Կարիա պեկան
Կարիա պեկան
Կարիա պեկան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Ընկուզազգիներ (Juglandaceae)
Ենթաընտանիք Juglandoideae
Ցեղ Կարիա (Carya)
Տեսակ Կարիա պեկան (C. illinoinensis)
Միջազգային անվանում
Carya illinoinensis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Կարիա Պեկան (լատին․՝ Caria pecan), ընկուզազգիների ընտանիքի, կարիա ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ հսկա ծառ է 50-65 մ բարձրությամբ և 2-2,5 մ տրամագիծ ունեցող բնով։ Ազատության մեջ առաջացնում է հսկայական վրանաձև սաղարթ։ Կեղևը հաստ է, պատված խոր ճաքերով, անջատվում է շերտերով։ Ճյուղերը մոխրավուն են կամ մոխրադարչնավուն։ Ընձյուղները խիտ աղվամազածածկ են։ Գագաթնային բողբոջները սրված-ձվաձև են, կողմնայինները ձվաձև, 6-7 մմ երկարությամբ, մազմզուկապատ և գեղձապատ, հակադիր դասավորված թևտուկներով։ Տերևները խոշոր են, 30-50 սմ երկարությամբ, կազմված 11-17 տերևիկներից։ Վերջիններս երկարավուն-նշտարաձև են, կլորավուն կամ լայն-սեպաձև, անհավասարակողմ հիմքով և սուր գագաթով, 10-12 սմ երկարությամբ և 2,5-7 սմ լայնությամբ, սղոցաեզր կամ կրկնակի սղոցաեզր, ծածկված գեղձիկներով և թավշային մազմզուկներով (հետագայում մերկանում են)։ Առէջային կատվիկները 3-ական են, դեղին փոշեպարկեր ունեցող 4-6 առէջներով։ Վարսանդային ծաղիկները 3-11-ական հավաքված են փնջերում։

Կեղծ կորիզապտուղները գտնվում են 3-10-ական ողկույզներում, երկարավուն են, 3-անկյունանի, 3,5-8 սմ երկարությամբ, մուգ դարչնագույն, դարչնագույն մազափնջերով, ամուր, հեշտ փշրվող կեղևով, որը հասունանալիս ճեղքվում է մինչև հիմքը և շատ հաճախ ձմռան ընթացքում մնում է ծառի վրա, մինչև ընկույզների թափվելը։ Ընկույզը երկարավուն-ձվաձև է կամ էլիպսաձև, հաճախ գրեթե գլանաձև, 2,5-5 սմ երկարությամբ, փայլուն, մուգ դարչնագույն, անկանոն բծերով ծածկված։ Երբեմն գագաթնային սրվածք ունի՝ փշրվող կեղևով և թղթանման միջնապատով։ Սերմերն ունեն կարմրադարչնագույն թաղանթ։

Առաջին անգամ Հայաստանում մշակվել է Այգեհովիտ տնկարանում։ 1940 թվականին բերված մի քանի ծառեր այստեղ պահպանվել էին մինչև 1964 թվականը։ 25-26 տարեկան ծառերը հասնում էին 12 -13 մ բարձրության և 25-30 սմ բնի տրամագիծ ունեին։ Թեթևակի ցրտահարվում էին միայն արտակարգ ուժեղ սառնամանիքների դեպքում։ Ամեն տարի ծաղկում և պտղաբերում էին։ Դժբախտաբար, Իջևան-Աղստաֆա երկաթուղու շինարարության կապակցությամբ այդ խիստ արժեքավոր ծառերը հատվեցին։ Ներկայումս կարիայի երիտասարդ ծառեր կան Իջևանի դենդրարիում, որոնք դեռևս պտղաբերման շրջան չեն մտել։

Տարածվածություն խմբագրել

 
Կարիա պեկան

Բնական պայմաններում տարածված է Հյուսիսային Ամերիկայում, Միսսիսիպիի ավազանի միջին մասում, հիմնականում գետահովիտներում, այն մարզերում, որտեղ մթնոլորտային տեղումները կազմում են տարեկան 500-1000 մմ։ 200 մ-ից ավելի վեր դեպի լեռները չի բարձրանում։

Կիրառություն խմբագրել

Հյուսիսային Ամերիկայում ստացվել է այս բույսի ավելի քան 100 սորտ։ Զգայուն է հատկապես ուշ գարնանային ցրտահարությունների նկատմամբ։ Պտուղները խիստ արժեքավոր են, համեղ են և սննդարար, պարունակում են 2,9 % ջուր, 10,8 % պրոտեին, 70,8 % ճարպեր, 14,3 % ածխաջրեր և 1,7 % մոխիր։ 400 գ միջուկը պարունակում է 3445 կալորիա, այսինքն՝ գրեթե կրկնակի անգամ ավելի մարդու օրական պահանջից։ Այս չափազանց օգտակար ու արժեքավոր բույսը արժանի է մեծ ուշադրության։ Ցրտադիմացկուն սորտերը կարելի է Փորձարկել Արարատյան դաշտի պայմաններում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 219)։