Կոստանդնուպոլսի պատմություն

Կոստանդնուպոլսի պատմությունը ընդգրկում է 330 թվականին Հռոմեական կայսրության մայրաքաղաք դարձած քաղաքի օծումից մինչև նրա գրավումը՝ 1453 թվականը։

Սուրբ Սոֆիայի տաճարը` բյուզանդական Կոստանդնուպոլիսի խորհրդանիշը

Ըստ էության, այն՝ կառուցվելով հին Բյուզանդիոնի տեղում, այն ժամանակների համար ահռելի շինարարական աշխատանքների, բնակչության արագ աճի, առևտրի ու արհեստների զարգացման, մայրաքաղաքի կոչման ու առաջին հռոմեական կայսրների ջանքերի շնորհիվ կես դարում դարձավ Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի ամենամեծ քաղաքներից մեկը։ Ծաղկուն և հարուստ «Միջնադարի մեգապոլիսին» վիճակված էր նաև լայնարձակ, բայց մայրամուտն ապրող կայսրության խոշորագույն քաղաքական, մշակութային և տնտեսական կենտրոնի դերը։ 5-րդ դարում Հռոմի անկումից հետո Կոստանտնուպոլիսը դարձավ մոտավորապես 10 դար գոյություն ունեցող Արևելյան Հռոմեական կայսրության մայրաքաղաքը, որտեղ պահպանվում էին հռոմեական և հելլենիստական ավանդույթները։ Բյուզանդական դարաշրջանի Կոստանտնուպոլսի պատմությունը հագեցած էր քաղաքական բուռն իրադարձություններվ՝ ժողովրդական ընդվզումներով, պալատական ինտրիգներով, կայսրների սպանություններով և իշխող հարստությունների փոփոխություններով, ամիսներ տևող պաշարումներով և արևելյան ու արևմտյան հզոր հարևանների դեմ արշավներով։ Երկար ժամանակ (մինչև 13-րդ դար) Կոստանտնուպոլիսը միջնադարյան Եվրոպայում փայլուն մշակույթի և գիտության կենտրոնն էր՝ զգալիորեն գերազանցելով համաշխարհային մյուս մայրաքաղաքներին կրթական մակարդակով, հոգևոր կյանքի ակտիվությամբ և կիրառական արվեստի զարգացածությամբ։

Կոստանդնուպոլսի քաղաքական կյանքի բնորոշ գծերից մեկը իշխանության համար չդադարող պայքարն էր արիստոկրատիայի, բանակի, վաճառականների և հոգևորականության տարբեր խմբավորումների միջև։ Մայրաքաղաքի էլիտան ծայրահեղ անկայուն և բազմազան խումբ էր, քանի որ Բյուզանդիայի իշխող վերնախավը հասանելի էր հասարակության տարբեր սոցիալական ծագում ունեցողների համար։ Շատ մայրաքաղաքային երևելիներ ոչ միայն չէին ամաչում գեղջկական կամ գավառական ծագումից, այլև հպարտանում էին, որ կարողացել են ճանապարհ հարթել դեպի իշխանական վերնախավ հասարակության ստորին օղակներից։ Նույնիսկ կայսերական գահը պալատական դավադրության, սիրային ինտրիգի, հաջող ամուսնության, բանակի կամ քաղաքացիների ընդվզման արդյունքում կարողացել է զբաղեցնել հասարակ ժողովրդից սերած անձ։ Նման օրինակները քիչ չեն Բյուզանդիայի պատմության մեջ. ճակատագրի կամոք կայսրեր են դարձել նաև հասարակ զինվորներ, ովքեր կարողացել էին ծառայելով հասնել մինչև զինվորականության միջին աստիճանների, մսագործ կամ գյուղացի, ով հետագայում զբաղվել էր ձիերով շրջագայելով կամ բռնցքամարտերով։ Կոստանդնուպոլսում առավել զգալի էր հակադրությունը քաղաքային ստորին խավերի աղքատության և արիստոկրատիայի հարստության, կայսերական պալատի և հոգևորականության միջև։ Քաղաքն արդարացիորեն անվանում էին «Ամբողջ Արևմուտքի և Արևելքի շքեղության և թշվառության գլխավոր կենտրոն»։

1453 թվականի մայիսին թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումով Բյուզանդական կայսրությունը վերջնականապես կործանվեց, և Օսմանյան կայսրությունը ճանաչվեց ամենահզոր պետություններից մեկը։ Կոստանդնուպոլսի անկումը ցնցող ազդեցություն թողեց ողջ քրիստոնեական Եվրոպայում և Կահիրեի, Թունիսի և Գրանադայի պալատներում առաջ բերեց ցնծության ալիք։ Բացի այդ, երբեմնի ծաղկուն քաղաքի մեծագույն մշակութային արժեքների ոչնչացումն անդառնալի կորուստ պատճառեց ողջ եվրոպական մշակույթին։ Եվրոպայում դրանից հետո թուրքերը դարձան ամեն տեսակ դաժանության և ընդհանրապես քրիստոնեականին խորթ կերպարի հոմանիշ։

Կոստանդիանոս Ա Մեծը և իր ժառանգները խմբագրել

 
Կոստանդիանոսի սյունը, որը տեղադրվել է 330 թվականին

Հռոմեական կայսր Կոստանդիանոս Ա Մեծը ճիշտ գնահատեց Բյուզանդիայի՝ Եվրոպայի և Ասիայի սահմանագծին տեղակայված մերձծովյան շրջանի նպաստավոր դիրքը։ Կոստանտիանոսի որոշման վրա ազդեցություն ունեցավ նաև Հռոմում տիրող անհանգիստ իրավիճակը. երևելիների դժգոհությունները և մշտական գժտությունները գահի համար պայքարում։ Կայսրն ուզում էր իր բարեփոխիչ գործունեությունը պսակել հսկայական տերության նոր ադմինիստրատիվ կենտրոնի ստեղծմամբ։ Քաղաքի հիմնադրումը տեղի ունեցավ 324 թվականին, և Կոստանդիանոսն անձամբ որոշեց քաղաքի սահմանները։ Նրա գծանշած տարածության շուրջ հողապատնեշ ստեղծեցին, որի ներսում սկսվեց հսկայածավալ շինարարություն։ Կոստանդիանոսի հրամանով Բյուզանդիա բերեցին հայտնի ճարտարապետների, գեղանկարիչների և քանդակագործների, լավագույն որմնադիրների, սվաղողների և հյուսների, ում ազատեցին այլ պետական պարտավորություններից։ Իր մայրաքաղաքի կառուցումն արագացնելուն ուղղված մեկ այլ օրենքով կայսրը պարտավորեցրեց Եվքսինյան Պոնտոսի քաղաքներում բոլոր անշարժ գույք ունեցողներին ձեռք բերել գոնե մեկ տուն Բյուզանդիայում (միայն այդ պայմանի կատարման դեպքում անշարժ գույքի սեփականատերերը կարող էին իրենց կարողությունը կտակել ժառանգներին)։[1][2][3]

Կոստանդիանոսը զանազան եղանակներով խրախուսում էր Հռոմեական կայսրության տարբեր գավառներից բնակիչների վերաբնակեցումը նոր քաղաքում՝ նրանց տարատեսակ արտոնություններ շնորհելով և պայմաններ ստեղծելով, իսկ շատ կայսերական աստիճանավորների այստեղ տեղափոխեցին բռնի կերպով։ Կոստանդիանոսը կանոն սահմանեց, որով նոր մայրաքաղաքում անշարժ գույք ձեռք բերած բոլոր վերաբնակներին անվճար տրամադրվում էր ցորեն, յուղ և ցախ։ Այդ, այսպես կոչված, «պարենային պարգևը» տրվեց համարյա կես դար և մեծ դեր խաղաց Բյուզանդիա նոր բնակիչների, ի դեմս արհեստավորների, նավաստիների և ձկնորսների հոսքին։ Բացի մարդկային ռեսուրսների ներգրավումից, Կոստանդիանոսը հոգ տարավ նաև քաղաքի տեսքի մասին, որի համար Բյուզանդիա բերվեցին արվեստի հրաշալի գործեր ընդարձակ կայսրության բոլոր ծայրերից՝ Հռոմից և Աթենքից, Կորինթոսից և Դելֆիից, Եփեսոսից և Անտիոքից։[4]

 
Օձասյուն

330 թվականի մայիսի 11-ին կայացավ Հռոմեական կայսրության Նոր Հռոմ կոչված (հրապարակված կայսերական հրովարտակի տեքստը նույն օրը փորագրվեց մարմարե կոթողի վրա) շքեղ մայրաքաղաքի օծման արարողությունը։ Գլխավոր հանդիսություններն անցկացվեցին ձիարշավարանում և ներառում էին արտիստների ներկայացումներ և սպորտային մրցումներ, այդ թվում՝ լայն ժողովրդականություն վայելող անվակառքերի արշավը։ Այդ հանդիսությունների ժամանակ Կոստանդիանոս Մեծի շքախմբի մեջ տեղ էին գտել և՛ թափ հավաքող քրիստոնեական հոգևորականությունը, և՛ դեռևս ազդեցիկ հեթանոսական քրմությունը՝ ի դեմս հունական կոլեգիայի ներկայացուցիչների։ Չնայած քրիստոնեությունը դառնում էր գերիշխող կրոն՝ հին ավանդույթներին միանգամից վերջ չդնելով՝ կայսրը չէր խոչընդոտում քրմերի գործողությունները (սակայն նրա օրոք անտիկ շրջանի Բյուզանդիայի շատ հեթանոսական տաճարներ վերածվեցին եկեղեցիների և հասարակական կառույցների)։ Նոր մայրաքաղաքի օծման կապակցությամբ հատվեց դրամ, որի վրա պատկերված էր Կոստանդիանոսը մարտական սաղավարտով և նիզակը ձեռքում։ Քաղաքի հովանավորի՝ Մարիամ Աստվածածնի պատվին սպիտակ մարմարե պատվանդանի վրա կանգնեցվեց կարմիր ծիրանաքարից ստելլա։ Սակայն «Նոր Հռոմ» անվանումը չարմատավորվեց, և շուտով քաղաքն սկսեցին անվանել Կոստանդնուպոլիս՝ Կոստանդիանոսի քաղաք։[5][6][2][3]

Կոստանդիանոս կասրի օրոք հիմնադրվեցին Սուրբ Սոֆիայի տաճարը, Սուրբ Իրինայի տաճարը, Սուրբ Ակակիայի տաճարը Ոսկեղջյուրի մոտ և Սուրբ Մոկիայի տաճարը քաղաքի պարիսպներից դուրս։ Առաջին տաճարների հետ մեկտեղ Կոստանդնուպոլսում կառուցվեց Ֆորտունայի տպավորիչ տաճարը, թարմացվեցին մի քանի սրբատեղիներ, կառուցվեց հռոմեական Ապոլլոնի տաճարից բերված հսկայական կոթողը, որը տեղում ավարտին հասցվեց արևի ծագումը ողջունող Ապոլլոնի (կամ Հելիոսի) կերպարանքը կրող Կոստանդիանոսի արձանով։ Դելֆիից բերվեց հանրահայտ ոսկյա եռոտանու ոտնակ ծառայող բրոնզե «օձասյունը», որը Կոստանդնուպոլսում զարդարեց ձիարշավարանի արենան։ Հռոմից բերվեց ժամանակին հռոմեացիների կողմից Աթենքից տեղափոխված Աթենաս Պալլասին նվիրված հանրահայտ հուշարձանը (նրա սյունը վերափոխվեց Կոստանդիանոսին, հետո նաև՝ նրա հետնորդներին մարմնավորող հուշարձանների պատվանդանի)։ Կայսրի կողմից քաղաքում սենատ կազմավորվեց, այսուհետ այստեղ էր գտնվում հյուպատոսներից մեկը։ Կոստանդնուպոլիս բերվեց նախկինում Հռոմի բնակչության կարիքների համար նախատեսված տպավորիչ քանակությամբ եգիպտական հացահատիկ։[5][7][8]

Մինչ Կոստանդիանոսի կայսրության վախճանը, նոր մայրաքաղաքում, որը Հռոմի նմանությամբ տարածված էր Բոսֆորի նեղուցի յոթ բլուրների վրա, կառուցվեցին 30 պալատներ ու տաճարներ, երևելիների ավելի քան չորս հազար նշանավոր շինություններ, ձիարշավարան, կրկես և երկու թատրոն, ավելի քան 150 բաղնիք, հարյուրից ավել հացատներ, ութ ջրագծեր, ինչպես նաև հասարակ բնակիչների հազարավոր տներ։ Կենտրոնական Ավգուստեյոն հրապարակից հյուսիս՝ անտիկ Բյուզանդիայի ակրոպոլիսի տեղում, տեղակայվեց Կապիտոլիումը, որտեղ մինչ 4-րդ դարի վերջ պահպանվում էին հեթանոսական տաճարներ և տարբեր աստվածություննեի սրբավայրեր։ Կոստանդիանոսի և նրա տեղական ծովագնացներին ու առևտրականներին ակտիվորեն հովանավորող մերձավորների օրոք մեծ ուշադրություն էր դարձվում հարմարավետ փարոսների սարքավորումներին, նավամատույցների, ալեհատների և առևտրական պահեստների կառուցմանը, նավատորմերի մեծացմանը, ինչը շուտով վերադարձրեց Կոստանդնուպոլսին անտիկ Բյուզանդիայի առևտրական փառքը։[9][2]

337 թվականին Նիկոմեդիայում Կոստանդիանոս Մեծի մահից հետո արագացավ Հռոմեական կայսրության փլուզումն ու անկումը։ Կոստանդիանոսի ժառանգորդների միջև հուսահատ պայքար սկսվեց իշխանության համար, որի ամենադրամատիկ դրվագներից մեկը Կոստանդիոս II-ի կողմից կազմակերպված մայրաքաղաքում տեղավորված զորքերի ապստամբությունն էր։ Նա օգտվեց բյուզանդական բանակում Կոստանդիանոսի հսկայական պետությունն իր երեք որդիներին (Կոնստանդիոս II-ին, Կոնստանդին II-ին և Կոնստանդին) և երկու զարմիկներին (Դալմաթիոս կրտսերին և Հանիբալիանոս կրտսերին) կտակելու պատճառով անորոշությունից առաջացած դժգոհություններով։ Կոստանդնուպոլսում տեղի ունեցան արյունոտ բախումներ, որոնց ընթացքում զոհվեցին հանգուցյալ կայսրի բազմաթիվ ազգականներ, այդ թվում և՝ երկու սիրելի զարմիկները (կարողացան փրկվել միայն Կոնստանդին Հալը և Հուլիանոս Ուրացողը՝ Կոստանդիանոս Մեծի կրտսեր եղբոր՝ նույնպես սպանված Ֆլավիոս Հուլիոս Կոնստանցիոսի որդիները)։ Կոնստանդն ավելի քան տաս տարի պահպանեց իշխանությունը Հռոմեական կայսրության արևմտյան մասում, սակայն զոհվեց 350 թվականին ուզուրպատոր զորապետ Մագնիոս Մագնենցիոսի հետ մարտի ժամանակ։ Միայն Մագնենցիոսի նկատմամբ Կոնստանդ II-ի կողմից տարած հաղթանակից հետո կայսրությունը նորից վերականգնվեց մեկ կայսրի իշխանության ներքո։ 357 թվականին Պատրասից Կոստանդնուպոլսում նոր կառուցված Սուրբ Առաքյալների տաճար հանդիսավորությամբ տեղափոխվեցին մարգարե Անդրեաս առաքյալի մասունքները, որոնք դրվեցին Ղուկասի, Տիմոֆեյ եպիսկոպոսի մասունքների և Կոստանդիանոս Մեծի աճյունի կողքին (Կոստանդիանոսի մարմինն այդ վայրում ամփոփելուց հետո մինչև 11-րդ դար Սուրբ Առաքյալների տաճարը ծառայում էր որպես բյուզանդական կայսրերի գերեզմանոց)։ 360 թվականին Ավգուստեյոն կենտրոնական հրապարակի հարևանությամբ բացվեց ժամանակակից Սուրբ Սոֆիայի նախատիպ տաճարը, որը ժողովրդի կողմից ստացավ «Մեծն» անվանումը։[10][8]

Պարսիկների դեմ արշավանքների ժամանակ Կոնստանդի մահից հետո 361 թվականի դեկտեմբերին Կոստանդնուպոլիս մուտք գործեց Հուլիոսը, ով դաժան հաշվեհարդար տեսավ իր նախորդի մերձավոր շրջապատի հետ։ Նա ձեռնամուխ եղավ հեթանոսության վերականգնմանը (ինչի համար ստացավ «Ուրացող» մականունը), անցկացրեց դպրոցական կրթության բարեփոխում, մայրաքաղաքում հիմնադրեց գրադարան, որը դարեր շարունակ բյուզանդական մշակույթի կարևորագույն օջախն էր։ Բայց Հուլիոսի կառավարումը երկար չտևեց, նա զոհվեց 363 թվականին ամռանը պարսկական արշավանքի ժամանակ, ինչից հետո զորքերը նոր կայսր հռչակեցին Հովիանոսին։ Կոստանդինի դինաստիայի կառավարման տարիներին Կոստանդնուպոլսում ապրում և աշխատում էին բժիշկ Օրիբասիոսը, հռետոր Լիբանիոսը, աստվածաբան և եկեղեցական հոգևոր պետեր Ալեքսանդր Կոստանդնուպոլսեցին, Մակեդոնիոս I-ը, քաղաքում հաճախ էին լինում Աթանաս Ալեքսանդրացին, Բարսեղ Կեսարացին և հայտնի հերետիկոս Արիոսը (մահացել է քաղաքում 336 թվականին)։ [11][12]

Վալենտինիանոս I-ը և Թեոդոսիոս Ա Մեծը խմբագրել

 
Թեոդոսիոսի կոթողը՝ կանգնեցված 390 թվականին ձիարշավարանում

364 թվականին հռոմեական զորքերը նոր կայսր հռչակեցին Վալենտինիանոս I-ին, ով էլ կրտսեր եղբորը՝ Վաղես II-ին դարձրեց կայսրության արևելյան մասի իր գահակիցը։ Նրա կառավարման տարիներին ավարտին հասցվեց բլուրների միջով Թրակիայից Կոստանդնուպոլիսը ջրով սնող հսկայական համակարգի մաս կազմող երկդստիկոն ակվեդուկը (ջրանցույց կամուրջ)։ 378 թվականին Ադրիանապոլսսի մոտ մարտում հռոմեացիները սարսափելի պարտություն կրեցին անդրդունայան գոթերի կողմից, մարտի դաշտում մնացին 40 000 հռոմեական զինվորներ, այդ թվում նաև՝ Վաղես կայսրը։ Գրատիանոսը Հռոմեական կայսրության արևելյան մասի կայսր նշանակեց փորձառու զորավար Թեոդոսիոսին, ով գոթերի հետ խաղաղություն կնքելով, ետ մղեց նրանց Կոստանտնուպոլսից։ Թեոդոսիոսին նույնիսկ հաջողվեց կաշառքներով, կայսերական պալատում ճոխ ընդունելություններով և բանակում բարձր պաշտոնների նշանակելով իր կողմը գրավել որոշ գոթական առաջնորդների և զորապետերի։ Հենց այդ ժամանակ Կոստանտնուպոլսում սկսեցին բնակություն հաստատել քաղաքային պահակախմբում ծառայող զինվորական գոթերը։[13][14][15]

381 թվականին Կոստանդնուպոլսի Առաջին տիեզերական ժողովը սառեցրեց արիոսականությունը և Կոստանդնուպոլսին տրվեց եպիսկոպոսանիստ քաղաքի կարգավիճակ, որը դարձավ երկրորդ աթոռանիստը Հռոմեականից հետո (մինչ այդ մայրաքաղաքը կայսր Սեպտիմիոս Սևերիոսի ճնշումների ժամանակաշրջանից ի վեր գտնվում էր միտրոպոլիտ Իրակլիի իրավասության տակ)։ 390 թվականին Կոստանդնուպոլսի ձիարշավարանում կանգնեցվեց Հելիպոլիսից բերված գրանիտե եգիպտական կոթողը։ 394 թվականին ուզուրպատոր Եվգենիոսին մահապատժի ենթարկելով՝ Թեոդոսիոսը կարճ ժամանակով իր տիրապետության տակ միավորեց Հռոմեական կայսրության երկու հատվածները, բայց նրա մահից հետո՝ 395 թվականին միասնական պետությունը մասնատվեց Թեոդոսիոսի որդիների միջև. Փլավիոս Արկադիոսին բաժին հասավ Արևելքը, իսկ նրա եղբայր Հոնորիոսին՝ Արևմուտքը։ Նույն՝ 395 թվականին վեստգոթերը Ալարիկուս I-ի գլխավորությամբ նորից ապստամբություն բարձրացրին և իրենց միացած ալեմանների, սարմատների, կոլոնների և ստրուկների հետ միասին ներխուժեցին Թրակիա (ապստամբների առանձին ջոկատներ հասան մինչև Կոստանդնուպոլսի պարիսպներ, սակայն հետո ըմբոստացողների ողջ զանգվածը ուղևորվեց դեպի Հունաստան4-րդ դարի վերջին Կոստանդնուպոլսում ապրում էր ավելի քան 100 000 մարդ, նոր բնակություն հաստատողներին Կոստանտին կայսրի կողմից կառուցված ամրոցապարիսպներից ներս արդեն տեղը չէր բավականացնում, և քաղաքը սկսեց տարածվել դրանցից դուրս (ափամերձ հատվածում տներ էին կառուցվում նույնիսկ ցցագերանների վրա)։[13][16][17][18]

 
Կոստանտինուպոլսի պարիսպները

4-րդ դարի երկրորդ կեսին Կոստանդնուպոլսում աշխատում էին իրենց ժամանակի այնպիսի հզոր մտավորականներ, ինչպիսիք էին փիլիսոփաներ Թեմիստիոսը և Սինեզիոսը, աստվածաբաններ Գրիգոր Աստվածաբանը, Հովհան Ոսկեբերանն ու Նիլ Ծոմապահը։ 404 թվականին քաղաքում անկարգություններ տեղի ունեցան, որոնք առաջ եկան ժողովրդի շրջանում հայտնի Հովհան Ոսկեբերանի Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոսի պաշտոնանկության հետ, որը կոնֆլիկտի մեջ էր կայսրի կնոջ՝ Եվդոքսիայի հետ (անկարգությունների և քաղաքում բռնկված հրդեհների ընթացքում այրվեց նույնիսկ Սուբ Սոֆիա բազիլիկ տաճարը)։ 5-րդ դարի սկզբում (հատկապես 410 թվականից սկսած) բարբարոսների արշավանքների սպառնալիքի հետ կապված ուժեղացավ Հռոմից արիստոկրատ վերաբնակվողների հոսքը Կոստանդնուպոլիս։ 412 թվականին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից փլվեցին Կոստանտինոս Մեծի ժամանակաշրջանի պարիսպները և խիստ անհրաժեշտություն առաջացավ ամրությունների նոր օղակի, որոնք կընդգրկեին քաղաքի ընդարձակված թաղամասերը։ Նոր պատերը, որոնց կառուցումն սկսվել էր դեռևս Արկադիոս կայսրի օրոք ավարտին հասցվեցին Թեոդոսիոս II կայսեր իշխանության ժամանակաշրջանում՝ Անտիմիոս պրեֆեկտի կողմից։ Թեոդոսիոսի պատն ուներ ինը գլխավոր դարպասներ, որոնք բաժանված էին քաղաքացիականների և զինվորականների, և բազմաթիվ փոքր անցատեղեր (կարևորագույն դարպասները, որոնցով անցնում էին բանուկ առևտրական ճանապարհները, Ոսկե դարպասներն էին, Ռեսիոս դարպասները և Հարիսեյան դարպասները)։ Հենց քաղաքացիական դարպասներ տանող ուղու վրա էին կամուրջներն անցում փոսերի վրայով, իսկ պաշարման ժամանակ այդ դարպասները զնդանում էին։ Զինվորական դարպասները գտնվում էին ամենաբարձր և հզոր աշտարակների հսկողության տակ, դրանց երկտակ մետաղե փականակները խաղաղ ժամանակ ամրապինդ փակված էին, իսկ պաշարման ժամանակ դրանք օգտագործում էին թշնամու դեմ իրականացվող արտագրոհների համար։[19][20][21][22]

Կոստանդնուպոլսի պարսպապատերի ընդհանուր ձգվածությունը կազմում էր 16 կմ, դրանց երկայնքով հաշվվում էին մոտավորապես 400 աշտարակներ։ Թեոդոսիոսի պարիսպները, որոնք անցնում էին Բոսֆորի նեղուցի վրայով, Մարմարա ծովից Ոսկե Հորթի ծովածոց, ձգվում էին 5,5 կմ երկարությամբ և ամենահզորն էին։ Այդ պարիսպները կառուցված էին երեք շարքով (հաշվի առնելով հետագայում կառուցված ամրությունները 447 թվականին ավերիչ երկրաշարժից հետո)։ Պարսպի 5 մետր բարձրությամբ առաջին շարքը պաշտպանում էր խորը և մեծ ջրով լցված փոսը (այն ուներ 20 մ լայնություն, իսկ խորությունը տեղ-տեղ հասնում էր 10 մետրի)։ Երկրորդ շարքը, որն ուներ 2-3 մ լայնություն և 10 մ բարձրություն, ամրացնում էին 15 մետր բարձրությամբ աշտարակներ։ Առավել զանգվածեղ երրորդ շարքը հասնում էր 6-7 մ լայնության և պաշտպանված էր 20-40 մետր բարձրություն ունեցող աշտարակներով։ Աշտարակները հագեցած էին քարեր նետող և հակառակորդի վրա եռման յուղ կամ խեժ լցնող սարքավորումներով։ Պատի երկայնքով տեղակայված էին պահակազորի համար նախատեսված պահակային շինությունները և պարենի և զինամթերքի ոչ մեծ պահոցները։ Թեոդոսիոսի պարիսպների հիմքերն ունեին 10-20 մետր խորություն, ինչը գործնականում բացառում էր ականահատումը։ Փոսի վրա կառուցված չէին ամրակայված քարե կամուրջներ, այլ միայն թեթև փայտե, որոնք գիշերները հավաքվում էին, իսկ պաշարումների ժամանակ արագ ոչնչացվում էին քաղաքի պաշտպանների կողմից։[23][24]

Թեոդոսիոսի պարսպի շրջագծով դարեր ի վեր որոշվում էին այն սահմանները, որոնցից ներս զարգանում էր Կոստանդնուպոլիսը (պարսպի սահմաններից դուրս մնացին Եվդոմ, Փիգի, Ֆիլոպատեոն, Վլախերներ և Կոսմիդիոն արվարձանները)։ Քաղաքի հետագա ընդարձակումն արդեն ընթանում էր Ոսկե Հորթի հյուսիսային (Գալաթայի շուրջ) և Բոսֆորի հրվանդանի դիմաց՝ նեղուցի ասիական ափերին (Քաղկեդոն և Խերսեպոլի) արվարձանների ստեղծման հաշվին։ 415 թվականին Թեոդոսիոս II-ը ավարտեց Սուրբ Սոֆիա տաճարի ձգձգված վերակառուցումը, 421 թվականին Կոնստանտինի պարսպի մոտակայքում, հրապարակի կենտրոնում վեր խոյացավ իր նախորդի Արկադիոս կայսրի արձանով կոթողը, որից հետո հրապարակն անվանվեց Արկադիոսի հրապարակ։ 425 թվականին կայսրը Կապիտոլիումում բացեց պետական դպրոց, որը Կոստանդնուպոլսի համալսարանի սկիզբ դրեց (այնտեղ իրենց ժամանակի լավագույն հռետորները, քերականագետները, սոփեստները և պրոֆեսորներն ուսանում էին երիտասարդներին լատինական և հունական բանահյուսություն, բժշկություն, հռետորություն և իրավունք), այնուհետև ձիարշավարանի մոտակայքում կառուցեց Թեոդոսիոսի ստորգետնյա ջրի գետնապահեստը։ Թեոդոսիոս II-ի քույրը հիմնեց Սուրբ Անդրեոս Նախաստեղծողի կուսանոցը, որը հետագայում դարձավ Սուրբ Անդրեոս Կրետացու կուսանոցը։ Գտնվելով հոգևորականության ուժեղ ազդեցության տակ՝ Թեոդոսիոս II-ը հրեաներին արգելեց նոր սինագոգներ կառուցել, պաշտոններ զբաղեցնել պետական համակարգում և իրենց տներում քրիստոնյա ծառաներ պահել, ինչը զգալիորեն կրճատեց Կոստանդնուպոլսի հրեական համայնքը։ Թեոդոսիոսի պարիսպների կառուցումից քառորդ դար անց ծովափի երկայնքով կառուցվեց պարիսպ, որը նույնպես ամրացված էր աշտարակներով (այն հայտնի էր որպես Պրոպոնտիսի պարիսպ կամ Մարմարա ծովի պատ)։ Թեոդոսիոսի պատը, Կոստանտինոսի ամրացված հին պարիսպն ու նոր պարիսպը, պաշտպանելով քաղաքը ծովի կողմից, ստեղծում էին հզոր պաշտպանական գոտի, որը դժվար էր հաղթահարել նույնիսկ ամենահզոր պաշարման տեխնիկայի առկայության դեպքում։[25][2][26]

Մերձծովյան պարիսպների ճակատամասը
Թեոդոսիոսի պարիսպները
Թեոդոսիոսի պարիսպները
Երկրորդ ռազմական դարպասները
Մերձծովյան պարիսպների ճակատամասը

Շուրջ 425 տարի Կոստանդնուպոլիսը Հռոմի նման բաժանված էր 14 թաղամասերի (ռեգիոնների), որոնք ղեկավարվում էին հսկիչների (ռեգիոնարխների) կողմից։ Նրանց վերահսկողության տակ էին գտնվում կարգ ու կանոնի պահապանները և գիշերային պահակային ծառայողները։ Կոստանտինոս Մեծի ժամանակներից ի վեր քաղաքը ամբողջությամբ ղեկավարում էր եպարքոսը (հին հունարեն՝ ὁ ἔπαρχος τῆς πόλεως), ով պատասխանատու էր քաղաքային տնտեսության, բարեկարգման, ղեկավար կազմի աշխատանքների, ներքին կարգ ու կանոնի պահպանման և քաղաքի անվտանգության համար։ Կոստանտինոս II-ի օրոք արդեն Կոստանդնուպոլսի եպարքոսը իր ֆունկցիաներով և իրավունքներով գրեթե չէր տարբերվում Հռոմի պրեֆեկտից, ուներ այնպիսի իշխանություն, որի շնորհիվ փաստացի կայսրից հետո պետության մեջ երկրորդ անձն էր իր կարևորությամբ։ Նա նախագահում էր Սենատի նիստերում և բաժանում էր հացահատիկը, ուներ քաղաքից իր կարծիքով Կոստանդնուպոլսի բարեկեցության համար վտանգ ներկայացնող ցանկացած մարդու ձերբակալելու, բանտարկելու կամ աքսորելու իրավունք (կարող էր նաև սահմանափակել քաղաքացու բնակության վայրը որոշակի տեղում)։ Եպարքոսին ենթարկվում էին բազմաթիվ կոլեգիաներ և պետական կառույցներ, ինչպիսիք էին քաղաքային ոստիկանությունը, բանտը (այն գտնվում էր Կոստանտիանոսի հրապարակի առջև տեղակայված պրետորիայի նկուղում) և բոլոր 14 թաղամասերի դատական կառույցները, նա հսկում էր քաղաքում կատարված բոլոր քրեական հանցագործությունների հետաքննությունների ընթացքին։[27][8]

 
Վալենտիանոսի ջրանցույց կամուրջը Կոստանդնուպոլսի կոմունալ տնտեսության կարևոր հատվածն է

Կոստանդնուպոլսի եպարքոսի կամքից էր կախված ցանկացած քաղաքացու կյանքն ու ճակատագիրը, այդ պատճառով էլ նրա գերատեսչությունը մշտապես պաշարում էին բազմաթիվ խնդրառուներ և գանգատավորներ, ովքեր կամ մերձավորների համար ներում էին հայցում կամ փորձում էին իշխանությունների կողմից ստանալ քաղաքային օբյեկտների շինարարության և վերակառուցման պատվերներ կամ արհեստավորական միավորումների միջև առաջացած վեճերը լուծելու պահանջով էին հանդես գալիս։ Եպարքոսի գերատեսչությունը պատասխանատու էր նաև թատերական ներկայացումների կազմակերպման, կրոնական տոնակատարություններին քաղաքի նախապատրաստման, կայսերական շքերթների, երևելի հյուրերի և արտասահմանյան դեսպանների հանդիսավոր ընդունելությունների համար։ Եպարքոսը կայսերական պալատի տարբեր հանդիսությունների և արարողությունների գլխավոր անձերից մեկն էր, նրա նշանակման ծիսակատարությունը մշտապես անցնում էր պալատում բոլոր պալատական և քաղաքային երևելիների ներկայությամբ։ Այնուհետև նոր եպարքոսը հանդես էր գալիս խոսքով՝ ուղղված քաղաքի բոլոր դասերին և միավորումներին, պալատից ուղևորվում էր Սուրբ Սոֆիայի տաճար, իսկ այնտեղից՝ իր գերատեսչություն։ Քաղաքացիները որոշակի վերաբերմունք էին ցուցաբերում կայսրի ընտրությանը, և եթե այդ ընտրությունը կանգ էր առնում անհայտ ազնվատոհմիկի վրա, ապա եպարքոսի նշանակման արարողությունը հազվադեպ չէր, որ դեմոսի շրջանում ավարտվում էր զանգվածային անկարգություններով։ Կոստանդնուպոլսի ձևավորման դարաշրջանի ժողովրդականություն վայելող եպարքոսներից էր Կիրոսը, ով մեծ ներդրում ունեցավ քաղաքի զարգացման ու բարեկարգման համար։ Սակայն նրա հանրաճանաչությունը վախեցնում էր Թեոդոսիոս Մեծ կայսրին, ով Կիրոսին պաշտոնանկ արեց և կարգադրեց ձեռնադրել կուսակրոն վանական։[28]

Մեծ զարգացում ապրեց արհեստագործական արդյունաբերությունը։ Կոստանդնուպոլսում տեղակայված էին բազմաթիվ կայսերական արհեստանոցներ (էրգաստրիոններ), որոնք կատարում էին պալատի, բանակի և քաղաքային իշխանությունների պատվերները։ Արհեստավորները ցմահ հանդիսանում էին այդ արհեստագործական միավորումների անդամներ, ընդ որում՝ այդ պարտավորությունը անցնում էր ժառանգաբար։ Բացի այդ, արհեստանոցների աշխատավորների զգալի մասը ստրուկներ էին։ Մայրաքաղաքում գոյություն ունեին նաև բազմաթիվ մասնավոր, քաղաքային կամ եկեղեցական արհեստանոցներ, որոնք պատկանում էին ազնվապետերին, վանքերին և անկելանոցներին (սեփականատերերի վերջին երեք կատեգորիաները նախընտրում էին արդյունաբերությունները ուղղակիորեն չղեկվարել, այլ դրանք հանձնել վարձույթով)։ Այդ արհեստանոցներում աշխատում էին հատուկ կանոնագրերով կանոնակարգվող (նրանք պարտավոր էին հարկ վճարել և անհրաժեշտության դեպքում ծառայություն մատուցել ի օգուտ պետության) գործունեությամբ միավորումների անդամներ հանդիսացող ազատ արհեստավորներ։ Ողջ միջնադարի ընթացքում Կոստանդնուպոլիսը Եվրոպայի և Արևելքի երկրների համար հանդիսանում էր յուրօրինակ «շքեղության արհեստանոց»։ Շատ քաղաքներում և գրեթե բոլոր պալատներում լայնորեն հայտնի էին քաղաքում արտադրվող մետաքսե և բրդե գործվածքները, թանկարժեք հագուստը, կաշվե, կերամիկական և ապակե արտադրանքները, ոսկերչական և եկեղեցական զարդերը, սառը զենքերը և զինվորական հանդերձանքը (հատկապես շքեղության տարրերով իրերը)։ Վաճառականները նույնպես կազմել էին միավորումներ, իսկ նրանց գործունեությունը գտնվում էր պետության հսկողության տակ (մասնավոր միջազգային առևտրում գերիշխում էին սիրիական և եգիպտական վաճառականները)։ Վաճառականության ոլորտների մեծ մասը կայսրական մենաշնորհն էին, և իշխանությունները լայնորեն կիրառում էին այն վարձակալության հանձնելու պրակտիկան։ Եպարքոսի գերատեսչությունը կանոնակարգում էր միավորումների թվաքանակն ու դրանց անդամների պարտականությունները, նրանց ներքին կազմակերպվածությունը, սակայն աստիճանավորների կողմից առանձնակի խստությամբ էին վերահսկվում Կոստանդնուպոլիսը սննդամթերքով մատակարարող առևտրական միավորումները։[29][30][31]

 
Մարկիանոսի սյունը՝ կանգնեցված է 5-րդ դարի կեսերին

Կոստանդնուպոլսի բնակչության խավերի բազմազանություն էր ներկայացնում քաղաքային պլեբսը (հասարակ ժողովուրդ), որը ներառում էր ոչ միայն վարձու աշխատողների ու ծառայողների, այլև գլուխները պատահական աշխատանքով մի կերպ պահող աղքատների, ինչպես նաև տարատեսակ ապադասակարգայնացած տարրերի՝ մուրացիկների, մարմնավաճառների, խեղանդամների և պակասամիտների։ Նրանցից շատերը բնակվելու տեղ չունեին, հաճախ էին սոված մնում, իսկ մի փոքր փող աշխատելու դեպքում էլ հարբեցողությամբ էին զբաղվում քաղաքի բազմաթիվ էժանագին գինետներում։ Իշխանությունները պարբերաբար սիրաշահում էր պլեբսին նվերներով՝ հանդիսությունների կապակցությամբ կայսրի անունից աղքատներին փող, գինի ու հաց էր բաժանվում, Կոստանդնուպոլսի եպիսկոպոսը ողորմություն էր բաշխում, երբեմն պլեբսը հնարավորություն էր ունենում ձիարշավարանում դիտել աճպարարների, մարզորդների և ակրոբատների ներկայացումներ։ Սակայն, չնայած «հոգատարության» նման դրսևորումներին, պլեբսին տիրում էին ծայրահեղ անկայուն տրամադրություններ, և այն հեշտությամբ էր ենթարկվում ըմբոստությունների կոչերին։ Այդ պատճառով բավական էր ամենափոքր կայծն իսկ՝ հացի թանկացումը, շնորհազրկված մեծատոհմիկի հանդեպ կարեկցանքը, կայսերական գահի հերթական թեկնածուի կրակոտ խոսքը։[32]

447 թվականի հունվարին ուժգին երկրաշարժի հետևանքով Կոստանդնուպոլսում ավերվեցին բազմաթիվ շինություններ և զգալիորեն վնասվեցին բերդապարիսպները։ Մոտ 16 000 մարդ երկու ամսվա ընթացքում ոչ միայն վերականգնեցին հին ամրությունները, այլև կառուցեցին արտաքին պատը՝ աշտարակներով ու հողաթմբերով, ինչպես նաև խորացրեցին աղյուսներով շարված պաշտպանական փոսերը։ Արդյունքում՝ ցամաքի կողմից քաղաքը պաշտպանում էր 192 աշտարակներով ամրացված երկայնաշարան պաշտպանական համակարգը։ Նույն տարվա գարնանը քաղաքին Թրակիայի կողմից մոտեցան Աթիլլայի զորքերը, ինչի պատճառով էլ քաղաքացիների շրջանում խուճապ առաջացրին և նպաստեցին զանգվածային փախուստին, սակայն հոները չհանդգնեցին պաշարում իրականացնել և ուղևորվեցին դեպի Հունաստան։ 5-րդ դարի կեսերից Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոսիները սկսեցին պատրիարքների կոչումներ կրել։ 451 թվականին Քաղկեդոնում, Բոսֆորի ասիական ափին, կայսերական աստիճանավորների հովանավորությամբ կայացավ Չորրորդ Մեծ ժողովը, որը դատապարտում էր մոնոֆիզիտությունը և սկիզբ դրեց արևելյան ուղղափառության հավատասահմանման հիմքի։ 453 թվականին Վլախերնի արվարձանում, Թեոդոսիայի սահմաններից դուրս կառուցվեց Աստվածածնի եկեղեցին (այն հիմնադրեց Պուլհերիան, Մարկիանոս կայսրի կինը)։ Մի քանի տարի անց, Լիբիոս I կայսրի կառավարման տարիներին, երկու բյուզանդական պատրիկներ Պաղեստին ուխտագնացության ժամանակ առևանգեցին Աստվածածանի մետաղե մակադրվագները, որը և տեղադրվեց Վլապերյան եկեղեցում։ Ավելի ուշ Աստվածածնի դամբարանից այստեղ բերվեցին նաև Աստվածածնի հագուստները և գոտու մի մասը։ Մարկիանոսի իշխանության մասին վկայում է նաև նրա անունը կրող սյունակոթողը, որը տեղադրված է Կոստանդնուպոլսի քաղաքագլխի կողմից 5-րդ դարի կեսերին (ավելի վաղ սյունը պսակված է եղել կայսրի արձանով, իսկ պատվանդանը հարուստ է եղել հարթաքանդակներով)։[21][33][34]

Ողջ վաղ միջնադարի ընթացքում Կոստանդնուպոլիսը խոշոր մշակութային կենտրոն էր և այդ իմաստով գերազանցում էր Արևմտյան Եվրոպայի մայրաքաղաքներին։ Ծաղկում ապրող առևտուրն ու արհեստները, պետական ապարատի անսահման կրթվածությունն ու բյուրոկրատիայի բազմությունը նպաստեցին անտիկ բարձրարվեստ մշակույթի տարրերի պահպանմանը։ Բյուզանդացի վաճառականների և դիվանագետների արտաքին կապերը նպաստեցին Կոստանդնուպոլսում աշխարհագրության, աստղագիտության, մաթեմատիկայի, հռետորության և լեզվաբանության զարգացմանը։ Մայրաքաղաքի մեծածավալ առևտրային և դրամական շրջանառությունը, գործարքների և ժառանգությունների շուրջ մասնավոր կոնֆլիկտներն անհրաժեշտություն առաջացրին քաղաքացիական իրավունքի մշակման և իրավաբանական կրթության զարգացմանը։ Կոստանդնուպոլսում կայսերական պալատի, բազմաթիվ ազնվական և հոգևորական երևելիների, նաև մեծահարուստ պատվիրատուների և մեկենասների առկայությունը նպաստեցին որպեսզի քաղաքում զարգացում ապրի բժշկությունը, ճարտարապետությունը, շինարարական գործը և նրա հետ սերտորեն կապված մեխանիկան, գրականությունը (հատկապես պոեզիան և վարքագրությունը), երաժշտությունը, թատրոնն ու գեղարվեստական արհեստները (խեցեգործական, խճանկարային և արծնապակե իրերի պատրաստումը), ինչպես նաև ներկերի արտադրությունը՝ ինչպես գեղանկարչության, այնպես էլ գործվածքների ներկման համար։ Պալատական բյուրոկրատիայի միջավայրից և տվյալ ժամանակաշրջանի բարձրաստիճան հոգևորականների միջավայրից դուրս եկավ բյուզանդական պատմաբանների պլեադան, օրինակ՝ Պրիսկ, Սոզոմեն և Սոկրատ Սքոլաստիկոս։ Չնայած հոգևորականության օր-օրի մեծացող ազդեցությանը մշակույթի վրա՝ Կոստանդնուպոլսում պահպանվում էր աշխարհիկ կրթությունը, որն ի տարբերություն Արևմտյան Եվրոպայի, իր ավանդույթներով հիմնվում էր անտիկ դարաշրջանի վրա, որտեղ եկեղեցին գործնականում մենաշնորհել էր կրթության մնացորդները։ Այդ ժամանակվա գիտության վրա մեծ ազդեցություն ունեցավ եկեղեցու պայքարը տարբեր հերետիկոսական հոսանքների, հեթանոսության մնացորդների և անտիկ ավանդույթների հետ՝ հատկապես փիլիսոփայության և աստվաբանության մեջ, ինչը վառ արտահայտությունն էր Ալեքսանդրիայում հեթանոսական գիտական կենտրոնի վերացումը։[35]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Петросян и Юсупов, 1977, էջ 37—39
  2. 2,0 2,1 2,2 2,3 БРЭ, 2010, էջ 96
  3. 3,0 3,1 История Средних веков, 1952, էջ 74
  4. Петросян и Юсупов, 1977, էջ 39—40
  5. 5,0 5,1 Машкин Н. А., 1950, էջ 605, 606
  6. Петросян и Юсупов, 1977, էջ 39—41, 46
  7. Петросян и Юсупов, 1977, էջ 40—41, 242—243
  8. 8,0 8,1 8,2 БРЭ, 2010, էջ 97
  9. Петросян и Юсупов, 1977, էջ 41—42, 214
  10. Петросян и Юсупов, 1977, էջ 51
  11. Петросян и Юсупов, 1977, էջ 72
  12. История Средних веков, 1952, էջ 652, 654
  13. 13,0 13,1 Машкин Н. А., 1950, էջ 604, 624
  14. Петросян и Юсупов, 1977, էջ 52, 60, 244—246
  15. История Средних веков, 1952, էջ 52, 81
  16. Петросян и Юсупов, 1977, էջ 39, 41—42, 52, 240
  17. БРЭ, 2010, էջ 98
  18. История Средних веков, 1952, էջ 52, 74—75
  19. Машкин Н. А., 1950, էջ 618, 621
  20. Петросян и Юсупов, 1977, էջ 42, 48, 58
  21. 21,0 21,1 БРЭ, 2010, էջ 96—97
  22. Роджер Кроули, 2008, էջ 117
  23. Петросян и Юсупов, 1977, էջ 47—48
  24. Роджер Кроули, 2008, էջ 118—119
  25. Петросян и Юсупов, 1977, էջ 42, 44, 46—48, 72, 237, 246
  26. Дубнов С. М., 2003, էջ 331
  27. Петросян и Юсупов, 1977, էջ 48—49
  28. Петросян и Юсупов, 1977, էջ 49—50
  29. Петросян и Юсупов, 1977, էջ 50—51
  30. История Средних веков, 1952, էջ 76—77
  31. Чекалова А. А., 1986, Гл. I. Особенности экономического развития Константинополя в начале VI в.
  32. Петросян и Юсупов, 1977, էջ 63, 66
  33. Петросян и Юсупов, 1977, էջ 243
  34. Роджер Кроули, 2008, էջ 118
  35. История Средних веков, 1952, էջ 649—652, 655