Կինոարդյունաբերությունը Խորհրդային Միությունում

Խորհրդային Միության կինոարդյունաբերությունը ներառում է միութենական հանրապետությունների կողմից արտադրված ֆիլմեր, որոնք արտացոլում էին իրենց նախախորհրդային մշակույթի, լեզվի և պատմության տարրերը։ Ինչպես ցանկացած բնագավառ, կինոարտադրությունը նույնպես կառավարվում էր Մոսկվայի կենտրոնական իշխանության կողմից։ Խորհրդային Ռուսաստանից (ՌԽՍՖՀ) հետո առավել նշանավոր կինոարդյունաբերություն ունեին Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Ուկրաինան։

Ֆիլմապատճենները տպագրվում էին 70, 35, 16 և 8 մմ լայնության կինոժապավենների վրա։ Տպաքանակը որոշվում էր ֆիլմի «գաղափարա-գեղարվեստական նշանակությամբ» (մինչև 1500 օրինակ)։ Կինոպատճենահան արդյունաբերությունում նեգատիվից ստանում էին մի քանի միջանկյալ պոզիտիվներ, ապա դրանցից՝ հակատիպեր (նեգատիվի կրկնօրինակներ), որոնցով էլ իրականացվում էր ֆիլմապատճենի զանգվածային տպագրությունը։ Մինչև 1930 թվականը, ֆիլմապատճենը պատրաստվում էր կինոստուդիաների ժապավենի մշակման արտադրամասերում, իսկ դրանից հետո՝ կինոպատճենահան ձեռնարկություններում (Լենինգրադում, Մոսկվայում, Կիևում, Խարկովում, Նովոսիբիրսկում, Ռյազանում և այլուր)։ Կինոտեխնիկական արդյունաբերությունն արտադրում Էր ֆիլմ նկարահանող և կինոպրոյեկցիոն, ձայնագրող, վերարտադրող, տպագրող, լուսավորող Էլեկտրաբաշխիչ ապարատներ և սարքավորում։ Հիմնական արտադրողներն էին «Էկրան» արտադրական և Լենինգրադի օպտիկա-մեխանիկական միավորումները։ Կինոժապավենի արտադրությունը Խորհրդային Միությունում իրականացնում էին քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները։ Առաջին կինոժապավենն արտադրվել է 1931 թվականին։ Արաադրվում էր ֆիլմերի նկարահանման (նեգատիվային), ֆիլմապատճենների բազմացման (պոզիտիվային), օպտիկական ու մագնիսական շավիղով ձայնի գրառման համար սև-սպիտակ ու գունավոր կինոժապավեններ։

«Հայֆիլմ» կինոստուդիան ունեցել է լաբորատորիա, որտեղ տպագրվում էին հայերեն կրկնօրինակված ֆիլմերի պատճեններ, հայ վավերագրողների, ինչպես նաև «Հայֆիլմ»-ի արտադրանքը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։