Կանանց ռուսական գիմնազիա (Վիբորգ)

Վիբորգի կանանց ռուսական գիմնազիա, միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատություն, որը գործել է Վիբորգում 1883-1918 թվականներին։ Գիմնազիայի նախկին շենքը գտնվել է Վիբորգի կենտրոնում` Կրեպոստնայա փողոցի և Լենինգրադյան պողոտայի անկյունում և ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Երկար ժամանակ Վիբորգում աղջիկների համար նախատեսված միջնակարգ ռուսական ուսումնական հաստատություն չի եղել։ Կայսրուհի Եկատերինա II-ի օրոք հիմնադրված կանանց գիմնազիան նախ եղել է գերմանալեզու, այնուհետև` շվեդալեզու։ Ռուս աղջիկները կարող էին տարրական կրթություն ստանալ միայն Հեյդենյան դպրոցում։ Կանանց ռուսական գիմնազիա բացելու հարցը բարձրացրել է 1882 թվականին բացված ռեալական դպրոցի ուսուցիչ Վ. Ասոնովը։ Ասոնովը դիմել է Վիբորգի ռուսական համայնքի ներկայացուցիչներին բաժնտիրական հիմունքներով դպրոց հիմնելու առաջարկով (առաջին փուլում` թերի միջնակարգ դպրոց, ապա` գիմնազիա)։ Արագ ձևավորվել է շահագրգիռ անձանց շրջանակ (հիմնականում զինվորականներ և առևտրականներ) և 1883 թվականի աշնանը արդեն առկա են եղել 23 բաժնետերեր, իսկ հավաքագրված գումարը կազմել է 6600 ֆիննական մարկ։ 1883 թվականի հուլիսի 1-ին գիմնազիայի հիմնադիր կոմիտեի նախագահ է ընտրվել ռեալական ուսումնարանի տնօրեն Գ. Սերբուլովը։ Գիմնազիայի ժամանակավոր տեղակայման համար վարձակալվել է Եկատերինինսկայա (այժմ ՝ Կրեպոստնայա) փողոցում գտնվող Նեուստրոևների տունը։

Ֆինլանդիայի գլխավոր նահանգապետ, կոմս Ֆեոդոր Հեյդենի և Ֆինլանդիայի ռուսական ուսումնարանների խորհրդակցական կոմիտեի նախագահ Ա. Գագեմիսթերի մասնակցությամբ ստացվել է մասնավոր ուսումնական հաստատություն բացելու պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև 2500 ֆիննական մարկի նյութական օժանդակություն Պաշտպանության նախարարության միջոցներից։ Կանանց գիմնազիայի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1883 թվականի օգոստոսի 17-ին։

Գիմնազիայի ուսումնական ծրագիրը համապատասխանում էր կայսրուհի Մարիայի ինստիտուտների վարչության կանանց գիմնազիայում ընդունվածին։ Որպես օտար լեզուներ դասավանդվել են Ֆրանսերեն ու գերմաներեն, իսկ շվեդերեն և ֆիններեն կարելի էր ուսումնասիրել վճարովի հիմունքներով։ Գիմնազիա ընդունվելու իրավունք ունեին բոլոր խավերի և դավանանքի երեխաները։ Հատկանշական է, որ գիմնազիայում սովորել են ոչ միայն ռուս աղջիկներ։ Օրինակ՝ առաջին ուսումնական տարվա 65 սովորողների թվում եղել են 60 ուղղափառ (12 տղա և 48 աղջիկ), 4 լյութերական (2 տղա և 2 աղջիկ), 1 հրեա (տղա)։

 
Գիմնազիայի շենքը մինչև 1901 թվականը

Սկզբնական մանկավարժական կոլեկտիվը բաղկացած է եղել 10 հոգուց, այդ թվում ռեալական ուսումնարանի երեք ուսուցիչներ, ովքեր դասավանդել են անվճար հիմունքներով։ Ըստ այդ ժամանակ գործող կանոնների միայն չամուսնացած կանայք կարող էին ուսուցիչ լինել. նրանք, ովքեր ամուսնանում էին, կորցնում էին իրենց աշխատանքը։ 1884 թվականի մայիսի 9-ին գիմնազիայի տնօրենի պաշտոնում նշանակվել է Հելսինգֆորսի աղջիկների գիմնազիայի նախկին ուսուցչուհի Ս. Էլիստրատովան։ Նույն թվականին որոշվել է կառուցել սեփական ուսումնական մասնաշենքը։ Բաժնետերերից մեկը` առևտրային խորհրդական Կ. Յակովլևը, կամավոր շենքը կառուցել է սեփական ուժերով, այնուհետև նպաստավոր պայմաններով այն վաճառել է գիմնազիային։ Այդ նպատակով նա հողամաս է ձեռք բերել Եկատերինինսկայա փողոցի և Ալեքսանդրովսկու (այժմ՝ Լենինգրադսկի) պողոտայի անկյունում։ Գիմնազիայի գործերին ակտիվորեն մասնակցել են ռազմական իշխանությունները, 1885 թվականի աշնանը Հիմնադիր խորհրդի նախագահ է ընտրվել Վիբորգի բերդի հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Դուխոնինը, իսկ ներքին հարդարման աշխատանքների շինարարական վերահսկողության մեջ է ներգրավվել ռազմական ինժեներ Էռնստ Կառլովիչ ֆոն Լեզեդովը, ով հաջողությամբ ներգրավված է եղել նաև Վիբորգի ամրոցի վերակառուցման աշխատանքներում։

1886 թվականի հունիսի 19-ին Ալեքսանդր III կայսեր բարձրագույն հրամանագրով Վիբորգի ռուսական մասնավոր կանանց գիմնազիան վերափոխվել է պետական յոթամյա գիմնազիայի և ենթարկվել է Ռուսական կայսրության ժողովրդական կրթության նախարարությանը[1]։ Այդ ուսումնական տարին գիմնազիան սկսել է նոր շենքում։ Կանանց շվեդական գիմնազիայի շենքի առջև ռուսական ոճով կառուցված գիմնազիայի երկհարկանի քարե շենքի նախագծի հեղինակը անհայտ է։ Սկզբում գիմնազիան ունեցել է 16 սենյակ, այդ թվում`10 լսարան։ 1894 թվականին գիմնազիայում անցկացվեց ջրամատակարարման համակարգ և գազային լուսավորություն (հետագայում այն փոխարինվեց էլեկտրականով)։

1891 թվականի սեպտեմբերին գիմնազիայում ստեղծվեց ութերորդ լրացուցիչ մանկավարժական դասարան, որն ավարտելուց հետո շրջանավարտները կարող էին դառնալ տարրական դպրոցների ուսուցիչներ։ Հետագայում, ուսանողների թվի ավելացման հետ կապված, որոշվեց ընդլայնել շենքը և 1901-1903 թվականներին Եկատերինինսկայա փողոցի կողմից կառուցվեց նոր մասնաշենք, որը նախագծվել է ճարտարապետ Անդրեյ Իոսսայի կողմից։ Այդ ժամանակից ի վեր շենքն արդեն ունեցել է 26 սենյակ։

Ս. Էլիստրատովայից հետո կանանց գիմնազիայի երկրորդ և վերջին տնօրենն է դարձել Մ. Լևկովիչը (1912-1918)։ Հեղափոխական իրադարձությունների և Ֆինլանդիայի անկախության հռչակման հետ կապված Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում Վիբորգի ոչ ֆիննական բնակչության կոտորածներից հետո Կանանց ռուսական գիմնազիայի գործունեությունը դադարեցվել է։ Հետագայում շենքում բացվել է ռեալական լիցեյ (համատեղ միջնակարգ դպրոց)[2], միակ ռուսական կրթական հաստատությունը, որը գործել է Վիբորգում անկախ Ֆինլանդիայի գոյության տարիներին։

Խորհրդա-ֆիննական պատերազմների (1939-1944) ժամանակ տուժած գիմնազիայի նախկին շենքը դարձել է Վիբորգի թիվ 3 պրոֆ-տեխնիկական ուսումնարանի շենքային համալիրի մասը (1970-1984 թվականներին՝ քաղաքային թիվ 3 միջնակարգ պրոֆ-տեխնիկական ուսումնարան, 1984-1999 թվականներին` թիվ 203 միջնակարգ պրոֆ-տեխնիկական ուսումնարան, 1989-1993 թվականներին՝ թիվ 203 պրոֆ-տեխնիկական ուսումնարան, 1993-1999 թվականներին՝ Լենինգրադի մարզային «Ալեքսանդրովսկի» պրոֆեսիոնալ լիցեյ, 1999-2006 թվականներին՝ «Ալեքսանդրովսկի» թիվ 3 պրոֆեսիոնալ լիցեյ, 2006 թվականից` Վիբորգի «Ալեքսանդրովսկի» պոլիտեխնիկական քոլեջ)։ Հետպատերազմյան վերանորոգման արդյունքում ավելացվել է երրորդ հարկը, որը կապված էր Վիբորգի ռեալական դպրոցի նախկին շենքի հետ և հարմարեցված էր հանրակացարանի համար։ Միաժամանակ կառուցվել է գլխավոր մուտքը, փոխվել է տանիքի ծածկը և հանվել է ճակատային հարդարման որոշ տարրեր։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
  • Страницы Выборгской истории. Краеведческие записки / Сост. С. А. Абдуллина. — Выборг: «Европейский дом», 2000. — 450 с. — ISBN 5-8015-0052-9

Արտաքին հղումներ խմբագրել