Կոյուղի, ինժեներական կառույցների, սարքավորումների սանիտարական միջոցառումների համալիր, ծառայում է կեղտաջրերը հավաքելու, բնակավայրի կամ արդյունաբերական ձեռնարկության սահմաններից հեռացնելու, մաքրելու և ախտահանելու համար։ Տարբերում են ներքին և արտաքին կոյուղիներ։ Ներքին կոյուղու միջոցով, որը բաղկացած է սանիտարական սարքերից և ներքին կոյուղու ցանցից (հեռացնող խողովակներ, կանգնակներ և թողարկներ), կեղտաջրերը հավաքվում, շենքերից հեռացվում և տրվում են արտաքին կոյուղու ցանց։ Ներքին կոյուղու ցանցի միջոցով է կատարվում ներքին և արտաքին ցանցերի օդափոխությունը։ Արտաքին ցանցը բաղկացած է թաղամասային և փողոցային ցանցերից, կոյուղացման ավազանների կոլեկտորներից և գլխավոր կոլեկտորից։ Կոյուղացման ավազանը բնակավայրի տարածքի այն մասն է, որը սահմանափակված է ջրբաժաններով։ Արտաքին կոյուղու ցանցը հաշվարկվում և նախագծվում է այնպես, որ կեղտաջուրը ներքին ցանցից հաջորդաբար անցնելով թաղամասային և փողոցային ցանցերով, կոյուղացման ավազանի և գլխավոր կոլեկտորներով ինքնահոսքով հեռացվի բնակավայրի կամ արտադրական ձեռնարկության սահմաններից։ Արտաքաղաքային կոլեկտորով կեղտաջուրը տարվում է մաքրման կայան, որտեղ մաքրվում, ախտահանվում և լցվում է ջրավազան։ Հարթ տեղանքի դեպքում արտաքին կոյուղու կազմի մեջ են մտնում նաև պոմպակայաններ և ճնշումային խողովակաշարեր։ Ինքնահոսք կոյուղու ցանցը կառուցվում է կավե, ասբեստացեմենտե, բետոնե և երկաթբետոնե խողովակներից, իսկ մեծ չափերի կոլեկտորները՝ երկաթբետոնե խողովակներից և հավաքովի երկաթբետոնե տարրերից։ ճնշումային խողովակաշարերը պատրաստվում են մետաղե, ասբեստացեմենտե և երկաթբետոնե խողովակներից։ Ցանցի աշխատանքին հետևելու և խցանումները վերացնելու համար նախատեսվում են դիտահորեր։ Կախված տարբեր կեղտաջրերի համատեղ կամ առանձին հեռացումից՝ տարբերում են կոյուղու հետևյալ 4 համակարգերը. 1.համահոս համակարգ, որի դեպքում բոլոր կեղտաջրերը (կենցաղային, արտադրական և մթնոլորտային) հեռացվում են մեկ ցանցով։

Փարիզի կոյուղի

2. Անջատ համակարգ (2 ցանցով), երբ մեկ ցանցով (կենցաղային-արտադրական կոյուղու ցանց) դեպի մաքրման կայան են տարվում կենցաղային և արտադրական կեղտաջրերը, իսկ մյուս ցանցով (հեղեղատար կոյուղու ցանց) հեռացվում են մթնոլորտային կեղտաջրերը և առանց մաքրվելու լցվում ջրավազան։

3.Կիսանջատ համակարգ, որը նույնպես բաղկացած է 2 ցանցից։ Սակայն, ի տարբերություն անջատ համակարգի, այս ցանցերը որոշ տեղերում իրար են միանում հեղեղաթողերի միջոցով, որը հնարավորություն է տալիս մթնոլորտային կեղտաջրերի առավել կեղտոտ մասը հեղեղատար կոյուղու ցանցից լցնել կենցաղային-արտադրական կոյուղու ցանցը և ուղարկել մաքրման կայան։ 4. Համակցված համակարգ, երբ բնակավայրի տարբեր շրջաններում կառուցվում են տարբեր համակարգի կոյուղիներ։ Կեղտաջրերի հեռացման կառույցներ կառուցվել են դեռևս հնում։ Եգիպտոսում հայտնաբերվել են կոյուղու ջրանցքներ, որոնք կառուցվել են մ. թ. ա. 2500-ին։ Հնդկաստանում և Միջագետքում նման կառույցներ եղել են ավելի վաղ ժամանակներում։ Մ. թ. ա. VI դ. Հռոմում կառուցվել է կոյուղու ջրանցք, որը մասնակիորեն օգտագործվում է նաև այժմ։ Միջին դարերում կոյուղի համարյա չի կառուցվել։ Կոյուղու շինարարությունը, հիմնականում, սկսել է զարգանալ XIX դ.։

Հայաստանում կոյուղու շինարարությունը սկսվել է վաղ ժամանակներից։ Կենցաղային և մթնոլորտային կեղտաջրերի հեռացման կառույցներ են ունեցել էրեբունին (մ. թ. ա. VIII դ.), Դվինը, Անին, Ամբերդը, Լոռե բերդը, Գառնին և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 563