, շրջապատեց ռուսական ամրոցները, հայտնվեց Չեչենիայում և պաշարեց Դերբենդը։ Սակայն հուսախաբ գյուղացիներն սկսեցին իմամից հեռանալ, և 1831 թվականից շարժումը որոշ անկում ապրեց։ Գեներալ Դ. Ռոզենի (1831 թվականից) արշավանքների հետևանքով մյուրիդական ջոկատները ջախջախվեցին, և իմամը սպանվեց։ Թուրքիայի հետ չերքեզների կապերը խափանելու նպատակով 1834 թվականին ռուսական զորքերը արշավեցին Անդրկուբան և հիմնադրեցին Աբինսկոյե և Նիկոլաևսկոյե ամրությունները։ Իմամ (1834 թվականից) Շամիչը հարկադրվեց նահանջել Ավարիայից, սակայն, օգտվելով երկամյա դադարից, իր շուրջը համախմբեց Չեչենիայի և Դաղստանի ֆեոդալների մեծ մասին։ 1837 թվականին ռուսական զորքերը ծանր կորուստների գնով հասան որոշ հաջողությունների, սակայն նույն թվականին Շամիլի հետ կնքվեց զինադադար։ Հյուսիս-Արևմտյան Կովկասում կառուցվեցին նոր ամրություններ։ Գեներալ Ե. Գոլովինը (1838 թվականից), հիմնադրելով Նովագինսկոյե, Թենգինսկոյե, Նովոռոսիյսկոյե ամրությունները, 1839 թվականին վերսկսեց ռազմական գործողությունները։ 80-օրյա պաշարումից հետո իմամի նստավայր Ախուլգոն գրավվեց, վիրավոր Շամիլը փախավ Չեչենիա։ Սև ծովի ափին 1839 թվականին կառուցվեցին Լազարևսկոյե, Գոլովինսկոյե ամրությունները, ստեղծվեցին Սևծովյան առափնյա (Կուբանի գետաբերանից մինչև Մեգրելիայի սահմանները) և Լաբայի գծերը։ Հյուսիս-Արևմտյան Դաղստանում գործող Շամիլը մի շարք հաղթանակներ տարավ, գրավեց Ավարիան, իր իշխանությունը հաստատեց Դաղստանի զգալի մասում։ Իմամության տարածքը կրկնապատկվեց, զորքերի թիվը հասավ 20 հազարի։ Գլխավոր հրամանատար նշանակված (1844 թվականից) Մ. Վորոնցովը 1845 թվականին քանդեց Շամիլի նստավայր Դարգոն, սակայն, պաշարվելով, դժվարությամբ փրկվեց ՝ կորցնելով զորքի 1/3-ը և ամբողջ հրետանին։ 1846—1849 թվականներին Շամիլի դիմադրությունը հաջողություն չունեցավ։ 1849—1852 թվականների մարտերից հյուծված նրա զորքերը 1853 թվականի գարնանը վերջնականապես դուրս մղվեցին Չեչենիայից դեպի Լեռնային Դաղստան։ 1853—1856 թվականների Ղրիմի պատերազմի նախօրյակին, հուսալով օգնություն ստանալ Թուրքիայից և Անգլիայից, Շամիլը աշխուժացրեց իր գործողությունները։ 1853 թվականի նոյեմբերին Բաշկադըքլարի ճակատամարտում թուրք, բանակները ջախջախվեցին։ Այս պայմաններում ձախողվեցին Զաքաթալայի շրջանում Լեզգիական, նաև Սևծովյան առափնյա և Լաբայի գծերը գրավելու Շամիլի զորքերի և չերքեզների փորձերը։ 1854 թվականի ամռանը թուրքերը հարձակման անցան Թիֆլիսի վրա, որը նոր հույսեր ներշնչեց Շամիլին։ Նա ներխուժեց Կախեթ, գրավեց Ծինանդալին, սակայն շուտով պարտություն կրեց։ Քյուրուկ-Դարայի ճակատամարտում թուրքերի ջախջախումն ու 1855 թվականի նոյեմբերին Կարսի գրավումը վերջնականապես ցրեցին արտաքին օգնություն ստանալու Շամիլի հույսերը։ 1856 թվականին Փարիզի հաշտության պայմանագրի կնքումը ցարիզմին թույլ տվեց լեռնականների դեմ կենտրոնացնել զգալի ուժեր. Կովկասյան կորպուսը վերածվեց բանակի և հասցվեց մինչև 200 հազար զինվորի։ Նոր գլխավոր հրամանատարներ գեներալ Ն. Մուրավյովը (1854—1856 թվականներին) և գեներալ Ա. Բարյատինսկին (1856—1860 թվականներին) շարունակեցին սեղմել պաշարման օղակը իմամության շուրջը։ 1859 թվականին ընկավ Շամիլի նստավայր Վեդենո աուլը, օգոստոսին նա անձնատուր եղավ, իսկ նոյեմբերին հանձնվեցին չերքեզների հիմնական ուժերը՝ Մուհամմեդ Էմինի գլխավորությամբ։ Չերքեզների տերիտորիայով անցկացվեց Բելոռեչենսկայա գիծը՝ Մայկոպ ամրոցով։ 1862 թվականի կեսին լեռնականների ձեռքում մնացած տերիտորիաների (200 հազար բնակիչ) դեմ հանվեց 60 հազարանոց բանակ ՝ գեներալ Ի. Եվդոկիմովի հրամանատարությամբ։ 1863 թվականին գրավվեց Բելայա և Փշիշ գետերի միջև ընկած տարածքը, 1864 թվականի ապրիլին ՝ ամբողջ ծովափը և Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսային լանջերը մինչև Լաբա գետը։ Անընկճելի մնացին միայն փոքր քանակությամբ լեռնականներ։ Չերքեզներն ու աբխազները հարկադրվեցին հաստատվել հարթավայրերում։ Շուրջ 500 հազար մարդ, իսլամական հոգևորականության ազդեցությամբ, արտագաղթեց Թուրքիա։ 1864 թվականին Աբխազիայում հաստատվեց ռուսական կառավարություն, անձնատուր եղավ չերքեզների դիմադրության վերջին օջախը՝ Կբաադուն (այժմ ՝ Կրասնայա Պոլյանա)։ Կբաադուի գրավմամբ նշանավորվեց Կովկասյան պատերազմի ավարտը։ Կովկասյան պատերազմի հետևանքով Չեչենիան, Լեռնային Դաղստանը և Հյուսիս-Արևմտյան Կովկասը վերջնականապես միացվեցին Ռուսաստանին։ Միացումը տեղի ունեցավ ռազմա-ֆեոդալական բռնի մեթոդներով, սակայն լեռնականների՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելը օբյեկտիվորեն առաջադիմական նշանակություն ունեցավ ՝ նպաստելով նրանց տնտեսական, քաղաքական և մշակութային առաջընթացին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 635