Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամախ (այլ կիրառումներ)

Կամախ (հայերեն՝ Քեմահ, թուրքերեն՝ Kemah), քաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Դարանաղի գավառում, այժմյան Երզնկայի վիլայեթի Կամախ գավառում, Երզնկա քաղաքից 42-44 կմ հարավ-արևմուտք, Արևմտյան Եփրատի ձախ ափին, նրա Թանաձոր վտակի վրա։ Հիշատակվում է իբրև բերդ, բերդաքաղաք, ավան։

Քաղաք
Կամախ
թուրքերեն՝ Kemah
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԳավառակԵրզնկա
Մակերես2 298 կմ²
ԲԾՄ1 130 մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն2 218 մարդ (2008)
Ագլոմերացիա6 951
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ446
Փոստային ինդեքս24400
Փոստային դասիչ24400
Ավտոմոբիլային կոդ24
Պաշտոնական կայքkemah.gov.tr
Կամախ (քաղաք) (Թուրքիա)##
Կամախ (քաղաք) (Թուրքիա)
Կամախ

Անվան ստուգաբանությունը խմբագրել

Կամախ անվան ծագման և իմաստավորման մասին նույնպես գոյություն ունեն տարբեր վարկածներ և ժողովրդական ավանդություններ։ Է. Ֆոռիերը և Գր. Ղափանցյանն այստեղ են տեղադրում խեթական արձանագրություններում հաճախ հիշատակվող Հայասայի մայրաքաղաք Կումմախան և Կամախի անունն էլ դրանից ծագած համարում։ Մյուսները կարծում են, որ այն կապ ունի կմախք բառի հետ, նկատի ունենալով, որ հնում այդտեղ էր գտնվում Արշակունի թագավորների գերեզմանոցը, իսկ ոմանք էլ գրում են, թե իբր շրջակայքում կաղամախի շատ ծառեր լինելու պատճառով է գյուղաքաղաքը Կամախ կոչվել։ Թուրքերն այդ անունը պահպանել են Քեմախ ձևով։

Պատմություն խմբագրել

Արևմտյան Հայաստանի այս փոքրիկ գյուղաքաղաքը հնում ամրոց էր Անի անունով։ Անի ամրոցն ավելի ճիշտ գտնվում էր նրա մոտակայքում։ Անի անունը կապում են հնագույն մի ցեղի հետ, որը դեռ վաղ ժամանակներից Ատրպատականից անցել է Հայաստան և բնակություն հաստատել նրա տարբեր մասերում։ Ոմանք էլ այդ անունը ծագած են համարում Անահիտ աստվածուհու անունից, որի պաշտամունքն այնքան լայն տարածում ուներ հեթանոսական շրջանի Հայաստանում, իսկ ոմանք էլ, վկայակոչելով հին եբրայերենը գրում են, որ Անի նշանակում է լույս, արև։

Մ.թ.ա. IV—I դարերում Անի–Կամախը հիմնականում Եփրատից արևմուտք տարածվող՝ Փոքր Հայքի կենտրոնն էր և Մեծ Հայքին էր միացվել Տիգրան Բ–ի օրոք, մ.թ.ա. 66 թվականին։ Հետագայում այն Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառի գլխավոր բերդն ու կենտրոնն էր։ Նոր ժամանակներում նույնպես Անի–Կամախը վարչական կենտրոն էր՝ Էրզրումի նահանգի (վիլայեթի) Երզնկայի գավառի (սանջակի) Կամախի գավառակի (կաղայի) կենտրոնը։

Անի-Կամախը մեր ժողովրդի պատմության մեջ նախ և առաջ հայտնի էր իբրև Արտաշեսյան ու Արշակունի թագավորների հայտնի ամրոցներից մեկը։ Այստեղ էր պահվում նրանց արքունական գանձերի մի մասը։ Անի–Կամախում էր գտնվում նաև Արշակունի թագավորների գերեզմանոցը։ Անի–Կամախի գանձարանը կողոպտվել է 369 թվականին, Շապուհ Բ-ի գլխավորությամբ Հայաստան արշաված պարսկական զորքերի կողմից։ Այդ արշավանքի ընթացքում ավերվեց նաև Արշակունի թագավորների պանթեոնը։ Հետագայում դարեր շարունակ այն մնում էր խղճուկ վիճակում և թուրքերին է անցել 1515 թվականին։

12-13-րդ դարերի գրավոր աղբյուրներում Անի-Կամախը արդեն հիշատակվում է Կամախի անունով։ 1915 թվականին Կամախին վերջնականապես տիրել են օսմանյան թուրքերը։ 1916 թվականինի հուլիսին ռուսական զորքերը հայ կամավորների օգնությամբ գրավեցին Կամախին, որը 1918 թվականին թուրքերը վերագրավեցին։

Բնակչություն խմբագրել

XIX—XX դարերում Կամախը սովորական գավառական բնակավայր էր, միայն մի փոքր ավելի խոշոր և գավառակի կենտրոն, 1872—1873 թթ. ուներ 2000 հայ և թուրք բնակիչ, XX դարի սկզբին նրա բնակչության թիվը հասնում էր 15000 մարդու, որի մոտավորապես կեսը կազմում էին հայերը[1]։ Այլ աղբյուրների համաձայն, 1914 թվականի դրությամբ գյուղաքաղաքն ունեցել է 7000 բնակիչ, որից 3000-ը՝ հայեր։ Կամախում հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը սկսվել էր 1915 թ. մայիսին։ Նրա բնակիչներից շատ քչերին է հաջողվել ազատվել և իրենց կյանքը փրկել՝ ապաստան գտնելով Դերսիմի քրդերի մոտ։ Նրանք հետագայում վերաբնակվել են Երզնկայում, իսկ Կամախում 1915 թ. Մեծ եղեռնից հետո այլևս հայեր չէին մնացել, միայն 2-3 տարի անց ընդամենը 100 հոգի կամախցի տարագիրներ նորից են վերահաստատվել իրենց հայրենի քաղաքում։

Տնտեսություն խմբագրել

Անի–Կամախը սովորական գյուղաքաղաք էր նաև իր զբաղմունքներով, որոնցից կարևորագույնը երկրագործությունն էր, առաջին հերթին՝ այգեգործությունը։ Քաղաքում գործում էին 15–ից ավելի արհեստներ, որոնք ունեին տեղական նշանակություն։ Քաղաքն առևտրական ճանապարհով կապված էր Երզնկայի և Ակնի հետ։ Այն ուներ իր փոքրիկ շուկան, որի շուրջը կային 100–ի հասնող կրպակներ և արհեստանոցներ։ Առևտուրը հիմնականում մանրածախ էր։ Նրա շուկայում վաճառվում էին գյուղատնտեսական մթերքներ, արհեստավորական շինվածքներ և մասամբ Երզնկայից ու Ակնից ստացվող զանազան ապրանքներ։ Քաղաքի առևտուրն ու արհեստագործությունը հիմնականում գտնվում էին հայերի ձեռքին։ Նրանք գյուղատնտեսությամբ համեմատաբար քիչ էին զբաղվում։

Պատմամշակութային կոթողները խմբագրել

Անի–Կամախի պատմական հուշարձաններից և հնություններից ամենահայտնին բերդն է, որի հիմնադրման ժամանակն անհայտ է, բայց հաստատ կարելի է պնդել, որ II դարում այն արդեն գոյություն ուներ։ Բերդը պատած է եղել աշտարակավոր հզոր պարիսպներով, որոնց առանձին հատվածները կիսավեր վիճակում պահպանվել են մինչև մեր օրերը։ Ունեցել է 3 դուռ։ Բերդի տարածքում մնացել են բազմաթիվ շինությունների, այդ թվում նաև եկեղեցիների հետքեր։ Բերդի հյուսիսային կողմում, լեռան մեջ փորված է դեպի բարձր աշտարակը տանող աստիճանավոր ոլորապտույտ ժայռափոր ճանապարհ։ Ականատեսների վկայությամբ, բերդում կարող էր տեղավորվել մեծ ու փոքր 400 տուն։ Այստեղ նկատված միայն եկեղեցիների թիվը հասնում էր 6-ի, որոնք քարաշեն, հոյակապ կառույցներ են եղել։ XX դ. սկզբներին դրանց միայն հետքերն էին մնացել։ Քաղաքի մոտ կա մի ստորգետնյա անցք, որը անցնում է Եփրատի տակով, իրար միացնելով ստորերկրյա երկու թաղերը։ Դրանցից առաջինում՝ Եփրատի ձախ կողմում, եղել են զորանոցներ, պալատներ դահլիճներով, սրահներով, ննջասենյակներով, որոնք բոլորն էլ ժայռափոր էին։ Իսկ մյուս թաղը, որ գտնվում էր Եփրատի աջ ափին, պարզապես մի ժայռափոր եկեղեցի էր։

Անի–Կամախում հնագույն ժամանակներում գտնվում էր Հայաստանի հեթանոսական աստվածների հայր Արամազդի գլխավոր տաճարը, որը կործանվել էր քրիստոնեությունը երկրում պետական կրոն հռչակվելու ժամանակ՝ IV դարի սկզբին։ Վաղեմի այս տաճարից նոր ժամանակները ոչ մի մասունք չի հասել։ Քաղաքի շրջակայքում նշմարվում էին պատմական շատ հնություններ, որոնց մասին դժվար է որոշակի որևէ բան ասել։

XIX դարում և XX դարի սկզբներին Կամախն ունեցել է չորս եկեղեցի, որոնցից 2–ը շեն էր մնացել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, իսկ երկուսն ավերվել էին հավանաբար XVIII դարում։ Քաղաքի մոտ էր գտնվում Թադևոս Առաքյալի վանքը, որը կոչվել է նաև Լուսավորիչի անապատ։

Մշակույթը խմբագրել

Հեթանոսական շրջանում Անի–Կամախը մշակույթի նշանակալի կենտրոն է եղել։ Պատմագիրների վկայություններից կարելի է կռահել, որ քրիստոնեությունն ընդունելու ժամանակ ոչ միայն կործանել են նրա տաճարները, կալվածքները տվել եկեղեցուն, այլև ոչնչացրել են բազմաթիվ ձեռագրեր՝ «հեթանոսական մատյաններ», որոնց գաղափարախոսությունն անընդունելի էր քրիստոնեական եկեղեցու համար։

XV դարում Կամախը նորից դարձել էր գրչության կենտրոն։ Այստեղ այդ հարյուրամյակում ընդօրինակվել են մի շարք ձեռագրեր, որոնցից երկուսը՝ մի ճաշոց, որ գրվել է 1439 թ. Քրման Խաթունի պատվերով, և մի Մաշտոց՝ գրված 50—80-ական թվականներին, մեզ հայտնի են։ Տակավին II — III դդ. (մոտ 154-222 թթ.) Անիում աշխատել է Բարդածան Եդեսացի մատենագիրը։

1870-ական թվականներից Կամախում գործում էր հայկական մեկ երկսեռ վարժարան ս. Աստվածածին եկեղեցուն կից։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին վարժարանն ունեցել է 75 աշակերտ և 3 ուսուցիչ։

Ականավոր կամախցիներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բազմավեպ» ամսագիր, Վենետիկ, 1918, էջ 294։

Աղբյուրներ խմբագրել

  • Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», էջ 153-156։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Քաղաքի պաշտոնական կայքը
  • Մարզի պաշտոնական կայքը
  • «ԱՆԻ-ԿԱՄԱԽ՝ «ՔԱՂԱՔՆ ԱՆԻ, ՈՐ ԿՈՉԻ ԽՆԱՄՔ»… — ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ». karineavetisyan.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին. տեսանյութ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամախ (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 196