Կարծրատիպ (հին հունարեն՝ στερεός «կարծր» + τύπος «տիպ»), մարդու կողմից ինչ-որ երևույթի՝ նախկինում ձևավորված մտավոր գնահատական, որը կարող է արտացոլվել համապատասխան կարծրատիպային վարքագծում։

Արևմտյան ավանդույթ (Ուոլթեր Լիփմեն) խմբագրել

Արևմտյան հասարակական-քաղաքական դիսկուրսում «կարծրատիպ» հասկացությունը մտել է Ուոլթեր Լիփմենի կողմից, որը նա կիրառել է 1922 թվականին հասարակական կարծիքի իր բնօրինակ հայեցակարգի նկարագրության մեջ։

Ըստ Լիփմենի՝ հնարավոր է առաջ քաշել հետևյալ սահմանումը. կարծրատիպը պատմական ընդհանրության մեջ ընդունված ընկալման, ֆիլտրման, տեղեկատվության մեկնաբանության նմուշ է, որը հիմնված է շրջակա աշխարհի ճանաչման վրա՝ ըստ նախորդ սոցիալական փորձի։ Կարծրատիպերի համակարգը սոցիալական իրականություն է։

Ուոլթեր Լիփմենի սահմանումը սոցիոլոգների և սոցիալական հոգեբանների համար ունի զգալի ճանաչողական նշանակություն, քանի որ թույլ է տալիս տարբերակել երևացողը և ներկայացվածը։ 1999 թվականին Օքսֆորդում տեղի ունեցած փորձարարական սոցիալական հոգեբանության եվրոպական ասոցիացիայի համագումարում 33 սիմպոզիումից 13-ը կենտրոնացած էր կարծրատիպերի, նախապաշարմունքների և խտրականության հարցերի վրա։ Իր «Հասարակության կարծիք» գրքում Լիփմենը կանխատեսել էր այն հիմնական իմաստները, որոնք հետագայում հետազոտողները հայտնաբերեցին կարծրատիպերի մեջ, և հասկացությունը ներառվել է առօրյա խոսքում։

Ջանքերի խնայում խմբագրել

Կարծրատիպերի ձևավորման ոլորտը տարածվում է անհեթեթ ֆանտազիաներից մինչև գիտնականների կողմից կլորացված արդյունքների գիտակցված օգտագործումը։ Մարդկային ամբողջ մշակույթը հիմնականում (Լիփմենի մեկնաբանությամբ) շրջակա միջավայրի տարբեր մոդելների ընտրություն և վերակազմավորում է։ Այսինքն՝ կարծրատիպերի ձևավորումը սեփական ջանքերի խնայողություն է, քանի որ ձանձրալի է ամեն ինչ դիտարկել նորից և մանրամասնորեն, այլ ոչ թե որպես առանձին տիպեր և ընդհանրացումներ, իսկ զբաղված մարդու համար դա գործնականում դատապարտված է ձախողման։ Բացի այդ, պետք է նշել տիպերի մերժման դեպքերը։ Մտերմիկ շրջապատում անհատական ըմբռնումը որևէ բանով փոխարինելու կամ դա ինչ-որ կերպ խնայելու միջոց չկա։ Նրանք, ում մենք սիրում ենք և որոնցով հիանում ենք, մեծ մասամբ, ճանաչում են մեզ, այլ ոչ թե այն խումբը, որոնց մեզ կարելի է դասել։

Աշխարհի նշագծում խմբագրել

Բացի ջանք չխնայելուց, կարծրատիպերը, հավանաբար, կատարում են նաև ևս մեկ գործառույթ. կարծրատիպերի համակարգերը կարող են ծառայել որպես մեր անձնական ավանդույթի հիմք, հասարակության մեջ մեր դիրքը պաշտպանելու միջոց։ Դրանք աշխարհի համակարգված, քիչ թե շատ հակասական պատկերներն են։ Այն հարմարավետորեն ընդգրկում է մեր սովորությունները, նախասիրությունները, կարողությունները, հաճույքները և հույսերը։ Աշխարհի կարծրատիպային պատկերը կարող է թերի լինել, բայց դա այն հավանական աշխարհի պատկերն է, որին մենք հարմարվել ենք։ Այս աշխարհում մարդիկ ու առարկաները զբաղեցնում են իրենց համար նախատեսված տեղերը և գործում են սպասելի ձևով։ Մենք աշխարհում մեզ զգում շատ հարմարավետ, մենք դրա բաղկացուցիչ մասն ենք։

Ուստի զարմանալի չէ, որ կարծրատիպերի ցանկացած փոփոխություն ընկալվում է որպես հարձակում աշխարհաստեղծման պատկերացումների վրա։ Դա հարձակում է մեր աշխարհի պատկերացումների վրա, և երբ խոսքը վերաբերում է լուրջ բաներին, ապա մենք իրականում այնքան էլ հեշտ թույլ չենք տալիս, որ մեր անձնական աշխարհի և ընդհանրապես աշխարհի միջև որևէ տարբերություն լինի։

Կարծրատիպերի համակարգը ոչ միայն մեծածավալ բազմազանության և անկանոն իրականության փոխարինման միջոց է դրա մասին պատշաճ պատկերացում կազմելու համար, այլև ընկալման միայն կրճատ և պարզեցված ճանապարհ։ Կարծրատիպերը ծառայում են որպես մեր ինքնահարգանքի երաշխիք, արտացոլում են մեր արժեքների գիտակցումը, պաշտպանում են մեր դիրքը հասարակության մեջ և մեր իրավունքները, հետևաբար, կարծրատիպերը լցված են զգացմունքներով, նախասիրություններով, կապանքներով կամ հակակրանքով, ասոցացվում են վախերի, ցանկությունների, ձգտումների, հպարտության, հույսի հետ։ Այն օբյեկտը, որն ակտիվացնում է կարծրատիպը, գնահատվում է համապատասխան հույզերի հետ կապով։

Կարծրատիպեր և նախապաշարմունքներ խմբագրել

Առօրյա կյանքում համապատասխան տվյալների ստացմանը նախորդող (ապրիորային) դատողությունը պարունակում է այն եզրակացությունը, որը հաստատվում է այդ տվյալներով։ Արդարությունը, ներումը, ճշմարտությունը չեն մտնում այս համոզմունքի մեջ, քանի որ դրանք նախորդում են փաստացի տվյալների ստացմանը։ Նախապաշարմունքները կարող են բացահայտվել, հաշվի առնվել և լրամշակվել։ Բայց քանի որ մարդու կյանքի ժամկետը սահմանափակ է, նա պետք է ազատ լինի, ժամանակին ստանա բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են զարգացման, լայնածավալ քաղաքակրթության համար, այնպես որ, նա չի կարող այդ ամենն անել առանց նախապաշարմունքների։

Առօրյա գիտակցության մեջ և զանգվածային հաղորդակցության միջոցներում ընդունված է կարծրատիպը համարել բացառապես բացասական ֆենոմեն։ Դա մեծ մասամբ պայմանավորված է նրանով, որ համաշխարհային գիտության մեջ առավել հաճախ ուսումնասիրվել են բացասական կարծրատիպերը, օրինակ՝ խտրականության ենթարկված էթնիկ փոքրամասնությունները։ Սակայն կարծրատիպը լինում է ինչպես բացասական, այնպես էլ դրական[1], ուստի անհրաժեշտ է տարանջատել կարծրատիպն ու նախապաշարմունքները, որոնք լինում են միայն բացասական (Գ. Գադամերի «Ճշմարտություն և մեթոդ» գրքում ներկայացվել է նախապաշարմունքների ապոլոգիան, ինչպես նաև ցույց է տրված, որ նախապաշարմունքները լինում են նաև դրական)։

Կարծրատիպի դինամիկա խմբագրել

Կարծրատիպը սկսում է գործել նախքան գիտակցության ներգրավվելը։ Դա հատուկ հետք է թողնում այն տվյալների վրա,որոնք մեր զգայարանների կողմից ընկալվում են մինչև այդ տվյալների վերլուծվելը։ Ոչինչ այնքան չի հակադրվում կրթությանը կամ քննադատությանը, որքան կարծրատիպը, քանի որ այն իր հետքն է թողնում փաստացի տվյալների վրա դրանց ընկալման պահին։

Որոշ չափով արտաքին խթանները (հատկապես ասված կամ տպագրված) ակտիվացնում են կարծրատիպերի համակարգի որոշակի մասը, քանի որ անմիջական տպավորությունը և նախկինում ձևավորված կարծիքը գիտակցության մեջ հայտնվում են միաժամանակ։

Այն դեպքերում, երբ փորձը հակասության մեջ է մտնում կարծրատիպի հետ, հնարավոր է երկակի ելք. եթե անհատն արդեն դրսևորել է որոշակի ճկունություն, կամ նրան ինչ-որ զգալի շահագրգռվածության պատճառով չափազանց անհարմար է փոխել իր կարծրատիպերը, նա կարող է անտեսել այդ հակասությունը կամ գտնել ինչ-որ սխալ, ապա մոռանալ այդ իրադարձության մասին։ Բայց եթե նա չի կորցրել հետաքրքրասիրությունը կամ մտածելու ունակությունը, ապա նորարարությունը ինտեգրվում է աշխարհի արդեն գոյություն ունեցող պատկերին և փոխում այն։

Խորհրդային ավանդույթ խմբագրել

1920-1930-ական թվականներին Պավլովի ֆիզիոլոգիական դպրոցն ակտիվորեն զբաղվել է Պավլովի կողմից «Դինամիկ կարծրատիպ» անվանումն ստացած ֆենոմենի ուսումնասիրությամբ։ Կարծրատիպերի մասին ռուսական ֆիզիոլոգիական դպրոցի ներկայացման հիմքում ընկած է ուղեղի՝ միջավայրի նույնատիպ փոփոխությունները ֆիքսելու և համապատասխանաբար արձագանքելու կարողությունը։

Դինամիկ կարծրատիպերի սահմանումը (ըստ Պավլովի) մեծ կիսագնդերի ներքին գործընթացների համակարգված հավասարակշռված համակարգ է, որը համապատասխանում է պայմանական գրգռիչների արտաքին համակարգին։ Ակադեմիկոս Պավլովի բնորոշումը բովանդակային առումով համապատասխանում է Հասրաթյանի համակարգայնության սահմանմանը։ Մեկ այլ սահմանմամբ՝ կարծրատիպը նյարդային հետքերի շղթա է նախկին խթանների կողմից, որոնք առաջանում են արտաքին խթանման բացակայության դեպքում՝ ի տարբերություն պայմանական և ոչ պայմանական ռեֆլեքսների[2]։

Կարծրատիպերի կոնցեպտուալիզացիայի անհրաժեշտության գիտակցումն ի հայտ է եկել միանման դադարներով ընթացող դրական և բացասական ձայնային և մաշկային գրգռիչների հերթափոխմամբ ընթացող պայմանական ռեֆլեքսների մշակման փորձերի ընթացքում։ Բացահայտված էֆեկտն այն է, որ նման գործունեության ամրապնդումից հետո նոր ռեֆլեքսները շատ արագ էին մշակվում, իսկ մի շարք դեպքերում առաջանում էին նոր գրգռիչների առաջին իսկ կիրառումից։ Այդ կերպ վերարտադրվում էր գրգռման և արգելակման նախկինում ձևավորված ռիթմը, որը համապատասխանում էր դրական և բացասական ազդակների կիրառման կարգին։

Արտաքին կարծրատիպերի փոփոխությանը ուղեղն արձագանքում է մի շարք բնորոշ վերակառուցումներով, որոնք արտացոլվում են համակարգի առանձին օղակներում, ամբողջ համակարգում կամ ամբողջ նյարդային գործունեության մեջ։ Արտաքին փոփոխությունները կարող են հանգեցնել ինչպես բարձրագույն գործառույթների հոսքի բարելավման, այնպես էլ վատթարացման՝ ընդհուպ մինչև խորը նևրոզի զարգացման։ Պավլովն ուշադրություն է դարձրել, որ «կարծրատիպերի ձևավորման և քայքայման գործընթացները սուբյեկտիվորեն տարբեր դրական և բացասական զգացմունքներ են»։

Պավլովի «դինամիկ կարծրատիպերի» և Լիփմենի կարծրատիպերի միջև կապը բավականին թափանցիկ է (երկուսի համար էլ կարևոր է, որ կարծրատիպը շրջապատող իրականության ձև լինի, ինչը նրանց թույլ է տալիս հարմարվել բազմազանությանը), չնայած մոտեցումների միջև կան նաև տարբերություններ․ Լիփմենը շեշտադրել է կարծրատիպերի սոցիալական բնույթը և այն, թե դրանք ինչ դեր են խաղում հասարակության գործունեության մեջ, իսկ Պավլովն ընդգծել է նյարդային գործունեության ֆիզիոլոգիան։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Стереотип это не всегда нечто отрицательное
  2. Судаков К. В. Динамические стереотипы…

Գրականություն խմբագրել

  • Стереотип // Большая российская энциклопедия. Том 31. — М., 2016. — С. 235—236.
  • Липпман У. Общественное мнение / Пер. с англ. Т. В. Барчунова, под ред. К. А. Левинсон, К. В. Петренко. — М.: Институт Фонда «Общественное мнение», 2004.
  • Судаков К. В. Динамические стереотипы, или Информационные отпечатки действительности. — М.: ПЕР СЭ, 2002.
  • Ослон А. Уолтер Липпман о стереотипах: выписки из книги «Общественное мнение» // Социальная реальность. — 2005. — № 4. — С. 125—141.
  • Рябова Т. Б. Стереотипы и стереотипизация как проблема гендерных исследований // Личность. Культура. Общество. — 2003. — В. 1—2 (15-16). — Т. V. — С. 120—139.