Կախարդներ (դյութ, մոգ, հրաշագործ, հմա, ոգեհմա, գրբաց, վհուկ, ջադու), անձինք, ովքեր զբաղվում են կախարդանքով և մոգությամբ` մարդկանց, կենդանիների և բնության վրա ազդելու նպատակով կամ գերբնական երևույթների միջոցով գիտելիքներ և իմաստություններ ստանալու համար։ Որոշ պատկերացումներով, կախարդները ի ծնե կամ չար ուժերին ապավինելու միջոցով տիրապետում են հատուկ գերբնական ուժերի։ Կախարդանքով և հմայությունով զբաղվող կանանց անվանել են վհուկ։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Համաձայն 15-18-րդ դարերի եվրոպական դատական փաստաթղթերի, Ինկվիզիցիայի ժամանակ կազմակերպված` այսպես կոչված «վհուկների որս»-ի արդյունքում, կախարդներին և վհուկներին հետապնդել և մահապատժի են ենթարկել, ինչպես նաև այրել են խարույկների վրա։ Կախարդները հիմնականում երևան են եկել վաղ տոհմատիրական հասարակարգում և մեծ ազդեցություն ունեցել տոհմակիցների մեջ։ Նրանց կարծեցյալ խորհրդավոր զորությունը վերագրվել է դևերին և ոգիներին, որոնց անունից նրանք խոսում կամ խաղում են յուրահատուկ պաշտամունքային ներկայացում։ Կախարդների նկատմամբ ժողովրդական սնահավատությունն առաջացել է գլխավորապես հիվանդությունների, բնական և այլ աղետների դեմ պայքարելու անզորությունից։ Որպես գերբնական իմաստությանը տիրապետող անձնավորության, առաջին հերթին դրանք հինավուրց հեթանոսության քրմերն էին և մոգերը, սակայն հետագայում կախարդ էին անվանում նաև գաղտնիությամբ քողարկված և առավելապես չարին հակված անձանց։

Կախարդներին վերագրվում էր կյանքի բոլոր ոլորտների վրա ազդեցությունը, հավասարակշռությունը խախտելու և վերականգնելու ունակությունը, բարի և չար գործեր կատարելու մոգական հնարավորությունը, մթնոլորտային երևույթների, բերքի, հաջողության և առողջության վրա ազդելու կարողությունը։ Կախարդանքի և հմայության ծեսերը բազմազան են և տարածված են աշխարհի բոլոր ժողովուրդների մեջ։ Մեծ տարածում են ունեցել, այսպես կոչված, սև (չար ոգիներին դիմելու) և սպիտակ (սրբերին, հրեշտակներին դիմելու) հմայական ծեսերը։ Աշխարհի կախարդական ընկալումը, մասնավորապես իրերի համընդհանուր նմանության և փոխներգործման վերաբերյալ պատկերացումները ընկած էին հնագույն բնափիլիսոփայական ուսմունքների և անտիկ շրջանի վերջում ու միջին դարերում տարածված «գաղտնի գիտությունների» (ալքիմիա, աստղագուշակություն և այլն) հիմքում։ Բնագիտության սաղմերը զարգանում էին` զգալիորեն կապված հմայության հետ, որը և արտացոլվել է Վերածնության դարաշրջանի գիտնականների շատ գործերում։ Գիտության հետագա զարգացմամբ նրանից դուրս մղվեցին հմայության, կախարդանքի և այլ նախապաշարմունքների տարրերը։

Ներկայումս նույնպես կան մարդիկ, ովքեր օգտվում են կախարդությունով զբաղվող մարդկանց ծառայություններից (էքստրասենսների, գուշակների, բախտագուշակների, աստղագուշակների, գրբացների, ոգեհմաների և ոգեհարցների, պայծառատեսների և այլոց)։ Վերջիններս օգտվելով մարդկանց դյուրահավատությունից և սնահավատությունից, խարդախության ճանապարհով կորզում են ահռելի գումարներ, քանզի նման ծառայությունների իսկությունը որևէ գիտական ապացույց չունի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։