Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաքավ (այլ կիրառումներ)
Կաքավ

Կաքավներ՝ հավանմանների կարգի փասիանների ընտանիքի թռչուններ։ Առավել տարածված են սպիտակ, անապատային, տունդրային, մոխրագույն կաքավները և քարակաքավը։ Վերջին 2 տեսակները հանդիպում են նաև Հայաստանի շատ վայրերում։ Մոխրագույն կաքավը նստակյաց է, տարածված։ Հիմնականում հանդիպում է լեռնատափաստաններում, քարակույտերի և թփուտների մեջ։ Մարմնի երկարությունը 29-31 սմ է, կենդանի զանգվածը՝ 350-600 գ։ Արտաքինից նման է լորի։ Մարմինը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ մոխրագույն։ Փորին կա սևավուն բիծ։ Հաճախ բնադրում են խոտառատ դաշտերում և ցանքատարածքների եզրամասերում։ Դնում են 10-20 ձու։ Թխսակալում է էգը 24-25 օր։ Աղվամազոտ ձագերի գույնը շրջապատից գրեթե չի տարբերվում։ Կաքավներն ապրում են զույգերով, իսկ ուշ աշնանը կազմում են ոչ մեծ երամներ և աստիճանաբար շարժվում դեպի ձմեռանոցներ։

Քարակաքավը բնադրող-չվող է, քիչ տարածված։ Մեծ քանակով պահպանված է Եղեգնաձորում և Վայքում։ Բնակվում է քարքարոտ սարալանջերին՝ ժայռագոյացությունների հարևանությամբ, կիսաանապատներում ու չոր լեռնատափաստաններում, նաև գետերի ու առվակների մոտ։ Թվաքանակը նվազում է հարավից հյուսիս։ Մարմնի երկարությունը 45-54 սմ է, կենդանի զանգվածը՝ 2,5 կգ։ Մարմինը վերևից դարչնամոխրագույն է, կողքերը՝ բաց դեղնավուն-սպիտակ, կարմրագույն- դարչնագույն լայն շերտերը՝ սև ուղղահայաց զոլերով։

Բնադրում է թփուտներում և խիտ խոտաբույսերի մեջ։ Դնում է 8-20 ձու։ Թխսակալում է էգը՝ 28-30 օր։ Ձագերը հայտնվում են հունիսին, ինքնուրույն թռչողները՝ օգոստոսի վերջից սեպտեմբեր։ Հանդիպում են փոքր երամներով։ Կաքավները սնվում են սերմերով, հատիկներով, խոտաբույսերով, պտուղներով ու միջատներով։ Համեղ մսի համար կաքավներին անխնա որսում են, և նրանց քանակն անընդհատ նվազում է, ուստի պաշտպանության կարիք ունեն։ Կաքավները վատ են թռչում, բայց քայլվածքը հպարտ ու սիգաճեմ է, կազմվածքը՝ գեղանի։

Ընթերցե՛ք «կաքավ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 354
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաքավ» հոդվածին։