Կոացերվացիա (<լատ. coacervatio—կուտակում), բարձրամոլեկուլային միացությունների լուծույթում լուծված նյութով հագեցած կաթիլների առաջացումը։ Կոացերվատ կաթիլների միացումը (կոալեսցենցիա) կարող է նախորդել դրա հետևանքով գոյացած փուխր փաթիլանման ագրեգատների առաջացմանը (ֆլոկուլացիա) և բարենպաստ պայմաններում հանգեցնել համակարգի բաժանմանը խիստ սահմանազատված 2 շերտերի՝ հավասարակշռված հեղուկի շերտ և խիտ կամ պոլիմերով հարուստ կոացերվային շերտ։ Կոացերվացիան տեղի է ունենում ջեր մաստիճանի կամ համակարգի փոփոխումից, երբ բաղադրիչ նյութերը կորցնում են միմյանց մեջ լուծվելու ունակությունը։ Տարբերում են պարզ և բարդ կոացերվացիաներ։ Պարզ կոացերվացիան լուծված պոլիմերի և ցածրամոլեկույային նյութի (օրինակ, ժելատինի և սպիրտի) փոխազդեցության արդյունք է։ Բարդ կոացերվացիա դիտվում է 2 պոլիմերների փոխազդեցության դեպքում, որոնց մակրոմոլեկուլները տարբեր լիցքերով են լիցքավորված (օրինակ, ժելատինի և արաբական խեժի ջրային լուծույթները խառնելիս)։ Կոացերվատների առաջացումը շատ կարևոր որակական փուլ է հանդիսացել մեր մոլորակի վրա կյանքի ծագման ժամանակ։ Ըստ Ա. Օպարինի կյանքի ծագման հիպոթեզի, կոացերվացիան սկզբունքորեն կարևոր դեր է խաղացել շրջապատող միջավայրի մեկուսացած հատվածներում սպիտակուցային նյութերի կուտակման համար։ Համաձայն նշված հիպոթեզի, առանձին հիդրատացված մակրոմոլեկուլների միավորումը և հաջորդական կուտակումը կոացերվատ կաթիլներում հանգեցրին նախնական կենսաբանական համակարգերի առաջացմանը առաջնային օվկիանոսի ջրերում։ Այդ պատճառով հեռավոր երկրաբանական դարաշրջանում կոացերվացիան հանդիսացավ կյանքի ծագման ընթացքի կարևորագույն որակական աստիճաններից մեկը։

Կոացերվացիոն կաթիլներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 500