Կոկո Շանել (ֆր.՝ Coco Chanel, իրական անունը Գաբրիել Բոնյոր Շանել ֆր.՝ Gabrielle Bonheur Chanel, օգոստոսի 19, 1883(1883-08-19)[1][2][3][…], Սոմյուր - հունվարի 10, 1971(1971-01-10)[1][2][3][…], Hôtel Ritz Paris, Փարիզ[4]), ֆրանսուհի մոդելյեր, Շանել նորաձևության տան հիմնադիր, որը մեծ ներդրում է ունեցել 20-րդ դարի եվրոպական նորաձևության մեջ։

Կոկո Շանել
ֆր.՝ Coco Chanel
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1883(1883-08-19)[1][2][3][…]
ԾննդավայրՍոմյուր
Մահացել էհունվարի 10, 1971(1971-01-10)[1][2][3][…] (87 տարեկան)
Մահվան վայրHôtel Ritz Paris, Փարիզ[4]
ԳերեզմանԲուա դե Վո գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննորաձևության դիզայներ, textile designer, գործադիր տնօրեն, modiste, grand couturier և հագուստ ձևագծող
ԱշխատավայրՇանել
Ծնողներհայր՝ Albert Chanel?[5], մայր՝ Jeanne Devolle?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքchanel.com
 Coco Chanel Վիքիպահեստում

Շանելի ոճը սկսվում է կնոջ կոստյումների պատրաստմամբ, որի համար օգտվել էր տղամարդկանց պահարանից և այն համարել է «պարզության շքեղությունը» (ֆր.՝ le luxe de la simplicité)։ Նրա «Շանել № 5» օծանելիքը դարձել է 20-րդ դարի բեսթսելլեր։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սոմյուրում 1883 թվականին, չնայած պնդում էր, որ ծնվել է 10 տարի ուշ Օվերնիում։ Մայրը մահացել է դժվար ծննդաբերության ժամանակ։ Երբ Գաբրիելը հազիվ 12 տարեկան էր, հայրը նրան և իր 4 հարազատ քույրերին ու եղբայրներին միայնակ է թողնում։ Երեխաները որոշ ժամանակ մնացել են հարազատների խնամակալության տակ, ինչպես նաև մանկատանը։

 
Շանելի առաջին գլխարկներից, 1912, մայիս

18 տարեկանում Գաբրիելը տեղավորվում է աշխատանքի հագուստի խանութում, որպես վաճառողուհի, իսկ ազատ ժամանակ երգում էր կաբարեում։ Հանդես է եկել Ko Ko Ri Ko և Qui qu’a vu Coco երգերով, որոնց շնորհիվ էլ ստացել է իր կեղծանունը՝ Կոկո։ Այդպիսի ելույթներից մեկի ժամանակ Կոկոյին նկատում է սպա Էտյեն Բալզանը (անգլ.՝ Etienne Balsan)։ Կոկոն տեղափոխվում է նրա մոտ և ապրում Փարիզում, սակայն շուտով հեռանում է արդյունաբերող Արթուր Կեյպելի (անգլ.՝ Arthur Capel) մոտ, ով ընկերական շրջապատում հայտնի է «Բոյ» կեղծանունով։

1910 թվականին Շանելը Փարիզում բացում է գլխարկների խանութ. մեկ տարվա ընթացքում խանութը տեղափոխվում է Կամբոն փողոց, Ռից հյուրանոցի դիմաց, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։

Շանելը իր ընկերուհու՝ Միսիա Սերթի հետ եղել է վերջին մարդը, որ այցելել է Սերգեյ Դյագիլևին իր մահից առաջ (1929 թվական, օգոստոսի 19)։ Հենց նրանք էլ կազմակերպում են թաղումը Սան-Միկելե կղզում, քանի որ ոչ մահացածի, ոչ էլ նրա նախկին կնոջ՝ Լիֆարյայի մոտ գումար չկար։

1921 թվականին հայտնվում է հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը (մտահղացումը՝ Կոկո Շանել, հեղինակ՝ Վերիգին)։ Մինչ այդ, օծանելիքը պարզ՝ մեկ ծաղկի հոտ ուներ (մոնոարոմատ)։ Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։ Սրա ստեղծման գործում Շանելին օգնել է Էռնեստ Բոն, ով առաջարկել է ընտրել Կոկոյին դուր եկած բույրը (1-ից 20 պիտակներով շշերից). Կոկոն ընտրեց № 5-ը։

Նա ժողովրդականացրեց փոքր սև զգեստը, որը կարելի էր հագնել թե օրվա ընթացքում, թե երեկոյան։ 1926 թվականին ամերիկյան «Վոգ» ամսագիրը «փոքր սև զգեստը» իր ունիվերսալությամբ և ժողովրդականությամբ հավասարացրեց «Ֆորդ» ավտոմեքենային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին (1939), չնայած հսկայական հաջողությանը, Շանելը ստիպված փակեց խանութները և նորաձևության տունը։

Պատերազմի տարիներին խմբագրել

1939 թվականին, պատերազմի սկզբի հետ, Շանելը փակում է իր նորաձևության տունը և իր բոլոր խանութները։ 1940 թվականի հունիսին նրա զարմիկ Անդրե Պալասեն գերի է ընկնում գերմանացիներին։ Փորձելով նրան ազատել՝ Շանելը դիմում է իր հին ծանոթին՝ գերմանական դեսպանատան աշխատակից (ատաշե) բարոն Հանս Հյունտեր ֆոն Դինկլագեին։ Որպես հետևանք, Անդրե Պալասը ազատ է արձակվում, իսկ 56-ամյա Շանելը կապի մեջ է մտնում ֆոն Դինկլագեի հետ։ Համաձայն Վենսենում պահվող գործի՝ Շանելը եղել է «բարոն Հանս Հյունտեր ֆոն Դինկլագեի սիրուհին և գործակալը» 1942-1943 թվականներին։

 
Կոկո Շանելը և Հյու Գրոսվենորը՝ Վեսթմինսթերի դուքսը

Հել Վոգանը իր «Անկողնում թշնամու հետ. Կոկո Շանելի գաղտնի պատերազմը» (անգլ.՝ Sleeping with the Enemy: Coco Chanel’s Secret War) գրքում փաստում է, որ Շանելը համագործակցել է գերմանական կառավարության հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Պատմաբանի խոսքերով, նա ոչ միայն տեղեկություններ է հայտնել գերմանացիներին Ֆրանսիայի մասին, այլև պաշտոնապես եղել է նրանց շարքերում, ունենալով մի շարք գաղտնի հանձնարարություններ[6][7]։ 1943 թվականի նոյեմբերին Շանելը ցանկանում էր հանդիպել Ուինսթոն Չերչիլի հետ ու նրան համոզել, որ համաձայնվի անգլո-գերմանական գաղտնի բանակցությունների սկզբունքներին։ Նա այս հարցը քննարկել է Թեոդոր Մոմի հետ, ում հետ ծանոթացել էր ֆոն Դինկլագեի շնորհիվ։ Թեոդոր Մոմը պատասխանատու էր օկուպացված Ֆրանսիայի տեքստիլ արդյունաբերության համար։ Մոմը առաջարկ է ուղարկում Բեռլին, 6-րդ կառավարության ղեկավար, արտաքին հետախուզության կառավարիչ Վալտեր Շելենբերգին։ Վերջինս առաջարկությունը հետաքրքիր համարեց. «Մոդելխուտ» օպերացիան (գերմաներենից «Նորաձև գլխարկ») հնարավորություն տվեց ուղևորություն կատարել դեպի Մադրիդ (որտեղ Շանելը մտադրված էր հանդիպել Չերչիլին)։ Հանդիպումը, սակայն, չկայացավ. Չերչիլը հիվանդ էր և Շանելը դատարկ ձեռներով վերադարձավ Փարիզ։ Պատերազմի ավարտին Շանելին բոլորը հիշում էին որպես թշնամի, որ օգնել էր գերմանացիներին։ Նա մեղադրվեց համագործակցության մեջ և ձերբակալվեց։ 1944 թվականին Չերչիլի խորհրդով նրան ազատ արձակեցին, սակայն պայմանով, որ նա կլքի Ֆրանսիան։ Շանելը ստիպված հեռացել է Շվեյցարիա, որտեղ ապրել է մինչև 1953 թվականը։

Վերադարձ դեպի նորաձևություն խմբագրել

 
Շանելը իր գլխարկների խանութում, կարիկատուրա, 1919

1954 թվականին 71-ամյա Շանելը վերադառնում է նորաձևության աշխարհ և ներկայացնում իր նոր՝ «օտ-կուտյուր» (ֆրանսերեն՝ Haute couture) հավաքածուն, սակայն փառքի և գնահատանքի է հասնում միայն երեք շրջան անց։ Շանելը ներկայացնում է նաև կանացի պայուսակներ, ոսկերչական իրեր և կոշիկ։ 1950-1960-ական թվականներին նա հագցնում է բազմաթիվ հոլիվուդյան աստղերի, որոնց թվում էին Օդրի Հեփբերնը և Էլիզաբեթ Թեյլորը։ 1969 թվականին հանրահայտ դերասանուհի Քեթրին Հեփբորնը Բրոդվեյի «Կոկո» մյուզիքլում կատարեց Կոկո Շանելի դերը։

Մահը խմբագրել

1971 թվականի հունվարի 10-ին 87 տարեկան հասակում Գաբրիելը մահանում է սրտի կաթվածից «Ռից» հյուրանոցում, որտեղ նա ապրել է 30 տարի։ Թաղվել է Բուա-դե-Վո գերեզմանատանը Լոզանում (Շվեյցարիա)[8], գերեզմանի վերին մասը զարդարում է խորաքանդակ 5 առյուծների պատկերը[9]։

Ժառանգություն խմբագրել

Կոկոյի մահից հետո նրա նորաձևության տուն «Շանելը» դժվար ժամանակներ ապրեց։ Նրա վերածնունդը սկսվեց 1983 թվականին, երբ տան ղեկավարությունը անցավ Կարլ Լագերֆելդի ձեռքը։ 2008 թվականին Շանելի 125-ամյակի կապացկությամբ, նա ներկայացրեց 5 եվրո դրամի պատկեր, որտեղ պատկերված էր Շանելը։ Ոսկե դրամը գնահատված է 5900 եվրո, իսկ 11000 արծաթե դրամներից մեկը կարելի է ձեռք բերել 45 եվրոյով[10]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Կոկո Շանելի մահից հետո նրա պահարանում միայն երեք զգեստ են գտել։
  • Կոկոն համարում էր. «Զարդը՝ ամբողջական գիտություն է, գեղեցկությունը՝ վտանգավոր զենք, իսկ համեստությունը շքեղության գագաթնակետն է»։
  • Նա երբեք չի նկարել պատրաստվող հագուստը, նա աշխատել է «կենդանի», քանի որ համարել է, որ զգեստը պետք է շարժվի։ «Նրան ճոխության համար անհրաժեշտ էին մկրատ և մի քանի շարժվող ձեռք»։
  • Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուն ասել է. «Երբ կինս հագնվում է Կոկոյի մոտ, ես ինձ ապահով եմ զգում»։
  • Կոկո Շանելը սիրել է գրպաններ։ Նա վստահ էր, որ կանացի իրերի մեջ հաճախ պակասում է տղամարդու հագուստին հատուկ այդ դետալը։ Նա գրպանը կարևորում էր ոչ միայն հագուստի մեջ, այլ նաև՝ աքսեսուարների։ Մինչ օրս Chanel պայուսակների գլխավոր դետալը համարվում է գրպանը։
  • Շանելը երբեք ամուսնացած չի եղել։ Ունեցել է մեծ թվով երկրպագուներ, գործընկերների գրեթե մեծ մասը եղել են տղամարդիկ, սակայն նա այդպես էլ չի ամուսնացել։ Նրա ժամանակակիցները ասում էին, որ նորաձևության արվեստը նրա համար միշտ ավելի առաջնային էր։
  • Ողջ աշխարհում Chanel N5 ֆլակոնը վաճառվում է ամեն 30 վայրկյանը մեկ։

Կոկոյի հայտնի մտքերը խմբագրել

  • Եթե դուք ծնվել եք առանց թևերի, մի խանգարեք նրանց աճել։
  • Որքան շատ լինեն կնոջ համար նախատեսված սիրելի զբաղմունքներն ու հետաքրքրություններն, այնքան նա ավելի քիչ կզբաղվի ուրիշների գործերով։
  • Կանայք ընկերներ չունեն. նրանց կամ սիրում են, կամ՝ ոչ։
  • Կան մարդիկ, ովքեր փող ունեն, իսկ կան նաև հարուստ մարդիկ։
  • Ես թքած ունեմ, թե դուք ինչ եք մտածում իմ մասին։ Ես ձեր մասին բացարձակապես չեմ մտածում։
  • Ոչ ոք ինձ ոչինչ չի սովորեցրել։ Ես ամեն ինչ սովորել եմ ինքնուրույն, միայնակ։
  • Սեն Լորենը հիասքանչ ճաշակ ունի։ Որքան շատ է նա ինձ կրկնօրինակում, այնքան լավ ճաշակ է հայտնաբերում։
  • Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչը երբեք չեք ունեցել, սկսեք անել այն, ինչը երբեք չեք արել։
  • Շքեղությունը պետք է հարմարավետ լինի, այլապես դա շքեղություն չէ։
  • Մենք երբեք երկրորդ հնարավորություն չենք ունենա՝ թողնելու առաջին տպավորություն։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Charles-Roux, Edmonde (2005). The World of Coco Chanel: Friends, Fashion, Fame. Thames & Hudson. ISBN 978-0-500-51216-6.
  • Davis, Mary (December 2006). «Chanel, Stravinsky, and Musical Chic». Fashion Theory. 10 (4): 431–60. doi:10.2752/136270406778664986. S2CID 194197301.
  • Fiemeyer, Isabelle (2011). Intimate Chanel. Flammarion. ISBN 978-2-080-30162-8.
  • Madsen, Axel (2009). Coco Chanel: A Biography. Bloomsbury Publishing PLC. ISBN 978-1408805817.
  • Morand, Paul (2009). The Allure of Chanel. Pushkin Press. ISBN 978-1-901285-98-7.
  • Simon, Linda (2011). Coco Chanel. Reaktion Books. ISBN 978-1-86189-859-3. (Reviewed in The Montreal Review)
  • Smith, Nancy (2017). Churchill on the Riviera: Winston Churchill, Wendy Reves, and the Villa La Pausa Built by Coco Chanel. Biblio Publishing. ISBN 978-1622493661.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կոկո Շանել հոդվածին