Կատարյալ մրցակցության գաղափարն առաջին անգամ ամբողջական ձևով սահմանել է Ադամ Սմիթը։ Կախված այն բանից, թե ինչ ձևով են միմյանց հետ մրցում շուկայական հարաբերությունների մասնակիցները՝տարբերում են կատարյալ և ոչ կատարյալ մրցակցության տիպերը և դրանց համապատասխանող շուկաների ձևերը՝ կատարյալ մրցակցային շուկա և ոչ կատարյալ մրցակցային շուկա։ Կատարյալ մրցակցային շուկան մի մեխանիզմ է, որտեղ առկա է ռեսուրսների օգտագործման առավելագույն արդյունավետություն։ Կատարյալ մրցակցության դեպքում իրարից անկախ գործում են բազմաթիվ գնորդներ և վաճառողներ՝ հավասար իրավունքներով ու հնարավորություններով։

Շուկայական մեխանիզմն ավելի արդյունավետ է գործում կատարյալ կամ ազատ մրցակցության պայմաններում։ Մրցակցության այս տեսակն իրենից ներկայացնում է շուկայի այնպիսի իրադրություն, երբ բազմաթիվ իրարից անկախ գործող արտադրողներ վաճառում են համասեռ կամ ստանդարտեցված ապրանքներ և նրանցից ոչ ոք չի կարող ազդել շուկայական գնի վրա։ Սա նշանակում է, որ բոլոր վաճառողները շուկայում առաջարկում են մոտավորապես նույն կամ փոխարինող ապրանքներ, և գնորդի համար նշանակություն չունի, թե որ վաճառողից նա ձեռք կբերի տվյալ ապրանքը, իսկ վաճառողի անիմաստ է դառնում ոչ գնային մրցակցություն վարելը։

Կատարյալ մրցակցության պայմաններն են՝

  • բազմաթիվ արտադրողների, վաճառողների և սպառողների առկայությունը
  • արտադրության համասեռության առկայությունը
  • բարիքի գինը որոշվում է բազմաթիվ արտադրողների և սպառողների կողմից ներկայացված առաջարկի ու պահանջարկի հարաբերակցության միջոցով
  • արտադրության գործոնների բացարձակ շարժունակության առկայություն, որը հնարավորություն է տալիս ազատորեն, առանց խողընդոտների մուտք գործելու տարբեր արտադրության ոլորտներ
  • առկա է տեղեկատվության հավասարաչափ բաշխվածություն շուկայական տնտեսության սուբյեկտների միջև։

Կատարյալ մրցակցության վերը նշված պայմանները գրեթե հնարավոր չէ ապահովել։ Հետևապես, կատարյալ մրցակցային շուկան իրականում գոյություն չունի. դա ընդամենը կարելի է դիտել որպես ցանկություն։ Սակայն կատարյալ մրցակցային շուկայի օրինաչափությունների բացահայտման ճանապարհով հնարավորություն է ստեղծվում պարզելու ոչ կատարյալ մրցակցային շուկայի գործողության սկզբունքները, հիմնավորելու ոչ արդյունավետ գործունեության պատճառներն ու սահմաները և ներկայացնելու դրա դեմ պայքարի ուղիներն ու եղանակները։

Կատարյալ մրցակցությունը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով՝

  1. շուկայում գործում են մեծ թվով հաճախորդներ և գնորդներ,
  2. առք ու վաճառքի օբյեկտ են հանդիսանում համասեռ կամ ստանդարտեցված ապրանքները,
  3. շուկայի բոլոր մասնակիցները ամբողջական տեղեկություններ ունեն շուկայի իրավիճակի մասին,
  4. շուկայում յուրաքանչյուր ֆիրմայի մասնաբաժինը տվյալ ապրանքի ընդհանուր առաջարկի մեջ այնքան փոքր է, որ տվյալ ֆիրմայի յուրաքանչյուր որոշում գնի բարձրացման կամ իջեցման վերաբերյալ չի ազդի շուկայական գնի վրա։

Աղբյուրներ խմբագրել

  • «Տնտեսագիտության տեսություն», Հովսեփ Աղաջանյան, ք. Երևան, 2009 թ.
  • «Экономика», Булатова, 1999 г.