Կոնֆլիկտ (հոգեբանություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնֆլիկտ (այլ կիրառումներ)

Կոնֆլիկտ (լատ. conflictus (բախում, ընդհարում) բառից), կողմերի բախում, հակամարտություն, որի ընթացքում կողմերից գոնե մեկը հակառակ կողմի գործողություններն ընկալում է որպես իր սեփական հետաքրքրություններին ուղղված սպառնալիք[1]։ Այլ կերպ՝ կոնֆլիկտն իրականացած տարաձայնություն է, այսինքն, փոխազդեցության մեջ ակտիվացած հակադրվող արժեքների, դիրքորոշումների, մոտիվների արտահայտում, ընդ որում, իր հանգուցալուծման համար տարաձայնությունն, անհրաժեշտաբար, պետք է բացահայտվի կողմերի գործողությունների բախման մեջ[2]։ Կամ այս ձևով հասարակական կոնֆլիկտի տակ հասկացվում է հասարակական փոխազդեցության ընթացքում առաջացող նշանակալից տարաձայնությունների զարգացման և ավարտի առավել սուր միջոց, որը դրսևորվում է կոնֆլիկտի սուբյեկտների հակազդեցությամբ և ուղեկցվում միմյանց հանդեպ նրանց բացասական հույզերով[3]։

Կոնֆլիկտների հոգեբանական հետազոտությունները նպատակ ունեն պարզաբանելու այն հոգեբանական օրինաչափությունները, որոնք ընկած են կոնֆլիկտների առաջացման և զարգացման հիմքերում։ Այստեղ առավել չափով կարևորվում են ներանձնային այնպիսի բովանդակություններ, ինչպիսիք են շարժառիթները, դրդապատճառները, հետաքրքրությունները, նպատակները, հուզական հակազդեցությունները, իմացական կոնստրուկտները և այլն։

Այլ գիտություններում խմբագրել

Հասարակագիտության մեջ խմբագրել

 
Գեորգ Զիմել

Որպես հարաբերականորեն ինքնուրույն գիտակարգ կոնֆլիկտաբանությունը կայացավ սոցիոլոգիայի բնագավառում, որտեղ այն առանձնացավ որպես սոցիոլոգիայի առանձին բնագավառ՝ ստանալով «կոնֆլիկտի սոցիոլոգիա» անվանումը։ Այդ հասկացությունը ներ է մուծվել գերմանացի փիլիսոփա, սոցիոլոգ Գեորգ Զիմելի (1856-1918 թթ.) կողմից։

Զիմելի անվան հետ է կապվում հասարակական կոնֆլիկտների հետազոտությունների, որպես ինքնուրույն հիմնահարցային ոլորտի, առանձնացումը։ Զիմելի կարծիքով մարդկային հասարակությունն իր մեջ պարունակում է կոնֆլիկտների սաղմեր, այնպես որ, հասարակական կոնֆլիկտներն անխուսափելի են և անկրկնելի։ Սակայն ի տարբերություն մարքսիստական տեսակետի, որտեղ կոնֆլիտկները դիտարկում են որպես իշխող ու ենթարկվող հասարակական դասերի հակամարտություն և որպես հետևանք ունեն հասարակական կարգի վերացումը, ապա Զիմելի մոտ հասարակության կառուցվածքը ներկայանում է որպես հասարակական տարրերի զուգորդման և ապազուգորդման անընդհատ գործընթացների շղթա։ Ընդ որում, Զիմելը հասարակական փոխհարաբերություններից առավել կարևորում է հակամարտությունը, որտեղ դրսևորվում են հասարակության մեջ առկա հակասությունները, տարբերություններն ու տարաձայնությունները։ Կոնֆլիկտը, Զիմելի կարծիքով, կոչված է հանգուցալուծելու բոլոր տիպի դուալիզմներն ու հակադրությունները։ Դա յուրահատուկ միասնության հասնելու միջոց է, եթե անգամ արդյունքում կոնֆլիկտի կողմերից մեկն ամբողջովին վերացվում է։

Զիմելը կոնֆլիկտի ակունքները տեսնում էր ինչպես մարդու բնույթի (բնածին ագրեսիվություն, պայքարելու բնազդ, թշնամանքի առաջնային պահանջմունք), այնպես էլ անհատ-հասարակություն, անհատ-մշակույթ փոխհարաբերությունների մեջ (մի կողմից անհատական մղումները, անհատի ինքնորոշման ու ինքնադրսևորման ձգտումը, մյուս կողմից՝ հասարակական պահանջները, նորմերը)։ Գեորգ Զիմելը տալիս է հասարակական կոնֆլիկտների ուժաբանական և գործառութային նկարագրություն։ Նա առանձնացնում է կոնֆլիկտների դրական հետևանքները (հասարակական համակարգի, որպես մեկ ամբողջություն, պահպանումն ու ամրապնդումը, հասարակական լարման պարպումը), բացահայտում կոնֆլիկտներում ներգրավված խմբերի քանակի ու բնույթի և կոնֆլիկտի սրության միջև առկա համահարաբերակցական կապերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Шейнов В.П. Управление конфликтами: теория и практика. – Минск: Харвест, 2010. – 912с., էջ 7-8
  2. Хасан Б.И. Психотехника конфликта и конфликтная компетентность. – Красноярск, 1996, էջ 33
  3. Анцупов А.Я.,Шипилов А.И. Конфликтология: учебник для вузов. – М.: Эксмо, 2009. – 512с., էջ 75