Կիրիլ Դեմյան (Կյուրեղ Դեմյան, 1779[1], Հայաքաղաք, Կլուժ, Ռումինիա - նոյեմբերի 1, 1847(1847-11-01)[1], Վիեննա, Ավստրիական կայսրություն[1]), նվագարաններ պատրաստող հայազգի վարպետ, որ ծնվել է Ռումինիայում, ապա հաստատվել Ավստրիայում։ Իր երկու որդիների՝ Կարլի և Գվիդոնի հետ ստեղծել է ակորդեոն նվագարանը։

Կիրիլ Դեմյան
Դիմանկար
Ծնվել է1779[1]
ԾննդավայրԱրմենոպոլիս
Մահացել էնոյեմբերի 1, 1847(1847-11-01)[1]
Մահվան վայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտություներգեհոն պատրաստող վարպետ, դաշնամուր պատրաստող վարպետ և նվագարանների վարպետ

Տեղեկություններ կյանքի մասին խմբագրել

Կիրիլ Դեմյանի մասին մեզ հասած տեղեկությունները խիստ կցկտուր են։ Հայտնի է, որ ծնվել է 1772 թվականին Ռումինիայի Արմենոպոլիս քաղաքում, որ ներկայում անվանափոխվել ու կոչվում է Գեռլա։ Այս քաղաքը 16-րդ դարում հիմնել են Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո այստեղ գաղթած հայերը։ Կիրիլ Դեմյանը երաժշտական գործիքներ՝ ռոյալ դաշնամուրներ, երգեհոններ պատրաստող վարպետ էր, ուներ սեփական խանութը, որտեղ վաճառում էր այդ նվագարանների համար իր պատրաստած մասերը, ինչպես օրինակ իրանը՝ ստեղնաշարերի աջակողմյան և ձախակողմյան խուփերով հանդերձ, ինչպես նաև ստեղնաշարային ու փողային նվագարանների առանձին մասեր։ Այսօր Վիեննայի Երաժշտության տանը ցուցադրվում են Կիրիլի պատրաստած մասերի ու աշխատանքների նմուշներ։

Ակորդեոնի ստեղծումը և տարածումը խմբագրել

Դեմյանը մտմտում էր իր երաժշտական գործիքը ստեղծելու մասին։ Նա երկար տարիներ գծագրեր էր կազմում, հաշվարկներ անում, ձգտելով այդ ամենից հետո մի անգամից ստեղծել կատարելագործված նվագարան։ Դեմյանի նվագարանն ուներ ընդամենը հինգ ստեղն, որոնք նախատեսված էին միայն ձախ ձեռքի համար։ Ամեն մի ստեղնի համապատասխանում էր մեկ ակորդ, որից էլ ծագեց նվագարանի անունը՝ ակորդեոն։ Նվագարանն առաջին անգամ պատրաստվեց 1829 թվականին և մայիսի 6-ին արտոնագրվեց Վիեննայում։ 17 օր անց Դեմյանի արտոնագիրը պաշտոնապես ճանաչվեց, որից հետո էլ առ այսօր մայիսի 23-ը նշվում է որպես ակորդեոնի ծննդյան օր։ Նրանով կարելի էր նվագել պարզ մեղեդիներ՝ մեկ տոնայնության մեջ։ Սակայն դա երաժշտության սիրահարներին բնավ չխանգարեց նորաստեղծ նվագարանի ձեռքբերմանը նախ երաժշտական խանութներից, ապա ակորդեոնի գործարաններից։ Եթե մինչ այդ Կենտրոնական Եվրոպայում մեծ ժողովրդականություն էր վայելում շրթհարմոնը, որի ստեղծողն էր Քրիստիան Բուշմանը, ակորդեոնի ի հայտ գալուց հետո նրա փառքն սկսեց խամրել։

1831 թվականից ակորդեոնը սկսեց տարածվել Բրիտանական կղզիներում, իսկ ևս երկու տարի անց Ադոլֆ Մյուլլերը իր «Ակորդեոնի դպրոցը» գրքում արդեն տալիս է նվագարանի մեծ թվով տարբեր տեսակների նկարագրություններ։ Այդ շրջանում Վիեննայի ու Լոնդոնի երաժշտական միությունները սերտորեն համագործակցում էին, իսկ երաժիշտները պարբերաբար համերգային ելույթներ էին ունենում երկու մայրաքաղաքներում։ Արդեն 1840-ականներին Հին աշխարհի բնակիչները գաղթելով Ամերիկա, ակորդեոնը տարածեցին ԱՄՆ-ում, որտեղ ևս շուտով լայն ճանաչում ու ժողովրդականություն ձեռք բերեց։ Ակորդեոնը ներառում է տարբեր նվագարանների առանձնահատկություններ. տեսքով այն հիշեցնում է բայան նվագարանը, տեխնիկական կառուցվածքով առնչվում է շրթհարմոնի հետ, իսկ ստեղնաշարով և հնարավորություններով մոտ է դաշնամուրին։ Նրա առավելություններից մեկն այն է, որ կարող է իր հնչողությամբ թողնել անսամբլի տպավորություն։ Իր ստեղծման օրվանից ակորդեոնը ենթարկվել է խիստ մշակման ու նորացման, ավելի ու ավելի կատարելագործվել, բայց առաջվա պես մնում է անփոխարինելի նվագարան տարբեր անսամբլներում։

Ակորդեոնը Հայաստանում խմբագրել

Այս նվագարանը Հայաստան թափանցել է 19-րդ դարավերջին ու 20-րդի սկզբին՝ Ռուսաստանից ու Թիֆլիսից, որտեղ էլ տարածվել էր Եվրոպայից։ Խորհրդային տարիներին այն լայնորեն կիրառվում էր բազմաթիվ ազգագրական անսամբլներում, որտեղ նվագում էին երաժշտական կրթօջախներում մասնագիտացած ակորդեոնահարները։ Դրանից բացի, սիրված էր նաև ժողովրդի շրջանում և կային բազմաթիվ սիրողական մակարդակի երաժիշտներ, ովքեր հիմնականում նվագում էին հարսանիքների, խնջույքների ժամանակ և այլ ուրախ առիթներով։ Սակայն Հայաստանի անկախացումից՝ այսինքն 1991 թվականից հետո ակորդեոնը դուրս մղվեց երաժշտական դպրոցներից ու ազգագրական անսամբլներից՝ համարվելով ապազգային նվագարան։ Դրանից հետո կամաց-կամաց այն սկսեց դուրս մղվել նաև խնջույքներից, և այսօր արդեն շատ փոքր թվով երաժիշտներ են մնացել, ովքեր քիչ թե շատ տիրապետում են ակորդեոնին։ Վերջին շրջանում մասնագիտական կրթություն ունեցող ակորդեոնահարները Հայկ Կարապետյանի գլխավորությամբ համախմբվել են՝ հետզհետե հայ իրականությունից անհետացող նվագարանը քարոզելու և նոր սերնդին հրապուրելու համար՝ կազմակերպելով համերգներ, որոնց ընթացքում հնչում են դասական ստեղծագործություններ (Յոհան Սեբաստիան Բախի, Արամ Խաչատրյանի, Աստոր Պիացցոլայի և այլոց) և նույնիսկ կոմիտասյան մեղեդիներ։ Նաև ստեղծվել է Ակորդեոնահարների համահայկական միություն, որը ևս ջանք է գործադրում ակորդեոնը Հայաստանում վերստին տարածելու ուղղությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #1036377741 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Աղբյուրներ խմբագրել