Կյանքը հիասքանչ է (ֆիլմ, 1997)

իտալական տրագիկոմեդիա, 1997 թ.

«Կյանքը հիասքանչ է» (իտալ.՝ «La vita è bella»), իտալական գեղարվեստական ֆիլմ, տրագիկոմեդիա, որի սցենարի հեղինակը, գլխավոր ռեժիսորը և գլխավոր դերակատարը Ռոբերտո Բենինյին է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիայում համակենտրոնացման ճամբար են ուղարկում հրեաներին։ Ֆիլմի հերոսին որդու և կնոջ հետ նույնպես ուղարկում են այնտեղ։ Ճամբարում հայրը որդուն ասում է, թե այն, ինչ կատարվում է այնտեղ, խաղ է, որի հաղթողին տանկ են նվիրում։ Տանկը կստանա այն մասնակիցը, ով լավ կթաքնվի «գոռացող» մարդկանցից։ Ֆիլմի հերոսը ամեն ինչ անում է, որպեսզի որդին հավատա այդ ամենին և ողջ մնա։
Ցուցադրությունից հետո ֆիլմը լայն տարածում է գտել մի շարք երկրներում։ 1998 թ. Կաննի կինոփառատոնում ֆիլմն արժանացել է Գրան-պրի մրցանակի։ Նույն տարում ներկայացվել է նաև Օսկարի 7 անվանակարգերում, որից 3-ում հաղթել է։

Կյանքը հիասքանչ է
իտալ.՝ La vita è bella
Երկիր Իտալիա[1]
Ժանրկինոկատակերգություն[2][3][4] և դրամա[3][4][2][…]
ԹեմաՀոլոքոստ[1], ֆանտազիա[1], սեր[1], ծնող-երեխա հարաբերություններ[1] և Ֆաշիստական վարչակարգը Իտալիայում[1]
Թվականդեկտեմբերի 20, 1997, հոկտեմբերի 23, 1998[5], մայիս 1998, հունվարի 22, 1999[6] և նոյեմբերի 12, 1998[7]
Լեզուիտալերեն և գերմաներեն
ՌեժիսորՌոբերտո Բենինյի[3][4][8][…]
ՊրոդյուսերՋանլուիջի Բրասկի[9][1] և Էլդա Ֆերի[9][1]
Սցենարի հեղինակՌոբերտո Բենինյի[1] և Վինչենցո Չերամի[1]
ԴերակատարներՌոբերտո Բենինյի[3][8][10][…], Նիկոլետա Բրասկի[3][8][10][…], Ջորջիո Կանտարինի[3][8][11][…], Ջուստինո Դուրանո[3][8][11][…], Հորստ Բուխգոլց[3][8][10][…], Ամերիգո Ֆոնտանի[8][11][12][…], Սերջիո Բաստրիկ[1][13], Լիդիա Ալֆոնսի[11], Պիետրո դե Սիլվա[8][11][12], Մարիսա Պարեդես[3][8][10][…], Ջուլիանա Լոջոդիչե[8][11][12][…], Ջինա Ռովերե[11][12], Օմերո Անտոնուտտի[12], Վերենա Բուրատտի[14], Անդրեա Տիդոնա[14], Ռիխարդ Զամմել[14], Հաննես Հելման[14], Ռաֆայելլա Լեբորոնի և Ալֆիերո Ֆալոմի
ՕպերատորՏոնինո Դելլի Կոլլի[15][1]
ԵրաժշտությունՆիկոլա Պիովանի[1]
ՄոնտաժՍիմոնա Պագի[1]
Պատմվածքի վայրԱրեցո[1]
Նկարահանման վայրՀռոմ
ԿինոընկերությունMelampo Cinematografica[16], Cecchi Gori Group[16] և Miramax Films[16]
Տևողություն116 րոպե
Բյուջե19 000 000 $
Շահույթ230 098 753 $[17] և 57 563 264 $[17]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Նախաբան խմբագրել

«Սա հասարակ պատմություն է, բայց այն հեշտ չէ պատմել։ Այնտեղ, ինչպես հեքիաթում, շատ է վիշտը, և, որպես հեքիաթ` այն լիքն է հրաշքներով և երջանկությամբ…»,- հեղինակի խոսքերով է սկսվում ֆիլմը, ով մարմնավորում է փոքրիկ Ժոզեին (Giorgio Cantarini)՝ գլխավոր հերոս Գվիդոյի (Ռոբերտո Բենինյի) որդուն։

1939 թ., Իտալիա, Արեցո։ Գվիդոն իր ընկերոջ՝ Ֆերուչչոյի (Sergio Bustric) հետ գյուղից գալիս է քաղաք` իր քեռու մոտ աշխատելու։ Նա դառնում է մատուցող իր քեռուն պատկանող հյուրանոցում՝ Grand Hotel-ում։ Ֆիլմը կարելի բաժանել 2 մասի. Գվիդոյի ծանոթությունը իր ապագա կնոջ՝ Դորայի (Николетта Браски) հետ, և հրեաների տեղափոխումը գերմանական ճամբար։

Գվիդո և Դորա խմբագրել

Ֆիլմի սկզբում, երբ 2 ընկեր գնում են քաղաք, ճանապարհին մտնում են մի ագարակ, որպեսզի վերանորոգեն իրենց մեքենան։ Վերանորոգելուց հետո՝ աղբյուրի մոտ լվացվելիս, հանկարծ տան կտուրից մի աղջիկ է ցատկում և Գվիդոն բռնում է նրան։ Դա Դորան է, ով ընկնում է կտուրից, քանի որ մեղուն կծել էր ոտքը։ Այստեղ Գվիդոն կնքում է Դորայի մականունը՝ արքայադուստր։ Հաջորդ անգամ Գվիդոն հանդիպում է «արքայադստեր» հետ արդեն Արեցոյի փողոցներից մեկում, երբ Գվիդոն տհաճ միջադեպի մեջ է ընկնում և հեծանիվով փախչում է բաժնի պետից, ով չի ստորագրում գրքերի խանութի բացման թույլտվության դիմումը։ Փախչելիս նա պատահաբար հեծանիվով բախվում և ընկնում է Դորայի վրա։

Հյուրանոցում աշխատելիս Գվիդոն սպասարկում է բժիշկ Լեսինգին (Хорст Буххольц), ով տարված էր հանելուկներով։ Նա կարող էր մի քանի օր չքնել, որպեսզի գտներ իրեն տրված հանելուկի պատասխանը։ Բժիշկը Գվիդոյին համարում էր իրեն սպասարկած մատուցողներից ամենախելացին, քանի որ Գվիդոն շատ հեշտությամբ էր գտնում իր կողմից տրված հանելուկները։

Մի օր էլ Հռոմից հյուր է գալիս նախարարությունից մի մարդ։ Նրան սպասարկելիս Գվիդոն իմանում է, որ այդ մարդը պետք է այցելի այն դպրոցը, որտեղ աշխատում է Դորան։ Մինչ այդ մարդը նախաճաշում է, Գվիդոն նրա փոխարեն և նրա անունից գնում է դպրոց։ Գվիդոյին տեսնելով՝ Դորան հաճելիորեն զարմանում է։ Այստեղ Գվիդոն աղջկանից իմանում է, որ նա երեկոյան գնալու է թատրոն՝ դիտելու Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերան։ Ֆիլմի որոշ դրվագներում արդեն երևում են Իտալիայի ֆաշիստական ուղղվածության տարրեր։ Հռոմից ժամանած մարդը պետք է երեխաներին բացատրեր իրենց բարձր ռասայի մասին։ Սակայն Գվիդոն երեխաների մոտ ծաղրում է ռասայական տարբերություն դնելը, մինչև իսկապես դպրոց է ժամանում Հռոմից ժամանած անձնավորությունը։

Գվիդոյի և Դորայի հաջորդ հանդիպումը տեղի է ունենում օպերան դիտելու օրը։ Գվիդոյի հնարամտության շնորհիվ օպերայի ավարտից հետո Դորան սխալմամբ նստում է Գվիդոյի ընկերոջ մեքենան, որը վարում է Գվիդոն։ Նրանք ծանոթանում են, զբոսնում են, Գվիդոն իր «հրաշագործություններով» զարմացնում է Դորային և վերջում տուն է ուղեկցում։

Grand Hotel-ում հավաքույթ է տեղի ունենում, որտեղ ներկա են բարձր խավի ներկայացուցիչներ։ Գվիդոն հանկարծ տեսնում է, որ Դորան նույնպես ներկա է և անակնկալ տորթ է ուղարկում նրանց սեղան, որի վրա գրված էր՝ «Բարև, արքայադու՛ստր»։ Դորան հասկանում է, որ Գվիդոն այդտեղ է։

Խնջույքի ընթացքում Ռուդոլֆոն (բաժնի պետը) հայտարարում է, որ պատրաստվում է ամուսնանալ Դորայի հետ։ Սակայն Դորան Գվիդոյին ասում է, որ իրեն տանի այդտեղից։ Գվիդոն մտնում է հյուրանոց իր քեռու ձիով, որին վանդալները կանաչ էին ներկել և վրան գրել էին «հրեական ձի», և տանում է Դորային։

Գերմանական ճամբար խմբագրել

Գվիդոն և արդեն իր կինը՝ Դորան, երեխա են ունենում՝ Ժոզեին (Giorgio Cantarini)։ Դորան, ինչպես նախկինում, աշխատում է դպրոցում, իսկ Գվիդոն գրենական պիտույքների և գրքերի խանութ է բացում։ Երկրում հրեաների նկատմամբ արհամարհանքը ավելի բացահայտ է դառնում։ Նույնիսկ որոշ խանութների վրա գրում են՝ «հրեանարի և շների մուտքը արգելվում է»։ Մի անգամ՝ Ժոզեի ծննդյան օրը, հրեաներին հավաքում և տանում են գնացքով։ Տուն գալով՝ Դորան տեսնում է, որ իր ամուսնուն և որդուն նույնպես տարել են։ Նա գնում է կայարան և մի գերմանացու ասում է, որ իրեն նույնպես տանեն։ Նրան նույնպես վերցնում են, և բոլորին տանում են գերմանական ճամբար։ Ճանապարհին Գվիդոն Ժոզեին համոզում է, որ որդու ծննդյան կապակցությամբ գնում են խաղ խաղալու, որտեղ հաղթողը կստանա իրական տանկ։ Ժոզեն հավատում է հորը և ամբողջ ժամանակ հետևում է հոր հրահանգներին։ «Խաղում» հաղթելու համար Ժոզեից պահանջվում էր թաքնվել զինվորներից, չլացել, հաց չուզել։ Խաղի վերջում կհաղթի այն մասնակիցը, ով կհավաքի 1000 միավոր։

Ճամբարում անառողջներին, ծերերին և երեխաներին ուղարկում են լողանալու, որտեղ բոլորին գազով խեղդում են։ Սակայն Ժոզեն լողանալ չսիրելու շնորհիվ չի գնում և ողջ է մնում, և Գվիդոն նրան թաքցնում է ամբողջ ընթացքում։ Ճամբարում բոլոր ջահել առողջ տղամարդկանց տաժանակիր աշխատանքների են տանում, իսկ կանանց իրենց համապատասխան գործերով են աշխատեցնում։ Իսկ այդ ընթացքում Ժոզեն թաքնվում էր տղամարդկանց քնելավայրում, և Գվիդոն, ամեն երեկո գործից վերադառնալով, Ժոզեին պատմում էր իր «խաղացած խաղերի» և վաստակած միավորների մասին։

Մի օր աշխատողներին բժշկական զննում անցկացնելիս Գվիդոն ճանաչում է իրեն զննող բժշկին՝ Լեսինգին։ Նա խնդրում է նրան, որպեսզի իրեն, կնոջը և երեխային դուրս հանի այդտեղից։ Բժիշկը Գվիդոյին տեղափոխում է ավելի թեթև գործի՝ մատուցողի։ Գվիդոն մտածում է, որ բժիշկը անում է դա, որպեսզի այնտեղից դուրս հանի իրեն։ Սակայն նա Գվիդոյին մի հանելուկ է ասում, որպեսզի նա իրեն օգնի այն գուշակելու հարցում, քանի որ արդեն մի քանի շաբաթ չի կարողանում քնել և մտածում է հանելուկի մասին։

Մի օր արթնանալիս հրեաները տեսնում են, որ գերմանացիները փախչում են՝ իրենցից հետո վերացնելով հետքերը։ Գվիդոն, հասկանալով այս ամենը, Ժոզեին թաքցնում է մի երկաթից պահարանում և ասում է, որ նա դուրս չգա այնքան ժամանակ, մինչև բոլորը չգնան այդտեղից, մինչև աղմուկը չդադարի, և գլխաշորով փորձում է աղջիկների ամբոխի մեջ մտնել և գտնել Դորային։ Սակայն նրան բռնում են, տանում են մի քանդված շինության հետնամաս և սպանում են։

Մի քանի ժամ անց, երբ բոլորը գնում են, և աղմուկը դադարում է, Ժոզեն դուրս է գալիս իր թաքստոցից։ Այդ ժամանակ ԱՄՆ-ի դրոշով մի տանկ է մոտենում նրան։ Փոքրիկը մտածում է, որ նա հաղթել է, և դա է իր մրցանակը։ Ամերիկացիները փոքրիկին վերցնում են իրենց հետ։ Նրանք պատերազմը հաղթել են և եկել են հրեաներին փրկելու։ Ճանապարհին, հրեաների ամբոխի կողքով անցնելու ժամանակ, փոքրիկը տեսնում է իր մորը և վազում է նրա մոտ։ Գրկելով նրան, Ժոզեն ուրախությամբ հայտնում է մորը, որ իրենք հաղթել են «խաղը»,-«Մայրիկ, մենք հաղթեցինք, մենք հաղթեցի՜նք»։

Դերերում[18] խմբագրել

Դերասան Դեր
Ռոբերտո Բենինյի Գվիդո Օրեֆիչե
Նիկոլետա Բրասկի Դորա
Ջորջիո Կանտարինի Ժոզե
Ջուստինո Դուրանո քեռի Էլիզեո
Սերգիո Բուստրիչ Ֆերուչչո
Հորստ Բուխոլց բժիշկ Լեսինգ
Մարիսա Պարեդես Դորայի մայրը
Ամերիգո Ֆոնտանի Ռուդոլֆո
Օմերո Անտոնուտի հեղինակի ձայն

Մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Մրցանակակիր Արդյունք
1998 Կաննի կինոփառատոն[19] Գրան-պրի Կյանքը հիասքանչ է Հաղթանակ
Ոսկե արմավենու ճյուղ Կյանքը հիասքանչ է Առաջադրված
BAFTA[19] Լավագույն դերասան Ռոբերտո Բենինյի Հաղթանակ
Լավագույն օտարալեզու ֆիլմ Կյանքը հիասքանչ է Առաջադրված
Լավագույն օրիգինալ սցենար Ռոբերտո Բենինյի, Վինչենցո Չերամի Առաջադրված
Դավիթ դի Դոնատելլո[20] Լավագույն ֆիլմ Կյանքը հիասքանչ է Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Ռոբերտո Բենինյի Հաղթանակ
Լավագույն դերասան Ռոբերտո Բենինյի Հաղթանակ
Լավագույն սցենար Ռոբերտո Բենինյի, Վինչենցո Չերամի Հաղթանակ
Լավագույն պրոդյուսեր Էլդա Ֆերրի, Ջանլուիջի Բրասկի Հաղթանակ
Լավագույն դիզայներ Դանիլո Դոնատի Հաղթանակ
Լավագույն օպերատոր Տոնինո Դելի Կոնի Հաղթանակ
Լավագույն հագուստի դիզայն Դանիլո Դոնատի Հաղթանակ
«Դավիթ»-ի գիտակ ժյուրի Կյանքը հիասքանչ է Հաղթանակ
Լավագույն երկրորդ պլանի դերասան Սերգիո Բուստրիչ Առաջադրված
Լավագույն մոնտաժ Սիմոնա Պագի Առաջադրված
Լավագույն ձայնային էֆեկտներ Տուլիո Մորգանտի Առաջադրված
Լավագույն երաժշտություն Նիկոլա Պիովանի Առաջադրված
Եվրոպական կինոակադեմիա[19] Լավագույն ֆիլմ Կյանքը հիասքանչ է Հաղթանակ
Լավագույն դերասան Ռոբերտո Բենինյի Հաղթանակ
1999 Օսկար[19] Լավագույն օտարալեզու ֆիլմ (իտալերեն) Կյանքը հիասքանչ է Հաղթանակ
Լավագույն դերասան Ռոբերտո Բենինյի Հաղթանակ
Դրամատիկ ֆիլմի լավագույն երաժշտություն Նիկոլա Պիովանի Հաղթանակ
Լավագույն ֆիլմ Կյանքը հիասքանչ է Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Ռոբերտո Բենինյի Առաջադրված
Լավագույն օրիգինալ սցենար Ռոբերտո Բենինյի, Վինչենցո Չերամի Առաջադրված
Լավագույն մոնտաժ Սիմոնա Պագի Առաջադրված
Սեզար[19] Լավագույն օտարալեզու ֆիլմ Կյանքը հիասքանչ է Հաղթանակ
Ավստրալիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակ[21] Լավագույն օտարալեզու ֆիլմ Կյանքը հիասքանչ է Առաջադրված
2000 Գոյա[19] Լավագույն եվրոպական ֆիլմ Կյանքը հիասքանչ է Հաղթանակ

Ֆիլմի մասին տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Նկարահանվել է՝ 35 մմ ժապավենի վրա (Kodak)
  • Էկրանավորվել է՝ 35 մմ-անոց ժապավենով
  • Կողմերի հարաբերակցությունը՝ 1,85:1
  • Գույնը՝ գունավոր
  • Աուդիո ձևաչափը՝ Dolby Digital
  • Տևողությունը՝ 116 րոպե
  • Նկարահանումը տևել է՝ 1997 թ. հունիսից-1997 թ. սեպտեմբերի 5
  • Լեզու՝ իտալերեն, գերմաներեն, անգլերեն
  • Կինոընկերություն՝ Miramax Films, Cecchi Gori Group, Melampo Cinematografica
  • Տեսախցիկ՝ Panavision
  • Ֆիլմի երկարություն՝ 3138 մ
  • Կինեմատոգրաֆիական գործընթացը՝ գնդաձև
  • Լաբորատորիա՝ Չինեչիտա

Ֆիլմի մասին քննադատությունները և վարկանիշները տարբեր ցանկերում խմբագրել

Քննադատություններ խմբագրել

«Կյանքը հիասքանչ է» ֆիլմի քննադատությունները եղել են տարբեր։ Չնայած ֆիլմի կոմերցիոն և մրցանակային հաջողություններին՝ քննադատությունները եղել են տարբեր պատճառներով։ Որոշները համարում են այն ուղղակի կատակերգություն, որը ոչ մի հղում չի կատարել Հոլոքոստին, ինչպես նաև ֆիլմում նկատել են հակասեմիտիզմի տարրեր[22]։

Իտալացի չինովնիկ, Ռեջո Կալաբրիա պրովինցիայի ավագանու անդամ Լուիջի Տուչչիոն սոցիալական ցանցում Բենինյիին անվանել է «կոմունիստ, միլիարդատեր և հրեա»։ Իր այդ խոսքերը նա կրկնել է մի հեռուստահաղորդման ժամանակ, որին ներկա էր նաև ինքը՝ Բենինյին։ Սակայն հետագայում նա իր խոսքերի համար ներողություն է խնդրել։ Հակազրպարտության լիգայի կողմից Տուչչիոյին ուղղված նամակում լիգայի անդամները նրա՝ Բենինյիին ուղղված խոսքերը համարել են վիրավորական, հատկապես «Կյանքը հիասքանչ է» ֆիլմից հետո, որտեղ նա խաղացել է հասարակ հրեայի դեր, ով իր ընտանիքի հետ ընկնում է համակենտրոնացման ճամբար։
-Այն բացասական միտքը, որտեղ դուք օգտագործում եք «հրեա» բառը, իր մեջ պարունակում է հակասեմիտիզմի տարրեր, դա ամենահին ու չանցնող զգուշացումներից է,- ասվում է Հակազրպարտության լիգայի նախագահ Աբրահամ Ֆոկսմանի կողմից գրված նամակում, ով նաև հանդիսանում է Բենինյիի լավ ընկերը։ -Հուսով ենք, որ ձեր այդ համընդհանուր քննադատությունը, որը մենք տեսնում ենք Իտալիայում, կհանդիսանա պատճառ, որպեսզի վերանայեք ձեր դիրքորոշումները և հայացքները, և ինքնավերլուծություն կանեք։ Ֆոսկմանը նաև ավելացնում է, որ Բենինյիի փայլուն խաղը բերել է նրան մեծ հռչակ ամբողջ աշխարհում։ Ըստ նրա՝ Բենինյին ավելի շատ է ուսումնասիրել Հոլոքոստը, քան շատ ժամանակակիցներ և նրան պետք է պատիվ տալ, ոչ թե վիրավորել[23]։

Աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, ով հայտնի է Հոլոքոստի մասին իր «Շինդլերի ցուցակը» օսկարակիր ֆիլմով, «Կյանքը հիասքանչ է» ֆիլմի ցուցադրությունից հետո գնում է ասելով.- Սա ֆարս է, բացահայտ ծաղր Հոլոքոստի զոհերին[24]։
Իսկ հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտի կարծիքով ոչ մի համակենտրոնացման ճամբարում Գվիդո չի կարող լինել, սակայն այս ֆիլմը ֆաշիստների մասին չէ, այլ մարդկային ոգու[25]։

Ֆիլմը վարկանիշային ցանկերում խմբագրել

Վարկանիշային ցանկի անվանում Ռեյտինգ (2020 թ.-ի փետրվարի դրությամբ)
IMDb, լավագույն ֆիլմեր 23 / թոփ 250[26]
IMDb 8.6 / 10 միավոր[27]
ԿինոՊոիսկ, լավագույն ֆիլմեր 11 / թոփ 250[28]
ԿինոՊոիսկ, ամենասիրված ֆիլմեր 85[29]
ԿինոՊոիսկ, լավագույն Իտալական ֆիլմեր 2 / թոփ 50[30]
Rotten Tomatoes 80 % / 100 %[31]
Box Office Mojo, ամենաեկամտաբեր օտարալեզու ֆիլմերը ԱՄՆ-ում 2 / թոփ 100[32]
Metacritic 59 / 100 միավոր[33]
TIFF, կինոյի պատմության ամենակարևոր ֆիլմեր 54 / թոփ 100[34]
CSFD, լավագույն ֆիլմեր 61 / թոփ 300[35]
CSFD, ամենահայտնի ֆիլմեր 117 / թոփ 300[36]
Filmsite, հոգևոր նշանակալից ֆիլմեր 93 / թոփ 100[37]
Goethe, լավագույն եվրոպական ֆիլմեր 1 / թոփ 15[38]
Movieplayer 3.7 / 5 միավոր[39]

Ֆիլմը նաև մտնում է Ռուսաստանի Կինոմատոգրաֆիայի Պետական Համալսարանի կողմից երաշխավորված ֆիլմերի ցանկում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմում Գվիդոյի կնոջ Դորայի դերակատար Նիկոլետա Բրասկին իրական կյանքում նույնպես հանդիսանում է Բենինյիի կինը[40]։
  • Ֆիլմի սյուժեն ստեղծվել է Իտալիայի հրեայի՝ Ռուբինո Ռոմեո Սալմոնիի ինքնակենսագրության հիման վրա։ Գիրքը կոչվում է «Ես հաղթեցի Հիտլերին», որտեղ նա պատմում է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում իր անկացրած օրերի մասին, որտեղ նրան տրվել է А15810 հերթական համարը։
  • Ֆիլմը նկարահանվել է 1996 թ. նոյեմբերից մինչև 1997 թ. ապրիլը Արեցոյում, Մոնտևարկիում, Կաստիլիոն Ֆիորենտինոյում, Կորտոնայում, Ռոնչիլյոնեում, Հռոմում և Պապինոյում։
  • Մի հարցազրույցի ժամանակ Բենինյին պատմում է. «Ընդհանրապես, այս ֆիլմի սցենարի միտքը եղել է դեռ փոքր ժամանակներում, իհարկե անգիտակցաբար։ Բանն այն է, որ հայրս պարտիզաններին օգնելու պատճառով ընկնում է համակենտրոնացման ճամբար (Բերգեն-Բելզեն) և այնտեղ անցկացնում է 2 տարի։ Նա պատմում էր ինձ և իմ քրոջը իր վերապրածների մասին, և մենք լացում էինք։ Հետո մայրս ասաց նրան, որ չհամարձակվի տանջել մեզ՝ ինձ և քրոջս, և նա սկսեց այդ ամենի մասին պատմել հումորով։ Երևում էր, որ նա չէր կարող մոռանալ այդ ամենը, սակայն այն ավելի թեթև տանելու ձև գտավ։ Ես հաճախ էի հիշում այն Վինչենցո Չերամիի հետ խոսելիս, և մենք ենթադրում էինք, թե ինչ դուրս կգա դրանից։ Եվ աստիճանաբար հասունացավ այդ ֆիլմը։ Իսկ ինչպես որոշեցինք ֆիլմի վերնագիրը, դա այլ պատմություն է։ Ես կարդացի Լև Տրոցկիի՝ Ստալինի կողմից ճնշման և հետապնդման հիշողությունները։ Այդ գիրքը վերջանում է «Կյանքը հիասքանչ է» բառերով։ Ինձ դուր եկավ այդ արտահայտությունը և ես հասկացա, որ այն կօգնի հանել ֆիլմը իրական ֆիլմի շրջանակներից։ Իսկ գիտե՞ք թե ինձ ինչ ասաց Ժան Լյուկ Գոդարը։ Նա ասաց, որ ֆիլմը պետք է կոչեի «Օսվենցիմում կյանքը հիասքանչ է»։ Գոդարը իսկական հրահրիչ է։ Բայց այդ անվանումը իմ կարծիքով ահավոր է, քանի որ մեր ֆիլմը այլ բանի մասին է։»[41]
  • Ջորջիո Կանտարինին՝ փոքրիկ Ժոզեի դերակատարը, այնքան է տպավորում իր նկարահանված առաջին ֆիլմում, որ 3 տարի անց նրան հրավիրում են խաղալու հանրահայտ Գլադիատոր ֆիլմում, որպես գլխավոր հերոսի որդի։
  • Գվիդոյի բանտային հագուստի վրայի համարը համընկնում է Չարլի Չապլինի ունիֆորմայի համարի հետ «Մեծ բռնապետը» ֆիլմում, որտեղ ծաղրվում է Հիտլերը[41]։
  • Ռոբերտո Բենինյին երկրորդ իտալացի դերասանն է, ով ստացել է Օսկար լավագույն դերասան անվանակարգում։ Առաջինը եղել է իտալացի հայտնի դերասանուհի Սոֆի Լորենը[41]։
  • Ֆիլմի վերնագիրը Բենինյին վերցրել է Լև Տրոցկիի հիշողություններից։ Երբ Տրոցկին փախչում է Մեքսիկա և համոզվում է, որ շուտով սպանվելու է, նա կնոջը գրում է. «Կյանքը հիասքանչ է։ Թող ապագա սերունդը մաքրի այն չարից, ճնշումից, բռնությունից և վայելի այն ամբողջությամբ։»[41]
  • Ռոբերտո Բենինյին առաջին ոչ անգլախոս դերասանն է և երկրորդ դերասան-ռեժիսորն է, ով ստացել է Օսկար Լավագույն դերասան անվանակարգում։ Առաջինը եղել է Լոուրենս Օլիվիեն, ով ստացել է Օսկար «Համլետ» ֆիլմի համար[42]։
  • Երբ Բենինյիին են հանձնում «Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար» մրցանակը, նա կատակում է.- Ես ցավում եմ, սակայն սա հրեշավոր սխալ է և ֆիլմը չի կարող լինել օտարալեզու գոնե միայն նրա համար, որ նկարահանման ընթացքում ես օգտագործում էի անգլերենի իմ ամբողջ գիտելիքները։
  • Հովհաննես Պողոս II պապի սիրված ֆիլմերը եղել են «Գանդին», «Կյանքը հիասքանչ է» և «Շինդլերի ցուցակը» ֆիլմերը[43]։
  • Ֆիլմի մի հատվածում Գվիդոն և ընկերը կատակով խոսում են Շոպենհաուերի մասին, ով Հիտլերի սիրած փիլիսոփաներից էր[44]։
  • Ֆիլմի մի մասը նկարահանվել է Արեցոյում, Բենինյիի ծննդավայրում։
  • Տանկը, որը հայտնվում է ֆիլմի վերջում, ամերիկական M4 Sherman մակնիշի է[45]։
  • Հորստ Բուխոլցը՝ բժիշկ Լեսինգի դերակատարը, ֆիլմի անգլերեն և գերմաներեն թարգմանության ժամանակ իր ձայնով է թարգմանել իր կերպարին[45]։
  • Մի օր Բենինյին իր Օսկար ստանալու մասին պատմել է.

-Իմ ճակատագիրը փոքր տարիքից պլանավորված էր։ Մի գիշեր երազումս հայտնվեց մի սպիտակ ձի և կանչեց ինձ. «Օսկար»։ Ես արթնացա և զարմացած ասացի, որ ես Օսկարը չեմ, իմ անունը Ռոբերտո է։ Սակայն մի օր սպիտակ ձին նորից հայտնվում է երազումս ու կանչում Օսկար, և ես գնացի մեր գյուղի գուշակի մոտ, բայց նա չկարողացավ օգնել։
Պատասխանը Բենինյին ստացավ մի քանի տարի անց. «Կյանքը հիսքանչ է» ֆիլմի համար նա ստացավ 3 Օսկար[24]։

  • Հովհաննես Պողոս II պապը «Կյանքը հիսքանչ է» ֆիլմը այնքան բարձր է գնահատել, որ Վատիկանում 20 կարդինալների համար կինոդիտում է կազմակերպել։ Այնուհետև նա ցանկություն է հայտնել անձամբ տեսնել հեղինակին։ Հանդիպման ժամանակ Բենինյին պապի ձեռքի մատանին համբուրելու փոխարեն համբուրում է այտերը և կատակով ասում «հայրիկ»։ Պապը առանձնանում է Բենինյիի հետ զրուցելու։ Զրույցը տևել է 3 ժամ, այն դեպքում, երբ պապի և Բիլ Քլինթոնի հետ հանդիպումը տևել է 1 ժամ[24]։
  • Երբ Հովհաննես Պողոս II պապը Բենինյիին հրավիրում է իր մոտ, վերջինս Կալիֆորնիայից գալիս է Վատիկան։ Չնայած այն բանին, որ Բենինյին ապրում է Հռոմում` Վատիկանից ոչ հեռու, մինչ այդ նա երբևէ չէր տեսել պապին[46]։
  • Նախքան ֆիլմի նկարահանելը, Բենինյիին շատերն են համոզել, որպեսզի հրաժարվի Հոլոքոստի մասին կատակերգություն նկարելուց։ Նա նույնիսկ ֆիլմի սցենարը քննարկել է Միլանի հրեական համայնքում բնակվող, Հոլոքոստը վերապրած հրեաների հետ։ Վերջիններս հավանություն չեն տվել այդ թեմայով կատակերգություն նկարելուն, սակայն Բենինյին որոշում է մնացած քննադատությունները լսել ֆիլմի պրեմիերայից հետո։ Նա նույնիսկ գնում է Երուսաղեմ իր ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ Ֆիլմից հետո հանդիսատեսը 20 րոպե հոտնկայս ծափահարել է[47]։
  • Երբ Կաննի կինոփառատոնին Մարտին Սկորսեզեն հայտնում է Գրան-պրիի հաղթողին, Բենինյին գնում է բեմ և, չոքելով Սկորսեզեի դիմաց, համբուրում է նրա կոշիկը,- Իսկ ուրիշ ի՞նչ կարող էի անել ես։ Սկորսեզեն մարդ չէ, նա հյուր է ավելի բարձր քաղաքակրթությունից։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն ամեն րոպեի համար, որ նա անցկացրել է մեզ հետ,- իր արարքը մեկնաբանել է Բենինյին։ Այնուհետև նա համբուրում է ժյուրիի բոլոր անդամներին, ինչպիսիք են Վայնոնա Ռայդերը, Սիգուրնի Ուիվերը և այլք։ Այդ ժամանակ պատվավոր հյուրերի շարքից Սոֆի Լորենը կատակում է. «Ի՞նչ կանի այս խելառը, եթե նրան Օսկար տան»[24]։
  • Օսկար մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ֆիլմը հայտարարելու ժամանակ Բենինյին ուրախությունից բարձրանում է տեղից և գնում է դեպի բեմ աթոռների թիկնակների վրայով՝ ճանապարհին պատահաբար Սթիվեն Սփիլբերգի գլուխը կոխկրտելով, ընկնելով մրցանակաբաշխությանը ներկա կանանցից մեկի գոգը։ Համբուրելով այդ կնոջ այտերը՝ Բենինյին վազում է դեպի բեմը, ճանապարհին սալտո տալով և աստիճաններին թռչկոտելով։ Իսկ մրցանակը նրան հանձնում է իր հայրենակցուհին՝ Սոֆի Լորենը[24]։
  • «Շինդլերի ցուցակը» ֆիլմի հեղինակ Սթիվեն Սփիլբերգը դժգոհ էր ֆիլմից և ֆիլմի ցուցադրությունից հետո գնում է ասելով.- Սա ֆարս է, բացահայտ ծաղր Հոլոքոստի զոհերին։

Բենինյին պատասխանում է. «Ոչ, ես ողբերգությունը նայում եմ կատակերգուի աչքերով։ Իսկ վերնագիրը Տրոցկիի օրագրից է, ով սառցաքլունգով գլխին հարված ստանալուց մի քանի ժամ առաջ գրել է «Կյանքը հիասքանչ է»։ Բայց Սփիլբերգը երբեք չի կարդացել Տրոցկի, ինչպես նաև նա չի սիրում, երբ ինչ-որ մեկը աթոռների թիկնակներով քայլելիս պատահաբար ելնում է իր գլխին»[24]։

  • «Կյանքը հիսքանչ է» ֆիլմի նկարահանումից հետո Բենինյին Իտալիայում դառնում է հանրաճանաչ և սիրելի, ազգային հպարտություն։ Օսկար ստանալուց հետո հայրենիք վերադառնալիս նրան դիմավորում են մեծ շուքով, երգելով, պարելով։ Բենինյի հաջողությամբ առավել ուրախ էին իր հարազատ գյուղի գյուղացիները,- Մեր փոքրիկ Ռոբերտոն դարձավ հայտնի ամբողջ աշխարհում[24]։
  • Երբ «Կյանքը հիսքանչ է» ֆիլմը նոմինացվում է Օսկարի 7 անվանակարգերում, Բենինյիին իր մոտ է հրավիրում այդ ժամանակվա Իտալիայի նախագահ Օսկար Լուիջի Սկալֆարոն։ Նախագահի հետ ձեռքսեղման ժամանակ Բենինյին կատակել է. «Հիմա արդեն ես Օսկար ունեմ իմ ձեռքերում»[42]։
  • Երբ ֆիլմը առաջին անգամ ցուցադրվում է հեռուստատեսությամբ (Rai 1, հոկտեմբերի 22, 2001 թ.), հավաքել է 16080000 հանդիսատես, որը անցնում է նախկին ռեկորդից իտալական հեռուստատեսությունում։ Նախկին ռեկորդը պատկանել է «Վարդի անունը» ֆիլմին, որը հավաքել է 14672000 հանդիսատես։

Հետաքրքիր փաստեր ֆիլմից խմբագրել

  • Ֆիլմի առաջին մասում փոքրիկ Ժոզեն հրաժարվում է լողանալ, քանի որ չի սիրում։ Երկրորդ մասում նա լողանալ չսիրելու շնորհիվ փրկվում է։

Առաջին մասում Ժոզեն թաքնվում է պահարանում մայրիկից։ Երկրորդ մասում փոքրիկը թաքնվում է պահարանում զինվորներից։
Առաջին մասում ուսուցչուհին խոսում է մաթեմատիկայի խնդիրներից մեկի մասին,- Որքան կշահի պետությունը, եթե սպանեն բոլոր հաշմանդամներին, խելագարներին, էպիլեպտիկներին, հիվանդներին։ Երկրորդ մասում այդ ամենը իրագործվում է իրապես։

Հղումներ այլ ֆիլմերում, հաղորդումներում, խաղերում[48] խմբագրել

  • «Մտացածին վկան. Հոլիվուդը և Հոլոքոստը» (2004) - ֆիլմում անդրադառնում են «Կյանքը հիասքանչ է» և «Դաշնակահարը» ֆիլմերի մասին
  • «Շաբաթ գիշերը ուղիղ եթերում. Թրեյսի Մորգանի լավագույնը» (2004) - անդրադառնում են Օսկարի նոմինացված ֆիլմերին
  • «Պատերազմի մասին 100 լավագույն ֆիլմեր» (2005) - ներկայացված ֆիլմերից մեկը
  • «Դու իմ կյանքի լավագույն կինն ես» (2005) - երկխոսության մեջ խոսվում է ֆիլմի մասին
  • «Քլիվլենդի շոուն», I եթերաշրջան, 14-րդ սերիա (2010) - երկխոսության մեջ խոսվում է ֆիլմի մասին
  • «Գլուխը միշտ բարձր», I եթերաշրջան, 3-րդ սերիա (2011)
  • «Հոլիվուդի թոփ 10. սիրտը ջերմացնող ֆիլմեր» (2011)
  • «Դիաբլո III. Հոգիներ հնձողներ», վիդեոխաղ (2014) - խաղի մակարդակի նվաճումը անվանվում է «Կյանքը հիասքանչ է»
  • «Շրեկ» (2011)
  • «Թեքսասյան կոտորած բենզասղոցով» (2000)

Հղումներ այլ ֆիլմերից[48] խմբագրել

Ֆիլմի ալտերնատիվ տարբերակներ[49] խմբագրել

1998 թ.-ի Կաննի կինոփառատոնում ցուցադրվածը տարբերվում է Իտալիայի կինոթատրոններում ցուցադրվածներից։ Որոշ դրվագներ քիչ փոփոխվել են, իսկ ֆիլմի սկզբում ավելացվել է «Սա հեքիաթ է» հասկացությունը, որպեսզի խուսափեն ֆիլմի օբյեկտի մասին տարաձայնություններից։
Իտալական կինոթատրոնային տարբերակը տևել է 122 րոպե, որը ամերիկյան հանդիսատեսի համար Բենինյին կրճատել է 9 րոպե։ Լիդիա Ալֆոնսիի մասնակցությամբ դրվագները փոխարինվել է հեղինակի ձայնով։

Ֆիլմի երաժշտություն խմբագրել

  1. Buon Giorno Principessa 3:29
  2. La vita è bella 2:46
  3. Viva Giosuè 1:19
  4. Grand Hotel Valse 1:57
  5. La notte di favola 2:32
  6. La notte di fuga 3:49
  7. Le uova nel capello 1:07
  8. Grand Hotel Fox 1:55
  9. Il treno nel buio 2:19
  10. Arriva il carro armato 1:04
  11. Valse Larmoyante 2:03
  12. L'uovo di struzzo-danza etiope 1:53
  13. Krautentang 2:46
  14. Il gioco di Giosuè 1:45
  15. Barcarolle 3:54
  16. Guido e Ferruccio 2:26
  17. Abbiamo vinto 3:03
  • Ընդհանուրը։ 40:07

Ֆիլմի բոլոր երաժշտությունների (բացի Barcarolle-ից) հիղինակը Նիկոլա Պիովանին է, ով իր երկրորդ երաժշտության համար ստացել է Օսկար «Դրամատիկ ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում, ինչպես նաև նոմինացվել է «Գրեմմիի» երաժշտական մրցանակում «Լավագույն սաունդթրեկի ալբոմ, գրված կինոյի, հեռուստատեսության կամ այլ հանդեսի համար»։ «La vita è bella»-ն հանդես է գալիս Virgin Records America-ի պիտակով և հանդիսանում է ֆիլմի գլխավոր սաունդթրեկը։ Ձայնագրվել է 1997 թ.-ին 2:46 րոպե տևողությամբ։
«Belle nuit, ô nuit d'amour»-ը, ավելի շատ հայտնի է որպես «Barcarolle», Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայից է։ Այս սոպրանոյի և մեցցո-սոպրանոյի դուետը համարվում է լավագույնը բոլոր գրված բարկարոլաների մեջ, և, ինչպես ասվում է «Օպերաների գրքի անտառակ» գրքում, «աշխարհում ամենահայտնի մեղեդիներից մեկը»[50]։

Ֆիլմի պրեմիերան տարբեր երկրներում[51] խմբագրել

Դրամարկղային հասույթ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 https://web.archive.org/web/20200301174238/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/life-is-beautiful.5482
  2. 2,0 2,1 http://www.movieloci.com/4-Life-Is-Beautiful
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 http://www.filmaffinity.com/en/film594480.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.imdb.com/title/tt0118799/
  5. http://www.boxofficemojo.com/movies/?id=lifeisbeautiful.htm
  6. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=38678&type=MOVIE&iv=Basic
  7. Internet Movie Database — 1990.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 http://www.bbfc.co.uk/releases/la-vita-e-bella-life-beautiful-1970
  9. 9,0 9,1 http://www.sinemalar.com/film/1011/hayat-guzeldir
  10. 10,0 10,1 10,2 10,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=64439.html
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 http://www.cinematografo.it/cinedatabase/film/la-vita-bella/35203/
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 http://www.imdb.com/title/tt0118799/fullcredits
  13. La vita è bella (իտալ.) — 1997.
  14. 14,0 14,1 14,2 14,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  15. http://www.nytimes.com/movies/movie/160117/Life-Is-Beautiful/credits
  16. 16,0 16,1 16,2 https://web.archive.org/web/20180311140821/https://www.europeanfilmacademy.org/1998.114.0.html
  17. 17,0 17,1 Box Office Mojo — 1999.
  18. «Դերերում, Kinopoisk».
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 «Մրցանակները Kinopoisk կայքում».
  20. ««Դավիթ դի Դոնատելլո» մրցանակ, IMDB».
  21. «Ավստրալիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակ, IMDB».
  22. Life is Beautiful, But Not for Jews: Another View of the Film by Benigni (The Scarecrow Filmmakers Series) Hardcover – October 1, 2003
  23. «Jewish.ru»
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 24,6 ««Kinopoisk» կայքի բլոգ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  25. http://www.rogerebert.com/reviews/life-is-beautiful-1998
  26. http://www.imdb.com/chart/top?tt0038650&ref_=tt_awd
  27. http://www.imdb.com/title/tt0118799/?ref_=nmbio_qu_1
  28. http://www.kinopoisk.ru/top/
  29. http://www.kinopoisk.ru/top/lists/256/film/381/page/1/#film381
  30. http://www.kinopoisk.ru/top/lists/147/film/381/page/1/#film381
  31. http://www.rottentomatoes.com/m/1084398-life_is_beautiful/
  32. http://www.boxofficemojo.com/genres/chart/?id=foreign.htm
  33. http://www.metacritic.com/movie/life-is-beautiful
  34. http://www.slashfilm.com/toronto-film-festivals-essential-100-movies/
  35. http://www.csfd.cz/zebricky/nejlepsi-filmy/?show=complete#
  36. http://www.csfd.cz/zebricky/nejoblibenejsi-filmy/?show=complete#
  37. http://www.filmsite.org/top100spiritual4.html
  38. http://www.goethe.de/ins/be/prj/eli/erg/ges/enindex.htm
  39. http://movieplayer.it/film/la-vita-e-bella_576/
  40. «Ֆիլմի մասին IMDB կայքում».
  41. 41,0 41,1 41,2 41,3 «Ֆիլմի մասին Vokrug.tv կայքում».
  42. 42,0 42,1 http://www.imdb.com/name/nm0000905/bio
  43. «Կայք http://baheadrn.blogspot.com/-ի արխիվ, դեկտեմբերի 11, 2002 թ.». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  44. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  45. 45,0 45,1 Չեխո-Սլովենական ֆիլմային հավաքածուների կայք
  46. http://www.decentfilms.com/reviews/lifeisbeautiful
  47. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  48. 48,0 48,1 http://www.imdb.com/title/tt0118799/movieconnections?ref_=ttcc_sa_5
  49. http://www.imdb.com/title/tt0118799/alternateversions?ref_=ttqu_sa_4
  50. «Sadie, Stanley; Macy, Laura, eds. (2006). The Grove Book of Operas. Oxford University Press. pp. 126–27».
  51. «Ֆիլմի պրեմիերան տարբեր երկրներում, IMDB».
  52. 52,0 52,1 52,2 «Դրամական հասույթ, IMDB».
  53. ««Movieplayer» կայք».

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյանքը հիասքանչ է (ֆիլմ, 1997)» հոդվածին։