Կավիտացիա (լատին․՝ cavitas — դատարկություն), անընդհատության խախտումը հեղուկի ներսում, այսինքն՝ կաթիլավոր հեղուկում գազով, գոլորշիով կամ դրանց խառնուրդով լցված խոռոչների (այսպես կոչված, կավիտացիոն բշտիկների կամ խոռոչների) գոյացումը։ Կավիտացիոն բշտիկներ առաջանում են այն տեղերում, որտեղ ճնշումը փոքր է դառնում կրիտիկականից (իրական հեղուկների համար կրիտիկական արժեքը մոտավորապես հավասար է տվյալ ջերմաստիճանում այդ հեղուկի հագեցած գոլորշիների ճնշմանը)։ Եթե ճնշումը նվազում է կաթիլավոր շարժվող հեղուկի հոսքում տեղային մեծ արագությունների հետեանքով, կավիտացիան կոչվում է հիդրոդինամիկական, իսկ եթե ճնշումը նվազում է հեղուկում ձայնային ալիքների տարածման հետևանքով, ապա կավիտացիան կոչվում է ձայնային։ Կավիտացիան վնասակար ազդեցություն է ունենում հիդրոտուրբինների, պոմպերի, թիապտուտակների աշխատանքի վրա (թրթռում, ՕԳԳ-ի փոքրացում, աշխատանքային մասերի քայքայում)։ Կավիտացիան կարելի է նվազեցնել՝ մեծացնելով հիդրոստատիկ ճնշումը, այսինքն՝ սարքավորումը տեղադրելով հեղուկի ազատ մակերևույթից բավական մեծ խորության վրա, ինչպես նաև կառուցվածքների տարրերի համապատասխան ձևի ընտրությամբ։ Ձայնային կավիտացիան ընկած է ուլտրաձայնի բազմազան գործնական կիրառությունների հիմքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 281
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կավիտացիա» հոդվածին։