Կոմպրեսոր կամ ճնշակ, օդը կամ այլ գազեր սեղմելու և ճնշման տակ մատուցելու սարք։ Ըստ գործողության սկզբունքի կոմպրեսորները լինում են՝ մխոցավոր, ռոտացիոն, կենտրոնախույս, առանցքային և շիթավոր։ Տարբերվում են նաև ըստ սեղմվող գազի բնույթի (օդային, թթվածնային և այլն), զարգացրած ճնշման (ցածր ճնշման՝ 0,3-1,0 Մն/մ², միջին՝ մինչև 10 Մն/մ², և բարձր՝ ավելի քան 10 Մն/մ²) և արտադրողականության։ Մխոցավոր կոմպրեսորը հիմնականում բաղկացած է աշխատանքային գլանից և մխոցից, ունի ներծծման և մղիչ կափույրներ, մխոցին հետադարձ-համընթաց շարժում հաղորդող ծնկաձև լիսեռով շուռտվիկ-շարժաթևային մեխանիզմ։ Ըստ սեղմման աստիճանի մխոցավոր կոմպրեսորները լինում են մեկ և բազմաստիճան, մխոցների հորիզոնական, ուղղահայաց կամ անկյունային դասավորությամբ, ինչպես նաև միակի և կրկնակի գործողության՝ մխոցի երկկողմանի աշխատանքի դեպքում։ Միաստիճան կոմպրեսորներում սեղմման աստիճանը 7-8 է։ Ավելի մեծ ճնշումներ ստանալու համար կիրառվում են բազմաստիճան կոմպրեսորներ, որտեղ գազը հաջորդաբար սեղմվում է մի քանի գլաններում։ Միաստիճան օդային մխոցավոր կոմպրեսորի (նկ. 1) աշխատանքի սկզբունքը հետևյալն է՝ ծնկաձև լիսեռի (1) պտտման դեպքում շարժաթևը (2) մխոցին (3) հաղորդում է հետադարձ շարժում և աշխատանքային գլանում (4), գլանի կափարիչի (5) և մխոցի հատակով պարփակված ծավալի մեծացման հետևանքով ստեղծված նոսրացման պատճառով մթնոլորտային օդը, հաղթահարելով ներծծման կափույրի (9) զսպանակի դիմադրությունը, լցվում է աշխատանքային գլան՝ նախապես օդահավաքիչում (8) ֆիլտրվելով։ Մխոցի հակառակ ընթացքի ժամանակ օդը սեղմվում է, և երբ նրա ճնշումը գերազանցում է մղիչ խողովակում (6) եղած ճնշմանը՝ մղիչ կափույրի (7) զսպանակի դիմադրությունը հաղթահարելու չափով, վերջինս բացվում է, և օդը մղվում խողովակաշարով։ Կոմպրեսորում գազի սեղմման ժամանակ ջերմաստիճանը բարձրանում է, որը կարող է քսայուղի ինքնայրման պատճառ դառնալ։ Դրանից խուսափելու համար կոմպրեսորը կահավորում են օդային կամ ջրային հովացման համակարգով, ջուրը մատուցվում է խողովակով (10)։ Հովացումը պակասեցնում է նաև գազի սեղմման պրոցեսի վրա ծախսվող աշխատանքը։ Մխոցավոր կոմպրեսորները զարգացնում են մինչև 200 Մն/մ² ճնշում, իսկ որոշ լաբորատոր նմուշներ՝ մինչև 700 Մն/մ²։ Ռոտացիոն կոմպրեսորներից կոնստրուկցիայի պարզության պատճառով լայն կիրառում է գտել նրանց թիթեղնավոր տեսակը։ Այդ կոմպրեսորում շնորհիվ գլանի իրանում ռոտորի ապակենտրոն դիրքի, պտտման ժամանակ տեղի է ունենում պարփակված ծավալի նախ մեծացում (ներծծում), ապա փոքրացում (սեղմում)։ Ռոտացիոն կոմպրեսորները զարգացնում են մինչև 1, 5 Մն/մ² ճնշում։ Մխոցավոր և ռոտացիոն կոմպրեսորները ստատիկ սեղմման են։ Կենտրոնախույս և առանցքային կոմպրեսորները դինամիկ սեղմման են, որտեղ սեղմման պրոցեսը իրականացվում է գազի կինետիկ էներգիան ճնշման պոտենցիալ էներգիայի փոխակերպելով։ Այս կոմպրեսորները ծառայում են ոչ բարձր ճնշումով (0, 2-0, 6 Մն/մ²) գազի մեծ քանակություն (մինչև 20000 մ³/ր) սեղմելու համար։ Կենտրոնախույս կոմպրեսորը (նկ. 2) հիմնականում կազմված է իրանից և ռոտորից, որի լիսեռի (1) վրա տեղադրված են աշխատանքային անիվները (2, 6, 8, 9, 10, 11)։ Ռոտորի պտտման ժամանակ աշխատանքային անվի միջթիակային տարածությունում գտնվող գազին հաղորդվում է պտտական շարժում, որի շնորհիվ նրա վրա ազդում է կենտրոնախույս ուժ։ Այդ ուժի ազդեցության տակ գազը շարժվում է կոմպրեսորի առանցքից դեպի աշխատանքային թիակի ծայրամասը, սեղմվում ու ստանում որոշակի արագություն։ Սեղմման պրոցեսը շարունակվում է օղակաձև դիֆուզորներում (3, 7) գազի արագության անկման հետևանքով, որից հետո գազը հետադարձ կանալով (4) ուղղվում է կոմպրեսորի հաջորդ աստիճանը։ Շիթավոր կոմպրեսորներն իրենց կառուցվածքով և գործողության սկզբունքով նման են շիթավոր պոմպերին, սակայն ապահովում են սեղմման ավելի բարձր աստիճան։

Նկ. 1. Մխոցավոր կոմպրեսոր. 1. ծնկաձև լիսեռ, 2. շարժաթև, 3. մխոց, 4. աշխատանքային գլան, 5. գլանի կափարիչ, 6. մղիչ խողովակ, 7. մղիչ կափույր, 8. օդահավաքիչ, 9. ներծծման կափույր, 10. հովացնող ջրի մատուցման խողովակ
Նկ. 2. Կենտրոնախույս կոմպրեսոր. 1. լիսեռ, 2, 6, 8, 9,10,11. աշխատանքային անիվներ, 3,7. օղակաձև դիֆուզորներ, 4. հետադարձ ուղղորդիչ կանալ, 5. ուղղիչ ապարատ, 12, 13. հովացուցիչից գազի մատուցման կանալներ, 14. գազի ներծծման կանալ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 548